«Այս շաբաթ Լիբանանում հարձակումները ցույց տվեցին, որ Իսրայելի կառավարությունը մտադիր է պատերազմը տարածել ողջ տարածաշրջանում: Եկել է ժամանակը, որ բոլոր երկրները, որոնց կոչ է արվում պաշտպանել համաշխարհային խաղաղությունը, լուծումներ գտնեն, որոնք կկանգնեցնեն Իսրայելին»,- ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում։                
 

«Ռեալին» ինչո՞վ կպատասխանի «Բավարիան», ինչո՞վ կավարտվի «Ռոմա»-«Լիվերպուլ» դիմակայությունը

«Ռեալին» ինչո՞վ կպատասխանի «Բավարիան», ինչո՞վ կավարտվի «Ռոմա»-«Լիվերպուլ» դիմակայությունը
27.04.2018 | 03:01

Չեմպիոնների լիգայի խաղարկությունը մոտենում է ավարտին: Եզրափակիչն էլ հաշված` վայելքի երեք խաղ է մնում ընդամենը: Միանգամից ասենք` շատ չէ: Բայց և քիչ էլ չէ, եթե նկատի ունենանք դրանց բերած հուզական ազդեցությունն ու այդ հուզականը մարսելու օրգանիզմի ունեցած հնարավորությունները. ի վերջո ոչ մեկս էլ քարից չէ, դիմանալու խնդիր կա ու, բնավ էլ նշանակություն չունի` այդ հույզերը դրակա՞ն լիցքով են, թե՞ բացասական:
Կոնկրետանալն առանձնապես իմաստ չունի, բայց ինչ-որ բաներով պայմանավորված մենք չկարողացանք անդրադառնալ մեկ քառորդի պատասխան խաղերին: Մի կողմից` այն մեզ համար շահավետ եղավ, որովհետև առաջին խաղերի վերլուծականը վերնագրել էինք «Պատասխան հանդիպումների անհրաժեշտությունը չկա՞», և ում էինք մի կտոր հաց տվել, որ հարցական նշանն օգտագործելու խոհեմությունն էինք ունեցել, թե չէ խաղք ու խայտառակ էինք լինելու: Ինչպես ցույց տվեց կյանքը, ոչ միայն պատասխան խաղերի անհրաժեշտությունը եղավ, այլև վերջնահաշվում գրանցվեցին արդյունքներ, որոնք չէին կարող չապշեցնել: Այս առումով առավել տպավորիչ եղան «Ռոմա»-«Բարսելոն», «Ռեալ»-«Յուվենտուս» դիմակայությունները: Առաջինում իտալական «գայլերը» բառացիորեն բզկտեցին «Բարսելոնին», երկրորդում իտալական մյուս թիմը շատ մոտ էր «արքայականին» զավեշտի առարկա դաձնելուն: Մեկ քառորդի ու հետևած վիճակահանության կամոք կիսաեզրափակչում ձևավորվեցին «Լիվերպուլ»-«Ռոմա», «Ռեալ»-«Բավարիա» զույգերը, որոնց առաջին դիմակայություններն էլ դառնալու են ստորև ներկայացվելիքի քննարկման նյութը:

«ԼԻՎԵՐՊՈՒԼ»-«ՌՈՄԱ»
Որքան էլ անսպասելիության տարրը կար, այդուհանդերձ չասենք, թե տարօրինակ էր «Ռոմայի» կողմից նախաձեռնությունը միանգամից իր ձեռքը վերցնելը: Հռոմեացիներն այդպես շարունակեցին գրեթե առաջին խաղակեսի առաջին հատվածը, մինչև որ «Լիվերպուլը» հասկացավ` եթե չպոռթկա, «Էնֆիլդը» իրեն մեջտեղից երկու կես կանի: ՈՒ սկսվեցին կատաղի գրոհի չմարող ալիքները: Դրանց գագաթնակետը եղավ Մոհամեդ Սալահի երկու փայլուն գոլը: Պատշաճը մատուցենք եգիպտացուն, որը չնշեց դարպասի այդ գրավումները (ի դեպ, նա դուբլ է արել նաև գոլային փոխանցումների հաշվարկով), ինչը տուրք էր իտալական թիմի երբեմնի անդամ լինելու իրողությանը. հիշենք, որ եգիպտացին այս մրցաշրջանից առաջ է վաճառվել անգլիական ակումբին:


2:0-ն ծանրակշիռ առավելություն էր պատասխան խաղից առաջ, սակայն լիվերպուլցիները չէին կարող մոռացած լինել այն, ինչ պատասխան խաղում իտալական «գայլերն» արեցին «Բարսելոնի» հետ` առաջին հանդիպման 1։4 հաշվով պարտությանը պատասխանելով 3:0 հաշվով հաղթանակով: Հաղթանակի շնչով արբած` անգլիական ակումբը ևս երկու անգամ խոցեց մրցակցի դարպասն ու այն ամբողջովին արքայավայել դարձնելու համար այդ նույնը ևս մեկ անգամ կրկնեց (Սալահի պես դուբլի հեղինակ է դարձել Ֆիրմինոն, մեկ գոլ էլ հեղինակել է Մանեն): 5:0-ն հռոմեական աշխարհի համար արդեն մահախոսական էր:
Խաղի ավարտին մնացած ութ րոպեները լիվերպուլցիներն ակնհայտորեն մտադիր էին գնդակ գլորելուն նվիրելու, սակայն «Ռոմայի» մեջ արթնացավ անկյուն քշված գիշատչի բնազդը: Նախ հետևեց հեղինակության (Ջեկո), ապա հույսի գոլը (Պերոտի):


Պատասխան խաղում սկզբունքորեն «Ռոմային» երեք գոլ էլ պետք է եզրափակիչ դուրս գալու համար, ու միանգամայն օրինականորեն հարց է առաջանում` եթե մեկ քառորդի պատասխան խաղում հռոմեացիները կարողացան իրենց այնքան անհրաժեշտ 3:0 հաշվով հաղթանակն ապահովել այնպիսի հզոր մրցակցի դեմ խաղում, որպիսին «Բարսելոնն» է, ապա ի՞նչը պիտի խանգարի ռուբիկոնը երկրորդ անգամ անցնելուն, մանավանդ որ իր զորեղությամբ «Լիվերպուլը», համենայն դեպս, «Բարսելոն» չէ:

«ԲԱՎԱՐԻԱ»-«ՌԵԱԼ»
«Ալյանց-Արենայում» կայացած խաղից հետո Մյունխենի «Բավարիան» եթե ցանկանում է հանդես գալ եզրափակչում, իսկ այն հարկավ ցանկանում է այդ բանը, Մադրիդում դատապարտված է բացառապես հաղթական մրցելույթի, ու դա պետք է լինի նվազագույնը երկու անպատասխան գնդակի առավելությամբ: Եթե Հայնկեսի գլխավորած թիմը «Սանտյագո Բեռնաբեուում» սեփական դարպասից գնդակ հանելու անպատեհություն ունենա, բնականաբար, գործողության մեջ կմտնեն հադիպման ելքի այլ հաշվարկներ, սակայն եկեք դրանցով չծանրաբեռնենք նյութը: ՈՒրեմն` միայն հաղթանակ ու առնվազն 2:0 հաշվով:
Լուծելի՞ք խնդիր է:
«Բավարիա» անվանյալ գերմանական մեքենայի պարագայում` միանգամայն: Սակայն դրա համար ծերուկ Հայնկեսը պարտադրված է ինչ-որ բան մոգոնելու, որն անհաղթահարելի խնդիր կդառնա նրա վիզավիի` Զինեդին Զիդանի համար:
Սակայն այս պարագայում էլ կա նույնքան պայմանականություններ պարունակող ևս մեկ սակայն: Իսկ Հայնկեսը դրա համար ձեռքի տակ ունի՞ անհրաժեշտ մարդկային ռեսուրս: «Բավարիայի» պահեստային երկար նստարանը եկեք մեկմեկու աչք չկոխենք, այն իրապես երկար է, սակայն այդ երկարության վրա տեղաբաշխվածները նույն կարողությունների տեր մարզիկներ չեն:
Պատասխան խաղում «Բավարիային» անհրաժեշտ է բացառիկ մարտական կազմ, իսկ այն ծանր կորուստներ է կրել կողմերի առաջին հանդիպումում: Եկեք ճշմարտության աչքերին ուղիղ նայենք ու խոստովանենք, որ արած երեք փոխարինումն էլ Հայնկեսը կատարել է բացառապես հարկադրանքի թելադրմամբ, որ Ռիբերին նման ծանրաբեռնվածություն ունեցող հանդիպումում անհրաժեշտաբար պիտի փոխարինված լիներ, մինչդեռ 34-ամյա ֆրանսիացին ամբողջ խաղին մասնակցեց ու հատկապես վերջին 20-25 րոպեներին արդեն ուժասպառ էր: ՈՒ քանի որ սկսել ենք, շարունակենք. Հայնկեսի և ոչ մի փոփոխություն տվյալ խաղում միտված չէր թիմի խաղային ձեռագրի փոփոխությանը, իսկ նման կարգի դիմակայություններում եթե դու առաջին պահից մինչև վերջինը նույնն ես, արդեն իսկ ընթերցված գիրք ես:


Ինչևէ: Ցավալիորեն ծանր ստացվեց կողմերի մյունխենյան դիմակայությունը «Բավարիայի» համար, որ, ի դեպ, առաջինն է բացել հանդիպման հաշիվը և կարողացավ մեկուսացնել «արքայականի» թիվ մեկ հարվածային ուժին, ընդմիջելով նրա հաղթական գոլերի շարանը: Սակայն եկեք միակողմանի չլինենք մեր շարադրանքում: Այո, գերմանացիները մեկուսացրին Քրիշտիանու Ռոնալդուին, բայց իսպանացիներն էլ նույնն արեցին Ռոբերտ Լևանդովսկու հետ, ու այնպես չէ, որ մյունխենցիների լեհ հարձակվողն իր ապագա թիմի հանդեպ եղավ ներողամիտ: Հնարավորություն ունենար, Լևանդովսկին ողջ խաղի ընթացքում «արքայականին» կպարտադրեր գնդակը հանել սեփական դարպասից` ապացուցելու համար, որ ամենամոտ ապագայում իսպանական ակումբի հարձակման գծի թիվ մեկ զարդը հենց ինքն է, որ կա, ու որ բոլորովին իզուր է իսպանական գրանդը Ռոնալդուի փոխարինողի որոնումներում հայացքը սևեռել Ֆրանսիայի կողմերը, որտեղ հսկա քայլերով առաջադիմում է Կիլիամ Մբապեն:


Հեռանալով մեր խոսքի վերջին մասում տեղ գտած անձնավորվածությունից` ասենք, որ ցավալի է, իսկապես ցավալի է գերմանական ակումբի կրած պարտությունը, սակայն, կրկնում ենք, 1։2 հաշիվն անհաղթահարելի արգելք չէ, ու այդ մասին բոլորից լավ գիտեն իրենք` հաղթածները, ովքեր մինչև երկու հանդիպման հաշվարկով հաղթական հաշիվը չունենան իրենց ձեռքին, Կիև ուղևորվելու տոմսերի պատվեր չեն տա:


Թերևս այսքանով էլ ավարտված համարենք Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին հանդիպումների մասին խոսքը, սակայն նյութի շրջանակներից դուրս մնացած ահռելի տեղեկատվությունից, այնուամենայնիվ, հիշատակենք «Բավարիայի» մարզչի անձնականից հետևյալը. մարզչի կարգավիճակում Յուպ Հայնկեսը Չեմպիոնների լիգայի գավաթը գլխավերևում պահելու պատիվն ունեցել է թե՛ Մադրիդի «Ռեալը», թե՛ Մյունխենի «Բավարիան» գլխավորելիս: Երկու դեպքում էլ` մեկական անգամ: Կխախտվի՞ այս հավասարակշռությունը` ցույց կտա ժամանակը, իսկ այդ ժամանակին բան չի մնացել` ոչ լրիվ մեկ շաբաթ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2563

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ