Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՀՀԿ-ի մաստեր կլասը վարչապետի թեկնածուի համար

ՀՀԿ-ի մաստեր կլասը վարչապետի թեկնածուի համար
01.05.2018 | 09:11

Երեկ «Ելքը» Նիկոլ Փաշինյանին առաջադրեց վարչապետի թեկնածու: Երկրորդեց ՀՅԴ-ն, երրորդեց ԲՀԿ-ն: Չչորորդեց ՀՀԿ-ն: Նախորդ բոլոր հանդիպումներն անցել էին փակ, ՀՀԿ-ի հետ հանդիպումը բաց էր, վարչապետի թեկնածուն շտապում էր Նժդեհի հրապարակ (ընդունեք, որ խորհրդանշական վայր էր ընտրված երթը սկսելու համար), 11 ՀՀԿ-ական դեռ իրենց հարցերը չէին տվել և ՀՀԿ-ն հայտարարեց, որ իր որոշման մասին կհայտնի վաղը: Այսինքն` այսօր:


Ու ի՞նչ ապացուցեց ՀՀԿ-ն կամ հասկացավ ճիշտ որոշում ընդունելու ու քվեարկելու համար: Սա հարցի մի կողմն է: Կա երկրորդ ու ավելի կարևոր կողմը` ի՞նչ պատասխաններ էր տալիս վարչապետի թեկնածուն: Ի՞նչ է սպասվում Հայաստանին: Կդիմանա՞ երկիրը նոր փորձությանը: Հեղափոխական թմբիրը անցնելու հետ շատերը կսկսեն արձանագրել.


1. Ոչ թե Նիկոլ Փաշինյանի խիստ թավշե ու խիստ ժողովրդական հեղափոխությունը հաղթեց, այլ իրականում ՀՀԿ-ն հանձնեց իշխանությունը: Սա թվում է անհավատալի ու անհավանական, բայց փաստ է: Բաց ձեռքերով խաղի մեջ էր մտել ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, նույն բաց ձեռքերով էին ուժային կառույցները ու անհասկանալիորեն կաթվածահարվող իշխանությունը, որ մի քանի օր առաջ կենսունակ էր ու հզոր:


2. ՀՀԿ-ում հեղափոխական ճանապարհով կատարվում է զտում` տասնամյակներով կուսակցություն ստեղծածներն ու կուսակցականի պատիվ ունեցողները խաղից ինքնաբերաբար դուրս են մղվում (Անդրանիկ Մարգարյանի ՀՀԿ-ին տրվում է վերջին ու վերջնական հարվածը): Կարճ ժամանակից ՀՀԿ-ն կհամալրվի նոր ոգով ու նոր կազմով և կազմ ու պատրաստ կսպասի իր հաղթանակի ժամին: Սա ակնհայտ է գուցե նաև ՀՀԿ-ականների համար, բայց նրանք ինքնապահպանման տարբերակ չունեն (ինքն իր դեմ պայքարում «հին» ՀՀԿ-ն տանուլ է տալու): Գալիս է նոր տեխնոլոգիաների, ցանցախաղի ժամանակը, որի կանոնները նրանք չգիտեն: Ու այս խաղը մի քանի գլխավոր փորձ է ունեցել` էլեկտրիկ Երևանը, ՊՊԾ գնդի գրավումը ու «զինված ապստամբությունը», թավշե հեղափոխությունը երրորդ փորձն էր` վերջնախաղը չի ուշանա:


3. Որևէ տրամաբանական բացատրություն ունի՞ Նիկոլ Փաշինյանի գաղափարական շրջադարձը 180 աստիճանով: Նա այսօր ասում է հակառակը այն ամենի` ինչ ասել է, ու բերում է ոչ միայն ՀՀԿ-ականների համար անհամոզիչ բացատրություններ, այլև դույզն ինչ մտածելու ունակ ու տրամադիր մարդու: Խնդիրը բնավ 2017-ին ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը բարձրացնելուց հետո 2018-ին ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի գինն ու արժեքը հանկարծ հասկանալը չէ: Խնդիրը մեկն է` քաղաքական գործիչը (եթե հարգում է իր խոսքն ու իրեն) ունենում է սկզբունքներ, որոնց հիման վրա ձևավորում է իր գաղափարներն ու իր նպատակները, իրավիճակային լուծումներ ու պատեհապաշտական հայտարարություններ անող քաղաքական գործիչը չի կարող հավատ ներշնչել, որ փոփոխվող իրավիճակում հերթական 180 աստիճանի շրջադարձը չի անի:


4. ՔՊ-ն ուզում է ինքն իրեն համոզել, որ Ռուսաստանը երբեք Հայաստանի նոր իշխանության հետ կոնֆլիկտի մեջ չի մտնի` տեսնելով, որ նրանք խելամիտ, բարեկամաբար տրամադրված մարդիկ են ու տրամադիր շարունակելու նույն հարաբերությունները: Եթե շարունակվելու է նույնը, եթե Հայաստանը չի վերականգնելու ինքնիշխանությունը, քանի՞ լումա արժեր թավշե հեղափոխությունը: Ի՞նչ տարբերություն, թե ով է վարչապետը, եթե քաղաքականություն չի փոխվելու: Թե՞ փոխվելու է: Ու` ինչպե՞ս:


5. Համերաշխությունը, որ այսքան շահարկվում է, ի՞նչ բովանդակություն ունի: Ու՞մ հետ է ՔՊ-ն համերաշխվելու: Ու՞մ դեմ վենդետա չի անելու: Եթե ՀՀԿ-ն կողմ է քվեարկում վարչապետի թեկնածուին, դառնում է ոչ կոռուպցիոներ ու ոչ օլիգարխի՞կ ու ընդգրկվելու է կառավարության կազմու՞մ: Սա աբսուրդ չէ՞: Թե այս, թե այն կողմի համար:


6. Ինչպե՞ս է վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապահովելու ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը: Լավ, փոխվեց Ընտրական օրենսգիրքը ու հանվեց ռեյտինգային ընտրակարգը (որ ՀՀԿ-ն հանգիստ կարող է ձախողել), ՔՊ-ից նշանակվեց ԿԸՀ նախագահը ու փոխվեց ամբողջ կազմը: Այդքանով կապահովվի՞ ազատ, արդար ընտրությունը:


7. Ինչպե՞ս է օպերատիվ կառավարման հարցերը լուծելու Նիկոլ Փաշինյանը, երբ անցնի էյֆորիան: Այսուհետ նա ոչ թե հեղափոխություն է անելու, այլ պետություն է կառավարելու: Եվ ստիպված է լինելու լուծել ոչ միայն հեռանկարային զարգացման, այլև տարրական կենսապահովման հարցեր: Ի՞նչ բովանդակություն է նա տալու իր կառավարմանը: «Կառավարության ապագա կազմը կձևավորվի՝ կախված նրանից, թե վաղը քվեարկությունն ինչ քաղաքական պատկեր կստանա»` ՀՀԿ խմբակցության հետ հանդիպմանն ասաց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ այդ հարցին պատասխանելու համար պետք է արձանագրվի հենարանը, որն ուղղակի կամ անուղղակի դառնալու է վարչապետի ընտրություն իրականացնող. «Քվեարկությունից հետո կարձանագրվի այդ շրջանակն ու կառավարության կազմը պետք է ձևավորվի այդ շրջանակի հետ քննարկումների արդյունքում», - նշեց Փաշինյանը: Այսինքն ի՞նչ: Ազգային համաձայնության կառավարությու՞ն` «Մենք ունենք կադրային բազա, բայց չենք գալիս կադրային ջարդ անելու, «ոչմերոնքականներին» «մերոնքականներով» փոխարինելու»: Ու խորհրդարանում չի լինելու ընդդիմությու՞ն: Թե ի վերջո իրավիճակի զարգացումը հանգեցնելու է «Ելքի» ընդդիմադիր դառնալուն:


8. Թավշե հեղափոխությանը հետևելու է ներդրումների ներհո՞սք: Ինչու՞, եթե վարչապետի թեկնածուն հայտարարում է, որ քաղաքականության փոփոխություն չի լինելու: Թե՞ վարչապետն այլ հայտարարություններ է անելու:


9. Հեղափոխական հռետորաբանությունը վաղը կարող է դառնալ հակահեղափոխական, եթե մարդիկ չստանան իրենց կյանքի բարելավման ապացույցներ: Գազի, թե էլէներգիայի սակագինը կիջնի, գնաճը կկանգնեցվի` մարդիկ փոփոխություններ են ուզում: Որոշակի: Հազիվ թե Նիկոլ Փաշինյանը կարողանա քաղաքական բարեփոխումներին զուգահեռ իրականացնել տնտեսական արդյունավետ բարեփոխումներ:


10. Հայաստանում չկա մայդան, բայց դա չի նշանակում, որ արտաքին աշխարհը տարածաշրջանում Հայաստանի նկատմամբ իր շահերն ու հետաքրքրությունը կորցնելու է: Այս օրերին բազում հայտարարություններ հնչեցին ու Նիկոլ Փաշինյանի ընտրությունը լուսաբանելու են արտասահմանյան 100 լրատվամիջոցներ: Կապիտալիզացնել այդ ուշադրությունը ու վերածել Հայաստանի ինքնիշխանության վերականգնման` դա պիտի լինի Նիկոլ Փաշինյանի գլխավոր խնդիրը: Մնացածը ընթացքում կերևա:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Մայիսի 1-ին ՀՀԿ-ն նախքան ԱԺ հատուկ նիստը սկսվելը պիտի նորից հանդիպի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին ու հանդիպումից հետո հայտնի իր դիրքորոշումը: Երեկ ՀՀԿ-ին հաջողվեց ցույց տալ, որ Նիկոլ Փաշինյանի վարելիք ու իրենց վարած քաղաքականության մեջ չկան տարբերություններ: Ու դա նվազագույնը անտրամաբանական էր, որ հավասարապես ուղղվում է թե Նիկոլ Փաշինյանի, թե ՀՀԿ-ի դեմ: Ի՞նչ որոշում պիտի ընդունի ՀՀԿ-ն: Դեմ քվեարկեն` Հանրապետության հրապարակում հավաքված ժողովուրդը շարժվելու է Բաղրամյան 19: Կողմ քվեարկեն երեկվա մաստեր կլասից հետո` իմաստազրկում են իրենց հարցերը: Ձեռնպահ քվեարկեն` Նիկոլ Փաշինյանը 9+7+31 ձայներով վարչապետ չի դառնա` 53 ձայն է պետք: 6 ձայնի խնդիրը ՀՀԿ-ի համար ավելի ճակատագրական է, քան` Նիկոլ Փաշինյանի: Ու դա պատմական դիլեմա է մի կուսակցության համար, որին սկսել են վճարել իր դրամով: Ծանոթ ձեռագիր չէ՞:

Դիտվել է՝ 3974

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ