Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Երկու հերոս և մեկ հակահերոս

Երկու հերոս և մեկ հակահերոս
04.05.2018 | 18:57

Որպեսզի ընթերցողին պարզ լինի, թե ինչի մասին է ներքո ծավալուն հրապարակումը, կարիք կա որոշակի պարզաբանման:


Ովքե՞ր են հերոսները, և ո՞վ է «հերոսը»: Առաջին երկուսը Գալուստ Գյուլբենկյանն ու Գուրգեն Յանիկյանն են, մյուսը` Գ. Գյուլբենկյանի որդի Նուբարը: Համառոտ հիշեցնեմ.

Գալուստ Սարգսի Գյուլբենկյանը (1869, Կ. Պոլիս - 1955, Լիսաբոն) իր ժամանակի համաշխարհային նավթաբիզնեսի խոշորագույն դեմքերից մեկն էր: Պողոս Նուբարի մահից հետո նա 1930-1932 թթ. գլխավորեց ՀԲԸ միությունը: 1931 թ. Աղասի Խանջյանի նողկալի ելույթից հետո հրաժարվեց ՀԲԸՄ նախագահի պաշտոնից, ինչն անընդունելի, դատապարտելի սխալ էր, քանզի երբեք չի կարելի ղեկավարին նույնացնել ժողովրդի հետ: Բայց Գ. Գյուլբենկյանն ազգային բարերար էր: 1922 թ. կառուցեց Լոնդոնի Սբ Սարգիս եկեղեցին, 400 հազար դոլար տրամադրեց Էջմիածնի Մայր տաճարի զանգակատան վերանորոգմանը, կառուցեց Կ. Պոլսի Սբ Նշան ազգային հիվանդանոցի նոր շենքը, հիմնեց Երուսաղեմի Գյուլբենկյան մատենադարանը, ֆինանսապես նպաստեց Խորհրդային Հայաստանում Երևանի Նուբարաշեն թաղամասի և Նոր Կեսարիա գյուղի հիմնադրմանը, զարկ տվեց Հայաստան ներգաղթին:
Գուրգեն Մկրտչի Յանիկյանը (1895, Էրզրում-1984, ԱՄՆ) ազգային արժանապատվության խորհրդանիշն էր, ԱՍԱԼԱ-ի հոգևոր հայրը: Մասնագիտությամբ ճարտարագետ, անգլալեզու գրող, «Մարկ Տվեն» մրցանակի դափնեկիր, նա 1973 թ. հունվարի 27-ին Կալիֆոռնիայում, 77 տարեկան հասակում սպանեց թուրքական հյուպատոսին ու փոխհյուպատոսին` բարձրաձայնելու համար Հայ դատի խնդիրը: Դատապարտվեց ցմահ բանտարկության, առողջական վիճակի վատթարացման պատճառով 1984 թ. ազատ արձակվեց և շուտով վախճանվեց:


Նուբար Գալուստի Գյուլբենկյանը (1896, Կ. Պոլիս - 1972, Նիս) անբարոյականության, պիղծ ու շվայտ կյանքի մարմնացումն էր: Հոր շնորհիվ ստանալով փայլուն կրթություն` ավարտելով Հարրոու սքուլը, Թրինիթի քոլեջը, Քեմբրիջի համալսարանը, ուսանելով նաև Գերմանիայում, նա վերածվեց անգլիական դենդիի, որ թանկարժեք ավտոմեքենաներ էր սիրում, ամերիկյան փլեյ-բոյի, ում շարվեշարան սիրուհիները 18 տարեկանը չպիտի գերազանցեին: Ֆրանսիական գուրման, որը շքեղ ռեստորաններում խփշտում էր տարաշխարհիկ խորտիկներ և խմում ընտիր գինիներ: Միով բանիվ, ազգությունից զուրկ վերազգային մի կերպար, որին հետաքրքրում էր բացառապես «ոսկե հորթը»:
Որդին հորն առաջին անգամ դատի տվեց 1939 թ., երբ Գ. Գյուլբենկյանի ֆիրման հրաժարվեց վճարել Նուբարի 4,5-դոլարանոց ճաշի արժեքը: Գ. Գյուլբենկյանը դատական ծախսերի համար վճարեց 84 000 դոլար, և այդ սենսացիային անդրադարձան աշխարհի բազմաթիվ թերթեր:
Որդին հոր համար վերածվեց դժբախտության, ողբերգության: Երկուսի միջև այնպիսի խոր վիհ բացվեց, որ այն չէր կարող ծածկել անգամ Գ. Գյուլբենկյանի պապերի ծննդավայր Թալասի ամբողջ հողը:


Արդյունքը եղավ այն, որ հայրը 420 մլն դոլար արժողությամբ իր անբավ հարստությունը` անտիկ իրերի և արվեստի գործերի հավաքածուն, կտակեց Լիսաբոնի Գյուլբենկյան հիմնադրամին:
Սակայն Նուբարը հանձնվողներից ու հանդուրժողներից չէր: Զանազան դատերի արդյունքում ձեռք գցեց 2,5 միլիոն դոլար, հիմնեց «Ճոճվող Լոնդոն» խումբ» («Swinging London» Group) ֆիրման, որի կազմում էին իշխան Դմիտրի Ռոմանովը, հետագայում հռչակավոր կինոռեժիսոր Ռոման Պոլանսկին և այլք, զբաղվեց նավթաբիզնեսով, դարձավ մուլտիմիլիոնատեր և մինչև կյանքի վերջը ցոփ կյանք վարեց:
Ամուսնացավ երեք անգամ, երեքն էլ` այլազգիներ, բայց Աստված զավակ չտվեց: Ըստ իս, Աստված սխալվեց (մեղա քեզ, Տեր), պետք է մի որդի պարգևեր, որը նրա հետ վարվեր ճիշտ այնպես, ինչպես նա վարվեց իր հոր հետ:
Բանն այն է, որ Գ. Գյուլբենկյանի մահից անմիջապես հետո, Նուբարը ձեռնամուխ եղավ վրեժ լուծելու… հոր թարմ շիրմից: Նրա բառի բուն իմաստով թելադրանքով պրոֆեսիոնալ կենսագիր Ռալֆ Հյուինսը 1957 թ. Լոնդոնում հրատարակեց «Պարոն հինգ տոկոս» (Ralph Hewins, Mr. Five percent) գիրքը, ուր վեր հանեց ընտանեկան ամբողջ կեղտոտ «լվացքը» և անվանարկեց հորը: 1958-ին Բոստոնի «Հայրենիք» ամսագրում ահա այս գրքին անդրադարձավ Գուրգեն Յանիկյանը: Սա սովորական գրախոսություն չէ, սա վիրավորված հայ մարդու արձագանք է, որն ունի բազմաթիվ ենթատեքստեր:

ԳՈՒՐԳԵՆ ՅԱՆԻԿՅԱՆ.ԳԱԼՈՒՍՏ ԳՅՈՒԼԲԵՆԿՅԱՆԻ ՈՐԴԻՆ ԻՐ ՀՈՐ ՄԱՍԻՆ-1
«ՄԻՍՏԵՐ ՀԻՆԳ ՏՈԿՈՍ»: Այսպես էին կոչում մի հայի, որի իսկական անունն էր Գալուստ Գյուլբենկյան:
Վերջերս Ամերիկայում լույս տեսավ մի գիրք նույն անունով (խոսքը ամերիկյան վերահրատարակության մասին է - Խ. Դ.), որի հեղինակը` պրն Ռալֆ Հյուինսը, աշխատել է աշխարհին ներկայացնել «Միստեր հինգ տոկոս» կոչվող անձնավորությանը, այսինքն` Գալուստ Գյուլբենկյանին, որը մահացել է Լիսաբոնում 1955 թ., 86 տարեկան հասակում:
Մեծ ուշադրությամբ կարդացի այդ գիրքը: Կարդացի երկու անգամ: Ինչու՞: Կբացատրեմ հետո: Կուզեմ նախ և առաջ ընդգծել, թե ով է գրքի իսկական հեղինակը, որ ավելի պարզ լինի ընթերցողներին այդ գրքի լույս տեսնելու նպատակը:
Պրն Ռալֆ Հյուինսն իր առաջաբանում շեշտում է, որ բոլոր տվյալները այդ գիրքը գրելու համար ստացել է պրն Նուբար Գյուլբենկյանից, որը տասնութ ամիս աշխատել է իր հետ և իր տրամադրության տակ դրել նոթեր` 15 000 բառերից բաղկացած: Հայտնելով իր խորին շնորհակալությունը նրան` խոստովանում է, որ առանց այդ տվյալների հիշյալ գիրքը ինքը չէր կարողանալու գրել: Բացի դրանից, պրն Նուբար Գյուլբենկյանը պրն Հյուինսի տրամադրության տակ է դրել իր հոր հուշերը:


Գրքի առաջաբանում բերված են Միստեր հինգ տոկոսի որդու խոսքերը, որ մեջբերում եմ բառացի. «Ես հարգում էի հորս, թեպետ ամբողջ ժամանակ նա ինձ վախեցնում էր և սպառնում… Նա սուրբ չէր… Ես ձեզ օգնում եմ այս գիրքը գրելու գործում, որովհետև ուզում եմ, որ նա ցույց տրվի թե՛ իր լավ, և թե՛ վատ կողմերով… ՈՒզում եմ, որ ընթերցողը տեսնի հորս իսկական պատկերը»:
Հիմնվելով վերոհիշյալ տվյալների վրա` կարող ենք եզրակացնել, որ այս գրքի իսկական հեղինակը Նուբար Գյուլբենկյանն է, իսկ Ռալֆ Հյուինսը տեխնիկական գործը կատարողն է միայն:
Գիրքը լույս է տեսել Նյու Յորքում, 1958 թ. փետրվարին: Հրատարակող ընկերությունը Ամերիկայի հայտնի «Ռայնհարդ և ընկ.» հրատարակչատունն է:

Ես շատ եմ լսել Գալուստ Գյուլբենկյանի մասին: Ո՞վ չի լսել, մանավանդ ո՞ր հայը չի լսել:
Անձնապես ես առիթ եմ ունեցել ծանոթանալու նրա հետ մոտ քսան-քսաներկու տարի առաջ: Բայց տեսել եմ նրան միայն երկու անգամ, այն էլ շատ կարճ ժամանակով և շատ հետաքրքրական պայմաններում:


Փարիզ էի, բավական երիտասարդ հասակում: Դրամի պակասություն չունեի: Այնպես որ, փարիզյան ուրախ կյանքից հետ չէի մնում: Ինչպես միշտ պատահում է նման դեպքերում` նոր մարդիկ, նոր ծանոթություններ, նոր ընկերներ: Ֆրանսիական սքանչելի գինին և շքեղ գիշերային ակումբները շատ արագ էին հաստատում բարեկամական հարաբերություններ:
Ծանոթացել էի երեք-չորս հասակակիցների հետ, որոնք Անգլիայից էին եկել Փարիզ ժամանցի համար: Սրանց թվում էր և հայտնի լորդ Իկսի որդին, որն ապրում էր «Ռից» հյուրանոցում: Համարյա ամեն երեկո միասին էինք լինում և լուսաբացին տուն վերադառնում: Ես ապրում էի «Ջորջ Հինգերորդ» կոչված հյուրանոցում:
Մի օր, երբ մեր տրամադրությունը շատ բարձր էր, մեր երիտասարդ լորդ ընկերը առաջարկեց գնալ իր հյուրանոց` շարունակելու համար հաճելի ժամանցը: Նրա սենյակում մեր ուրախությունը և սրախոսությունները շարունակվեցին:
Խոսակցության ընթացքում հիշվեց և Գալուստ Գյուլբենկյանի անունը, որն ապրում էր նույն «Ռից» հյուրանոցում:


Գիտնալով, որ ես հայ եմ, իմ օտար բարեկամներն սկսեցին ինձ հարցեր տալ նրա մասին: Բայց ի՞նչ կարող էի ես ասել մեկի մասին, որին նույնիսկ չէի տեսել: Դա եղավ մի նոր առիթ սրախոսությունների համար: Գինու ազդեցությունը բավական ուժեղ էր, որը և պատճառը եղավ իմ հայտարարության. «Եթե ցանկանում եք, կծանոթանամ նրա հետ, և նա երբեք չի մերժի հանդիպելու իր հայրենակցի հետ»:
-Չես կարող:
-Կարող եմ:
-Նա չի ցանկանա:
-Կցանկանա, կտեսնես:
Այդպիսի բացականչությունների արդյունքը եղավ այն, որ մենք այդ իմ նոր բարեկամ լորդի հետ պայման կապեցինք, որ եթե երեք օրվա ընթացքում պրն Գալուստ Գյուլբենկյանն ինձ չընդունի, ես վեց շիշ շամպայն պիտի բաց անեմ: Իսկ եթե ընդունի, նա կրկնակին անի` մեզ հյուրասիրելու համար:
Ըստ մեր պայմանի, ես պետք է իսկույն գործի անցնեի: Գիշերվա ժամը երեքին կարելի՞ էր արդյոք նման քայլ անել: Տրամաբանություն ասված բանը վաղուց արդեն զիջել էր իր տեղը գինու ազդեցությանը։


Ես ելք գտա, հայտնելով, որ մեր պայմանի համաձայն իսկույն գործի պիտի անցնեմ: Եվ որովհետև իմ դիմումը գրավոր է լինելու, ես անմիջապես կգրեմ դիմումս Գալուստ Գյուլբենկյանին և կտամ իրենց, որից հետո ուղարկելն արդեն իրենցից է կախված:
Առաջարկս ընդունեցին: Իմ առջև դրին թուղթ ու թանաք:
Ինքնասիրությունս վրդովված էր և ավելի պիտի վրդովվեր, եթե նամակս արդյունք չտար:
Նամակս կարճ էր, գուցե և` խելառ: Ես ճար չունեի: Պետք էր մի այնպիսի բան գրեի, որ գրավեի Գալուստ Գյուլբենկյանի պես մարդու ուշադրությունը:
(շարունակելի)

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 6446

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ