«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Թրամփը կգնա՞ աշխարհը մեծ պատերազմ տանող ճանապարհով, թե՞, ի վերջո, կհաղթի առողջ բանականությունը

Թրամփը կգնա՞ աշխարհը մեծ պատերազմ տանող  ճանապարհով, թե՞, ի վերջո, կհաղթի առողջ բանականությունը
08.05.2018 | 00:43

Միջազգային քաղաքական օրակարգի թիվ 1 խնդիրն այսօր այն հարցն է, թե ԱՄՆ-ը մայիսի 12-ին արդյոք դուրս կգա՞ Իրանի միջուկային ծրագրի շուրջ կնքված շրջանակային համաձայնագրից` «Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից» (ՀԳՀԾ): Հարցի պատասխանը, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփից բացի, չափազանց սակավաթիվ մարդկանց է հայտնի ու գաղտնի է պահվում:


Թեև Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանն Իսրայելի հեռուստատեսության երկրորդ կայանին օրերս տված հարցազրույցում, անդրադառնալով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հավանական հրաժարմանը, ասել է, թե «ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իսրայելական կողմին իր որոշման մասին տեղյակ չի պահել», սակայն դրան, իհարկե, դժվար թե որևէ մեկը հավատա, քանի որ ՀԳՀԾ-ից հրաժարվելու հարցում ԱՄՆ-ին դրդողը, սադրողը, թող զարմանալի չթվա, նրա վրա նույնիսկ ճնշում գործադրողը հենց Իսրայելի սիոնիստական վարչակարգը և համաշխարհային հրեամասոնությունն են: Դոնալդ Թրամփը, ամենայն հավանականությամբ, ՀԳՀԾ-ի առնչությամբ ԱՄՆ-ի որոշումն արդեն կայացրել է, թեև ձևացնում է, թե դրա նպատակահարմարության ուսումնասիրությունը շարունակվում է, և որոշումը դեռ նոր է կայացվելու:


Աշխարհի տարբեր քաղաքական, պետական գործիչներ, քաղաքական վերլուծաբաններ մայիսի 12-ին ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու ու դրանից հետո Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների սաստկացման հավանականությունը մեծ են համարում: Եթե դա իրականություն դառնա, ապա, ինչպես արդեն նշել ենք, Իրանը հակադարձ քայլերի թվում, ինչպես արդեն հայտարարել է, շատ արագորեն կարող է վերսկսել ՀԳՀԾ-ի ստորագրումից հետո իր խաղաղ միջուկային ծրագրի սառեցված մասը` համեմատաբար բարձր տոկոսով հարստացված ուրանի արտադրությունը (այն հետագա հարստացման դեպքում կարող է վերածվել ռազմական ուրանի):


Վերը նշվածը թույլ չտալու համար, ինչպես միանգամայն ենթադրելի է, Իսրայելը և ԱՄՆ-ը հրթիռառմբային հարված են հասցնելու Իրանի միջուկային և ռազմական օբյեկտներին, ինչին, բնականաբար, հաջորդելու են Իրանի պատասխան հարվածներն Իսրայելի տարածքին, ինքնաթիռներին, ինչպես նաև ԱՄՆ-ի ինքնաթիռներին և Պարսից ծոցում գտնվող նավերին: Եվ այսպես, կարող է սկսվել մեծ պատերազմը, որից ողջ խելամիտ աշխարհն է զգուշանում: ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հավանական հրաժարումը քննադատում ու դրան փորձում են ընդդիմանալ նույնիսկ Միացյալ Նահանգներում և Իսրայելում, արևմտաեվրոպական երկրներում, Ռուսաստանում, Չինաստանում և Ավստրալիայում: Սակայն արհեստական, շինծու պատրվակով ՀԳՀԾ-ից դուրս գալու ԱՄՆ-ի նպատակն այլ հաշվարկների վրա է հիմնված. մի կողմից` սաստկացվելիք ֆինանսական ու տնտեսական պատժամիջոցներով, մյուս կողմից` Իսրայելի հետ Իրանին ռազմական հարվածներ հասցնելով, քայքայել ու պարտության մատնել այդ երկիրը, կոտրել նրա ողնաշարը, որպեսզի Հյուսիսային Կորեան ծնկի բերելուց հետո, միաբևեռ աշխարհակարգի հաստատման, ողջ աշխարհին տիրելու ճանապարհին շարքից հանի նաև դիմադրության այս օջախը: Դրանից հետո կմնան միայն Ռուսաստանն ու Չինաստանը:


Շատ լավ պատկերացնելով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հավանական դուրս գալու վտանգները, ընդհուպ ողջ աշխարհն իրար խառնող պատերազմի ծագման հնարավորությունը, որի մեջ ԱՄՆ-ի պահանջով, ճնշմամբ և ՆԱՏՕ-ի կանոնադրության պարտադրանքով կարող են ներքաշվել նաև Ֆրանսիան և ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական մյուս երկրները, զգուշանալով դրանից, Ֆրանսիան, առայժմ համեմատաբար մեղմ ձևակերպումներով, զգուշացնում է ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու հետևանքով լուրջ վտանգի առաջացման մասին: ՖԱՐՍ լրատվական գործակալության տեղեկացմամբ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 6-ին «Journal du Dimanche» թերթին տված հարցազրույցում ընդգծել է. «Այդ քայլը կհանգեցնի միջինարևելյան տարածաշրջանի ապակայունացմանը»:


«Ես ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին ասել եմ, որ նրա արտաքին քաղաքականությունը մշտապես գտնվել է ներքին նկատառումների ազդեցության տակ, և Միջին Արևելքի ու միջուկային համաձայնագրից դուրս գալու հարցերում նա հայտնվել է երկակի դրության մեջ»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:
Ամեն ինչից զատ, հիշյալ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը կհանգեցնի նաև տարածաշրջանում ահաբեկչական կազմակերպությունների առավել ակտիվացմանը, ինչի վերաբերյալ նույնպես հիշյալ հարցազրույցում Մակրոնն ասել է. «Միջին Արևելքի ապակայունացումը կհզորացնի ահաբեկչական խմբավորումներն այս տարածաշրջանում»:
Ֆրանսիայի նախագահը ավելի վաղ, մայիսի 2-ին Սիդնեյում Ավստրալիայի վարչապետ Մալքոմ Թրենբուլի հետ մամլո համատեղ ասուլիսում, ըստ ԻՌՆԱ գործակալության հաղորդման, կրկին կարևորել էր ՀԳՀԾ-ի պահպանման անհրաժեշտությունը և ասել. «Փարիզը հավատարիմ է այս միջազգային համաձայնագրին»: Ֆրանսիայի նախագահը հավելել էր. «ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշումն ինչ էլ լինի, մենք համապարփակ բանակցության ու համաձայնության կարիքն ունենք, քանի որ ոչ ոք չի ուզում, որ տարածաշրջանում սրվեն լարվածությունները»: Ավստրալիայի վարչապետը ևս, իր աջակցությունը հայտնելով ՀԳՀԾ-ին, հայտարարել է. «Իրանի միջուկային համաձայնությունը դեռևս լավագույն տարբերակն է»:

Ատլանտյան խորհրդի ամերիկյան ինստիտուտի տեղեկացմամբ, Մասաչուսեթս նահանգի սենատոր Էդ Մարկին խստորեն քննադատել է ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու վերաբերյալ որոշում կայացնելու Դոնալդ Թրամփի մտադրությունը` այն համարելով նաև ԱՄՆ-ին հեղինակազրկող սխալ:


Իրանի միջուկային ծրագրի շուրջ հիշյալ համաձայնագիրը կնքելով, ԱՄՆ-ը խորամանկ քայլի է դիմել. ոչ թե պարտավորվել է վերջ տալ Իրանի նկատմամբ նշված ծրագրի առնչությամբ կիրառվող պատժամիջոցներին, այլ դրանք ժամանակավորապես կասեցրել է, ընդ որում` կասեցումը շարունակվում է, եթե ԱՄՆ-ի նախագահը յուրաքանչյուր 2 ամիսը մեկ թարմացնում է այն: Իրանի միջուկային ծրագրի հետ կապված պատժամիջոցների կասեցման թարմացման ժամկետի (մայիսի 12-ի) մոտենալուն ընդառաջ, ԱՄՆ-ի նաև այլ սենատորներ, պետական բարձրաստիճան նախկին ու ներկա պաշտոնյաներ Թրամփին զգուշացրել են ՀԳՀԾ-ից հրաժարվելու վտանգավոր հետևանքների մասին:


Լոնդոնում հրատարակվող հանրահայտ «Թայմսը», օրերս անդրադառնալով ՀԳՀԾ-ն պահպանելու Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ջանքերին, տեղեկացրել է ՀԳՀԾ-ին հավատարիմ մնալու հարցում Թրամփին համոզելու նպատակով այդ երեք երկրների կողմից կատարվող աշխատանքների մասին: ՀԳՀԾ-ի բոլոր կողմերը, բացառությամբ ԱՄՆ-ի, արդեն հաստատել են միջուկային այդ համաձայնությանն Իրանի հավատարմությունը:
Միանգամայն ճիշտ դիտարկում է կատարել «Նյու Յորք Թայմս» օրաթերթը, որի հրապարակումներից մեկի համաձայն, Իրանի դեմ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ցուցադրական հայտարարությունների պատճառով, ՀԳՀԾ-ի հարցում պառակտում է առաջացել ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև: Օրաթերթի կայքէջում գրված է. «ԱՄՆ-ի եվրոպական դաշնակիցները նախկինից խիստ տարբերվող դիրքորոշմամբ հայտարարեցին, որ Նեթանյահուի հակաիրանական հայտարարություններում նոր խոսքեր չեն եղել»:
Գերմանիան, Ֆրանսիան և նույնիսկ Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ի Կոնգրեսի մի խումբ անդամներ և Իսրայելի տարբեր լրատվամիջոցների վերլուծաբաններ արդեն իսկ այս կամ այն կերպ հայտնել են, որ Իսրայելի վարչապետը որևէ փաստարկ չի ներկայացրել Իրանի կողմից միջուկային համաձայնագրի խախտումն ապացուցելու համար: Անգլիական «Թայմս» օրաթերթը մայիսի 2-ին գրել է. «ՀԳՀԾ-ն թուլացնելու Նեթանյահուի փորձը հակառակ արդյունքը տվեց և ավելի մեծացրեց ՀԳՀԾ-ի նշանակությունը»:

ԻՌՆԱ գործակալության տեղեկության համաձայն, «Թայմս» օրաթերթի կայքը մի հրապարակման մեջ նշել է. «Բրիտանիան ու Ֆրանսիան, որպես ՀԳՀԾ-ն ստորագրած երկու երկրներ, մերժեցին Իրանի միջուկային ծրագրի կապակցությամբ Նեթանյահուի հայտարարությունը և նշեցին, որ նրա հայտարարություններն ապացուցում են ՀԳՀԾ-ին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը»: Այս կապակցությամբ նշենք նաև Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնի ասածը. «Նեթանյահուի խոսքերն Իրանի հետ միջուկային համաձայնության պահպանման նշանակության մասին են վկայում»:
Նեթանյահուն համոզված էր կամ առնվազն հույս ուներ, որ անհիմն կամ շինծու հիմքերի վրա կառուցված իր հայտարարությունները կարող են հանգեցնել Իրանի դեմ միջազգային հանրության ճնշումների մեծացման, սակայն նրա այդ հայտարարություններն ինչ-որ չափով վնասեցին Իսրայելին` տարբեր պաշտոնյաների, գործիչների ու լրատվամիջոցների դրդելով անդրադառնալ հենց Իսրայելի միջուկային սպառազինության գաղտնի ծրագրին:
Իսրայելի վարչակարգի միջուկային սպառազինության գաղտնի ծրագրի վերաբերյալ օրերս հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ-ի 2016 թվականի նախագահական ընտրությունների թեկնածու, Կանաչների կուսակցության թեկնածու և հասարակական ակտիվիստ Ջիլ Սթայնը: Միջուկային ոլորտում Իրանի դեմ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի մեղադրանքները հերքելով, նա ընդգծել է. «Այս վարչակարգը գաղտնի կերպով ընդլայնել է իր միջուկային սպառազինության ծրագիրը»:


Էլ ավելի զարմանալին հենց Իսրայելի հայտնի «Haaretz» («Հաարեց») օրաթերթի անդրադարձն է Իրանի միջուկային գործունեության մասին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարություններին: Հիշյալ օրաթերթը, ի պատիվ իրեն, գրել է. «Իսրայելը շարունակում է Իրանի միջուկային հարցի վերաբերյալ սուտ հայտարարություններ անել»:
«Հաարեցի» հինգշաբթի օրվա համարում լույս է տեսել «Իսրայելը ստեց» վերտառությամբ մի հոդված, որի հեղինակը Գիդեոն Լևին է: Օրաթերթի գլխավոր խմբագիրն այդ հոդվածի մասին գրել է. «Իսրայելը 60 տարի շարունակում է ստել և առայսօր Իրանի միջուկային գործունեության մասին ոչ մի բառ ճիշտ չի խոսել»:


Ըստ աղբյուրի, իր «Դիմոնա» ռեակտորի բժշկական գործառույթի մասին Իսրայելի հայտարարությունը դարի մեծ սուտն էր, և Իսրայելի վարչակարգն առաջնորդվում է միջուկային անորոշության քաղաքականությամբ: Նշելով, որ Իսրայելը ոչ մի կոնվենցիա չի ստորագրել, օրաթերթը խոստովանել է, որ այդ պետությունը ոչ մի կառույցի թույլ չի տալիս ստուգումներ անցկացնել իր միջուկային օբյեկտներում:
«Նա, ով կփորձի բացահայտել Իսրայելի միջուկային ստերը, լինի Իսրայելում, թե այլ վայրերում, դատապարտվելու է ՝ թշնամի ու դավաճան ճանաչվելով»,- գրել է «Հաարեցը»:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում (ԱԷՄԳ) Իրանի ներկայացուցիչ Ռեզա Նաջաֆին անցած շաբաթ հայտարարել է, որ Իսրայելը միջուկային զենք ունի, ու դրա պատասխանատվությունը, առաջին հերթին, Միացյալ Նահանգներինն է: Նրա հայտարարության ուղերձը և՛ ԱԷՄԳ-ին, և՛ ողջ աշխարհին, ըստ էության, հետևյալն է եղել` գնացեք այս մասին մտածեք, գնացեք այս հարցը բարձրացրեք:


«ՆԱՏՕ-ի հովանու ներքո ԱՄՆ-ի կողմից միջուկային զենքի տեղադրումը Եվրոպայում, միջուկային զենքի արտադրման ու փորձարկման նպատակով Իսրայելի սիոնիստական ռեժիմին ցուցաբերված աջակցությունը, պայմանագրից դուրս երկրներին ցուցաբերվող միջուկային օգնությունը համարվում են միջուկային զենքի արգելման պայմանագրի բացահայտ խախտում»,- ընդգծել է ԱԷՄԳ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ռեզա Նաջաֆին:
Ապրիլի 30-ի լույս մայիսի 1-ի գիշերը Ժնևում անցկացվող միջուկային զենքի արգելման պայմանագրի վերանայման համաժողովի նախնական 2-րդ նիստի ժամանակ, շեշտելով Իրանի կողմից միջուկային ոլորտում իր հանձնառություններին հավատարիմ մնալու փաստը, Ռեզա Նաջաֆին նշել է. «Քանի դեռ գոյություն ունեն միջուկային զենքերը, առկա է նաև այս զենքերի տարածման վտանգը՝ և՛ մյուս երկրներին տրամադրելու, և՛ ավելի մեծ մասշտաբների արտադրության ու զենքերի արդիականացման ճանապարհով»:


ԱԷՄԳ-ում Իրանի մշտական ներկայացուցչի հավաստմամբ, միջուկային զենքի տարածումը կանխարգելելու միակ ելքը դրա ամբողջական ոչնչացումն է, մինչդեռ միջուկային երկրները, խախտելով NPT շրջանակներում իրենց հանձնառությունները, պահում և արդիականացնում են իրենց միջուկային զենքերը:
«Սիոնիստական ռեժիմի միջուկային ծրագիրը միջուկային երկրների, հատկապես ԱՄՆ-ի երկակի ստանդարտների քաղաքականության արդյունքն է, ինչը միջուկային զենքի չտարածման բոլոր նորմերի խախտում է համարվում»,- ընդգծել է Ռեզա Նաջաֆին:
Իրանն ինչպես նախկինում, այժմ ևս հերքում է միջուկային զենք արտադրելու նպատակով համապատասխան աշխատանքներ կատարելու առնչությամբ Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից իրեն ուղղված մեղադրանքները, դրանք համարելով անհիմն, շինծու և Իրանի նկատմամբ թշնամական քայլեր կատարելու նկրտումներով պայմանավորված:


Իսրայելական «Հաարեցից» բացի, աննախադեպ քայլի է դիմել նաև ամերիկյան CNN հեռուստաընկերությունը, ըստ էության, հանդես գալով ԱՄՆ-ի մերձավորագույն դաշնակցի` Իսրայելի վարչապետի դեմ` միջուկային զենք ստեղծելու համար Իրանին մեղադրող այդ պետության ղեկավարին ուղղակի հարց ուղղելով միջուկային զենք ունենալու վերաբերյալ: Մայիսի 2-ին CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խուսափել է պատասխանել այն հարցին, թե Իսրայելն արդյոք ունի՞ միջուկային զենք: Նեթանյահուն միայն պնդել է, որ Իսրայելն Իրանի դեմ զինյալ առճակատման մտադրություն չունի, ինչին հավանաբար քչերը կհավատան (չունի, թերևս, առանց ԱՄՆ-ի մասնակցության):


CNN-ի հաղորդավարը Նեթանյահուի հետ հարցազրույցից հետո հավելել է. «Երկուշաբթի օրը, Նեթանյահուի ցուցադրական քայլից մինչ օրս, նրան մեղադրում են, որ Իրանի միջուկային ծրագրի դեմ ներկայացված փաստերը կրկնություններ էին»: CNN-ի հաղորդման ընթացքում ԱՄՆ-ի ԿՀՎ-ի նախկին ղեկավար Մայքլ Հեյդնին հարցրել են` Իրանի միջուկային գաղտնի ծրագրի վերաբերյալ Նեթանյահուի հայտնած տեղեկությունները նո՞ր էին, և նա տվել է հստակ պատասխան` «ո՛չ»:


Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը մայիսի 7-ին անդրադառնալով Իրանի հետ միջուկային համաձայնության, առևտրի և պաշտպանական հարցերի շուրջ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և Եվրոպայի միջև տիրող լարվածությանը, մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ի և արևմտաեվրոպական երկրների հարաբերություններում տեղի ունեցած փոփոխության մասին: Շտայնմայերն ընդգծել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը ձախողելու պարագայում Միջին Արևելքն էլ չի դիմանա:
«Նյու Յորք Թայմս» օրաթերթում երեկ տպագրված հոդվածում Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնն իր հերթին հավաստել է, որ ՀԳՀԾ-ից հրաժարվելը մեծ սխալ է, նաև ընդգծել, որ, այդ համաձայնությունից բացի, ցանկացած այլ տարբերակ վտանգավոր է լինելու: Ջոնսոնը մասնավորապես ասել է. «ՀԳՀԾ-ի համաձայն, ԱԷՄԳ-ի փորձագետները հնարավորություն ունեն դիտարկումներ իրականացնելու Իրանի միջուկային օբյեկտներում, վերահսկել դրանց աշխատանքները, և կարող են հայտնաբերել միջուկային զենք արտադրելու Իրանի ցանկացած փորձ»: Բրիտանիայի արտգործնախարարը նշել է, որ ԱԷՄԳ-ին տրված այդ հնարավորությունները և այսօր Իրանի նկատմամբ կիրառվող սահմանափակումները ՀԳՀԾ-ի շրջանակում են, և ոչ մի պատճառ չկա դրանցից հրաժարվելու: Այսպիսով, ՀԳՀԾ-ից հրաժարվելու Դոնալդ Թրամփի որոշման նախաշեմին Գերմանիան ու Բրիտանիան կարևորել են Իրանի հետ միջուկային համաձայնության պահպանման անհրաժեշտությունը:


Իրանն արդեն նախապատրաստվել է ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուն: Այս կապակցությամբ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ասել է. «ՀԳՀԾ-ի հարցով ԱՄՆ-ի սխալ որոշում կայացնելու դեպքում Իրանը հակադարձելու է»: Իրանի արտգործնախարարը հավաստել է, որ Իրանը մինչ օրս մշտապես հարգել է ՀԳՀԾ-ն, սակայն ԱՄՆ-ը չի կատարել հիշյալ համաձայնագրով նախատեսված իր հանձնառությունները, ինչը վկայում է Միացյալ Նահանգների վստահելի չլինելու մասին:


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 4172

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ