Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Փաստվեց այն, ինչը փաստվեց

Փաստվեց այն,  ինչը փաստվեց
04.05.2018 | 19:12

Վերջ: Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակիչ խաղերն էլ դարձան պատմություն: Որ ասենք՝ դրանք ապշելու գեղեցկության էին, սկզբունքորեն նոր բան ասած չենք լինի, քանզի գեղեցկության կողքին հավասարապես հիշատակման են արժանի և այլ բնութագրականներ, իսկ եթե փորձենք գնալ դրանց թվարկման ճանապարհով, դուրս կգա, որ ընթերցողին հրամցնելու ենք ոչ թե խաղերի վերլուծություն, այլ տեսության հարցեր` դիցուք դրամատուրգիայի ժանրից: Պարտադրանքի ուժով այս նախամուտքում մի հիշատակում էլ անենք: Այդ դիմակայություններում ընդհանուր հաշվարկով գրանցվել է դարպասի 20 գրավում: Չորս խաղի համար, հավատացեք, սա չափից դուրս խոշոր ցուցանիշ է, մանավանդ եթե չենք մոռանում դրանց բարձր կարգավիճակը:

«ՌԵԱԼ»-«ԲԱՎԱՐԻԱ»
Մյունխենում կայացած խաղին հետևած վերլուծականում նշել էինք, որ եթե «Բավարիան» իրապես ցանկանում է խաղալ եզրափակչում, լինել կիևյան հանդիպման մասնակից, «Սանտյագո Բեռնաբեուում» դատապարտված է բացառապես հաղթական մրցելույթի, ու որ դա պետք է լինի նվազագույնը երկու անպատասխան գնդակի առավելությամբ: Առաջ անցնելով` նկատենք, որ, ի պատիվ նրա, գերմանական ակումբը լուծեց այդ երկու գոլի խնդիրը, սակայն անկարող եղավ սեփականն անառիկ պահել, ինչը վերջնահաշվում զրոյացրեց այդ հրաշալի թիմի ջանքերը:
Այս դիմակայությունում ֆուտբոլասերն ուշադրության արժանի շատ բաների ականատես եղավ: Հետաքրքրական է, որ թե՛ առաջին խաղում, թե՛ երկրորդում երկու թիմերի հարձակման գծի առաջատարներն էլ մնացին ստվերում, փոխարենն առաջին պլան մղվեցին այլ դերակատարներ: Պատշաճը մատուցելով «Բավարիայի» կազմում գոլերի հեղինակներ դարձած Կիմիխին ու Խամեսին` այդուհանդերձ, թույլ տվեք շատ ավելի սևեռվել Բենզեմայի անձի վրա, որը չի խաղում-չի խաղում, մեկ էլ վերցնում ու այնպիսի հանդիպումներում է առաջին պլան մղվում, որոնցում առանձնակի սրությամբ են դրվում թիմի գլխավոր մարզչի մասնագիտական որակները:


Որքան էլ անառարկելի ճշմարտության պես է ընդունվում, որ «Ռեալի» գլխին պիտի կանգնած լինի ֆուտբոլի տեսության ու պրակտիկայի մեջ թրծված, բարձրորակ մասնագետ, համաշխարհային մակարդակի առնվազն մեկ ակումբ մարզած մարզիչ, այդուհանդերձ, չնայած անառարկելի ծառայություններին, ալժիրական արմատներով ֆրանսիացու նկատմամբ որոշակի վերապահումով մոտեցում կա, ու սա այն պարագայում, որ համենայն դեպս ոչ միայն «արքայականի», այլև այլ թիմերի պատմության մեջ Զիդանից բացի չի եղել մեկը, որը կարողացել է մարզած թիմը երկու անգամ անընդմեջ եվրոպական ամենահեղինակավոր խաղարկության չեմպիոնական բարձունքին հասցնել` այս երրորդ անընդմեջ եզրափակիչն էլ վրադիր: Սակայն հետաքրքրականն ի՞նչ է: Հենց այդ որոշակի վերապահումով մոտեցումը առաջ է մղվում, դրա հետ մեկտեղ առաջին պլան է մղվում արաբական ծագումնաբանություն ունեցող Զիդան-Բենզեմա տանդեմի գործոնը, ու դա՝ ոչ միայն որպես մարզիչ-մարզիկ համագործակցության դրսևորում:
Եթե մինչև հիմա ուշադրություն չեք դարձրել, խնդրում եմ այսուհետ ուշադիր լինեք, թե Զիդանի համար բացառիկ կարևորությամբ խաղերում ինչպես է առանձնակի բոցկլտում-փայլատակում Բենզեմայի տաղանդը, ինչպես է նա հայրենակցի համար իրավիճակ փրկում: Ես անցյալին հղումներ չեմ անի, սակայն եթե ասածս հետաքրքրեց, ինքներդ բացահայտեք ձեզ համար այդ անցյալն ու այսուհետ առավել ուշադիր եղեք հիշատակվածի առնչությամբ:
Հասկանալի է, որ կա պրոֆեսիոնալիզմ ասածը, ինչը ցանկացած ոլորտի հարցերի հիմքերի հիմքն է, սակայն սրա կողքին կա և արյան կանչ կոչվածը` պայմանով, իհարկե, որ մանկուրտ չես: Օրինակների հետևից շատ հեռու չգնանք: Հենց մեկը քննության վերցրեք թեկուզ մեր Հենրիխ Մխիթարյանի պահվածքը, որն ազգայինի խաղերին մասնակցելու համար հազարավոր կիլոմետրեր է կտրում` լավ էլ իմանալով, որ հավաքականի գլխին ոչ որակյալ մարզիչ կա, ոչ էլ ֆուտբոլի ֆեդերացիայի գլխին ֆուտբոլից բան հասկացող, սակայն ամեն ինչի մեջ քիթը խոթող նախագահ:


Լավ, ինչևէ: Մեզ վերաբերողի մասով եկեք փակենք թեման ու կրկին անդրադառնանք «Ռեալ»-«Բավարիա» խաղին: Մյունխենյան ակումբը ցույց տվեց կատարելությանը մոտ ֆուտբոլ, սակայն եզրափակչում հանդես գալու իրավունքը նվաճեց առավել հաջողակ «Ռեալը», նվաճեց շնորհիվ ֆուտբոլում գոյություն ունեցող դաժան ճշմարտության, որը բաղկացած է բազմաթիվ տարրերից, այդ թվում` մրցավարի սխալվելու իրավունքից:
Հենց թեկուզ նյարդեր խնայելու առողջ դրդմամբ չմանրանանք, իսկապես, եկեք չմանրանանք հիշատակումներով, այլապես ջրի երես կելնեն բազմաթիվ, սակայն արդեն ոչինչ փոխելու անունակ մանրամասներ, որոնք միայն մխիթարության կարգի կլինեն: Նման պարագայում մնում է առաջնորդվել այն գիտակցմամբ, որ մայիսի 26-ին կիևյան մարզադաշտ կելնի մի ակումբ, որն իսկապես համաշխարհային գրանդներից է, ճիշտ է, ճակատագրի կողմից մի փոքր էլ երես առած, եթե, իհարկե, այդ փոքրն իրապես փոքր է:

«ՌՈՄԱ»-«ԼԻՎԵՐՊՈՒԼ»
Այս մրցակցության առնչությամբ թվում է, թե էնֆիլդյան հանդիպումը տվել էր բոլոր հարցերի պատասխանը, ու կողմերի այս երկրորդ դիմակայությունում առանձնակի կրքեր չպիտի որ տեսնեինք, որքան էլ աչքերիս առաջ էր երեք գնդակի արգելքը հաղթահարելու իտալական թիմի արած հրաշքը, այն էլ «Բարսելոնի» պես թիմն ասպարեզից հանելու անհավանական իրողությամբ:
Մրցավարի սուլիչը հնչելուն պես կողմերն անցան գործի, սակայն տեսնել չցանկանալու դեպքում անգամ անհնար էր չնկատել, որ «Լիվերպուլը» գերազանցում է իտալական ակումբին: Կարող եք սույնը որպես կանխակալ գնահատական ընդունել, բայց փաստն է այդպիսին, ու ոչինչ պատահական չէ նրանում, որ հենց լիվերպուլցիները եղան առաջին գոլի հեղինակը, ու դա վրադիր գոլերի այն 5:2 ահռելի հարաբերությանը, որ արձանագրվել էր առաջին հանդիպման արդյունքում:


Սակայն ինչպես կյանքը, ֆուտբոլն էլ է հետաքրքիր իր անակնկալներով: Ճակատագրի կամոք «Լիվերպուլի» պաշտպանը պիտի գնդակն այնպես հետ մղեր, որ այն ողջ դարպասային հրապարակում գտներ սեփական թիմակցի գլուխն ու անդրադառնար նույնքան սեփական դարպասում: Ի բարեբախտություն իրենց, անգլիացիները կարողացան եղածն օբյեկտիվ զարգացումների շրջանակում ընկալել ու արեցին հաջորդ պահանջված քայլը, որի հետևանքը եղավ «Ռոմայի» դարպասի երկրորդ գրավումը:
Հանդիպումը տևական ժամանակ իրողությունների հաշտվողականության սահմաններում էր զարգանում, քանի դեռ չէր հետևել իտալական «գայլերի» այն կատաղի պոռթկումը, որը մեր ավանդական կուսակցություններից մեկի արնադրոշի վրա ֆիքսված «Մա՛հ կամ ազատություն» բանաձևումն է ստացել:


Կարող է պարադոքսալ թվալ, սակայն 2:5 հաշվով պարտության դիմաց երկրորդում 3:2 հաշվով հաղթանակը շատ ավելի անցավ, անցնցում կարող էր լինել իտալացիների համար, քան 4:2 հաշիվը, քանզի այս դեպքում ակամայից մտածում ես` եթե մի երկու-երեք րոպե էլ մրցավարը խաղի ավարտը ձգձգեր, ապա… Սակայն մենք հո հրաշալի գիտենք, որ պատմությունը պայմանականություններ չի հանդուրժում ու եթե փաստել է, որ սա այսպես է ու դա` այդպես, իրականում ամեն ինչ եղածին համապատասխան է փաստված:
Այնպես որ, արժանին մատուցելով իտալական «Ռոմային» որպես Չեմպիոնների լիգայի այս խաղարկությունում ամենավառ հետք թողած թիմի, պարտավոր ենք ընդունել, որ եզրափակիչ է դուրս եկել առավել արժանավորը, ու որ «Ռեալ»-«Լիվերպուլ» դիմակայությունը կլինի շատ ավելի դիտարժան, ուժեղ ու հետաքրքիր, քան «Ռեալ»-«Ռոմա» մրցակցությունը: Այսպես ասելով մենք չենք հավակնում հարյուրտոկոսանոց ճշմարտության, բայց, մեր մեջ ասած, նիկոլյան հեղափոխության հաղթանակին հավատացողներն էլ առանձնապես շատ չէին, որոնց շարքերում էինք, ի դեպ, և մենք: Մենք-ի պարագայում խնդրում եմ համեստորեն նկատի ունենալ սեփական անձս: Սա խնդրում եմ ընդունել որպես ի գիտություն:

«ՌԵԱԼ»-«ԼԻՎԵՐՊՈՒԼ»
Սիրելի ընթերցող, կարծում եմ` միանգամից գլխի ընկար, ու ոմանց նման քեզ էլ մեկ շաբաթ ժամանակ պետք չէ պարզ ճշմարտությունները հասկանալու համար, որ մայիսի 26-ին Կիևում Չեմպիոնների լիգայի գավաթը խաղարկող թիմերն են հիշատակված ենթավերնագրում:
Այս մրցակցության արդյունքով լինելու է հետևյալ զարգացումներից մեկը. կա՛մ «Ռեալը» իր հետ կտանի բերած գավաթը, կա՛մ «Ռեալը» փոշմանելու է, որ իր հետ բերել էր գավաթը:
Առաջինի դեպքում այն պատմության մեջ կդառնա առաջին թիմը, որը երեք անգամ անընդմեջ տիրացել է այդ հեղինակավոր գավաթին, երկրորդ դեպքում կշարունակի պատմության մեջ մնալ միակ թիմը, որը երկու անգամ անընդմեջ գլխավերևում է պարզել այդ պատվավոր մրցանակը: Առաջին դեպքում այն տված կլինի սրանից 37 տարի առաջ եզրափակչում «Լիվերպուլից» կրած պարտության պատասխանը, երկրորդ դեպքում ստիպված կլինի ընդունել, որ եզրափակչում տանուլ է տվել զուտ այն պատճառով, որ մրցակիցը ներկայացրած երկրի չեմպիոնը չէր: Հիշեցնեմ, որ փլեյօֆյան փուլը «Ռեալն» անցել է հաջորդաբար շարքից հանելով երեք երկրի չեմպիոնների` «Պարի Սեն Ժերմենին», «Յուվենտուսին», «Բավարիային»: Հիշեցնեմ նաև, որ երեքի հետ մրցակցությունում էլ Օլիմպոսի բոլոր աստվածներն ու այդ թվում, բնականաբար, Նիկեն եղել են «արքայականին» հարեհաս ու գործակից:
Արդյո՞ք նրանք մինչև վերջ կմնան իրենց նախասիրության շրջանակներում՝ պատասխանը կիմանանք շուտով:
Այնպես որ, բան չի մնացել:
Համբերություն բոլորիս:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2866

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ