Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հայաստանի 16-րդ վարչապետին ընտրեց ժողովուրդը

Հայաստանի 16-րդ վարչապետին ընտրեց ժողովուրդը
09.05.2018 | 12:20

Այն, ինչ կատարվեց երեկ Երևանում, արդեն կասկածներ չէր հարուցում: ԱԺ հատուկ նիստում Նիկոլ Փաշինյանը ընտրվեց և անհապաղ նշանակվեց վարչապետ` ինչպես Սահմանադրությունն է պահանջում: Չխախտելով ավանդույթը` առաջինը շնորհավորեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Մինչ Նիկոլ Փաշինյանը գնաց Հանրապետության հրապարակում իրեն սպասող ժողովրդի մոտ` սկսվեցին հրաժարականները: Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն առաջինն էր, հետո` ՊՆ փոխնախարարներն ու նախարարը: Առայժմ` միայն նրանք: Երեկ նա հանդիպեց ԱԱԾ-ի տնօրենի, ՊՆ նախարարի ու ֆինանսիստների հետ:


Ի՞նչ վարչապետ է պատրաստվում լինել Նիկոլ Փաշինյանը: ԱԺ հատուկ նիստում իբրև նախագահի թեկնածու նա ասաց. «Պատրաստ եմ բանակցել Ադրբեջանի ղեկավարի հետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»: Ասաց` Հայաստանի սիրո և համերաշխությունը հեղափոխությունը ոչ միայն որևէ վտանգ չի պարունակում, այլև նոր հնարավորություն է բացում Ղարաբաղի համար: Ինչպես 88-ի շարժմամբ հանգեցրեց Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո անկախացմանը, հայկական այս հեղափոխության արդյունքը լինելու է Ղարաբաղի անկախության դե յուրե ճանաչումը: «Ղարաբաղյան խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքներով: Բանակցությունները չեն կարող լիարժեք և արդյունավետ համարվել, քանի դեռ դրան չի մասնակցում հակամարտության լիարժեք կողմերից մեկը՝ Արցախի ղեկավարությունը, ինչը նախատեսված է Մինսկի խմբի 1992-ի մանդատով»:
Արտաքին քաղաքականությանն անդրադառնալով՝ նա հայտարարեց, որ Հայաստանի արտաքին քաղաքականության առանցքը լինելու է Հայաստանի և հայ ժողովրդի հավաքական շահը: Հարաբերությունները զարգացնելու են Վրաստանի և Իրանի, Ռուսաստանի և ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Չինաստանի և Հնդկաստանի հետ:


Հայաստանը կյանքի է կոչելու ԵՄ-ի հետ համաձայնագիրը, շարունակելու է մնալ ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ: «Մենք Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը դիտարկում ենք որպես Հայաստանի անվտանգության ապահովման համակարգի կարևոր գործոն: Մեր առաջնահերթություններից է եվրոպական երկրների և ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը»:


Ներքին քաղաքականության մասին` օրենքի առաջ հավասարության հաստատման պայմաններում պետք է տեղի ունենա տնտեսական հեղափոխություն, կոչ արեց սփյուռքի գործարարներին՝ գալ և ներդրումներ անել Հայաստանում: Գործարարներին հորդորեց՝ աշխատել օրենքով, վճարել հարկերը. «Համոզված եղեք, որ պետությանը ձեր վճարած գումարները ոչ թե թալանվելու են, այլ ծառայելու են մեր ազգային և պետական շահերի սպասարկմանը»: Տնտեսական զարգացման այնպիսի մոդել է ներդրվելու, որ իրապես կփոխի մարդկանց կյանքը և կտրուկ կմեծացնի բյուջեի աճը, ինչը աշխատավարձերի և թոշակների բարձրացման հնարավորություն կստեղծի: Նիկոլ Փաշինյանը տնտեսական զարգացման երեք առաջնահերթություն առանձնացրեց` հեղափոխական տեմպերով պետք է զարգացնել տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և տուրիզմի ոլորտները: Պետք է վերանայվեն հատկապես գյուղացիների վրա ծանրացած վարկային պարտավորությունները, տարբեր ոլորտներում քաղաքացուն տուգանելու տրամաբանությունը պետք է փոխվի. «ՀՀ-ն սեփական քաղաքացուն հետապնդող, տուգանող, պատժող պետությունից շատ արագ պետք է վերածվի քաղաքացուն աջակցող, նրա հետ համագործակցող պետության»:


Բարեփոխումներն արվելու են «առանց վենդետաների»․«Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ, Հայաստանում արտոնյալներ չեն լինելու և վերջ: Ընտրությունների արդյունքներն այլևս չեն կեղծվելու, ընտրակաշառք չի բաժանվելու և վերջ: Արհեստական տնտեսական մենաշնորհներ չեն լինելու, յուրաքանչյուր ոք կարողանալու է զբաղվել իր նախընտրած բիզնեսով և վերջ: Մարդու իրավունքները պաշտպանված են լինելու և վերջ: Իշխանությունը փող աշխատելու միջոց չի լինելու, երկրից արմատախիլ է արվելու կոռուպցիան և վերջ: Հաստատվելու է օրենքի, իրավունքի գերակայություն և վերջ: Որևէ մեկը թող չկասկածի, որ թեկուզ անցումային այս ժամանակահատվածում մեր կառավարությունը շրջադարձային փոփոխություններ է իրականացնելու: Միևնույն ժամանակ հարկ եմ համարում կրկին ընդգծել, որ այս խնդիրները լուծվելու են առանց վենդետաների և առանց սեփականության վերաբաշխման՝ խստորեն պահպանելով օրինականությունն ու բոլոր քաղաքացիների իրավունքներն ու օրինական շահերը: Քաղաքական և տնտեսական հետապնդումների էջն այլևս փակված է Հայաստանում, և օրենքը հավասարաբար և նույն կերպ պիտի գործի ինչպես քաղաքական համախոհների ու մերձավորների, այնպես էլ քաղաքական մրցակիցների ու քննադատների նկատմամբ: Սա է հայկական հեղափոխության հիմնական և ամենակարևոր ուղերձը, որին մենք պետք է հավատարիմ մնանք անմնացորդ և մինչև վերջ»: Նշվեց, որ կրթությունը պետք է ապակուսակցականացվի, լուրջ բարեփոխումներ պետք է կատարվեն առողջապահության, սոցիալական ապահովության ոլորտներում, պետք է վերջ դրվի զինվորների սոցիալական հոգսը նրանց ծնողների վրա թողնելու պրակտիկային: Անթույլատրելի է, որ հակառակորդի գնդակից կամ խաղաղ պայմաններում զինվորի զոհվելու մասին տեղեկությունները աչքի համար սովորական դառնան լրահոսում. «Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է համոզված լինի, որ Հայաստանի Հանրապետությունը հնարավոր և նույնիսկ անհնար ամեն ինչ անում է յուրաքանչյուր զինվորի կյանքը, առողջությունն ու անվտանգությունը պահպանելու համար»:


Պետական համակարգում կադրային ջարդ չի լինելու. «Մենք հույս ենք դնում պետական կառավարման համակարգում գործող բոլոր այն պրոֆեսիոնալների վրա, ովքեր իրենց դիրքին ու պաշտոնին հասել են տաղանդի ու աշխատասիրության շնորհիվ»: Բոլոր փոփոխություններից առաջնայինը ընտրական համակարգի բարեփոխումն է՝ իրոք ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար. «Սա մեզ համար առաջնահերթություն է, որովհետեւ շարունակում ենք համոզված մնալ, որ Հայաստանի Հանրապետությունում պրոցեսները սխալ ուղղությամբ սկսել են ընթանալ, երբ երկրում սկսել է կիրառվել ընտրությունների արդյունքները կեղծելու, ընտրողների ազատ կամարտահայտմանը խոչընդոտելու արատավոր պրակտիկան, և մենք պետք է ինչպես բարոյահոգեբանական, այնպես էլ օրենսդրական և տեխնիկական միջավայր ապահովենք՝ հետագայում այսպիսի որևէ դրսևորում թույլ չտալու համար»:


Հայաստանում քաղաքական դրդապատճառներով այլևս բանտարկյալներ չպետք է լինեն` «Ուզում եմ հավաստիացնել, որ Երրորդ հանրապետության պատմության հետ, անցյալի հետ կապված բազմաթիվ հարցեր առաջիկայում անպայման պատասխան են ստանալու: Բայց այս ամենը տեղի է ունենալու ոչ թե ատելության, թշնամանքի, հետապնդումների, գիլյոտինի, այլ հանրային մեծ երկխոսության, ճշմարտության փնտրտուքի, ազգային համերաշխության և միասնության մթնոլորտում: Կառավարությունը նաև իր իրավասության շրջանակներում ջանքեր կգործադրի, որ քաղաքական գործունեության համար բանտերում հայտնված անձինք օր առաջ ազատ արձակվեն, և մենք ի վերջո ազատվենք քաղբանտարկյալ ունեցող երկրի ամոթալի խարանից»:


«Ատելությունն ու ատելության քարոզը տեղ չունեն և չպետք է ունենան նոր Հայաստանում: Որևէ կասկած չկա, որ Հայաստանի պատմության համար նոր ու փառապանծ մի էջ է բացվել: Վերադարձ հնին այլևս չի լինելու: Մեր երկրում այլևս տեղ չունեն հուսահատությունն ու անելանելիությունը, մեր երկիրը պինդ կանգնած է իր ոտքերի վրա՝ բաց ճակատով և ամուր ողնաշարով», - Ազգային ժողովում ելույթը եզրափակեց Նիկոլ Փաշինյանը: Նրան կողմ քվեարկեց 59, դեմ՝ 42 պատգամավոր:
Պատմությունը նոր միայն սկսվում է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. «Շնորհակալ եմ: Ծառայում եմ Հայաստանին ու հայ ժողովրդին»` ընտրվելուց հետո ասաց Նիկոլ Փաշինյանը: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ն կաջակցի, որ Նիկոլ Փաշինյանն ընտրվի` խմբակցության 10+1 պատգամավոր կքվեարկի Նիկոլ Փաշինյանի օգտին: Վահրամ Բաղդասարյանը նաև ասաց` 11 պատգամավորը ընտրվել են միասնական որոշումով, նրանց պետք չէ առանձնացնել:

10+1 պատգամավորի փոխարեն Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկեց 10+3 պատգամավոր` գեներալներ Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, Սամվել Ալեքսանյանը, ՍԱՍ-ի Արտակ Սարգսյանը, Ավշարի Արայիկ Գրիգորյանը, Արման Սահակյանը, որ Շիրակ ֆուտբոլային ակումբի սեփականատերն է, ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ Հասանովն ու Միխայլովը, Ջավախք հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը, Ջերմուկ գրուպի սեփականատեր Աշոտ Արսենյանը, Ֆելիքս Ցոլակյանը: Նա մայիսի 1-ին էլ կողմ էր քվեարկել: Հետո Մելիք Ադամյանում ասուլիս տվեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ու ասաց, որ ճիշտ չեն համարում համագործակցությունը նոր իշխանության հետ, նոր կառավարությունում աշխատելը՝ անկախ նրանից, թե ինչ կառավարություն կկոչվի՝ անցումայի՞ն, ազգային համաձայնությա՞ն թե՞ այլ: «Քաղաքական երկերեսանիություն կհամարվեր որևէ պաշտոն զբաղեցնելը նոր կառավարությունում»` ըստ Աշոտյանի: Հայտարարությունները, թե ՀՀԿ-ն լքում է հայաստանյան քաղաքական դաշտը, վաղաժամ են և չեն բխում ներկայիս քաղաքական իրավիճակից` նրա գնահատմամբ: «Մեր ընդդիմախոսներն իրենք են պնդում, որ մեր շարքերում կան անձինք, ովքեր կարող օգտակար լինել Հայաստանի տնտեսական, քաղաքական, սոցիալական ոլորտներում: ՀՀԿ-ն առաջին հերթին ցույց տվեց իր կոնսոլիդացված դերը որպես ընդդիմություն, երկրորդ հերթին մեզ հաջողվեց պահպանել կուսակցական միատարր կառուվածքը և երրորդ հերթին մենք կգտնենք մեր տեղը Հայաստանում ստեղծված նոր քաղաքական իրավիճակում: Այդ տեղը, եթե իշխանության մեջ չէ, ընդդիմության մեջ է», - հայտարարեց Աշոտյանը: Նրա խոսքով` ժողովրդավարություն կառուցող և բազմակարծության ձգտող երկրում ընդդիմությունը «պատվավոր և պատասխանատու տեղ է»: «Ես կարծում եմ՝ յուրաքանչյուր իշխանություն, որը վայելում է հանրության աջակցությունը, միևնույնն է ընդդիմության կարիքն ունենալու է», - նշեց Աշոտյանը՝ ընդգծելով, որ իրենց բավականացնում է խիզախությունը հայտնել այն կարծիքը, տեսակետը, որ համարում են ճիշտ: Նա վստահեցրեց, որ լինելու են կառուցողական ընդդիմություն: Զուգադիպություն էր գուցե` երեկ նաև Պետդուման ՌԴ նախագահի առաջարկով վարչապետ ընտրեց Դմիտրի Մեդվեդևին, ռուսներն էլ երազում են Հայաստանի նման լինել:


Իսկ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնեց Արցախ: Եռատո՞ն, թե՞ քառատոն: Ղարաբաղյան շարժման 30-ամյակի ու Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի տարում տոները սկսում են նոր իմաստ ստանալ: Մնում է բովանդակությունը փոխի Հայաստանի Հանրապետության «հպարտ քաղաքացիների» կյանքը: Մի շտապեք: 16-րդ վարչապետի պատմությունը նոր միայն սկսվում է: Սա արդեն անհատի պատմություն չէ, պետության պատմություն է: Պետության, որ իր համար էլ անակնկալ գնում է թռիչքի, չմտածելով թևերի մասին:

Դիտվել է՝ 2626

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ