Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Հայաստանում տպագրվում է բարձրորակ մանկական գրականություն»

«Հայաստանում տպագրվում է բարձրորակ մանկական գրականություն»
08.05.2018 | 01:52

IBBY Հայաստան ՀԿ-ն (Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի հայաստանյան մասնաճյուղ) մայիսի 1-3-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում իրականացրել է վարպետության եռօրյա դասընթաց հայ հրատարակիչների համար: Դասընթացը վարել է գերմանացի հրատարակիչ ՖԼՈՐԻԱՆ ԷՆԴՐՅՈՒՍԸ:


Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն ՌՈՒԶԱՆ ՏՈՆՈՅԱՆԸ «Իրատեսի» հետ զրույցում ասաց, որ դասընթացն անցկացվում է «IBBY Yamanda» հիմնադրամի «Ընթերցող դառնալու երեխայի իրավունքը» կարգախոսով դրամաշնորհային ծրագրի շրջանակում. «Ֆլորիան Էնդրյուսը ծանոթ է հայաստանյան գրահրատարակչական դաշտի գործընթացներին, մեկ անգամ արդեն եղել է Հայաստանում, առիթ է ունեցել նաև գրքի միջազգային տոնավաճառներում մեր երկիրը ներկայացնող տաղավարներին ծանոթանալու: Այսօր արդեն առիթ է ընձեռվել փորձի փոխանակման, նաև գիտելիքն ու տարիների փորձը ներկայացնելու»:
Հետաքրքրվեցի՝ ծրագրի արդյունքում որոշակի համագործակցություն, համատեղ նախագիծ կյանքի կոչվելու՞ է: Ռուզան Տոնոյանն ասաց, որ ծրագրով նախատեսված չէ, բայց 2013-ից անցկացվող բոլոր այս դասընթացները սովորաբար որոշակի շարունակություն են ունենում: Օրինակ, գերմանացի գրող Մանֆրեդ Թայզենը, տպավորված հայաստանյան իր այցից, Գերմանիայում հրատարակել է «Ապակե Արամը» պատմվածք-գրքույկը: Հետագայում այն թարգմանել ու հրատարակել են հայերեն: Տպագրվել է պատանիներին հասցեագրված «7 գույն» խորագրով պատմվածքների ժողովածու, որտեղ զետեղվել են հայ մանկագիրների գործերը, գրադարանավարների վերապատրաստման տասնօրյա դասընթացներից հետո լույս է ընծայվել մեթոդական ձեռնարկ, որը տրամադրվել է հայաստանյան գրադարանների մանկական բաժիններին: Ռուզան Տոնոյանը վստահեցրեց, որ այս հանդիպումից, վարպետության դասերից հետո ևս մի հետաքրքիր գաղափար կիրագործվի, գաղափարն արդեն կա, ուրվագծվում է, բայց փակագծերը նախապես բացել չեն շտապում:


Ֆլորիան Էնդրյուսը մեզ հետ զրույցում, խոսելով հայկական գրաշուկայի հետ հնարավոր համագործակցության մասին, ասաց, որ գերմանական գրաշուկան կանոնակարգված է, տրոհված որոշակի բաժինների ի տարբերություն հայկականի, որը շատ ավելի կենտրոնացած է, և, հետևաբար, համագործակցության շատ ավելի մեծ հնարավորություններ է ընձեռում: Դրան գումարվում է նաև այն, որ Հայաստանում կա տեղեկատվական տեխնոլոգիաների հզոր բազա: Գերմանացի հրատարակիչը նկատեց նաև, որ Հայաստանում տպագրվում է բարձրորակ մանկական գրականություն, արծարծվում են այնպիսի թեմաներ, որպիսիք այլևս չես հանդիպի գերմանական գրաշուկայում. «Օրինակ, հեքիաթների պարագայում միանգամայն այլ են մոտեցումը, պատկերազարդումը, կարծում եմ, որ երկու երկրների հրատարակիչները միմյանցից շատ բան կարող են սովորել»: Հետաքրքրվեցի` Գերմանիայում կարո՞ղ են հետաքրքրություն առաջացնել անծանոթ երկրի գրականությունը, նոր հեղինակը, թե՞ նախընտրելի են գերմանալեզու սիրված հեղինակները` դասական կամ ժամանակակից:
«Բանն այն է, որ երեխաները գիրքն ընտրում են ոչ թե հեղինակին նկատի ունենալով, այլ գրքում եղած պատկերներով, կերպարներով, հերոսներով: Օրինակ, երեխաները կարդում են «Հարրի Փոթեր» ոչ թե հեղինակի համար, այլ որովհետև դա «Հարրի Փոթերն» է»,- ասաց Ֆլորիան Էնդրյուսը:


Անդրադառնալով մեր՝ «Երկար տարիներ աշխատել եք հրատարակչական շուկայում: Այս տարիներին ի՞նչ փոփոխություններ են գրանցվել, և այսօր արդեն ի՞նչ մարտահրավերների առաջ են կանգնած հրատարակիչները» հարցին, ասաց, որ դա եռօրյա սեմինարի թեմա է. «Առաջին էական տարբերությունը թվայնացումն է, ժողովրդագրությունը, կառուցվածքը, ինչը կարող է փոխվել՝ պայմանավորված տվյալ տեղամասում տեղի ունեցող իրադարձությունների ազդեցությամբ: Սրանք եղած բազմաթիվ տարբերություններից երեքն են»:


Ինչ վերաբերում է մանուկների շրջանում ընթերցանության խթանմանը, գերմանացի հրատարակչի կարծիքով՝ երեխային չես կարող ստիպել, որ գիրք կարդա, բայց ծնողները, դպրոցը մեծ դեր ունեն երեխային գրքին մոտեցնելու հարցում: Ի պատասխան «Ի՞նչ է արվում ընթերցողի հետ կապը ամրապնդելու համար» հարցին՝ ասաց, որ մինչև վերջերս Գերմանիայում գրքի վաճառքը կազմակերպվում էր այնպես, որ հրատարակիչները անմիջական կապ չունեին ընթերցողների հետ: Նրանք գիրքը վաճառում էին գրախանութներին, գրախանութները՝ ընթերցողին: Մինչդեռ ներկայումս մեծ ջանքեր են գործադրվում հրատարակված գրքերն անմիջապես ընթերցողին հասցնելու, գրքի վաճառքը կազմակերպելու համար:


Ֆլորիան Էնդրյուսը ավելի քան 20 տարի աշխատել է հրատարակչական ոլորտում: Վաճառքի, մարկետինգի և հաղորդակցման մասնագետ է: 2010-ից որպես ֆրիլանսեր աշխատում է տարաբնույթ նախագծերի վրա և աջակցում է ընկերություններին՝ նոր ծրագրեր զարգացնելու և նոր ոլորտներ ներթափանցելու համար:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3690

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ