Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Մարդիկ ներսից են հեղափոխվել»

«Մարդիկ ներսից են  հեղափոխվել»
04.05.2018 | 01:48

Ժողովրդական շարժումը անտարբեր չի թողել մեր հասարակության ամենատարբեր ոլորտների ներկայացուցիչներին (մտավորականներ, բժիշկներ, հոգևորականներ, հոգեբաններ): Սոցիալական ցանցերում հոգեբանները տարաբնույթ գնահատականներ են հնչեցնում թե՛ երկրում տիրող վիճակի, թե՛ պետական այրերի, թե՛ մեծից փոքր փողոց դուրս եկող մարդկանց մասին: «Իրատեսի» զրուցակիցը հոգեբան ԻՆԳԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ է:


-Ո՞րն է համաժողովրդական ընդվզման բուն պատճառը:
-Սա սոցիալական ընդվզում է, որը տեղի է ունեցել տևական սոցիալական անարդարության պատճառով: Ի՞նչ է դա նշանակում` երբ վերնախավն իրեն վերագրում է լրացուցիչ արտոնություններ, իրավունքներ և սկսում է ստորադասել, ընկճել մարդկանց, որոնց ինքը կոչված է ծառայելու: Չեմ ուզում ասածս քաղաքագիտական մեկնաբանություն դիտարկվի, բայց, որպես հոգեբան, ասեմ, որ այս ամենը մարդկանց մեջ, առաջին հերթին, առաջացնում է արժանապատվության, վիրավորանքի զգացում: Մանավանդ երեկվա խորհրդարանական լսումները շատերի մեջ նույն արձագանքն ունեցան, որ պատգամավորները ժողովրդին դիտարկում են որպես միջոց ու գործիք` ինչ-որ ձևով իրենց գիտակցական ու քաղաքական շահերը պաշտպանելու:
-Այս օրերին շատ է գործածվում էյֆորիա տերմինը, ինչը վերագրվում է շարժման անմիջական մասնակիցներին: Բայց եթե ընդհանուր առմամբ գնահատենք երկրում տիրող տրամադրությունները, մարդկանց մի մասը դեմ է շարժմանը, փակ փողոցներին, մի մասը կողմ է, ոմանք սատարում են, ոմանք տագնապած են, ոմանք` ընկճված: Ձեր գնահատմամբ` կա՞ համընդհանուր դեպրեսիա:
-Կարծում եմ` տարիներ շարունակ մենք ունեցել ենք ծանր դեպրեսիայի մեջ գտնվող ժողովուրդ (չեմ ուզում տարանջատել ազգային փոքրամասնություններին, միևնույն է, Հայաստանի ժողովուրդն է), որ ապրել է ընկճված հոգեվիճակում ու թվում էր, թե կորցրել է պայքարելու կարողությունը: Հիմա իրապես գիտակցության զարթոնք է տեղի ունեցել, ինչը վկայում է թեկուզ փողոց դուրս եկող մարդկանց քանակը, որոնք հետ քաշված չեն, ամեն մեկն իր տանը չի տառապում, դուրս են եկել միասին լինելու, մասնակից լինելու ինչ-որ բանի, դա, իհարկե, ստեղծել է միասնական պայքարի էյֆորիկ վիճակ: Որպես հոգեբան, կարող եմ ասել, որ էյֆորիկ վիճակը դիտարկվում է դրական սթրես: Մեր ազգը հիմա ցնցումի մեջ է, այո, սթրեսային վիճակ ենք ապրում: Ամեն րոպե ինչ-որ բան փոխվում է, ու դա մեր մեջ ստեղծում է հուզական վիճակ, նոր հույզեր է առաջացնում, նոր մտքեր, որոնք ստիպում են մարդկանց նոր վարքաձև դրսևորել։

-Որպես կանոն` ի՞նչ է հաջորդում էյֆորիային:
-Սթրեսը մեծ իմպուլս է և մարդուն մղում է գործողության։ Որքան էլ կառավարությունն ընդդիմանա, դրանից մարդկանց ուժն ավելանալու է: Ինչու՞, որովհետև պայքարը սթրեսը հաղթահարելու բնական պրոցեսներից է: Եթե դիտարկենք սցենարներ էյֆորիան անցնելուց հետո, այո, մարդիկ պետք է գիտակցեն, որ վերադառնալու են տուն, ու այսրոպեական փոփոխություն չի լինելու, քանի դեռ մեր երկիրն ունի տնտեսական, քաղաքական և այլ մարտահրավերներ, որոնցից ոչ մեկը դեռ չի լուծվել: Այստեղ շատ կարևոր է առաջնորդի դերը: Էյֆորիան, իհարկե, կարող է վերածվել հիասթափության, եթե նրանց տառապանքը, պայքարը չիմաստավորվեն արդյունքներով, եթե վերադառնան զրոյական վիճակի, ինչը, կարծում եմ, տեղի չի ունենա, որովհետև մարդիկ ներսից են հեղափոխվել և հին ձևով շարունակել չեն ուզում ու չեն կարող:


Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 3510

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ