Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ազգային ժողովը քննարկում է ՀՀ վարչապետի ընտրության հարցը

Ազգային ժողովը քննարկում է ՀՀ վարչապետի ընտրության հարցը
01.05.2018 | 20:36

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչ է լինելու, եթե չընտրվի վարչապետ, ինչ մեթոդներով է շարունակելու պայքարը, կոշտ պայքար է լինելու, ինչը չի բխում ժողովրդի շահերից: Նա մեկ այլ հարց տվեց, թե չկա տարբերակ՝ որոշակի կառույցներ, օղակներ հատկացնել օրենսդիրից, գործադիրից, որպես ընդդիմության, ու այդպես համապատասխան վերահսղոկության ենթարկել:


«Ձեզ տրված ժամանակահատվածում այդ վերահսկողությունը կիրականացնի ձեր խմբակցությունը: Երբ ասում եք, որ ցանկացած իշխանության համար հետևությունների տեղ կա, որպեսզի հետագայում շտկի իրավիճակը, եթե նկատի ունեք ՀՀԿ-ին, սխալ նկատի ունեք, որովհետև ՀՀԿ-ն այլևս ՀՀ-ում չունի իշխանություն, և որքան շուտ արձանագրեք այդ իրողությունն այնքան լավ:
Խնդիրն այն չէ, թե ով ընտրվի վարչապետ, այլ այն, թե դուք նպաստում եք այդ քաղաքական ճգնաժամի լուծմանը, թե այն պիտի լուծվի առանց ձեզ»,-ասաց Փաշինյանը: Նա նշեց, որ պայքարի առաջին իսկ օրվանից իրենք մերժել են բռնությունը, և չի պատկերացնում իրադարձությունների այնպիսի ընթացք, որ հակառակ սցենարներ լինեն: Փաշինյանը կոչ արեց ուշադիր ընթերցել Սերժ Սարգսյանի հրաժարականի տեքստը: «Սա ուրիշ Հայաստան է, որտեղ դուք չեք կարող լինել իշխող քաղաքական ուժ»,-հավելեց Փաշինյանը:


ՀՀԿ պատգամավոր Ռուզան Մուրադյանը Փաշինյանին հարցրեց. ՙԵթե դուք ընտրվեք վարչապետ ու որոշ ժամանակ անց այլ ուժեր, այլ խնդիրներով բողոքի ակցիաների դուրս գան ձեր դեմ ու նրանց թվում լինեն նաեւ Ձեր երեխաները, ինչպես դուք դրան կվերաբերվեք»: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենց շարժման ձեռքբերումներից մեկը համարում է այն, որ մասնակցում էին բազմաթիվ աշակերտներ։ Սա կնպաստի նրանց` որպես քաղաքացի ձևավորմանը ու դա կմնա նրանց հիշողության մեջ առնվազն հարյուր տարի։ «Իմ բոլոր բողոքի ակցիաների ժամանակ իմ երեխաները եղել են որպես ակտիվ մասնակից ու դա ես շատ եմ կարևորում»,-ասաց նա: Ռուզան Մուրադյանը հայտարարեց, թե երեխաների իրավունքների ոտնահարում է, որին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նշեց. «Նրանք չեն եկել պարտադրաբար, ինչպես բազմիցս տեսել ենք ձեր նախընտրական քարոզարշավներին, երբ երեխաները «Առաջ Հայաստան» փուչիկներով քշվում էին ձեր հավաքներին»: Ես 10 րոպեով կլքեմ դահլիճը, որպես բողոք. վարչապետի ընտրության հարցի քննարկմանը հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, հայտարարելով, որ ինքը Փաշինյանի հետ կշփվի հենց իր իսկ մեթոդներով: Ըստ նրա՝ իր այդ քայլն այն պատճառով էր, որ Փաշինյանն արեց երեխաների իրավունքի հետ կապված: «Հուսով եմ հետո միջազգային կազմակերպությունները, որոնք զբաղվում են երեխաների իրավունքներով, ձեզ կբացատրեն և եթե ընտրվեք վարչապետ, այլևս երբեք նման հայտարարություն չեք անի»,-ասաց Բաբլոյանը՝ պատասխան չակնկալելով: Նիկոլ Փաշինյանը հակադարձեց. «Հույս ունեմ 10 րոպեից, այնուամենայնիվ, կվերադառնաք»:


ՀՀԿ պատգամավոր Ռուստամ Մախմուդյանի հարցը՝ ուղղված ԱԺ վերաբերում էր դատական համակարգին: Նա հետաքրքրվեց, թե որպես վարչապետ որոնք են լինելու դատական անաչառության բարձրացմանն ուղղված քայլերը: Մյուս հարցը վերաբերում էր ազգային փոքրամասնություններին: «Ուզում եմ իմանալ, թե ՀՀ-ի գործող իշխանությունների կողմից ազգային փոքրամասնությունների հարցում ինչպիսի բացթողումներ կան, որոնք Ձեր վարչապետության օրոք կշտկվեն»,-հարցրեց նա: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ՀՀ ազգային փոքրամասնությունների իրավունքները լիարժեք պաշտպանված են ՀՀ-ում: «Փոքրամասնությունների իրավունքները ՀՀ-ում վատ վիճակում չեն, բայց գիտեմ ոլորտ, որտեղ նրանց համար էականորեն սահմանափակած են, դա ընդդիմադիր քաղաքական գործունեություն ծավալելու հնարավորությունն է»,-ասաց նա: Փաշինյանը նշեց, թե պետք է ավելի մեծ ջանքեր գործադրեն, որ շտկեն այդ բացը, նաև որպեսզի ազգային փոքրամասնությունները իրենց ավանդույթները պահպանելու և զարգացնելու իրավունք ունենան, ունենալով լիարժեք իրավունքներ: Դատական համակարգի խնդիրն ըստ նրա, օրենսդրական չէ: «Ուղղակի իրականությանը չի համապատասխանում, ծայրից ծայրից սուտ է»,-ասաց նա: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ինքը չի ասում օրենսդրական փոփոխությունների կարիք չկա, բայց վերջին 20 տարվա ընթացքում միլիոնավոր դոլարներ են ծախսվել, դատական համակարգը չի փոխվել։ «Որն է լինելու մեր քայլը, փոխելու մի տարբերակ կա, իշխանությունը հրաժարվի իր քաղաքական, կլանային շահերին ծառայեցնելուց, երաշխիքը հրապարակում կանգնած ազատագրված քաղաքացին է, որը ոչ մի իշխանության չի ներելու սուտը»,-ասաց նա:


Սոցիալական ոլորտը պետք է լիներ առանցքային Ձեր ծրագրում` դիմելով վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին՝ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը: «Նայել եմ Ձեր կուսակցության նախընտրական ծրագիրը, որտեղ սոցիալական ոլորտի հետ կապված առանձնապես դրույթներ ներգրավված չեն: Տրամաբանական կլիներ, որ որպես վաղվա վարչապետ՝ Դուք առանցքային դարձնեիք սոցիալական ոլորտը: Սոցիալական ոլորտի հետ կապված Ձեր ծրագրում սկզբունքներ չկան»,- ասաց Հակոբ Հակոբյանը:
Պատգամավորը նշեց, որ նախընտրական ծրագրում կա ժողովրդագրության հետ կապված խնդիր, ասվում է, որ Հայաստանի բնակչությունը 20 տարում պետք է դառնա 5,6 միլիոն: «Մեր ծրագրով սահմանված 4 միլիոնին Դուք եք քվեարկել: Ինչո՞ւ, որովհետև 4 միլիոնը քի՞չ էր, թե որովհետև դա հնարավոր չէր»,- հարցրեց Հակոբ Հակոբյանը: Նիկոլ Փաշինյանն ասաց, թե չգիտի՝ ի՞նչ նկատի ունի 4 միլիոնի քվեարկություն ասելով, բայց «կքվեարկեր դրան դեմ, որովհետև դա սուտ է»:


Վարչապետի թեկնածուն նշեց, որ իրենք կապահովեն այնպիսի տնտեսություն, որ կհոգա մարդկանց կարիքները և կախարդական փայտիկի միջոցով չէ, որ անելու են դրական տեղաշարժ, հայկական սփյուռքի ներդրումների հոսքի հաշվին են զարգացնելու տնտեսությունը: «Ձեր բոլոր փաստարկները կարող են ազդել միայն աշխատատեղ ստեղծելու, գործազրկությունը պակասեցնելու համար: Ինձ համար հայտնի չէ աշխատավարձերի ու թոշակների հետ կապված Ձեր մոտեցումը»,- հակադարձեց Հակոբ Հակոբյանը: Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ աշխատատեղերի ստեղծումը, տնտեսության զարգացումը կհանգեցնեն նրան, որ բարձրանա աշխատավարձը: «Եթե լուծվում է աշխատատեղի խնդիրը, մյուս խնդիրները չեն կարող նույն մակարդակի մնալ»,- ասաց վարչապետի թեկնածուն:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին հորդորում է խոստումներից բացի երաշխիքներ տալ, որ «չենք դառնա մի երկիր, որտեղ ձու գողացողն անազատության մեջ է, ձի գողացողը՝ հարստության»: «Հայաստանում բնակչության սոցիալական վիճակն աղետալի է, արտագաղթը շարունակվում է: Առանձնակի տեղ ունեն ՀՀ-ում իրականացվող հարկային, մաքսային տեռորները, արդարության բացակայությունը:


Այն, որ ժողովուրդը Ձեզ հավատում է, անվիճելի է, որովհետև Դուք հիմա այդտեղ եք կանգնած: Արդյոք մենք կարո՞ղ ենք հույս ունենալ, որ Ձեր ընտրվելու դեպքում մենք այլևս չենք ապրելու այն Հայաստանում, որտեղ մարդը ամենացածր արժեքն է, որտեղ մանր ու միջին բիզնեսը կեղեքվում է, որտեղ հացը վաստակելու համար սահմանից մեկ արկղ մանդարին կրողը ենթարկվում է հալածանքների: Մենք չե՞նք ապրի այն Հայաստանում, որտեղ ձու գողացողը անազատության մեջ է, ձի գողացողը՝ հարստության»,- ԱԺ-ում հայտարարեց պատգամավորը:


Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ասաց, որ քաղաքական պրոցեսների ամենամեծ ու կարևոր պահանջը արդար Հայաստանն է, իսկ «երաշխիքները կստեղծվեն հընթացս»: «Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինի, որ այս փոփոխություններից հետո պարզվի, որ արատավոր երևույթները կամ դրանց մի մասը շարունակեն գոյություն ունենալ: Բա էս ամեն ինչն ինչի՞ համար է: Մենք ունենք ամենակարևոր երաշխիքը, որը հրապարակում կանգնած է: Ես լինեմ, Դուք լինեք, որևէ մեկը կլինի, այս ժողովուրդը չի հանդուրժելու: Հաղթած ժողովուրդն է երաշխիքը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանի հարցը վերաբերում էր արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ ՀՀ քաղաքացիների ներխուժմանը:
Ըստ Ավագյանի՝ այս օրերին նման հարձակումները ոչ թե իշխանությանն էին ուղղված, այլ պետությանը և վարկաբեկել են ՀՀ հեղինակությունը: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ վերջին օրերին ՀՀ քաղաքացիները Հայաստանի բոլոր մարզերում ու քաղաքներում իրականացրել են բողոքի գործողություններ, որին միացել են նաև ՀՀ քաղաքացիներն արտերկրում: Փաշինյանը հիշեցրեց, որ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները ՀՀ տարածք են:


Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանը մինչ հարց կուղղեր, նկատեց, որ ստացվում է, որ նա պաշտպանում է իշխանության արտաքին քաղաքականությունը: Նա նշեց, թե երբ պաթոսն անցնի, Փաշինյանը պաշտպանելու է այն, ինչ նախկինում մերժել է: Բացի այդ, նա նաև արձանագրեց, որ կայացած քաղաքացական հասարակության, ազատ մամուլի և մյուս ժողովրդավարական կառույցների շնորհիվ է Փաշինյանը հաջողություն ունեցել:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ինքը շարունակում է պնդել, որ վտանգավոր է համարում կտրուկ շրջադարձերը արտաքին քաղաքականությունում, կա բազմաթիվ երկրների փորձը: «Որևէ մեկը չակնկալի, թե մենք մեր հաղթանակների ու սկզբունքների համար պետք է շնորհակալ լինենք որևէ մեկին, որովհետև մենք դա վաստակել ենք սեփական քրտինքի, տառապանքների, երեխաներից զրկելու գնով»,-ասաց նա:


Կարինե Աճեմյանը հարցրեց, թե համոզվա՞ծ է, որ այս բեռը կարող է տանել, հատկապես, որ նրա հայրն էլ չի տեսնում Փաշինյանին որպես վարչապետ:
Փաշինյանը նշեց, որ ինքը որևէ գործ չի սկսում, եթե համոզված չի լինում, որ այդ գործը տանելու է մինչև վերջ: «Որևէ մեկին իմ քաղաքական կենսագրության մեջ հիմք չեմ տվել այլ կերպ մտածելու»,-ասաց նա:


ՀՀԿ պատգամավոր Արման Սաղաթելյանը մեջբերեց շրջանառվող մի տեքստ, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանը տարիներ առաջ խնդրի ԼՂ հարցով տեսակետ էր հրապարակել «Հայկական ժամանակ» թերթում և ասել, թե իրեն զարմացնում է, որ երկրում դեռ կան մարդիկ ովքեր պատրանքներ ունեն «գրավյալ, օկուպացված» տարածքների նկատմամբ: Սաղաթելյանը նշեց, թե արդյո՞ք հակասություններ չկան Փաշինյանի նախկին և ներկա տեսակետների միջև չկա: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ մեջբերումը արդեն 5 տարի իր լուսանկարով շրջանառության մեջ է դրված սոցցանցերում, և ինքը բազմիցս հերքել է, որ նման տեքստ գոյություն չունի:
Սաղաթելյանը հարցեց, թե այդ դեպքում ինչպես է Փաշինյանը պատկերացնում փոխզիջումը, եթե մտադիր են երկիրը բանակցային գործընթացում ներկայացնել:
Փաշինյանը պատասխանեց. «Հստակ ասել ենք, որ փոխզիջման մասին խոսելը նման մթնոլորտում, երբ սպառնում են հայկական պետականությունը վերացնել, անիմաստ է: Այս պայմաններում կարող ենք խոսել միայն սեփական երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու մասին: Իսկ փոխզիջման մասին կարող ենք խոսել երբ Ալիևը հստակ ուղերձ հղի, որ պատրաստ է ճանաչել ԼՂՀ ժողովրդի իրավունքը»։
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման իր տեսլականից և հարցրեց, թե մտահոգություն չունի՞ արդյոք, որ աշխարհաքաղաքական ուժերը պարտադրեն հայկական կողմի համար անցանկալի լու
ծումներ: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նման զարգացումներ թույլ չտալու կարևորագույն պայմանն ազգային միասնությունն է ու զարթոնքը: Անդրադառնալով ԼՂՀ հակամարտության կարգավորմանը՝ նա ասաց, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը որևէ պատեհ առիթ բաց չի թողնում սպառնալ ՀՀ-ին, ԼՂՀ-ին և հայությանը:


«Այս իրավիճակում բանակցությունները ձևական բնույթ են կրում, դրանք կարգավորմանը չեն ուղղված: Բանակցություններն իրական իմաստ կստանան այն պարագայում, երբ Ադրբեջանը հստակ ուղերձ հղի միջազգային հանրությանը, որ պարտավորվում է միջազգային իրավունքի նորմերը կատարել և պատրաստ է խնդրի կարգավորմանն այդ իրավունքի սահմաններում»,-ասաց նա և նշեց, որ բացի այդ, միջազգային հանրությունն իր հեղինակությամբ պարտավոր է հետ պահել Ադրբեջանին ուժի կիրառման սպառնալիքից: Պետք է ազգովի համախմբել ներուժը՝ հայրենիքը ագրեսիայի պաշտպանելու համար:

Դիտվել է՝ 3064

Մեկնաբանություններ