Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

ՀՀԿ-ի տապալումը Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո չարն արմատախիլ չի անի

ՀՀԿ-ի տապալումը Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո չարն արմատախիլ չի անի
08.05.2018 | 00:41

Մայիսի 1-ին հայրենական խորհրդարանում վարչապետի պաշտոնի միակ թեկնածուի ընտրության քվեարկությունը (հարց է առաջանում, սա նո՞ր խոսք է «հայկական» ժողովրդավարության մեջ. իսկ ու՞ր է այլընտրանքայնության սկզբունքը) չձախողվեց, պարզապես օրինաչափ արդյունք արձանագրեց, ելնելով խորհրդարանական վերջին ընտրությունների արդյունքներից: Ինչպես մայիսի 2-ին հայտարարեց խորհրդարանի խոսնակ Արա Բաբլոյանը, կառավարության ղեկավարի ընտրության հաջորդ փորձը, համաձայն Հայաստանի «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի, կձեռնարկվի մայիսի 8-ին, ժամը 12:00-ին, օրենքի ուժով գումարվելիք ԱԺ-ի հատուկ նիստում: Հաղթանակի տոնի նախօրեին: Նույն օրն իսկ հայտնի դարձավ, որ մայիսի 8-ին Հայաստանը, այնուամենայնիվ, վարչապետ կունենա, և, մայիսի 3-ի տվյալներով, դա կլինի Նիկոլ Փաշինյանը: Սակայն ճգնաժամը Հայաստանում ոչ միայն կշարունակվի, այլև կխորանա ժամ առ ժամ:


Կրկնեմ մեկ անգամ ևս. մի օր ամեն ինչ ջրի երես դուրս կգա, և ժողովուրդը շատ բան կհասկանա: Ժողովրդի ու անձամբ Փաշինյանի համար այդ հաղթանակը առանձին հարց է: Չէ՞ որ Հայաստանում բոլորը շատ լավ են հասկանում, որ բանը Սերժ Սարգսյանի անձը չէ, բանը նաև ՀՀԿ-ն չէ, այլ Հայաստանի իշխանության ու տնտեսության համակարգն է: Իսկ այդ համակարգի հիմքերը գցել ու խորացրել է նախկին իշխանական կուսակցությունը՝ Հայոց համազգային շարժումը (ՀՀՇ), որը 1998 թ. հունվարի է՛լ ավելի «թավշյա հեղափոխությունից» հետո մեկ-երկու գիշերվա մեջ սահուն կերպով համալրեց նախ «Երկրապահ» պատգամավորական խմբի, ապա նաև ներկայումս կառավարող Հայաստանի հանրապետական կուսակցության շարքերը: Հենց այսպես էլ Հայաստանի քաղաքացիներն ստացան ՀՀՇ-ի երկրորդ «վերամարմնավորումը»: Եվ ինչու՞ են այսօր ոմանք զարմանում, որ ՀՀՇ-ի հիմնադիր հոր ստեղծած իշխանության և տնտեսության համակարգը ՀՀԿ-ի տիրապետության տարիներին փոփոխություն չի կրել: Ավելին, շարունակել է հենվել այն նույն օլիգարխների վրա, որոնք օլիգարխներ դարձան ՀՀՇ-ի կամ ՀՀՇ-ին մոտ լինելու շնորհիվ: Եվ այսպես, 2018 թ. գարնան իրադարձությունների շնորհիվ հնարավորություն կա Հայաստանի քաղաքացիներին վերադարձնելու այն ճշմարտությանը, որ 1998 թ. իշխանության իրական փոփոխություն չի եղել, և մինչ օրս էլ իշխանության ղեկը ՀՀՇ-ի երրորդ-չորրորդ կազմի ձեռքին է:


Հիմա «ժողովրդական վարչապետի» կողմնակիցները ջանում են ապացուցել, թե, իբր, Փաշինյանը հեռացել է իր «գաղափարական հորից»՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանից: Սակայն չմոռանանք, որ Փաշինյանն ընդհանրապես խորհրդարան է մտել հենց Տեր-Պետրոսյանի շնորհիվ՝ Ազգային ժողովի նախորդ կազմում ներկայացնելով Տեր-Պետրոսյանի նոր՝ Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցությունը: Այսինքն, նույն ՀՀՇ-ի բազմաթիվ վերաձևումներից ևս մեկը: Ասենք, 2008 թ. (ինչպես հիշում եք, համապատասխան մարմինների տրամադրության տակ կային տեսաձայնագրություններ, թե ինչպես էր Փաշինյանը «բարիկադներից» հեռախոսով հաղորդակցվում ինչ-որ «ստվերային» անձանց հետ, զեկուցում էր և այլն) խոսքը հենց այն մասին էր, որ թույլ չտրվեց ՀՀՇ-ի իշխանության վերածնություն, քանի որ այն ժամանակ, ինչպես հայտարարվեց պաշտոնապես, Տեր-Պետրոսյանը նախագահական ընտրություններում տանուլ տվեց Սերժ Սարգսյանին, սակայն, ՀՀՇ-ին բնորոշ ձևով, փորձեց «փողոցային եղանակով» ստիպել իրեն ճանաչելու հաղթող:
Կրկնեմ նաև, օրախնդիր է հետևյալ հարցը. իսկ Փաշինյանն ու նրա «Ելք» խմբակցությունը, ինչպես նաև մնացած բոլորը երաշխիք տալի՞ս են, որ այլևս ոչ ոք չի ցանկանա ցանկացած նոր իշխանություն տապալել «փողոցային եղանակով»: Թե՞ դուք արդեն հիմա եք պատրաստվում ճնշել բոլոր նրանց, ովքեր վաղը-մյուս օրը հանդես կգան ձեր դեմ և ժողովրդին կոչ կանեն դուրս գալ փողոցներ ու հրապարակներ: Այս հարցերի պատասխաններն այսօր են պետք, ոչ թե վաղը, որովհետև մենք ֆաշիստական տիրապետություն ենք տեսնում այն նույն Կիևում, որտեղ մի ժամանակ «ղժժում» էին «օլիգարխների դեմ արժանապատվության հեղափոխության» մասին: Այնտեղ այլևս արժանապատվություն չի մնացել, փոխարենը օլիգարխները տեղում են: Միայն կառավարության ղեկավարի հրաժարականով երկրի առջև ծառացած խնդիրները չես լուծի, մեր խնդիրները համակարգային բնույթ են կրում: Այդ համակարգը մեզանում գործում է հենց ամենասկզբից, երբ ՀՀՇ-ն էր իշխանության գլուխ և «կառավարում» էր «մեր դեմ խաղ չկա» սկզբունքով: Ներկայումս Հայաստանի առջև ծառացած գլխավոր հարցն է՝ ովքե՞ր և ի՞նչ են անելու Հայաստանում օլիգարխական վայրի կապիտալիզմի համակարգի հետ: Ի՞նչ կոնկրետ ծրագիր է իրականացնելու նոր ղեկավարությունն այդ ոլորտում: Մինչև հիմա ընդդիմության շուրթերից ոչ մի բառ չի լսվել այդ թեմայով: Չեմ հավատացել և չեմ հավատում այն բանին, որ ինչ-որ «ժողովրդական վարչապետ», ինչ ուզում է լինի ազգանունը, կարողանա «ցաքուցրիվ անել» օլիգարխական համակարգն ու ոչնչացնել օլիգարխներին որպես երևույթի: Ո՛չ: Մեր «ժողովրդական վարչապետները», քանիսն էլ լինեն, ամենաշատը իրենց «թայֆայի» անդամներին կդարձնեն նոր օլիգարխներ: Օրինա՞կ եք ուզում: Նայեք Վրաստանին: Առան բիզնեսը «շևարդնաձեական» օլիգարխիայի ձեռքից հօգուտ «նորերի», «հեղափոխականների»: Նայեք ՈՒկրաինային: Մեկ այլ տարբերակ. «ժողովրդական վարչապետները» կպառկեն նրանց տակ, ովքեր կան Հայաստանում: Փողը, որ նրանք իրենցն են համարում, օլիգարխները շատ ավելի կոշտ ու հետևողական կպաշտպանեն, քան վարչապետ Սերժ Սարգսյանին:


Այսօր պակաս կարևոր չէ այն, թե Հայաստանը հիմա որքան պատասխանատու մոտեցում կցուցաբերի Արցախի հարցին: Ավելի ճիշտ, ոչ թե Հայաստանը, այլ Հայաստանի նոր իշխանությունը: Փաշինյանը էյֆորիայի մեջ ինչ ասես խոստանում է: Մնացածները, այդ թվում նաև ՀՀԿ-ն, նույնն են անելու: ԼՂՀ-ն միաժամանակ ընդհանուր թիկունք ու ընդհանուր ճակատ է: Ես, օրինակ, լավ եմ հիշում նույն Փաշինյանին 90-ականների կեսերից: Այն ժամանակ նա աչքի չէր ընկնում հայրենասիրության նկատմամբ մեծ հոգատարությամբ: Էնպես, լրագրող էր, որ շատ էր սիրում աղմկոտ հարցազրույցներ անել: Օրինակ, Լևոն Զուրաբյանի (90-ականներին նույն Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղարի) կնոջ՝ Հրանտ Մաթևոսյանի դստեր՝ Շողեր Մաթևոսյանի հետ: Իսկ 2001 թվականին իր «Հայկական ժամանակ» թերթում այնպիսի «ուշագրավ» հոդվածներ էր հրապարակում (հատկապես մայիսին), որ մայիսի 1-ին խորհրդարանում, երբ Արման Սաղաթելյանը ցուցադրաբար ապացուցում էր, որ Փաշինյանին մեղսագրվող բացահայտորեն ոչ հայրենասիրական հոդվածները կեղծ չեն, հանրապետականների երևակայության արդյունք չեն, «ժողովրդական վարչապետը», ըստ էության, պատասխանելու ոչինչ չգտավ: Ավելորդ է հիշեցնել, որ հարց-պատասխան-քվեարկություն արարողությանը շատ ավելի ուշադիր, քան Հայաստանում, հետևում էր Արցախի առանց բացառության ամբողջ հասարակությունը: Եվ ոչ միայն այնտեղ. հաշվի առնելով, որ Սիրիայի հայ աշխարհազորայիններն էլ են իրենց Թուրքիայի դեմ կռվող մարտիկներ անվանում:


Մեկ անգամ էլ խոստովանենք. Հայաստանի օրինակով, ընդ որում՝ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի կամա թե ակամա օգնությամբ, երկրի ներսի կամ դրսի առայժմ «չերևացող» շրջանակներն ապացուցեցին, որ «գունավոր հեղափոխության» ամերիկյան տեխնոլոգիաները կարելի է նաև այն ժողովրդի «գլուխը մտցնել», որն առաջինն է քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունել: Այսինքն՝ հայերին էլ կարելի է ստիպել ընդունել ցանկացած, նույնիսկ ամենակեղտոտ բանը: Ըստ նույն մեթոդական ձեռնարկների՝ աղբամանների, որոշ օրերի՝ նաև ավտոդողերի հրկիզում (հիմնականում Երևանի ծայրամասերում, ոչ կենտրոնում): Չէ՞ որ պետություն չկա, պետական սահմանակարգերը բացակայում են: Կարելի է, իհարկե, տոնել, որ քանի դեռ կա հայ ժողովուրդը, որը փողոցներում է, պարում է, ինչ-որ բան է խաղում, մինչև իսկ, որոշ խելոքների պես, պատրաստ է ծաղրուծանակելու պետխորհրդանիշը, խորոված անելու Երևանի կենտրոնական՝ Հանրապետության հրապարակում, որի շուրջը կենտրոնացած են բազմաթիվ նախարարություններ ու գերատեսչություններ: Բայց զուգահեռաբար անհրաժեշտ է նաև տխրել, վրդովվել, տագնապել, որ չկա հայկական պետություն իր կոշտ և հստակ սահմանակարգերով, որոնք պատրաստ են գործելու կոնկրետ անուն-ազգանուններից անկախ:


Փաշինյանը վատ գիտե պատմությունը: Անարխիան գոնե ինչ-որ չափով և ինչ-որ ժամանակով «կարգուկանոնի մայր» էր դառնում, երբ նրա պաշտպանությամբ հանդես էին գալիս որևէ «բատկա Մախնոյի» կամ «ատաման Գրիգորևի» հրոսակախմբերը, իսկ անզեն անարխիան պարզապես անարխիա կամ հանդիսամոլություն է, անվերջ ներկայացում, որոնք շատ սիրելի են սերբ, վրացի, ուկրաինացի ընդդիմադիրներին և նրանց նմաններին: Իսկ այժմ հարևան Վրաստանում, արդեն «վրացական երազանքի» շրջանում և նույն Սերբիայում ազգի 70-80 %-ը բացահայտ նզովում է «հեղափոխականներին»: Հետաքրքիր նրբություն. հենց որ նախկին նախագահ Տեր-Պետրոսյանը մայիսի 2-ին հիշեցրեց իր մասին և ilur.am կայքում հրապարակված հայտարարությունում, ըստ էության, պահանջեց, որ ցուցարարներն «արգելակեն», Փաշինյանը կոչ արեց. «Ժամը 17.00-ին դադարեցնել Երևանի փողոցների և երկրի ճանապարհների շրջափակումը և ժամը 19.00-ին հավաքվել Հանրապետության հրապարակում, որտեղ կարվեն կարևոր հայտարարություններ»: Կարևորն այն է, որ «սկսեց խոսել» Տեր-Պետրոսյանը. չէ՞ որ նա էր 2008 թ. փետրվարի վերջի-մարտի սկզբի բողոքի գործողությունների գլխավոր «տերը»: Պատահակա՞ն էր, որ Տեր-Պետրոսյանը սկսեց խոսել մայիսի 2-ին, այն օրը, երբ Փաշինյանը «համընդհանուր անհնազանդություն» էր անում: Պատահակա՞ն էր, որ Փաշինյանն իսկույն փողոցների և ճանապարհների շրջափակումը դադարեցնելու հրաման տվեց: Համոզված եմ, որ ոչ: Քննարկենք Տեր-Պետրոսյանի հայտարարությունը: Իշխանությունը պետք է ձևավորվի Սահմանադրությանը և օրենքի տառին համապատասխան. «Եվ առանց միջազգային հանրության հուշման էլ ակնհայտ է, որ դա բխում է և՛ իշխանության, և՛ ընդդիմության, և՛ Հայաստանի շահերից: Այլ եղանակներով ձևավորված իշխանությունը չի լինելու օրինական, չի ճանաչվելու ոչ ժողովրդի, ոչ միջազգային հանրության կողմից: Իսկ մենք տասնյակ տարիներ վկա ենք, թե այդպիսի իրավիճակն ինչ վտանգներ է ստեղծում ներքաղաքական կայունության և ազգային համերաշխության համար»: Այստեղ ինչպես չասես, որ «հետին խելքն է ուժեղ». չէ՞ որ նա քիչ էր մտածում սեփական օրինականության մասին 1996 թ., երբ ՀՀՇ-ի մյուս առաջնորդների հետ գնաց իր կառավարման երկրորդ ժամկետի դեմ ծավալուն ցույցերի ուժային ցրման:
Ապրիլի կեսից սկսած շատ հեղինակներ գրում էին ճգնաժամից Հայաստանի դուրս գալու հնարավոր ուղիների մասին, ուստի չենք կրկնի դրանք: Իսկ ելք կա, թեև դրա մասին համառորեն լռում է անձամբ Փաշինյանը: Բնականաբար, լռում են և՛ հանրապետականները, և՛ դաշնակցականները, և՛ ծառուկյանականները: Նրանց բոլորին ձեռնտու չէ այդ ելքը հնչեցնելը, քանի որ դրանով, Գոգոլի հերոսուհի այրու պես, «իրենք իրենց կձաղկեն»:

Ճգնաժամի նախապատճառն այսօրվա Սահմանադրությունն է, որի փոփոխված տարբերակն իշխանությունները 2015 թ. հանրաքվեի էին դնում: Ի միջի այլոց, Փաշինյանը 2015 թ. էլ էր լռում. նա կարո՞ղ է որևէ մեկին ապացուցել, որ մոտ 3 տարի առաջ «չգիտեր», որ Սահմանադրությունը չի համապատասխանում ազգային շահերին, ինչի մասին զգուշացնում էին հասարակական շատ ուժեր: Նրան ձեռնտու էր նոր Սահմանադրությամբ երկրորդ անգամ ընտրվելը: Իսկ թե ինչու էր ձեռնտու, թերևս գիտե նախկին ընդդիմադիր պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: 2017 թ. նա հրապարակավ մեղադրեց և՛ իշխանությանը, և՛ «Ելք» դաշինքին, որ նրանց միջև կա համաձայնություն: Հիշեցնենք. անցյալ տարի Մարտիրոսյանը և ՕՐՕ (Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան) դաշինքի մեկ այլ ներկայացուցիչ՝ Հովսեփ Խուրշուդյանը, մամլո ասուլիսներից մեկում կասկած հայտնեցին, թե «Ելք» դաշինքն ընդդիմադիր է: Մարտիրոսյանն ընդգծեց, որ «Ելք» դաշինքի հետևում կանգնած է նախագահի փեսան՝ Վատիկանում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանը: Մարտիրոսյանի և Խուրշուդյանի մեղադրանքներից հետո, իհարկե, և՛ Մինասյանը, և՛ Փաշինյանը զայրույթով հերքում էին ամեն ինչ: Բայց եթե, այնուամենայնիվ, ենթադրենք, թե համաձայնությունը եղել է, և հենց այդ պատճառով էին փոփոխված Սահմանադրության հակազգային բնույթի մասին լռում Փաշինյանն ու «Ելքի» նրա զինակիցները, ապա շատ բան է դառնում հասկանալի: Այդ թվում՝ նաև այն հարցը, թե ինչու նախկին նախագահ Սարգսյանը հաշվի չառավ վաղուց ի վեր հայտնի աքսիոմը՝ ցանկացած իշխանություն միայն այն ժամանակ ինչ-որ բան արժե, երբ կարողանում է ինքն իրեն պաշտպանել:


Չլիներ այսօրվա Սահմանադրությունը, ո՛չ Սարգսյանը, ո՛չ ՀՀԿ-ն հնարավորություն չէին ունենա երկիրը «պայթեցնելու» նախկին նախագահի «իշխանության երրորդ փուլի» փորձով: Ելքը պարզ է. վերադառնալ 2015 և ընդունել, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կեղծված էր: Հանրաքվեի օրը բոլորը հիանալի տեսնում էին ընտրատեղամասերում քաղաքացիների ցածր ակտիվությունը: Գոնե հանրաքվեին ընտրողների մասնակցության տոկոսի կեղծումը կասկածից դուրս է, իսկ այլ բաների մասին նույնիսկ չարժե ենթադրություններ անել: Հենց «Սերժ Սարգսյանի հագով էին կարվում» այդ Սահմանադրությունը և 2015-ի հանրաքվեն: Պետք է վերադառնալ նախագահական հանրապետությանը և շտապ կատարել նախագահական հերթական ընտրությունը: Եվ «Մերժի՛ր Սերժին» կարգախոսն այլևս ոչ մի քաղաքացու փողոց չի հանի. մարդ չկա, խնդիր էլ չկա: Իսկ Փաշինյանը, քանի որ այդքան կրքոտ կերպով ապացուցում է, որ «ինքը ժողովրդից է», հանգիստ կարող է մասնակցել նախագահական ընտրությանը, բայց արդեն հստակ ծրագրով, բացատրություններով, ոչ թե մերկապարանոց հայտարարություններով ու խոստումներով: Իսկ հիմա, քանի որ գլխավորել է «փողոցային ժողովրդավարությունը», պարզապես պարտավոր է պահանջելու «Սերժ Սարգսյանի հագով կարված» Սահմանադրության տապալումը, ոչ թե խոսելու «ՀՀԿ-ի կապիտուլյացիայի» մասին: 2015 թ. Սահմանադրության ջախջախումն էլ կնշանակի և՛ ՀՀԿ-ի, և՛ բոլոր ՀՀՇ-ների (իրենց բոլոր վերամարմնավորումներով) քաղաքական կապիտուլյացիան: Ճգնաժամից դուրս գալու ցանկացած ընտրության դեպքում պետք է հիշել, որ Հայաստանի քաղաքացիների խռովության համար հիմքեր եղել են և կան:


Սերժ Սարգսյանի հետ խորհրդակցություններից հետո ՀՀԿ-ն, ի վերջո, որոշեց մայիսի 8-ի վարչապետական ընտրությունում սատարել Նիկոլ Փաշինյանին. «Կսատարի այն թեկնածուին, որին կառաջադրի պատգամավորների 1/3-ը»,- լրագրողներին հավաստիացրեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Սակայն դա էլ օրակարգից չի հանում Սահմանադրության օրինական-անօրինական լինելու խնդիրը: Այնպես որ, ՀՀԿ-ի մասին կարելի է այլևս չմտածել: Իսկ որ մայիսի 3-ին Փաշինյանն «իր կենացը» հաղթական շամպայնով է խմել, նրա խղճի գործն է:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 4390

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ