Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

ՀՅԴ-ն ոչ մի իշխանության մենակ չի թողնում

ՀՅԴ-ն ոչ մի իշխանության մենակ չի թողնում
08.05.2018 | 00:36

Լևոն Տեր-Պետրոսյան-ՀՅԴ հին կռիվը նորից է թարմացել։ Այն ժամանակ, երբ որոշվում է երկրի ճակատագիրը, առաջին նախագահը զարմանալիորեն, ինչպես ինքն է ասում, անդրադառնում է մի «մանրուքի»։ Տեր-Պետրոսյանը խոսում է ոչ թե երկրում ստեղծված իրավիճակի, այլ ժամանակին իր իսկ կասեցրած կուսակցության գործունեության մեկ դրվագի մասին։ Աղվան Վարդանյանը, ըստ նրա, չպետք է կուսակցության որոշմամբ վայր դնի մանդատը։
Չխորանալով սահմանադրական այս վեճի մեջ, ընդամենը արձանագրենք, թե ինչու առաջին նախագահը ներքաղաքական լարված իրադրությունը թողած, խոսում է Աղվան Վարդանյանի մանդատից։ Ի միջի այլոց, այսօր շատերն են ցանկանում լսել, թե ինչ կարծիք ունի Տեր-Պետրոսյանն այս շարժման մասին, բայց նա լռում է. սա շա՜տ հետաքրքիր ու տարօրինակ լռություն է։ Իսկ ՀՅԴ-ն, «ոխը սրտում», արձագանքում է։ «Առաջին նախագահն է ակտիվացել, մեկ բաժակ ջրում փորձեցին փոթորիկ ման գալ։ Աղվան Վարդանյանն իր համոզմունքով ու խղճով է առաջնորդվել, ի՞նչ կա այստեղ անհասկանալի։ Համոզմունքով առաջնորդվելով` դեմ է քվեարկել, խղճով առաջնորդվելով` մանդատը վայր է դրել»,- ասել է Արմեն Ռուստամյանը, հավելելով, որ մարդիկ ցնցումների մեջ են ընկնում ՀՅԴ-ի ավանդույթներից։


Սակայն դաշնակցականը չի ասում` ավանդույթնե՞րն են ավելի զորեղ, թե՞ Հայաստանի մայր օրենքը։ Չի ասում նաև` տարիներ շարունակ այդ նույն ավանդույթի ուժո՞վ է ՀՅԴ-ն ջրի երեսին մնում` այս կամ այն իշխանության թևի տակ ծվարելով։
Դաշնակցական Արմեն Ռուստամյանը մոռանում է իրենց մեկ այլ ավանդույթի մասին էլ հիշատակել։ «Մենք մեր ողջ կարողություններով աջակցելու ենք, շարժման խնդիրների լուծումը պետք է տեղափոխվի այլ ինստիտուցիոնալ կառույցներ, և ՀՅԴ-ն պատրաստ է իր ներուժը դնել, որ հանկարծ չձախողվի արարման փուլը։ Մենք չենք պատրաստվում մենակ թողնել Նիկոլ Փաշինյանին»,- ասում է Ռուստամյանը։


Ակամա հիշում ես, թե ինչպես ժամանակին ՀՅԴ-ն մենակ չթողեց Ռոբերտ Քոչարյանին, այնուհետև Սերժ Սարգսյանին, իսկ հիմա էլ չի պատրաստվում մենակ թողնելու Նիկոլ Փաշինյանին։ Վատ ավանդույթ չէ, չնայած ասում են, թե հին ընկերները չեն դավաճանում։
Ի դեպ, մինչ «աքլորականչը» ՀՅԴ-ն հասցրեց արդեն ուրանալ ՀՀԿ-ին։ Առաջին «աքլորականչին» Ռուստամյանը հայտարարեց, թե կոալիցիոն համաձայնագրի շրջանակներում իրենք կաշկանդված են եղել և չեն կարողացել բարձրաձայնել, որ Սերժ Սարգսյանին մեծ լիազորություններ են տրվել` որպես վարչապետի։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ այս առնչությամբ բավական դիպուկ է արտահայտվել` հայտարարելով, թե այս օրերին քաղաքականության մեջ այնքան աննորմալություններ են լինում, որ դժվարանում է մեկնաբանել։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3149

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ