«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Թրամփը բիզնես-հաջողություն է երազում Սիրիայում, բայց ԱՄՆ-ի ընդդիմախոսներն անակնկալներ են պատրաստել

Թրամփը բիզնես-հաջողություն է երազում Սիրիայում, բայց ԱՄՆ-ի ընդդիմախոսներն անակնկալներ են պատրաստել
04.05.2018 | 02:44

(Նախորդ մասը)

Փոխզիջման փուլին արժե անդրադառնալ առանձնակի, որովհետև այդ փուլն առայժմ դեռ հնարավոր է. չէ՞ որ Սիրիայի վրա Արևմուտքի գրոհը լիովին ձախողվել է, իսկ Սիրիայի ու Իրանի կողմից Ռուսաստանի օգնությամբ Դամասկոսի արվարձանի՝ Արևելյան Ղուտայի, ազատագրումը լիովին անիմաստ է դարձրել Սիրիայի հարավի Էթ-Թանֆ քաղաքում ամերիկա-անգլիա-հորդանանյան բազայի ներկայությունը: Այլևս հարձակվելու տեղ չունեն Էթ-Թանֆում կենտրոնացած ահաբեկիչ զինյալները. ժամանակն է, որ նրանք մտածեն Սիրիայից ճողոպրելու մասին: Ամերիկա-անգլիա-ֆրանսիական պետական բանդիտիզմի ձախողման պատճառով պատերազմի մեջ չմտան Ռուսաստանը, Իրանը, Չինաստանն ու Իրաքը, այնպես որ, փոխզիջումը, այդուամենայնիվ, հնարավոր է: Փոխզիջման փուլում կողմերն արդեն «գզել» են իրար և հոգնել են ու պետք է մի բանի հանգեն: Երկուստեք մեծ են կորուստները, հաղթանակն առայժմ անհնար է, բայց ոչ ոք մտադիր չէ հանձնվելու: Երկուսի համար էլ վտանգավոր պահ է: Պատերազմում բեկում է հասունանում: Այստեղ օգտագործվում է երեք հանգամանք. զիջումների (ակնհայտ, թվացյալ և ճշմարիտ) համակարգ, բոնուսների համակարգ և փոխզիջումային լուծման հանգում: Եվ միայն դրանից հետո միջնախաղից անցում է կատարվում վերջնախաղին: Այսինքն, «խաղի» եզրափակիչ փուլին:


Որպես կանոն, վերջնախաղում տեղի է ունենում արդյունքների արձանագրում, հակառակորդի «դեմքի պահպանում»: Ի հայտ են գալիս լրացուցիչ հաղթաթղթեր: Քանի որ բոլոր գլխավոր հաղթանակները ձեռք են բերվել նախորդ փուլում, ապա վերջնախաղում սկսում են աշխատել դիվանագետները: Նրանք թղթի վրա նշում են պայմանավորվածությունների արդյունքները: Այս փուլում զինվորականները միշտ վրդովված են, որովհետև այն, ինչ նրանք նվաճել են արյամբ, դիվանագետները զիջում և «մանրում» են բանակցություններում, ինչն ընկալվում է իբրև դավաճանություն: Իրականում դիվանագետները ճիշտ են, քանի որ առանց զիջումների կայուն խաղաղություն լինել չի կարող: Թեև հենց այստեղ էլ լուծվում է պատերազմի ելքը, որովհետև, շահելով պատերազմը, կարելի է բանակցություններում տանուլ տալ խաղաղությունը: ԱՄՆ-ում դա հասկանում են, հասկանում են նաև Ռուսաստանում և Իրանում, բայց առայժմ, մինչ զիջումների քննարկումը, պետք է իրենցն ասեն թնդանոթները: Միայն այդ ժամանակ պարզ կդառնա, թե ով ինչ զիջում կարող է կատարել, և առհասարակ կարո՞ղ են դրանք լինել: Զիջումները ուժերի հարաբերակցության փոփոխության արդյունքն են, ինչը տեղի է ունենում պատերազմի դաշտում: Բայց ԱՄՆ-ում չեն հասկանում, որ Ռուսաստանը վերջնախաղ կմտնի ոչ մենակ, այլ Իրանի հետ, ընդ որում, Իրանի պահանջները կլինեն Ռուսաստանի պահանջներին համարժեք: Ամերիկացիներին չի հաջողվի «հրամայել» Ռուսաստանին, թե՝ «կարգի հրավիրիր քո դաշնակցին, մենք նրան չենք տեսնում ու չենք լսում»: Իրանը ո՛չ Ֆրանսիա է, ո՛չ ՆԱՏՕ, այնտեղ ԱՄՆ-ի ճղճղոցները լուրջ չեն ընդունվում: Ամերիկացիները գիտեն՝ հենց Իրանն է, փաստորեն, ամերիկյան ռազմանավերը քշում Պարսից ծոցից, երբ իրանցիները հայտարարում են իրենց ռազմածովային զորավարժությունների մասին, ոչ թե ամերիկյան նավատորմն է իր ավիակիրներով Իրանը «քշում» տարածաշրջանից, երբ ամերիկյան ռազմանավերը «սուսուփուս» ու աննկատելի աշխատում են հեռու մնալ իրանական ափերից և քաշվել Կատարի իրենց բազան:
Այնպես որ, ճակատամարտն ամենահավանականն է, ինչ սպասում է մեզ: Ճակատամարտից խուսափելն անհնար է, քանի որ միայն այն կարող է «ճշմարտության պահ» լինել: Կողմերի հնարավորությունների գնահատման համար պետք է վերլուծել նրանց ռեսուրսային բազան: Ինչպես հայտնի է, բանակցությունները շահում է ոչ թե նա, ով անհրաժեշտ համաձայնության է հասնում, այլ նա, ով դրա վրա ավելի քիչ ռեսուրսներ է ծախսում: Եվ իրոք, ձեզ ի՞նչ օգուտ ստորագրված պայմանագրից, եթե դրանից հետո դուք սրտի կաթվածով ընկել եք հիվանդանոց, կամ էլ «տեղում եք մնացել»՝ հանկարծամահ եք եղել սրտամկանի ինֆարկտից: Ձեր ինչի՞ն է պետք մի համաձայնագիր, որի համար մղվող պայքարում դուք օգտագործել եք այնպիսի կարևոր կապեր, որոնք հաստատել եք տարիների ընթացքում, պահպանել «սև օրվա համար» և այլևս չեք կարող դիմել դրանց: Այսինքն, ըստ էության, դուք կորցրել եք այն կապերը, որ ձեզ պետք են օդ ու ջրի պես կամ ընկել եք այնպիսի պարտքերի տակ, որոնք շատ ավելի ծանր են, քան ստորագրված պայմանագրերը։ Այլ խոսքով, մենք հասկանում ենք, որ հաղթանակը միշտ բերած շահի հարց է, այսինքն, արդյունքի ու ծախսի հարաբերակցության հարց։ Բանակցությունների, ինչպես և պատերազմի ռեսուրսները ժամանակն է, եռանդը, փողը, հույզերը, կապերը։ Հենց այս հերթականությամբ։ Համադրենք կողմերի ռեսուրսները։ ԱՄՆ-ը ներդրել է շատ փող ու շատ ժամանակ է կորցրել։ Բավական է հիշել Կոնգրեսի տրամադրած 600 մլն դոլարը «չափավոր ընդդիմության» զինյալների «մարտական պատրաստության» բարձրացման համար։ Միաժամանակ նա շատ եռանդ է ծախսել և հիմա ստիպված է ծախսել ավելի ու ավելի շատ։ Քանի որ ծախսերը կավելանան, իսկ ժամանակը կկրճատվի, դա ԱՄՆ-ի բարձրաստիճան ղեկավարությանը հսկայական հույզեր կպատճառի, որովհետև որքան շարունակվեն մարտական գործողությունները, այնքան ներվերնախավային հակամարտությունները կսրվեն։ Պառակտումն ու ընդունելի ելքի բացակայությունը շատ վատ վիճակ են կառավարող վերնախավի համար որպես պատերազմող պետության։ Եվ որքան ժամանակն անցնի, այնքան կվատանա մյուս բոլոր ռեսուրսների հետ կապված վիճակը։
Ամենավերջին ռեսուրսը կապերն են։ Այդ ամբողջ հատուկ գործողության ուժային բաղադրիչի խորացման համար հարկ եղավ, որ ամերիկացիներն իրենց բոլոր կապերը լարեն խամաճիկ վասալների ճամբարում։ Դա ջրի երես հանեց բոլոր ներքին հակասություններն ու խթանեց շահերի բախումը։ Վասալները հասկանում են, որ մի բան է հանդես գալ քաղաքական հռչակագրերով, մեկ այլ բան է ԱՄՆ-ին օգնելու համար սեփական զորքերն ուղարկել Սիրիա կործանման, իսկ հետո իր երկրի քաղաքացիներին բացատրել, թե ինչի համար է դա արվել։ Այսինքն, ԱՄՆ-ը կապերը ևս կորցնում է։ Տեսեք, Գերմանիան ապրիլի 14-ի հարձակումից հետո խոսքով պաշտպանեց ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներին։ Բայց ահա անձամբ դրան մասնակցելուց հրաժարվեց։ Փոխարենը «սուսիկ-փուսիկ», անաղմուկ օրինականացրեց ռուսական «Հյուսիսային հոսք-2» գազամուղը։ Այսպիսով, մենք տեսնում ենք, որ արդյունքի համար պայքարում գինն ԱՄՆ-ի համար այնքան է բարձրանում, որ ավելի ձեռնտու է ինչ-որ փուլում պարզապես դադարեցնել պայքարն ու դուրս գալ դրանից։ Թեև հիմա իրավիճակն ԱՄՆ-ի աչքում ամենևին էլ այնքան անհուսալի չէ։ Դա ոչինչ չի նշանակում. (Սովետական Միություն ներխուժելու նախօրեին ֆաշիստ Ադոլֆ Հիտլերը նույնպես իրավիճակն այլ կերպ էր տեսնում)։ Ռեսուրսների առումով նրա հաշիվները խառնվեցին, թե ինչ վիճակ է Ռուսաստանի և Սիրիայում նրա գլխավոր դաշնակցի` Իրանի ճամբարում։ Ռուսաստանը ժամանակ շահեց։ Իրանը` նույնպես։ Գրավվել են առանցքային դիրքեր, որոնք ԱՄՆ-ը չի կարող հետ վերցնել կամ նման փորձ անել առանց պաշտպանվող կողմի կորուստները վեցապատիկ գերազանցող կորուստներ կրելու։ Սիրիայում ռազմավարական ծավալմամբ Ռուսաստանը գերազանցել է ԱՄՆ-ին։ Ռուսներին ու իրանցիներին քիչ բան է մնացել. «սիրաշահել» քրդերին, նրանց ձեռքով ԱՄՆ-ին ու Թուրքիային դուրս շպրտել Սիրիայի հյուսիսից և հյուսիս-արևելքից, ապա ոչնչացնել Իդլիբի նահանգում պահպանված ահաբեկչական «կղզյակները»։


Այդ ընթացքում շատ քիչ եռանդ էր ծախսվել, որովհետև հասարակության մեջ պառակտում չի եղել։ Համենայն դեպս, վտանգավոր, ծանր պառակտում։ Եվ չկար հակամարտություն Թուրքիայի հետ, որի Բոսֆորով անցնում էին ՌԴ և ՉԺՀ նավերը դեպի Սիրիայի նավահանգիստներ։ Պուտինը ճիշտ ժամանակին հաշտվեց Էրդողանի հետ։ Ռոհանին համբերությամբ լցվեց և թուրքերին «մի լավ չհասցրեց» սահմանին անցած տարի կատարած սադրանքի համար։ Սիրիայում ռազմական գործողության վրա Մոսկվայի ծախսած փողերը բազմապատիկ հատուցվեցին ռուսական զենքի գնման պայմանագրերի աճով։ Ստացվեց մեծ եկամուտ։ Եթե դրան ավելացնենք Ռուսաստանի աշխարհաքաղաքական կշռի աճը, որը նրա համար ստեղծեց գլոբալ գործողության ավելի լայն հնարավորություններ, ապա միլիարդավոր դոլարների դրամական շահույթի գումարը պետք է բազմապատկել երեքով կամ հինգով։ Դրանք այն փողերն են, որոնք Ռուսաստանը կարող է ստանալ իր հեղինակության օգտագործման շնորհիվ կամ արդեն ստանում է դրամական համարժեքով։ Սիրիայի առիթով ռուսական հասարակության մեջ առաջ եկող հույզերը հանգեցրել են Պուտինի շուրջ աննախադեպ համախմբման։ Ընտրություններում նա շռնդալից հաղթանակ տարավ։ Այն հնարավորությունները, որոնք Ռուսաստանի համար նման արդյունք ապահովեցին, կարելի է արտահայտել մաթեմատիկորեն։ Ռուսաստանի կողմից ժամանակի շահումը կոնկրետ նվաճումներ բերեց, որոնք հետ թողեցին ԱՄՆ-ին, որը պետք է շատ փող ներդնի իրադրությունը շտկելու համար։ Մենք կարող ենք այդ գումարը բաժանել անհրաժեշտ ժամանակի վրա և ստանալ մեկ օրվա արժեքը՝ ԱՄՆ-ի կորցրած և Ռուսաստանի շահած ժամանակի գինը։ Այդ արժեքը բազմապատկում ենք երկուսով և ստանում ենք «եռանդ» ռեսուրսի շահույթը։ Գումարում ենք թվերը։ Ստանում ենք եռանդի ժամանակի արժեքի գումարը։ Գումարին ավելացնում ենք ռուսական զենքի գնման բոլոր պայմանագրերը, ստացվող գումարը բազմապատկում ենք երեքով և ստանում ենք «փող» ռեսուրսի շահումը։ Եթե այս ամենը գումարենք և բազմահատկենք չորսով, ապա կստանանք «հույզեր» ռեսուրսի արժեքը։ Ռուսաստանը հիմա ելցինյան ժամանակների վիճակին վերադարձնելու համար ԱՄՆ-ը պետք է մեծ գումարներ ծախսի քարոզչության, քայքայիչ աշխատանքի և գործակալական ցանցի վրա։ Նա այդքան պարզապես չունի։ Իրանի խնդիրն ավելի հեշտ է։ Սիրիայի շնորհիվ Իրանն իր կողմն է գրավել նաև բոլոր շիաներին (անգամ ԱՄՆ-ի դաշնակից Պակիստանի ու Սաուդյան Արաբիայի), նույնիսկ նրանց, որոնց սուննիները քամահրանքով «աղանդավոր» են անվանում։ Ավելին, Երուսաղեմի շուրջ ԱՄՆ-ի և Իսրայելի սարքած հիմար խաղը Իրանի կողմն է ձգել Մերձավոր Արևելքի բոլոր պաղեստինյան համայնքներն ու Գազայի հատվածի ՀԱՄԱՍ շարժումը։


Եվ վերջին ռեսուրսը` «կապեր»։ Եթե ԱՄՆ-ը վատացնում է հարաբերությունները դաշնակիցների հետ, նրանց լարելով չափից ավելի, ապա Ռուսաստանն ու Իրանը դաշնակիցներ են գտնում։ Ռուսաստան-Իրան-Չինաստան-Սիրիա-Իրաք-Լիբանան, հնարավոր է և Եգիպտոս առանցքը դոլարային արժողությամբ մի այնպիսի քաղաքական ռեսուրս է, որ Ռուսաստանի և Իրանի ձեռք բերած բոլոր շահերի, ինչպես նաև դրա խարխլման նպատակով ԱՄՆ-ից պահանջվող ծախսերի գնահատման համար պետք է բոլոր նախորդ գումարները բազմապատկել հինգով։ Ահա և ձեզ Սիրիայում ԱՄՆ-Ռուսաստան և Իրան ռազմական դիմակայության հետևանքով ռեսուրսների վատնման արդյունքը։ Սա սոսկ մաթեմատիկա է։ Եվ որքան երկար տևի դիմակայությունը, այնքան շատ ռեսուրսներ ԱՄՆ-ից կհոսեն Ռուսաստան և Իրան։ Ռեսուրսային հաշվեկշիռն ԱՄՆ-ի օգտին չէ, այն նրա համար բացասական է։ Դա հեռանկարում միանգամայն տանուլ տված իրավիճակ է համաշխարհային հեգեմոնի համար։ Բայց քանի դեռ այնտեղ մոլեգնում են հույզերը, թվեր հաշվելու կարողությունը մարած է. հույզերը լրիվ կաշկանդում են դատողությունը։ ԱՄՆ-ը անելանելի վիճակում է։ Պատերազմի արդյունքը, որպես փոխադարձ ոչնչացում, ԱՄՆ-ի համար անընդունելի է, իսկ դա փոխել նա ի վիճակի չէ, ուստի և որքան խոր է հակամարտությունը, այնքան վատ են նրա դիրքերը։ Իսկ նման կացությունն արդեն Ռուսաստանի և Իրանի օգտին է։ Եվ եթե այս երկու տերությունները տոկան հիմա, ապա իրադարձությունների հետագա զարգացումը հավասարազոր կլինի նրան, ինչ գերմանական Վերմախտի հետ կատարվեց Կուրսկի աղեղի ճակատամարտից հետո։ Ճիշտ է, Կուրսկից մինչև Յալթա դեռ պատերազմի, կորուստների ու հաղթանակների տարիներ կային։ Աշխարհը հիմա քար է կտրել «Մինաբերդ» գործողության սկիզբը հիշեցնող իրադրության պայմաններում, ուստի համբերություն ու զսպվածություն հանդես բերենք։ Առջևում վճռական ճակատամարտերն են, և Ռուսաստանի ու Իրանի, «ստվերում» էլ Չինաստանի հաղթանակի հեռանկարը շատ մեծ է։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3547

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ