Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նիկոլ Փաշինյանը հավատում է Հայաստանում իր հաղթանակին

Նիկոլ Փաշինյանը հավատում է Հայաստանում իր հաղթանակին
04.05.2018 | 18:21

Հայաստանում քաղաքական ճգնաժամի սկսվելուց երեք շաբաթ անց ՀՀԿ-ն, ըստ երևույթին, ընդդիմադրին կառավարության ղեկավար կնշանակի` գրում է ֆրանսիական Le Monde-ը։ Երեք շաբաթ Երևանի փողոցներում ամբոխն այնքան էր վանկարկում «հաղթանակ» բառը, որ տրամաբանորեն, հաղթանակը կարող էր կորցնել արժեքը։ Սակայն չորեքշաբթի, մայիսի 2-ին՝ համընդհանուր գործադուլի և երկրի ճանապարհները կաթվածահար անելու օրը, թվում էր, թե այդ բառը նոր իմաստ ձեռք բերեց․ հոդվածում ասվում է, որ թշնամին հանձնում է դիրքերը՝ ընկրկելով միասնական հանրահավաքների և ժողովրդի ուժի առջև։


Իսկ ո՞վ է «թշնամին»։ Իշխող ՀՀԿ-ն։ Սերժ Սարգսյանի կուսակցությունը՝ վարչապետի, որը 10 տարի պետության ղեկը ստանձնելուց հետո ապրիլի 23-ին հարկադրաբար հրաժարական տվեց։ Եվ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի, որն ընդամնեը 4 օր առաջ հրաժարվում էր բանակցություններ վարել հայկական հեղափոխության առաջնորդի հետ։ Չորեքշաբթի ՀՀԿ-ն հայտարարեց, որ մայիսի 8-ին՝ Սահմանադրությամբ նախատեսված քվեարկության ընթացքում, կաջակցի պատգամավորների մեկ երրորդի առաջադրած թեկնածուին, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանին։ Երեկոյան Հանրապետության հրապարակաում հավաքված իր կողմնակիցներին հայացքների նման փոփոխությունը Փաշինյանը բացատրեց հանրապետականների եռակի պարտությամբ։
Ըստ Փաշինյանի՝ հանրապետականները հույս ունեին իրեն ծիծաղելի իրավիճակում դնել հեռուստաէկրանների առջև (նիստը խորհրդարանից հեռարձակվում էր)։ Սակայն ամեն ինչ ճիշտ հակառակը եղավ։ Նրանք նաև մտածում էին, թե «հեղափոխական» պահանջներին չունկնդրելը ցուցարարների կստիպի խախտել հասարակական կարգը։ Սակայն ոչ մի խախտում չի գրանցվել, ոչ մի բռնություն չի կիրառվել, անգամ ապակի չի կոտրվել․ հեղափոխությունը մնաց «թավշյա»։


Վերջապես, հանրապետականները համոզվեցին, որ ցուցարարները չեն հուսալքվել, չեն հիասթափվել և «իրենց շարքեր վերադարձան»։ Խորհրդարանում պարտությունից հետո դեռ երբեք ուժերի այդպիսի մոբիլիզացում չի եղել։ Եվ մայիսի 2-ին երկրի ճանապարհները կաթվածահար անելու գործողության հաջողությունը ցույց տվեց, որ երկիրը վերահսկում է ժողովուրդը, այլ ոչ թե գոյություն ունեցող իշխանությունը, գրում է պարբերականը։ Կազմակերպվեց օլիգարխների (օրինակ՝ Սերժ Սարգսյանի եղբայրը) սեփականություն հանդիսացող խանութների բոյկոտումը։ Խանութների առջև Ռոբերտ Սարմոսյանը և նրա ընկերները զրուցում էին գնորդների հետ․ «Բոյկոտեք, խնդրում եմ։ Մի տվեք ձեր փողերն այդ գանգստեր միլիարդատիրոջը, որը հավատում է, որ իրեն ամեն ինչ թույլատրված է, որովհետև իշխանական հանցախմբին է պատկանում»։ Զրուցկացիները հետ էին գնում՝ երբեմն մատերով ցույց տալով հաղթական V նշանը։ Բողոքի ալիքը տարածվել է նաև Երևանից դուրս։ Կաթվածահար են արվել մետրոն, օդանավակայանը, երկաթուղին, միջազգային մայրուղիները։
Գյումրիում՝ Հայաստանի երկրորդ քաղաքում, բնակիչները հանրապետական քաղաքապետից պահանջել են դուրս գալ կուսակցության շարքերից, իսկ նրա հրաժարվելուց հետո հայտարարել, որ իրենք այլևս քաղաքապետ չունեն։


Պարբերականը նշում է, որ Փաշինյանն ինքնավստահություն է ցուցաբերում։ Երկու այլ կուսակցությունների՝ ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի հետ դաշինքի շնորհիվ՝ նա ուժեղացրեց իր դիրքերը՝ հայտարարելով, որ պատրաստ է վարչապետի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրել և որ իր հաղթանակը «գործնականում ապահովված է»։ Դրանից հետո նա երեխաներին խնդրել է դպրոցներ վերադառնալ, իսկ մյուսներին՝ դադարեցնել քաղաքացիական անհնազանդության ցանկացած գործողություն։ «Իհարկե, պետք է զգոնություն պահպանել»,-ասել է նա՝ վստահեցնելով, որ բնակչությանը ծավալվող իրադարձությունների մասին տեղյակ կպահի Facebook-յան իր էջի միջոցով։ «Եթե ամեն ինչ լավ ընթանա, մայիսի 8-ին Հանրապետության հրապարակում մենք կլինենք ոչ թե 250, այլ 500 հազար»,-հավելել է Փաշինյանը։
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը չի թաքցնում իր հուզմունքը։ «Այս անգամ՝ հաղթանակ։ Խորհրդարանում Փաշինյանի ելույթը ցույց տվեց, որ ունի պետության առաջնորդին անհրաժեշտ բոլոր տվյալները։ Նա սեփական անմիջականությամբ ջախջախեց հանրապետականներին։ Նրանք ամբողջովին կապիտուլացված են»։


Արդյո՞ք վերջում կարող է որևէ «խաղ» լինել։ «Ոչ։ Նրանք հասկացան, որ ժողովրդի վճռականության դեմ այլևս ոչինչ ձեռնարկել չեն կարող։ Եվ այդ շատ լավ վերահսկվող օրը ևս տրիումֆ դարձավ։ Հեղափոխության պատմության մեջ Հայաստանում կատարվածը ֆենոմենալ է»։ Մնում է իմանալ՝ ՀՀԿ-ն կպահի՞ իր խոստումը։

Դիտվել է՝ 4097

Մեկնաբանություններ