Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Դանդաղ և արագ գործողության «ականների» շրջապատում

Դանդաղ և արագ գործողության «ականների» շրջապատում
04.05.2018 | 02:29

Այն, ինչ մայիսի 1-ին կատարվեց խորհրդարանում, ընդամենն արձանագրեց հեղափոխական պայքարի առաջին փուլի ավարտը։ Ընդդիմության և խորհրդարանական մեծամասնության միջև արձանագրվեց, որ առաջին փուլի արդյունքում կողմերը պահպանեցին դիրքերը, նաև ընդգծվեց, որ յուրաքանչյուրը վերահսկում է իր ռեսուրսը։


Իսկ ի՞նչ տեղի ունեցավ այս ընթացքում։ Հարցին պատասխանելու համար հետահայաց դիտարկենք վերջին օրերի իրադարձությունները։ Նիկոլ Փաշինյանը ՀՀԿ խմբակցության հետ ապրիլի 30-ի հանդիպմանը մի քանի անգամ ակնարկեց, որ հեղափոխական շարժման համար շատ սկզբունքային է վարչապետի պաշտոնը, մյուս պորտֆելների շուրջ, ըստ Նիկոլ Փաշինյանի ակնարկների, կարելի է քննարկումներ ծավալել ու պայմանավորվել։ Հեղափոխության առաջնորդը հասկացրեց, որ իր նպատակն է ձևավորել համաձայնության կամ համերաշխության կառավարություն։ Ընդ որում՝ համաձայնության կառավարության ստեղծման գաղափարն անընդհատ շեշտադրվում էր, և քանի որ հանդիպումը հեռարձակվում էր ուղիղ եթերով, դա նաև ուղերձ էր ներքին ու արտաքին քաղաքական ուժերին, կառույցներին։


Այդ նույն խորհրդակցության ժամանակ և դրանից առաջ էլ ՀՀԿ-ն խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի միջոցով ասաց, որ եթե ԱԺ երեք խմբակցությունները համաձայնության գան Նիկոլ Փաշինյանին առաջադրելու և աջակցելու վերաբերյալ, ապա ՀՀԿ-ն չի խոչընդոտի նրանց։ Այդ պահի դրությամբ տպավորություն էր ձևավորվել, որ, այնուամենայնիվ, կան ստվերային բանակցություններ, ինչի արդյունքում կողմերը ինչ-ինչ կոնսենսուսի եկել են, ու ենթադրելի էր, որ այդ կոնսենսուսը համաձայնության կառավարության ձևավորման սկզբունքների շուրջ էր։ Առավել ևս երբ հիշում ենք, որ համաձայնության կառավարություն եզրույթը ժամանակին դուրս է եկել հենց Սերժ Սարգսյանից։ Ընդ որում՝ խոսքն ընդամենը ժամանակավոր կառավարության մասին էր. ինչ-որ մի փուլում արտահերթ ընտրություններ պետք է տեղի ունենային։ Մինչև մայիսի 1-ի մեկնաբանությունները դիտարկելիս կարելի էր ենթադրել, որ արտահերթ ընտրությունների վերաբերյալ նույնպես կար որոշակի կոնսենսուս կողմերի միջև։ Նիկոլ Փաշինյանը չէր բացառում, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարող են տեղի ունենալ մեկ տարի անց։


Թվում էր, թե բոլորին ձեռնտու էր այդ սցենարը՝ ստեղծել համաձայնության ժամանակավոր կառավարություն, ընտրություններն էլ հնարավորինս ուշ կազմակերպել, քանի որ՝ ա) իշխանությունը կարող էր ժամանակ շահել, հաշվարկելով, որ վարչապետության ընթացքում Նիկոլ Փաշինյանը չէր զբաղվելու հանրահավաքներով, բացի այդ, վարչապետը չէր կարող քաղաքացիական անհնազանդության առաջնորդ լինել։ Այդ ընթացքում հեղափոխական ալիքն աստիճանաբար կմարեր, չէր բացառվում նաև, որ կառավարությունը չէր հասցնի որևէ լուրջ հաջողություն արձանագրել, ու որոշակի հիասթափության ալիք կգրանցվեր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ բ) Ժամանակավոր կառավարության երկարակեցությամբ շահագրգիռ էր նաև Նիկոլ Փաշինյանը, քանի որ պետք է հասցներ կուսակցությունների մասին օրենքն ու ընտրական օրենսգիրքը փոխել։ Մասնավորապես, թիրախի տակ է ռեյտինգային ընտրակարգը, որը թույլ է տալիս տեղական ֆեոդալներին արդյունքներ գրանցել։ Բացի այդ, շարժման առաջնորդն ու վարչապետը, ժամանակ շահելով, կկարողանար տեղերում կառույցներ ստեղծել։ Ինչպես նա է ասում, ինստիտուցիոնալացնել հեղափոխական շարժումը։
Գործողությունների այս պլանը ձեռնտու էր նաև այն ուժերին, որոնք վերջին պահին էին միացել շարժմանը՝ «Ծառուկյան» դաշինքին, ՀՅԴ-ին, քանի որ բոլորը հասկանում էին, որ հեղափոխական տրամադրվածության պայմաններում այդ կուսակցությունները, որոնք հիմնականում ոչ թե քաղաքական, այլ ֆինանսական ռեսուրսի շնորհիվ էին հայտնվել խորհրդարանում, ստեղծված իրավիճակում նման հնարավորություն գուցե այլևս չունենան և զգալիորեն զիջեն դիրքերը։ Առավել ևս, որ առայժմ ոչ ոք չի նշում, թե Նիկոլ Փաշինյանը ինչ պայմանավորվածություններ ունի, ու ինչպես են շարունակելու աշխատել։ Այնպես որ՝ բոլորի համար նախընտրելի տարբերակ էր մոտ մեկ տարի անց խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը։


Այս ֆոնի վրա վերջին օրերին հեղափոխական շարժումը մեղմվել էր, անհնազանդության գործողություններն ավարտվել էին, համարվում էր, որ հեղափոխությունը հաղթել է, և բողոքի ալիքը բավարարվում էր միայն հանրահավաքով։
Սակայն ապրիլի 30-ի լույս մայիսի 1-ի գիշերը Նիկոլ Փաշինյանն անսպասելիորեն հայտարարեց, որ հանրապետական կուսակցությունը փորձում է խոչընդոտել իր ընտրությանը։ Հիշատակում էր Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան տանդեմի մասին, որը կանգնած է այդ ամենի թիկունքում։ Սա հուշում է այն մասին, որ կողմերն այնուամենայնիվ չեն կարողացել միմյանց հետ պայմանավորվել։ Ընդ որում՝ չեն կարողացել պայմանավորվել ոչ թե վարչապետի անձի շուրջ, որովհետև ինքնըստինքյան հասկանալի էր, որ դա այն դիրքն է, որից Նիկոլ Փաշինյանը չի հրաժարվելու, քանի որ նրա համար դա շատ սկզբունքային է։ Ամենայն հավանականությամբ չէին պայմանավորվել, թե ժամանակավոր կառավարության շրջանում ինչպես է կիսվելու իշխանությունը։ Ընդ որում՝ այստեղ հարցը ոչ թե տնտեսական, սոցիալական բլոկի նախարարությունների, այլ ուժային կառույցների մասին է։ Չի հստակեցվել հարցը՝ ու՞մ ձեռքում են լինելու ուժային կառույցները։ Երևի թե Նիկոլ Փաշինյանն էլ հասկանում է, որ միայն վարչապետ լինելով, առանց ուժային լծակների, ոչինչ անել չի կարող։ Եվ այս անհամաձայնության պայմաններում «Հանրապետականը» որոշեց ատամներ ցույց տալ, ցույց տալ, որ ինքը ռեսուրս ու կուսակցական կուռ շարքեր ունի, և հաշվարկները, թե խմբակցությունը կազմալուծվելու է, հեռու են իրականությունից։


Ինչպես ցույց տվեցին մայիսի 1-ի իրադարձությունները, յուրաքանչյուր կողմ ապացուցեց, որ իր դիրքերը պահպանել է. ՀՀԿ-ն խորհրդարանում, նույնիսկ առանց դաշնակցության, ունի մեծամասնություն և վերահսկում է իր ռեսուրսները։ Իսկ Նիկոլ Փաշինյանն էլ պահպանում է հեղափոխական ուժը։ Հանրապետականները ցույց տվեցին, որ եթե հեղափոխականների հիմնական հույսն այն է, որ պրեսինգով կարող են «Հանրապետական» խմբակցությունում տրանսֆորմացիաներ առաջացնել, ապա դա նրանց չի հաջողվի։
Հասկանալի է, որ «Հանրապետական» խմբակցությունը կուռ պահելը բավականին լուրջ ջանքեր է պահանջում։ Եվ պատահական չէ, որ, ըստ լուրերի, բոլոր պատգամավորների հետ անհատական աշխատանք է տարվել, ընդ որում՝ և՛ Սերժ Սարգսյանի, և՛ Ռոբերտ Քոչարյանի կողմից։
Ինչևէ, առաջին արարի ավարտին ունեինք այս իրավիճակը։ Մինչև մայիսի 8-ը՝ վարչապետի ընտրության օրը, հանրապետական կուսակցությունը պետք է աշխատեր ամուր մնալ իր դիրքերում, իսկ Նիկոլ Փաշինյանը պետք է փորձեր ոչ միայն պահպանել իր ռեսուրսը, այլև մեծացնել, ավելի բարձրացնել ընդդիմադիր շարժման ջերմաստիճանը։ Այս առումով մայիսի 2-ին ամբողջ երկրի ճանապարհների, ենթակառուցվածքների, ռազմավարական օբյեկտների շրջափակումները թե իրենց ծավալներով, թե աշխարհագրությամբ և թե արդյունավետությամբ, իհարկե, աննախադեպ էին:


Ի վերջո, իսկ ի՞նչ է սպասվում մայիսի 8-ին։ Ըստ էության կարող է զարգանալ երեք սցենար.
ա) «Հանրապետականը» ևս 7 օր պահպանում էր իր խորհրդարանական խմբակցության շարքերը և նորից տապալում Նիկոլ Փաշինյանի ընտրությունը՝ գնալով ԱԺ արտահերթ ընտրությունների այսօր գործող հանրապետական կառավարությամբ,
բ) հանրապետականները միայնակ կամ որևէ այլ քաղաքական ուժի հետ առաջադրում են իրենց թեկնածուին՝ անցկացնելով նրան։ Այս երկու տարբերակները ավելի շուտ կոնֆրոնտացիոն սխեմաներ են, որոնք ակնհայտորեն չեն լուծելու ճգնաժամը, միայն կխորացնեն։ Ընդդիմադիր շարժումն էլ ավելի կլարվի, ինչի արդյունքը ոչ ոք կանխատեսել չի կարող։

Եվ վերջապես.
գ) այնուամենայնիվ, ՀՀԿ-ն և Նիկոլ Փաշինյանը պայմանավորվում են այսպես կոչված ազգային համերաշխության կառավարության ստեղծման շուրջ, և յուրաքանչյուր ուժ ժամանակավոր կառավարության գործունեության ընթացքում աշխատելու է այն նպատակներին հասնելու համար, որոնց մասին արդեն վերը նշվեց։
Ընդհանուր առմամբ հենց այս՝ վերջին տարբերակն էլ մայիսի 8-ի ընտրությունից հետո կյանքի է կոչվելու, սակայն այստեղ կա շատ կարևոր մի նրբություն. եթե մայիսի 1-ի ընտրության գործընթացում Նիկոլ Փաշինյանը առաջադրված էր իր գլխավորած «Ելք» դաշինքի կողմից, իսկ «Ծառուկյան» դաշինքը և ՀՅԴ-ն ընդամենը աջակցող ուժեր էին և փաստացի քաղաքական պատասխանատվություն չէին կրում Նիկոլ Փաշինյան վարչապետի գործունեության համար, ապա հիմա ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի թեթև ձեռքով Նիկոլ Փաշինյանը հանդիսանում է արդեն «Ծառուկյան» դաշինքի, Դաշնակցության, ինչպես նաև «Ելք» դաշինքի համատեղ թեկնածուն՝ դրանից բխող բոլոր քաղաքական հետևանքներով, պայմանավորվածություններով, ինչպես նաև պարտավորություններով: Ինչ-որ չափով հանրապետականներին նրանց տարբեր ժամանակների դաշնակիցների հետ հաջողվեց հեղափոխական առաջնորդին տեղավորել «ականապատված դաշտ», իսկ այդ հանգամանքը, բնականաբար, հղի է Նիկոլ Փաշինյանի համար բավականին մեծ քաղաքական և ռեյտինգային ռիսկերով: Այս պայմաններում ժամանակավոր կառավարության գործունեության ժամանակաշրջանում կարող են հասարակական ընկալումների լուրջ տրանսֆորմացիաներ արձանագրվել, և որոշ քաղաքական, էմոցիոնալ ու ռեսուրսային գործոններ, որոնք այսօր վճռորոշ են թվում, կարող են զգալիորեն նվազեցնել իրեն ազդեցությունը:


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 5311

Մեկնաբանություններ