Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Համայնքներում վտանգված է գրադարանային գործունեությունը»

«Համայնքներում վտանգված է գրադարանային գործունեությունը»
04.05.2018 | 18:51

Վերջին տարիներին գրադարանային ոլորտում առկա խնդիրների ու ձեռքբերումների մասին զրուցել ենք մշակույթի նախարարության մշակութային ժառանգության վարչության գրադարանային ոլորտի գլխավոր մասնագետ ՆԱԶԻԿ ՀՈՎԱՍԱՓՅԱՆԻ հետ:

Նախարարության ենթակայությամբ գործում է 12 գրադարան` 10 մարզային, 2 ազգային` Հայաստանի ազգային և Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանները:

-Տիկին Հովասափյան, ինչպե՞ս և ի՞նչ սկզբունքով են գրադարանները համալրվում այս կամ այն գրքով:
-Գրադարանի գործունեության կարևոր պայմաններից մեկը համալրման անընդհատությունն է: Համալրման հիմնական սկզբունքը ընթերցողական պահանջմունքով ձևավորված գրքերի ձեռքբերումն է, նաև նոր հրատարակված գրքերով գրադարանի համալրումը: Ընթերցողների մի մեծ խումբ հիմնականում պահանջ ունի նոր հրատարակված գրքերի: Որքան ճիշտ է համալրված գրադարանը, այնքան ապահովված է գրադարանի ընթերցողը:
-Որքան գիտեմ՝ նոր հրատարակված ամեն գրքից ¥նաև մամուլը¤ պետք է մեկական օրինակ տրամադրվի Ազգային գրադարանին:
-Այո, հիմնականում օրենսդրությամբ ամրագրված է հրատարակչի կամ այլ պատասխանատու անձանց պարտականությունը՝ փաստաթղթի պարտադիր օրինակի պահպանությունն իրականացնելու, ինչպես նաև հանրային օգտագործումն ապահովելու նպատակով լիազորված ազգային մարմիններին ¥հատկացնել հրատարակված փաստաթղթի մեկ կամ ավելի օրինակ): Թեև յուրաքանչյուր երկրում մոտեցումն այս հարցի առնչությամբ տարբեր է՝ կախված տվյալ պետության առանձնահատկություններից, այնուամենայնիվ փաստաթղթերի պարտադիր օրինակի պահպանման և փոխանցման վայր, սովորաբար, հանդիսանում են պետությունների ազգային գրադարանները (Ֆրանսիա, Չինաստան, Էստոնիա, Լիտվա, Մեծ Բրիտանիա, Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Հայաստան և այլն), պառլամենտական գրադարանները (ԱՄՆ, Ճապոնիա), ազգային արխիվները, ինչպես նաև, առանձին դեպքերում, պետական համալսարանների գրադարանները: Բոլոր երկրներում, ավանդաբար, նախատեսվում է առնվազն 2 օրինակի հատկացում ազգային գրադարաններին:
Նոր նախագծով Հայաստանի ազգային գրադարանն է պարտադիր օրինակներ ստացողն ու պարտադիր օրինակի մատենագիտական նկարագրության, գրացուցակներում դրա ներառման, օգտագործման և պահպանության գործառույթներ իրականացնողը: Հրատարակիչը, սկսած առաջին խմբաքանակի պատրաստման պահից, 10-օրյա ժամկետում պարտավոր է փոխանցել «Հայաստանի ազգային գրադարան» պետական ոչառևտրային կազմակերպությանը հրատարակված փաստաթղթերի պարտադիր օրինակները: Այժմ շրջանառվում է այս ոլորտը կարգավորող օրենսդրության մեջ փոփոխությունների նախագիծը, որի համաձայն, Ազգային գրադարանին կտրամադրվի 2-ից, իսկ սահմանափակ քանակությամբ հրատարակությունների դեպքում՝ 1-ից ոչ պակաս պարտադիր օրինակ: 2016 թվականին գրադարանը համալրվել է 6168, 2017-ին` 10204 միավոր պարտադիր օրինակով:
-Ի՞նչ խնդիրներ ունեն մայրաքաղաքի ու մարզային գրադարաններն առհասարակ: Հարմարավե՞տ են արդյոք: Գրավու՞մ են ընթերցողին:
-Մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող գրադարանները հիմնականում ապահովված են համապատասխան գույքով, տեխնիկայով: Ժամանակակից տեխնիկական հնարավորությունները և լուրջ մարտահրավերներն ազդարարում են գրադարանների տեղում չդոփելու, ժամանակին համահունչ փոփոխություններ և զարգացում ապահովելու նպատակով նոր ծրագրերի և նոր գաղափարների իրագործումն ապահովող գործընթացների իրականացում: Գրադարանային ոլորտն այսօր Հայաստանում խիստ անհամաչափ է զարգանում, մի կողմից ունենք ժամանակակից թվայնացվող էլեկտրոնային գրադարանների աճ, լայն հնարավորություններով` աշխարհին ներկայացվող գրավոր ժառանգության հայատառ, ինչպես նաև Հայաստանի և հայերի մասին էլեկտրոնային շտեմարաններից օգտվելու հնարավորություն, մյուս կողմից` ոչ բարվոք պայմաններ ունեցող, օրեցօր կրճատվող քանակով` փակվող կամ լուծարվող համայնքային գրադարաններ՝ չհամալրվող, չթարմացվող գրքային հավաքածուներով: «Հանրային գրադարանների նյութատեխնիկական բազայի զարգացում» ծրագրի շրջանակում իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող 25 գրադարան վերազինվել է տեխնիկայով և մասնագիտական կահույքով: Ցավոք, համայնքային գրադարանների մեծ մասը գտնվում է մշակույթի տներին կից, չունի իրավաբանական անձի կարգավիճակ, համայնքներում վտանգված է գրադարանային գործունեությունը: Համայնքային գրադարանների պահպանության և զարգացման վերաբերյալ մշակույթի նախարարությունում բազմիցս կազմակերպվել են քննարկումներ շահագրգիռ կազմակերպությունների մասնակցությամբ, պատրաստվել է առաջարկների փաթեթ` ընդհուպ` իրավական դաշտի փոփոխություն, որոնց ընդունումը կարող է նպաստել նրանց հետագա զարգացման և արդիականացման գործին: Նախատեսվող փոփոխությունը ենթադրում է բոլոր համայնքների տարածքում գրադարանային գործունեության պարտադիր ապահովում:
-Գրադարանները երբեմն նաև մշակութային կենտրոնների դեր են ստանձնում, կարծում եք՝ սա ընթերցողին գրքին մոտեցնելու միջո՞ց է:
-Իհարկե, դա չպետք է ինքնանպատակ լինի, նոր ծառայությունների մատուցման միջոցով գրադարանը դարձնել հանրության համար առավել հետաքրքրական և ձևավորել նոր ինտելեկտուալ զբաղմունքի միջավայր, իրականացնելով տարաբնույթ կրթական ծրագրեր` թրեյնինգներ, սեմինարներ, դասախոսություններ, վարպետության դասեր և այլ հետաքրքիր և ուսանելի միջոցառումներ:
-Պահանջարկ վայելող գրքերի մշտական պակաս կա հատկապես մարզային գրադարաններում, ի՞նչ է արվում բացը լրացնելու ուղղությամբ:
-Չնայած գրադարանային գործի ոլորտում արձանագրված դրական տեղաշարժերին, ոլորտում շարունակում է հրատապ մնալ հավաքածուների համալրմանը նպատակաուղղվող ֆինանսական միջոցների անհրաժեշտ ծավալների հիմնախնդիրը: Հատկացվող միջոցները դեռևս բավարար չեն ընթերցողական պահանջմունքին համապատասխան արդի գրականության տեսականու ընդլայնման և բավարար քանակությամբ միավորներ ձեռք բերելու համար: Հիմնախնդիրը հրատապ է ինչպես Երևանի, այնպես էլ մարզային գրադարաններում: Բացը լրացվում է էլեկտրոնային շտեմարանների, կայքերի, բաց կոդերով բազմաթիվ, օրեցօր ավելացող թվային գրադարանների միջոցով, որոնք հասանելի են նոր տեխնիկական միջոցներով վերազինված գրադարաններում: Հիմնախնդրի լուծմանը նպաստելու համար, տրամադրված միջոցները առավելագույն արդյունավետ օգտագործելու նպատակով, Հայաստանի ազգային գրադարանում ստեղծվել է համալրման գործընթացը համակարգող աշխատանքային խումբ:
-Գրադարաններում առկա գրքերի ո՞ր մասն է թվայնացված: Գրքերի թվայնացումը կլուծի՞ գրքի պակասի հարցը:
-Վերջին տարիներին ոլորտի կարևոր ձեռքբերումներից է 2012-ից Հայաստանի ազգային գրադարանում և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարանում սկսված գրադարանային հավաքածուների թվայնացման գործընթացը, «Հայ գիրք» և «Հայ պարբերական մամուլ» էլեկտրոնային շտեմարանների ստեղծումը: Ոչ պակաս կարևոր է նաև «Հայաստանյան համահավաք էլեկտրոնային գրացուցակի» ստեղծումը:
Թվայնացման գործընթացում կարևորվում են մի շարք առաջնահերթություններ` հնատիպ (1512-1850), վտանգված, մեկ օրինակ և առանձնակի մշակութային արժեք ունեցող գրքերի և պարբերական մամուլի թվայնացումը: Ավարտվել է 1512-1850 թթ. տպագրված գրադարանում առկա ամբողջ հնատիպ գրքի թվայնացումը: Վերջերս թվայնացման կենտրոնը համալրվեց նոր սարքավորումներով, ինչը հնարավորություն կտա մինչև 2022 թվականը ավարտելու 1851-1960 թվականներին տպագրված գրքերի թվայնացումը: Թվայնացված և «Հայ գիրք», «Հայ պարբերական մամուլ» շտեմարաններում տեղադրված է 9035 գրքի և 1419 անուն պարբերականի թվային պատճենը:
Հարցնում եք` թվայնացումը կլուծի՞ գրքի պակասի հարցը, կարծում եմ, այն միայն մասամբ կարող է նպաստել խնդրի լուծմանը, որովհետև սովորաբար մեծ պահանջարկ են ունենում ժամանակակից, նոր հրատարակված գրքերը, իսկ դրանց թվայնացումը հիմնականում «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքով կարգավորվող հարաբերություն է:
-Գրադարանից օգտվելիս ընթերցողները նախընտրում են տպագի՞ր, թե՞ էլեկտրոնային գիրքը:
-Էլեկտրոնային գիրքը գրքի զարգացման հերթական փուլերից մեկն է, դրա երևան գալը միանգամայն օրինաչափ է, և մեկը մյուսին լրացնում է: Հաճախ տպագիր օրինակ փնտրողը, չգտնելով այն գրադարանում, սկսում է փնտրել էլեկտրոնային տարբերակով և, հակառակը, մշտապես էլեկտրոնային եղանակով ընթերցանության սիրահարները կարող են դիմել տպագիր տարբերակին, միայն թե նախընտրածը գտնեն և ընթերցեն: Ի վերջո, յուրաքանչյուր ժամանակաշրջան իր պահանջն է թելադրում, ինչն էլ կանխորոշում է առաջընթացն ու զարգացումը: Ես կասեի` պահանջված են և՛ տպագիր, և՛ էլեկտրոնային գրքերը: Որոշակի վերապահումներով` ավագ սերունդը ավելի շատ նախընտրում է տպագիր տարբերակը, իսկ էլեկտրոնայինը` համեմատաբար ավելի երիտասարդ: Մեզ մոտ նոր-նոր է ձևավորվում էլեկտրոնային գրքի հետ վարվելու մշակույթը՝ հասանելիության, մատչելիության և ներբեռնելու հնարավորությունների մշակման առումով:


Զրուցեց
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 6638

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ