Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ICG-ն սրացում է կանխատեսում ԼՂ գոտում

ICG-ն սրացում է կանխատեսում ԼՂ գոտում
07.05.2018 | 09:37

Միջազգային ճգնաժամային խումբ (ICG) հետազոտական կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրերի տնօրեն Մագդալենա Գրոնոն մայիսի 3-ին հրապարակած հոդվածում անդրադարձել է Հայաստանի վերջին ներքաղաքական իրադարձություններին՝ նշելով, թե Հայաստանի ներքին անկայունությունը կարող է նպաստել ռազմական լարվածության աճին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: Փորձագետը առանձնացրել է երեք վտանգավոր սցենար:


Ըստ առաջին սցենարի՝ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի հրամանատարները, վախենալով, որ Ադրբեջանը կարող է հարձակվել, ստիպված կլինեն առաջինը կանխարգելիչ հարված հասցնել և վերադարձնել 2016 թ. ապրիլին կորցրած երկու փոքր շերտով տարածքները:
Ըստ երկրորդ սցենարի՝ Ադրբեջանը ինքը կարող է փորձել օգտվել Հայաստանի անհանգիստ իրավիճակից ու հարձակման անցնել հակամարտության գոտում: Մայիսի 1-ին պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևն ասել է, թե «պետք է օգտվել հնարավորությունից մեր տարածքները ազատագրելու համար»: Հիշեցնելով ադրբեջանցի պատգամավորի խոսքերը, Միջազգային ճգնաժամային խումբը մնշում է, որ Ադրբեջանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները, այնուամենայնիվ, ձեռնպահ են մնացել ռազմատենչ սովորական հռետորաբանությունից, ինչը դրական նշան է:


Ըստ երրորդ սցենարի՝ պահպանվում են այն ռիսկերը, որ իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Դա կարող է տեղի ունենալ նաև կողմերի մտադրությունները սխալ պատկերացնելու պատճառով: Այս վտանգը հատկապես սրվում է լարվածության ժամանակ:
Միջազգային ճգնաժամային խումբը կարծում է, որ բոլոր կողմերը պետք է խուսափեն որևէ քայլից, որը կարող է լարվածության հանգեցնել, և բաց պահեն քաղաքական ու դիվանագիտական ուղիները: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵՄ-նբոլոր կողմերին պետք է զգուշացնեն, թե որքան մահաբեր կարող է լինել մարտական գործողությունների վերսկսումը, և հաշվի առնելով Հայաստանի քաղաքական ճգնաժամը՝ Մինսկի խմբի համանախագահները գոյություն ունեցող շփումներից զատ պետք է զրույց ունենան Նիկոլ Փաշինյանի հետ Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածության ռիսկերի վերաբերյալ:
Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների կետրոնի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը անհավանական չի համարում Միջազգային ճգնաժամային խմբի նշած սցենարները՝ չբացառելով ռազմական նոր սրացումը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում:


«Ես դեռ մինչև Երևանյան իրադարձությունները գրել եմ, որ հակամարտության սրացումը Ղարաբաղում հավանական է հենց այս տարի, որովհետև ամերիկացիներն են շահագրգռված լարվածություն ստեղծելու Ռուսաստանին հարակից տարածաշրջաններում: Իսկ հիմա, այո, կարելի է միայն հաստատել այդ տեսակետը, որ հակամարտությունը դարձել է ավելի հավանական»` ասել է Խրամչիխինը:
Հարցին, թե ինչո՞ւ այդ դեպքում Ադրբեջանը մինչ օրս չի փորձել օգտվել Հայաստանի ներքին անկայունությունից, ռազմական փորձագետը պատասխանեց՝ ադրբեջանցիները կարծում են, որ Հայաստանի ներքին իրադրությունն առայժմ այնքան չի ապակայունացել, որ հնարավոր լինի դրանից օգտվել: «Ես ենթադրում էի, որ Ադրբեջանը կանի դա նույնիսկ առանց որևէ անկայունության Հայաստանում: Հիմա նա կարող է սպասել, մինչև որ իրավիճակը առավելագույն բարենպաստ կլինի իր համար, որ հարձակվի: Իսկ ընդհանրապես Ադրբեջանին դա պետք էլ չէ: Նա կարծում է, որ իրավունք ունի ազատագրել իր տարածքները»:


Ռազմական փորձագետ Պավել Ֆելգենհաուերը համաձայն է Մագդալենա Գրոնոյի գնահատականի հետ, որ քաղաքական անկայունությունը Հայաստանում կարող է նպաստել Ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության աճին. «Իհարկե, կարող է նպաստել, բայց դա հաստատ չէ. կարող է նպաստել և կարող է չնպաստել: Իհարկե, անկայունության մեջ լավ ոչինչ չկա: Բաքվում մեծ լարվածությամբ են հետևում Երևանյան իրադարձություններին: Ինձ այնտեղից էլ են զանգել, հարցրել, ասել, որ ղարաբաղյան խմբավորմանը կամ «բանդային» Հայաստանում կփոխարինի երևանյան խմբավորումը, իսկ թե ինչ կլինի առաջին գծում, պարզ չէ: Նաև ասացին, որ ղարաբաղյան ստորաբաժանումներ են շարժվում դեպի Հայաստան: Ես նրանց ասացի, որ դա կատարյալ հիմարություն է, նման բան չկա: Բայց ընդհանրապես անկայունությունը տարածաշրջանում լավ չէ»: Նա չի կարծում, որ ներհայաստանյան իրադարձությունների խորապատկերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կլինեն ռազմական բախումներ. «Կարծում եմ՝ առայժմ որևէ մեկը որևէ բան չի նախաձեռնի, և հաղորդագրությունները շփման գծում զինտեխնիկայի և մարդկային ուժի կուտակումների մասին կարող են կեղծ լինել»:


Ներքին փոփոխությունները Հայաստանում և տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը ինչպե՞ս կազդի Ղարաբաղյան հակամարտության և այս հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա` պատասխանելով հարցին՝ Պավել Ֆելգենհաուերն ասաց. «Հայաստանում ոչ միայն ընտրվելու է նոր վարչապետ, այլև լինելու են խորհրդարանական նոր ընտրություններ, և հայտնի չէ, թե ինչպիսին կլինեն արդյունքները: Դա ևս հնարավոր չէ այսօր կանխատեսել: Պարզ չէ, թե ի՞նչ վարչակարգ կձևավորվի, ի՞նչ կոալիցիա կլինի: Որևէ մեկն այս պահին չի կարող հստակ պատասխանել այս հարցերին, ուստի ոչ ոք առայժմ որևէ քայլ չի ձեռնարկի: Ենթադրենք, որ ադրբեջանական կողմը կօգտվի Հայաստանի ներքին անկայունությունից, կհարձակվեն և կգրավեն Շուշին, Լաչինը, Ստեփանակերտը և ընդհանրապես կհաղթեն: Դա ի՞նչ կտա Ալիևների կլանին: Ոչ մի լավ բան էլ չի լինի, և այդ ժամանակ ադրբեջանական ժողովուրդը կպահանջի իշխանություններից կյանքի բարելավում: Իսկ հիմա կա պատերազմ, կա թշնամի, կան հայերը, որոնց կարելի է վերագրել ցանկացած ներքին խնդիր: Այսինքն՝ ներկայիս ստատուս-քվոն ընդհանուր առմամբ ձեռնտու է բոլորին: Այդ պատճառով էլ 2016-ի պատերազմն այդքան կարճ տևեց: Մի քիչ պատերազմեցին և դադարեցին` Ադրբեջանին հաղթանակ պետք չէ, հայերն էլ չեն ուզում Բաքուն գրավել: Ուստի չեմ կարծում, որ ինչ-որ մեկը կօգտվի իրավիճակից և կհարձակվի: Տվյալ պահին դա քիչ հավանական է»:


Ղարաբաղյան հարցով փորձառու բանակցող Սերժ Սարգսյանի հեռացումը իշխանությունից դրակա՞ն է գնահատվել Ադրբեջանում, թե՞ բացասական:
Պատասխանելով այս հարցին՝ Պավել Ֆելգենհաուերը նշեց. «Ոչ միայն Սերժ Սարգսյանին հեռացրին: Նկատի է առնվում նաև Ռոբերտ Քոչարյանը: Խոսքը ղարաբաղյան կլանի մասին է: Ադրբեջանցիներն ասում են՝ «ղարաբաղյան բանդա»: Նրանց հեռացրին՝ դա լավ է, իսկ թե հետո ինչ կլինի… Հավանաբար երևանյան հայերը կգան իշխանության: Սրանք լուրջ փոփոխություններ են Հայաստանում: Հայաստանին սպասվում են փոփոխություններ, իսկ արտաքին խաղացողները հավանաբար կսպասեն, թե ինչ տեղի կունենա մոտ ժամանակներում, բայց ոչ ոք պատրաստ չէ միջամտել»:

Դիտվել է՝ 3997

Մեկնաբանություններ