Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Եթե ժողովուրդը չի ուզում հիասթափվել, չի հիասթափվի»

«Եթե ժողովուրդը չի ուզում հիասթափվել, չի հիասթափվի»
27.04.2018 | 02:46

«ԱԶԳԻ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆ Է ՈՐՈՇՈՒՄ ԻՐ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ»


«Վերջին օրերին մեր երկրում տիրող իրավիճակը խիստ անհանգստացնում է: Բազմաթիվ չլուծված խնդիրները և որոշակի անարդարության դրսևորումները ցույցերի հանգեցրին: ՈՒրախալի է, անշուշտ, այն փաստը, որ մեր երիտասարդությանը հուզում է երկրի ճակատագիրը, չնայած արտահայտվում է հաճախ ավելի հուզական ձևերով»,- նկարիչների միության ֆեյսբուքյան էջում նման հայտարարությամբ էր հանդես եկել միության նախագահ ԿԱՐԵՆ ԱՂԱՄՅԱՆԸ:


-Պարոն Աղամյան, նշել եք նաև, որ անհրաժեշտ է գնալ միասնության, տարաձայնությունները բանակցություններով լուծելու և համերաշխության ճանապարհով: Բայց ընդվզման նոր ալիք է բարձրանում:
-Հետո՞ ինչ, նույն կարծիքին եմ մնում, ես ուրիշ բան չեմ կարող ասել: Ի վերջո, ազգի մեծամասնությունն է որոշում իր ճակատագիրը:
-Ո՞րն է Ձեր գլխավոր մտահոգությունը:
-Հնարավորինս շուտ գնան բանակցությունների ճանապարհով և հանգուցալուծեն այս խնդիրը՝ հաշվի առնելով մեծամասնության կարծիքը:
-Մտավորականների դերը ո՞րը պետք է լինի:
-Մտավորականները վերջին տասնամյակներին անընդհատ իրենց կարծիքները, պահանջները ներկայացրել են: Դժբախտաբար, լսող չի եղել: Եվ հասանք այս օրվան:

«ՄԱՐԴԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԻՐ ՃԻՇՏ ՏԵՂՈՒՄ, ՈՉ ՄԻ ՔԱՅԼ ՎԵՐԵՎ, ՈՉ ՄԻ ՔԱՅԼ ՆԵՐՔԵՎ»


Գրող, կինոսցենարիստ ՎԱՀԱՆ ՏԵՐ-ՂԱԶԱՐՅԱՆԻՆ հիացնում է մեր ժողովրդի կազմակերպվածությունը: Նրա խոսքով՝ հայ ժողովուրդն ամբողջ աշխարհին ապացուցեց, որ ինքը մի գծաչափ բարձր է իր պահվածքով ու բարոյական չափանիշների նշագծերով:
-Հեղափոխական շարժումներից հետո, որպես կանոն, հիասթափություն ենք ապրել, հիմա չկա՞ նման վտանգ:
-Հիասթափության վտանգը կախված է միասնականությունից, եթե ժողովուրդը չի ուզում սպանվել, չի սպանվի, եթե ժողովուրդը չի ուզում հիասթափվել, չի հիասթափվի:
Ես սկզբից տեսա երկու բլոկներ՝ բացարձակ ոստիկանական բռնապետություն և մյուս կողմից՝ ամբոխավարություն` իր ամենաբացարձակ տեսքով: Ինչպես միշտ է լինում հեղափոխություների ժամանակ, ամբոխավարությունը հաղթեց: Թող ոչ ոք ինձնից չնեղանա, ես գրողի խոսք եմ ասում ու պատմություն լավ իմացող մարդու, թե սա ինչպես կշարունակվի, ինչ այլափոխությունների, ձևափոխությունների կամ կատարելագործությունների կենթարկվի, կախված է արդեն... Շատ լավ է, որ հիմա շատ բան կախված է ժողովրդից:
-ՈՒ՞մ եք տեսնում երկրի ղեկավարի պաշտոնում:
-Ամենակարևորը կադրային քաղաքականությունն է. մարդը պետք է լինի իր ճիշտ տեղում, ոչ մի քայլ վերև, ոչ մի քայլ ներքև, հակառակ դեպքում՝ եթե կադրային քաղաքականությունը սխալ լինի, մենք կկանգնեք նույն կոտրած տաշտակի առաջ: Անպայման կհայտնվեն զանազան դուրսպրծուկներ, զանազան ստոր մարդիկ, պատեհապաշտներ ու դուրս կմղեն ազնիվ մարդկանց ու մասնագետների: Մեզ անհրաժեշտ են բոլոր տեղերում մասնագետներ, երկրի ղեկավարն էլ պետք է լինի մասնագետ, իր գործի մասնագետ:
-Կա՞ այդպիսի մեկը:
-Այդպիսի մարդկանց ժամանակն է ընտրում: Հայ ժողովրդի արգանդը չի չորացել, իսկ երիտասարդական շարժումը ցույց տվեց, որ այդ արգանդը, Սևակի բառերով, դարձել է ավելի բեղուն:

«ՀԱՂԹԱՆԱԿԸ ՄԻՇՏ ԷԼ ՀԱԶԱՐ ՏԵՐ ՈՒՆԻ»


Արձակագիր ՍՈՒՍԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
-Ձեր գրչակից ընկերներից շատերը շարժումը դրական են գնահատում: Ի՞նչը Ձեզ դուր եկավ և ինչը դուր չեկավ այս ամբողջ ընթացքում:
-Այս շարժումը, որին սկզբում նայում էինք քամահրանքով, իսկ հետո արդեն զարմանքով, կազմակերպված է ստեղծագործաբար, ընթանում է իմպրովիզներով։ Մեզնից հետո եկողները ավելի համարձակ են, ավելի իրատես, իրենց ուժերի վրա ավելի վստահ։ Ոգևորության այսպիսի պահերին ոչ ոք չի նկատում թերությունները, հաղթանակի բերկրանքը արբեցնող է։ Թերությունները գլուխ են բարձրացնում հետագայում։ Հուսանք, որ մերը մինչև վերջ էլ կմնա այսպես անթերի։
-Ստեղծված վիճակը, անկախ արդյունքից, փոփոխություններ է ենթադրում: Ի՞նչ հույսեր են ներշնչում փոփոխությունները:
-Ցանկացած փոփոխություն թարմություն է բերում, իսկ այսպիսի մեծ փոփոխությունները նոր կյանքի սկիզբ են։ Հույս ունեմ՝ մենք կհասնենք նրան, որ կկառուցենք մտավորականների երկիր։
-Խոսվում էր զուգահեռ իրականությունների մասին, հիմա մենք մի տեսակ բոլորս իրականությունից կտրված չե՞նք:
-Ամեն մեկն էլ ունի իր ուրույն աշխարհը, որը հակադրվում կամ համադրվում է իրականությանը։ Բայց սա էդ դեպքը չէ. մենք ոչ միայն կտրված չենք իրականությունից, այլև նայում ենք ուղիղ նրա աչքերի մեջ և հաշիվ ենք պահանջում։
-Իբրև արձակագիր՝ ի՞նչ կասեիք հանրությանը, երիտասարդներին:
-Իբրև արձակագիր ափսոսում եմ, որ մի քիչ ձգձգվում են նոր գրքիս հրատարակչական աշխատանքները, որտեղ մի երգիծական վեպ ունեմ` «Սուրբ ստրուկներ», հենց այս օրերի մասին։ Ես էլ այդպես կնպաստեի շարժմանը։ Իսկ առհասարակ ուղղակի երջանիկ եմ, ապրեն մեր երիտասարդները, որ արեցին այն, ինչը մենք չկարողացանք անել... Առաջընթացը հենց դա՛ է, երբ եկող սերունդը գերազանցում է նախորդին։

«ԲՈԼՈՐՆ ԷԼ ԱՍԵՍ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ, ՈՐ ԽԼՎԱԾ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՈՒ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՎԵՆ ԻՐԵՆ»
«Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիր ԱՇՈՏ ԳԱԲՐԻԵԼՅԱՆՆ ընդգծեց, որ որոշ կուսակցություններ հայտարարեցին, թե միանում են ժողովրդական շարժմանը. «Սա շատ կարևոր է, որովհետև չասացին` միանում ենք Նիկոլ Փաշինյանի քաղաքական հոսանքին, այլ` ժողովրդական շարժմանը»:


-Շարժումը շարունակվում է, քաղաքական ի՞նչ զարգացումներ են սպասվում:
-Այս վիճակը չի կարող երկար շարունակվել: Երբ հանրապետականները հայտարարում են, թե այսքան տոկոս ենք հավաքել և այլն, պետք է հասկանան, որ բոլորս էլ գիտենք` ինչը ոնց է կատարվել, ու բոլորն էլ ասես պահանջում են, որ այդ խլված բարոյական ու նյութական արժեքները վերադարձվեն իրեն:
-Սերժ Սարգսյանի հրաժարականը դրակա՞ն քայլ եք համարում:
-Մինչև չավարտվի այս ամենը, շուտ է գնահատելը:

Ճեպազրույցները՝
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 2815

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ