Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նաիրա Զոհրաբյան. Այս շարժումը արժանապատիվ հնարավորություն է վերջապես դուրս գալու համակարգային այս ճահճից

Նաիրա Զոհրաբյան. Այս շարժումը արժանապատիվ հնարավորություն է վերջապես դուրս գալու համակարգային այս ճահճից
01.05.2018 | 20:42

ԲՀԿ-ն միացել է համաժողովրդական շարժմանը, որովհետև այս շարժումը արժանապատիվ հնարավորություն է վերջապես դուրս գալու համակարգային այս ճահճից։ Որովհետև համաժողովրդական այս շարժումը հնարավորություն է վերջապես կոտրելու «Մեր դեմ խաղ չկան» ու «բոլոր ճանապարհները դեռ երկար տարիներ անցնելու են Մելիք Ադամյանով» դատավճիռը, որը վաղուց արդեն վերածվել է իշխանական ագիտպրոպի մանտրայի, ու որին շատերն արդեն սկսել էին հավատալ որպես անխուսափելի ցմահ ազատազրկման` Աժ-ում հայտարարեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։ «Մենք միացել ենք համաժողովրդական շարժմանը, որպեսզի այլևս մեր երկրում մեկ գիշերվա մեջ ՀՀՇ-ից չդառնան Երկրապահ, հետո Հանրապետական, հետո էսեռ, մենշևիկ, բոլշևիկ ու հիմա էլ երևի թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։


Մենք միացել ենք համաժողովրդական շարժմանը, որպեսզի այլևս մեր երկրում չլինի առաջնորդի կռապաշտություն, որի ցանկացած շարքային միտք իր ստորադասները ստորադասում են Մաքիավելիին ու Սոլոնին»,-հայտարարեց նա։
Զոհրաբյանը թվարկեց պատճառները՝ ինչու է իրենց խմբակցությունը միացել շարժմանը. «Մենք միացել ենք համաժողովրդական շարժմանը, որպեսզի այլևս երբեք մեր ուսուցչին չսարքեն ընտրակեղծարար և սերնդապիղծ, որպեսզի այլևս մեր երկում չլինեն ճնճղուկի հոգով բազեներ, ում համար գերագույն արժեքը դոշին խփված իշխանության զնաչոկն է՝ մանկուրտների, ուրացողների, փտած ուսխորհուրդների, կարիերիստների և դասալիքների սեկտայի պատվավոր անդամ դառնալու համար։ Մենք միացել ենք համաժողովրդական շարժմանը, որպեսզի այլևս երբեք մեր երկրում քաղաքացին չլինի ընտրական առևտրի առարկա, որի վրա կարելի է շաբաշի նման 10 հազար դրամ շպրտել ու շարունակել ստորացնել։


Մենք միացել ենք համաժողովրդական շարժմանը, որպեսզի այլևս երբեք ոչ այս և ոչ էլ որևէ ամբիոնից որևէ նախագահի կամ վարչապետի հասցեին չհնչի ստրկահպատակ քծնանք, որից ահա այս պատերը նեխել են»։
Նրա խոսքով՝ այս շարժումը չի ավարտվելու այս դահլիճում՝ վարչապետի ընտրությամբ. «Որովհետև, եթե չի լինելու իշխանության բովանդակային և որակական փոփոխություն, եթե լինելու է միայն անձերի և դեմքերի փոփոխություն, մենք բոլորս ու առաջին հերթին ժողովուրդը, մեր լուսավոր երիտասարդները, ովքեր հավատացին ու դարձան այս շարժման լոկոմոտիվը, ունենալու ենք հերթական մեծ ու այս անգամ՝ անդառնալի հիասթափությունը»։

Դիտվել է՝ 2157

Մեկնաբանություններ