Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ով շահեց այս մեկ օրվա ընթացքում

Ով շահեց այս մեկ օրվա ընթացքում
02.05.2018 | 20:17

Նիկոլ Փաշինյանին վարչապետ չընտրելուց մեկ օր հետո ՀՀԿ-ն հրատապ նիստ հրավիրեց և որոշեց աջակցել ԱԺ 1/3-ի կողմից առաջադրվող վարչապետի թեկնածուին: Իսկ նույն ժամանակ տեղի էր ունենում Նիկոլ Փաշինյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը, որից հետո երկու գործիչները հայտարարեցին, որ Փաշինյանի թեկնածությունն են առաջադրելու: Այսինքն, մայիսի 8-ին Հայաստանի վարչապետ է դառնալու Նիկոլ Փաշինյանը, որին ՀՀԿ-ականները երեկվա քննարկումներում մեղադրում էին կառավարման փորձ չունենալու և գերագույն գլխավոր հրամանատարի պատասխանատու բեռը տանել չկարողանալու մեջ:
Մեկ օր հետո փոխվեց նրանց կարծիքը:

Այստեղ հարց է ծագում. մի՞թե նրանք չգիտեին, որ այդ քվեարկությամբ հանրությանն ավելի են բորբոքելու, ապացույցն այսօրվա տոտալ դասադուլներն են և կաթվածահար քաղաքը: Մի՞թե պարզ չէր, որ ՀՀԿ-ն անհատապես հանրության թիրախում է հայտնվելու, ապացույցն այսօրվա տարաբնույթ ակցիաներն են ՀՀԿ-ականների բնակարանների մոտ: Մի՞թե արժեր մեկ օր հետո սրբագրել իրենց իսկ արած հայտարարությունները և ասել, որ կսատարեն 1/3-ի թեկնածուին, ազդակ ուղարկել հասարակությանը, թե իրենք չեն կարողանում հստակ կողմնորոշվել վճռորոշ պահերին: Մի խոսքով, արժե՞ր մեկ օրով անհատապես խայտառակվել ողջ հանրության առաջ, թուքումուր ուտել, որ հետո նորից գան ասեն՝ չնայած դեմ ենք քվեարկել, բայց մեկ օր հետո փոշմանեցինք: Այն դեպքում, որ իրողությունները նույնն են ու իրավիճակը երեկ էլ լարված էր, ինչպես արդեն տևական ժամանակ:


Սակայն այս ամենից մի ուժ խոշոր հաշվով շահեց. մեկ օրվա ընթացքում հսկայական մեծ կարևորություն տրվեց Գագիկ Ծառուկյանին: Առանց նրա աջակցության երկրորդ անգամ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը չէր կարող առաջադրվել, քանի որ հարկավոր է, որ խորհրդարանի 1/3-ն առաջադրի վարչապետի թեկնածու: Այնպես որ, մեկ օրով Նիկոլ Փաշինյանը, որ այս օրերին ողջ իշխանությանն էր թելադրում իր պահանջները, կախում ուներ Գագիկ Ծառուկյանից, և ակնհայտ է նաև, որ այդ «ծառայությունը» անհատույց չի մնալու:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2986

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ