Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Վարչապետի պաշտոնը քաղաքական է, բայց հմտություն է հարկավոր, չպետք է դու ավելի քիչ իմանաս, քան քո ենթական»

«Վարչապետի պաշտոնը քաղաքական է, բայց հմտություն է հարկավոր, չպետք է դու ավելի քիչ իմանաս, քան քո ենթական»
04.05.2018 | 01:53

Հայաստանի ներքաղաքական լարվածությունը կարծես կայունացման ուղի է բռնում: ՀՀԿ-ն զենքերը վայր դրեց, Նիկոլ Փաշինյանը կդառնա վարչապետ: Սակայն դեռ վաղ է ասել, որ երկրում իրավիճակը կարող է բնականոն հուն վերադառնալ, քանի որ շատ հարցեր դեռ օդում են ու ամենակարևորը, երբ ու ինչ ժամկետում կլինեն արտահերթ ընտրությունները: Մայիսի 8-ից հետո Հայաստանում նոր կառավարություն է ձևավորվելու, ու գրեթե բոլորին անհայտ է, թե ինչ կազմ է այն ունենալու: Իրավիճակի շուրջ զրուցում ենք ՀԴԿ ղեկավար ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ:

-Նախ` ինչու՞ ՀՀԿ-ն դեմ քվեարկեց, իսկ մեկ օր հետո որոշեց, որ հաջորդ անգամ պետք է աջակցի ԱԺ 1/3-ի առաջադրած թեկնածուին: Կարելի՞ է արդեն երկրում լարվածությունը թուլացած համարել:
-ՀՀԿ-ն իր պարագլուխներով երկիրը հասցրեց այս վիճակին: Մենք, բազմաթիվ այլ գործիչներ պարբերաբար հրապարակային իշխանություններին զգուշացնում էինք, որ կուտակվում են հանրային խնդիրները, մեծանում է իշխանություն-հանրություն անջրպետը: Մեր կուսակցությունը բոլոր վարչապետներին անգամ ծրագրային առաջարկներ է ներկայացրել, բայց բոլորը հաճույքով զրուցում էին մեզ հետ, հետո շարունակում անել այն, ինչ որոշել էին: ՀՀԿ-ն ստեղծել էր մի համակարգ, որն իրենց տվել էր բոլոր արտոնությունները, սակայն նրանք մոռացել էին կարևորի մասին՝ պատասխանատվության: Բոլոր ոլորտներում առկա խնդիրների փունջը բացվեց, չնայած մինչ այդ էլ ամեն տարի լինում էին ըմբոստություններ (հիշենք՝ «Սասնա ծռերին», ՍԷֆիլյանի շարժումը, Նորք-Մարաշում հայտնաբերված խումբը): Այս ամենը ահազանգ էր, բայց իշխանությունն անհաղորդ մնաց այդ ամենին՝ համոզված լինելով, որ իրենց համակարգն անխոցելի է, ում պետք է` բանտ կնստեցնեն, հեռուստաեթերից էլ կզրկեն քաղաքական ընդդիմությանը (բացի խորհրդարանական որոշ ընդդիմադիրներից): Այս ամենը հանգեցրեց այն բանին, որ իրավիճակն անկառավարելի դարձավ, ու մի մարդ գտնվեց, որը կարողացավ ժողովրդին ոտքի հանել: Նիկոլ Փաշինյանին դրա համար շնորհակալություն պետք է հայտնել: Հիմա պետք է իրողությունների հետ հաշվի նստել: Սերժ Սարգսյանը հասկացավ, որ ինքը սխալ է, և ճիշտ ժամանակն է, որ թողնի ու հեռանա: Պետք չէր նորից վարչապետ դառնալ ու բոլոր իշխանական լիազորություններն իր բռի մեջ հավաքել, հետո էլ նույն փոսում հայտնվել: Այս ամենից հետո պարզ դարձավ, որ ստեղծվել է մի թղթե տնակ, որը կփլվի, եթե մեկ անգամ փչես: Պետք չէր ձգձգել նաև ստեղծված այսօրվա վիճակը, հարկավոր էր շուտ պայմանավորվել: Դեմ քվեարկեցին, որովհետև այն մարդիկ, որոնք այդ պատգամավորների հետևում են, շատ բան կորցնելու վտանգ են զգում: Նրանք չեն հավատում Նիկոլ Փաշինյանի ասածին, որ ոչ մի վենդետա չի լինելու: Գիտակցում են, որ եթե իշխանությունը սկսի դատական մի գործընթաց չարածների համար, առաջինն իրենք են տուժելու: Ինչ վերաբերում է լարվածության թուլացմանը, կարծում եմ, այս պահին իսկապես երկրում մթնոլորտը փոխվեց: Մինչև նոր ընտրություն պետք է հասցնեն իշխանությունը սահուն փոխանցել: Սա շատ լուրջ ու բարդ գործ է: Մինչև անձը չնստի համապատասխան աթոռին, չպարզի վիճակն ինչպիսին է, չի կարող ճիշտ որոշումներ կայացնել: Ժամանակը ճիշտ օգտագործելու համար ապագա վարչապետը պետք է այսօրվանից իսկ տեղյակ լինի նուրբ հարցերին։
-Ըստ Ձեզ, խառնակ այս օրերին որոշ մեծահարուստներ, ամեն ինչ կորցնելու վտանգից դրդված, իրենց կապիտալը դուրս չե՞ն հանել: Կա՞ մեխանիզմ կասեցնելու նման գործընթացները:
-Իհարկե, երկրից կհանեն, բայց նոր չէ, որ Հայաստանում մեծ մասշտաբներով կապիտալի արտահոսք կա: Մեխանիզմը հետևյալն է՝ փակել արտահոսքի բոլոր ճանապարհները: Ինչ այստեղից արտահանում ու վաճառում են, շահույթը Հայաստան չի գալիս: Պատահական չէ, որ նրանց շահութահարկը ցածր է: Նման մարդկանցից մեկը մի օր գլուխ գովեց, թե Ֆրանսիայում «замо՛к» (կողպեք) եմ առել, նկատի ուներ «за՛мок»-ը (դղյակ): Մյուսը գնել է խաղատուն, ռեստորան, անշարժ գույք: Պարզապես այսօր իրենց գոյությունն անգամ այստեղ վտանգված է, հասկանում են, որ այն, ինչ արել են ժողովրդի դեմ, այսօր կարող է իրենց դեմ դուրս գալ: Բայց այս պարագայում ամենախելամիտը պետք է լիներ այն, որ բանակցությունները հենց այս րոպեից լինեին, այսինքն` ընդունում-հանձնում կատարվի: Շատ կարևոր հարցեր կան` անվտանգության, պաշտպանության, ԿԲ-ի գործունեության և այլն, որոնց մասին պետք է տեղեկացվի նոր իշխանությունը: Այսօր մեծ պատասխանատվություն կա Նիկոլ Փաշինյանի ուսերին: Մարդիկ, որոնք չեն եղել այս իշխանական համակարգում, քաղաքական դաշտում արատավորված չեն, ուզում են մաքրել այս հանրապետությունը, պետք է նրանց հետ խորհրդակցություններ անցկացվեն, պայմանավորվածություններ ձեռք բերվեն, որպեսզի արտահերթ ընտրությունները նորմալ անցկացվեն: Այդպիսի առաջարկով ՀԴԿ-ն հանդես է եկել: Այսօր նաև մեկ այլ շատ կարևոր հանգամանք կա. պետք է կանխել հնարավոր սաբոտաժը, որը կործանարար կարող է լինել: Պետք է զգուշացվեն, որ ցանկացած նման փորձ լրջագույնս պատժվելու է: Կառավարման համակարգը պահանջում է խելամիտ քայլեր, փորձի պակասությունը կարող է բացասական անդրադառնալ: Վարչապետի պաշտոնը քաղաքական է, բայց հմտություն է հարկավոր, չպետք է դու ավելի քիչ իմանաս, քան քո ենթական:
-Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու ժամանակ ՀՀԿ-ականների ուշադրության կենտրոնում էին հիմնականում արտաքին քաղաքական հարցերը, պաշտպանությունը: Նրանք ասում էին, թե Փաշինյանին չեն տեսնում գերագույն գլխավոր հրամանատարի դերում: Ձեր դիտարկումները:
-Իրենց սարքած սահմանադրության պատճառով է այդպես: Եթե ամեն ինչ կենտրոնացրել էին վարչապետի ձեռքում, այդպես պետք է լիներ: Կարծում եմ, որ այսօր Ազգային անվտանգության խորհուրդն իր բոլոր գործառույթներով պետք է լինի նախագահի ենթակայության տակ: Սա պարտադիր պետք է արվի, որովհետև դա պետության շահերից է բխում: Սրան պետք է համաձայնի նաև Նիկոլ Փաշինյանը: Արտաքին քաղաքական հարցերը, կարծում եմ, պետք է բաժանվեն նախագահի և վարչապետի միջև: Արմեն Սարգսյանն իսկապես պատրաստ է նման բանակցային գործընթացներ վարելու՝ հաշվի առնելով մասնագիտական կարողություններն ու երկարամյա փորձը: Արժե այս պահին բալանսավորված իշխանություն ձևավորել: Իսկ ընդհանրապես ինձ անհասկանալի էր ՀՀԿ-ականների ելույթների պաթոսը, եթե նրանք մերժում էին այդ հարցում Փաշինյանին, պետք է ասեին նաև, թե ինչ են առաջարկում: Որևէ մեկը կառուցողական որևէ առաջարկ չներկայացրեց: Խոսում էին միայն երկխոսությունից: Ի՞նչ երկխոսություն, գոնե ասեին` ինչի շուրջ երկխոսություն:
-Պարբերաբար կարմիր թելի պես անցնում էր նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցը, և այդ հարցում ՀՀԿ-ականները կասկածներ էին հայտնում, թե եկող իշխանությունն անտեսելու է դրանք: Դուք այդ տպավորությունն ունե՞ք:
-Այստեղ ոչ պակաս շահեր ունեն ԱՄՆ-ը, Եվրոպան, Իրանը, Չինաստանը: Այս պայմաններում պետք է ճիշտ ձևով դասավորել հարաբերությունները բոլորի հետ: Դրա համար անհրաժեշտ է, որ շուտ ձևավորվի կայուն իշխանություն: Հենց Նիկոլը գնա նստի վարչապետի աթոռին, ժողովուրդը հանգիստ կգնա ու իր գործով կզբաղվի:
-ՀՀԿ-ն վտանգներ էր տեսնում հատկապես ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի մասին Փաշինյանի նախկինում արած հայտարարությունների առնչությամբ: Դուք ևս վտանգ տեսնու՞մ եք:
-Նման բան, իհարկե, հնարավոր է, բայց այդ ամենը, այսպես ասած, «կացնի» ձևով չեն անում: Փաշինյանը մի քանի անգամ ընդգծել է, որ պետք է իրողությունների հետ հաշվի նստի: Անշուշտ, համոզվածություն չես կարող ունենալ, քանի որ նախկինում նա այլ համոզմունքներ է ունեցել: Ինչպես ասում են, այստեղ 50/50 վիճակ է: Բայց եթե մենք գնալու ենք արտահերթ ընտրությունների, դժվար է ասել, թե ամբողջական հաղթանակը լինելու է մեկ ուժինը: Եթե արդար ընտրություններ են լինելու, մարդիկ ընտրություն կկատարեն ծրագրերի միջև: Այո, մի մասը կուրորեն իր ձայնը կտա իր կուռքին: Դա այն ֆորան է, որը Փաշինյանն արդեն ունի, սակայն երկրում կա առնվազն 2 մլն ընտրող, որոնցից շատերը գնացին Նիկոլի հետևից, որպեսզի այս իշխանությունից ազատվեն: Բայց վերջիններս ունեն ուրիշ նախապատվություններ: Եթե բոլորին հավասար պայմաններ տանք, իրավիճակն այլ կլինի, բայց աղքատ երկրում արդար ընտրությունները քիչ հավանական են: Բայց գոնե այդ ճանապարհը կբռնենք:
-Արտահերթ ընտրությունների ժամկետների վերաբերյալ հստակություն չկա, ոչ մի քաղաքական ուժ չի կարող կոնկրետ ժամկետ մատնանշել: Ո՞րն է արտահերթ ընտրությունների լավագույն ժամանակը:
-Մինչև ԱԺ-ն օրենքների մեջ փոփոխություններ չկատարի, կառավարությունը որոշակի կայունացման միտումներ չգրանցի, ժամանակավոր կառավարությունը ձևավորվի և աշխատի, նման ընտրություններ չեն կարող լինել: Սա կարող է լինել 2, 4 ամսվա ընթացքում: Պետք է ռեյտինգային ընտրակարգը վերանա: ՀՀԿ-ն այդպես էլ չհասկացավ, թե ինչու ինքը ձախողվեց: Ովքեր են այսօր ԱԺ-ում ռեյտինգայինով ընտրված հանրապետականները: Սամվել Ալեքսանյանը 43 հազար ձայն էր հավաքել, անհայտ անուն-ազգանուններով մարդիկ` 30-35 հազար ձայն: Բոլորս էլ հասկանում ենք, չէ՞, որ դրանք տասը հազար դրամներն են: Այդ ամենը բերեց այսօրվա իրավիճակին: Այսօր, կարծում եմ, նախագահի մոտ պետք է լինեն բանակցություններ, ինչպես նշեցի՝ իշխանության ընդունում-հանձնումը: Նախագահն է սահմանադրության երաշխավորը, պետության գլուխը, որը պատասխանատու է այն ամենի համար, ինչը կատարվում է ողջ հանրապետությունում:


Զրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3770

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ