«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Թագավորին թագավոր է սարքում շքախումբը, թագավորին կործանում է շքախումբը»

«Թագավորին թագավոր է սարքում շքախումբը, թագավորին կործանում է շքախումբը»
08.05.2018 | 00:31

Այսօր խորհրդարանն ընտրում է վարչապետ, և ինչպես ՀՀԿ-ն վստահեցրել է, Նիկոլ Փաշինյանը կստանձնի այդ պատասխանատվությունը: Սակայն սրանով ամեն ինչ նոր է սկսվում, և հանրային մեծ սպասումները դեռ պետք է արդարանան: Մինչ այդ մեծ ոգևորությունից հետո իրողությունները սթափ գնահատելու ժամանակն է սկսվում: Ներքաղաքական իրավիճակի շուրջ «Իրատեսը» զրուցեց Հայ-ռուսական համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, Հայկական դիվանագիտական հիմնադրամի նախագահ, արտակարգ և լիազոր դեսպան ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ հետ:

-Մի կողմ թողնենք այս օրերի ոգևորությունը և իրողությունները դիտարկենք զուտ քաղաքական հարթությունում: Նիկոլ Փաշինյանի ընտրությամբ շատերը մտավախություն ունեն, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում խնդիրներ կառաջանան՝ հաշվի առնելով նաև ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի առնչությամբ նախկինում նրա արած հայտարարությունները: Դու՞ք էլ ունեք նման մտահոգություն:
-Այդ մտավախությունը, ըստ երևույթին, պայմանավորված է Փաշինյանի նախկինում արած հայտարարություններով։ Նման եզրահանգումները քաղաքագիտության տարրական սկզբունքների անգիտությունից են։ Ես կարող եմ վկայակոչել տասնյակ օրինակներ, երբ քաղաքական գործիչների նախընտրական և հետընտրական հայտարարությունները 180 աստիճանով տարբերվում են իրարից։ Հակառակ դեպքում քաղաքականությունը կարող է դառնալ կարծր ու անփոփոխ դոգմա։ Մինչդեռ այն կենդանի, փոփոխվող, ճկունություն պահանջող օրգանիզմ է, այլ ոչ թե քարացած սխոլաստիկա։ Այնպես որ, Փաշինյանին քննադատողները կամ չգիտեն քաղաքագիտության անատոմիան, կամ էլ նենգաբար խեղաթյուրում են այն։ Երկու դեպքն էլ պատիվ չի բերում նրանց` որպես պետական այրերի։
-Իսկ ինչպե՞ս եք գնահատում նշված խնդիրների վերաբերյալ Փաշինյանի մեկնաբանությունը Ազգային ժողովի մայիսմեկյան նիստում։
-Փայլուն։ Նա ապացուցեց, որ տիրապետում է բանավիճելու արվեստին։ Սառնասրտություն, ճկունություն, ինքնատիրապետում, հարվածը պահելու և հակադարձելու ունակություն։ Սրանք պարտադիր հատկանիշներ են քաղաքականությամբ, հատկապես դիվանագիտությամբ զբաղվողների համար։ Փաշինյանն ունի դրանք, որոնց շնորհիվ Master class ցուցադրեց Ազգային ժողովում։
-Ձեր կարծիքով, այս շարժման մեջ կա՞ արտաքին միջամտություն:
-Կարծում եմ` չկա։ Նման շարժումները մեծ մասամբ արդյունք են ներքին գործոնների ազդեցության։ Իսկ երբ դրանք ձգվում կամ սկսում են շոշափել դրսի խաղացողների շահերը, այդ ժամանակ է, որ սկսում են երևան գալ արտաքին միջամտությունները, ինչպես, օրինակ, «արաբական գարնան» դեպքում եղավ։
-ՈՒնենալով ղարաբաղյան հակամարտություն` ի՞նչ եք կարծում՝ իշխանության նոր դերակատարները կարո՞ղ են լիարժեք ներկայացնել հայկական կողմը, այսինքն՝ գերագույն գլխավոր հրամանատարի պատասխանատվություն իրականացնել:
-Եթե նկատի ունեք Փաշինյանին, կարող է։ Վարչապետ ընտրվելու դեպքում, ինչի հավանականությունը մեծ է։ Ընդ որում՝ նա կլինի լեգիտիմ վարչապետ, որը վայելում է ժողովրդի մեծամասնության վստահությունը։ Սա շատ կարևոր է դրսի և ներսի համար։ Իսկ քանի որ երկիրը հիմա խորհրդարանական է, ապա գլխավոր հրամանատարը հանդիսանում է հանրապետության վարչապետը։ Ի դեպ, Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ բանակցություններն Ադրբեջանի հետ անհամատեղելի են նրա ռազմատենչ հայտարարությունների և նվաճողական նկրտումների հետ ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի Հանրապետության և Երևանի նկատմամբ, առաջացրել է Բաքվի իշխանությունների շփոթմունքն ու անհանգստությունը, որոնք սովոր էին լսելու տարածքների փոխանակման այս կամ այն (կարծում եմ՝ ոչ ռեալ) տարբերակները։
-Ըստ Ձեզ՝ որպես դիվանագետի, նոր իշխանությունն առաջին հերթին ի՞նչ սրբագրում պետք է անի արտաքին քաղաքականությունում:
-Կարծում եմ՝ ընտրված գլխավոր գծից շեղումը կլինի փակուղային, անգամ վտանգավոր։ Նպատակահարմար է շարունակել «և՛, և՛»-ի ձևաչափը` ավելի հստակեցնելով Հայաստանի շահերի պաշտպանությունն ու իրականացումը բոլոր երկրների հետ, առանձին-առանձին և միասին վերցրած։ Այս համատեքստում «հայաստանակենտրոն» պարադիգմը պետք է լինի դոմինանտային։ Մեկ էլ հարկ է կատարելագործել արտաքին քաղաքականության մարտավարությունը։ Ես նկատի ունեմ հայկական դիվանագիտության կատարելագործման խիստ անհրաժեշտությունը։ Այն բավարար չափով չի համապատասխանում միջազգային հարաբերություններում հանրապետության առջև դրված խնդիրներին։
-Այսօր բոլորը սպասում են, որ Փաշինյանը, ինչպես ինքն է սիրում ասել, երջանիկ կյանք կապահովի իրենց համար: Հնարավո՞ր է, իրոք, բոլոր խնդիրները արագ լուծել, տնտեսության թռիչքաձև աճ ապահովել:
-Բարդ և դժվար է, բայց հնարավոր, եթե մաքրվեն բոլոր մակարդակներում գոյություն ունեցող ավգյան ախոռները։ Եվս շատ կարևոր մի հանգամանք։ Տեղի ունեցածը թավշյա հեղափոխություն է, որն անպայման կմտնի միջազգային հարաբերությունների պատմության մեջ (սա մանրակրկիտ վերլուծության թեմա է)։ Սակայն չպետք է մոռանալ, որ հեղափոխությունը պարունակում է հակահեղափոխության սեգմենտ, որը կփորձեն աշխատեցնել իշխանությունները։ Պետք է զգոն լինել։
-Հաճախ հնչող հարցերից մեկն էլ այն է, թե ովքեր են լինելու Փաշինյանի կառավարության անդամները: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ սկզբունքով պետք է ձևավորվի թեկուզ ժամանակավոր կառավարությունը: Նախկին կադրերին կօգտագործե՞ն, թե՞ ոչ։
-Կադրային հարցը կառավարման ամենանուրբ և դժվարին ոլորտներից մեկն է։ Փաշինյանը պետք է խուսափի կորպորատիվ կամ, կոպիտ ասած, խմբակային կառավարման (grouptհink) որոգայթներից, որը, որպես կանոն, արատավոր է։ ՈՒժեղ է այն թիմը, որը միատարր չէ։ Դրա ընտրությունը գերկարևոր է։ Իզուր չեն ասում. «Թագավորին թագավոր է սարքում շքախումբը, թագավորին կործանում է շքախումբը»։ Գալով նախկին կադրերին, ասեմ, որ կադրային ջարդը երբեք հաջողություն չի բերել երկրին։ Կարծես թե Փաշինյանը սա հասկանում է և չի գնա այդ ճանապարհով` հիշելով այն միտքը, թե «Գետանցման ժամանակ ձիերը չեն փոխում»։ Սակայն մի խելոք մարդ էլ ասել է. «Գետանցման ժամանակ փոխում են ավանակներին»։ Այնպես որ, սա էլ է տարբերակ։
-Այսօր խորհրդարանում, փաստորեն, ճգնաժամ է առաջացել, խորհրդարանը չունի ընդդիմություն: Ձեր կարծիքով, այս խնդիրն ինչպե՞ս պետք է կարգավորվի:
-Սարսափելի ոչինչ չկա։ Իհարկե, վերջին հաշվով պետք է տեղի ունենան խորհրդարանական ընտրություններ և ԸՕ-ի ռեյտինգային ընտրակարգի չեղարկում։ Սակայն հիմա, այսօր, լավագույն տարբերակներից մեկը, այսպես կոչված, «փոքրամասնության կառավարության» ստեղծումն է։ Այսինքն, եթե վարչապետը խորհրդարանում չունի մեծամասնություն, սակայն ընտրվում է անհրաժեշտ մեծամասնության ձայներով, ապա նա մյուս կուսակցությունների հետ կառավարում է երկիրը, մինչև արտահերթ ընտրությունները։ Նման պրակտիկա գոյություն ունի Եվրոպայում, որտեղ զարգացած է խորհրդարանական ինստիտուտը։ ՈՒինստոն Չերչիլն այդ կերպ կառավարել է Անգլիան Երկրորդ համաշխարհայինի նախօրեին։


Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 5379

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ