Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Փաշինյան․ Որ սուպերվարչապետական համակարգը պետք է գոյություն չունենա, աներկբա է

Փաշինյան․ Որ սուպերվարչապետական համակարգը պետք է գոյություն չունենա, աներկբա է
01.05.2018 | 20:29

«Իրապես սուպերվարչապետական համակարգը օրենսդրության առումով արդեն ստեղծված է, և ես միանշանակ հանձնառու եմ համարում ինձ այդ խնդիրը շտկելու և իշխանությունը հավասարակշռված դարձնելու հարցում», - հայտարարեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանի հարցին: «Որովհետև երբ ես ասում եմ, որ պետք է փակենք այն էջը, երբ կառավարությունը ինչ-որ բան պարտադրում է, դա պետք է փակենք ոչ միայն հույս ունենալով, որ գործող սուպերվարչապետը էդպիսի բան չի անի, այլև ստեղծելով համապատասխան մեխանիզմներ, որ նույնիսկ ցանկության դեպքում հնարավոր չլինի այդպես վարվել», - ընդգծեց վարչապետի թեկնածուն:


Նրա խոսքով՝ միանշանակ է, որ Ոստիկանությունը և Ազգային անվտանգության ծառայությունը պետք է փոխեն իրենց կարգավիճակը և դառնան նախարարություններ: «Իհարկե, սրա համար կան որոշակի օրենսդրական, և հնարավոր է՝ նաև սահմանադրական դժվարություններ, բայց դրանք հաղթահարելի դժվարություններ են», - նշեց Փաշինյանը: Նա հաստատեց, որ իր կարծիքով՝ «չափից ավելի լիազորություններ են կենտրոնացված վարչապետի ձեռքում, և ընդհակառակը՝ այլ պետական ինստիտուտներից ամոթի աստիճան վերցված են լիազորություններ»: «Մասնավորապես, ես կարծում եմ, որ այն պարագան, երբ նախագահի ինստիտուտից ըստ էության վերցվել են բոլոր հնարավոր գործառույթները և նրան վերապահել օֆիսային աշխատողի կարգավիճակ, դա ուղղակի խփում է Հայաստանի Հանրապետության պետության հեղինակությանը: Եվ այո, ես հանձնառու եմ, էլ ի՞նչ իմաստ կունենան փոփոխությունները, եթե մենք քննադատելով ինչ-որ երևույթներ՝ հասնենք իշխանության և ինքներս մեր հերթին սկսենք կիրառել այդ լծակները», - հայտարարեց ընդդիմադիր գործչը:


«Ես Ձեզ հավաստիացնում եմ, որ մենք բավարար հարգանք ունենք մեր անցած ճանապարհի նկատմամբ, մեր ժողովրդի նկատմամբ, որպեսզի Ձեր ասած բոլոր հարցերը լուծենք: Որ սուպերվարչապետական համակարգը պետք է գոյություն չունենա, պետք է գոյություն ունենա նորմալ խորհրդարանական, առնվազն էս պահին, կառավարման համակարգ, դա, կարծում եմ, աներկբա է և բխում է մեր երկրի շահերից», - ասաց Փաշինյանը:

Դիտվել է՝ 1673

Մեկնաբանություններ