Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Նիկոլը պետք է կարողանա հավաքել երկրի իմաստուններին»

«Նիկոլը պետք է կարողանա  հավաքել երկրի իմաստուններին»
11.05.2018 | 00:47

Հանրությունն ուշի ուշով հետևում է նոր վարչապետի քայլերի հաջորդականությանը և ակնկալում խոստումների իրականացում։ Մինչ այդ Նիկոլ Փաշինյանը շատ կարևոր խնդիր պետք է լուծի` ձևավորի այնպիսի կառավարություն, որը մարդկանց վստահություն ու հավատ կներշնչի։ Ներքաղաքական զարգացումների շուրջ զրուցեցինք հասարակական-քաղաքական գործիչ ԱՇՈՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻ հետ։

-Շարժումն առաջին փուլում հաղթեց, Փաշինյանը դարձավ վարչապետ։ Կհաղթի՞ նաև մյուս փուլերում, երբ արմատական վերափոխումների շրջանն սկսվի։
-Կատարվել է հիմնարար փոփոխությունը, հիմա պետք է մյուսներն արվեն, որոնցից յուրաքանչյուրը շատ կարևոր է։ Ձևավորված է նոր կառավարություն, հույս ունենանք, որ այն սկզբունքորեն նոր կլինի, քաղաքական դաշտն էլ պետք է վերանայի իր դիրքորոշումները։ Երկրում ստեղծված մթնոլորտն առաջնային է, նույնիսկ ավելի, քան կառավարությունը, քաղաքական դաշտը։ Մեր ժողովուրդը վերընթաց մեծ քայլ կատարեց, նիրհի, հույսի, հավատի կորստի վիճակից դուրս եկավ, բայց դա դեռ այն քայլը չէ, որ ակնկալում ենք։ Ժողովուրդը դեռ կայուն վիճակում չէ, դրա համար ամեն մեկը բացարձակ պատասխանատու է, սկսած Նիկոլ Փաշինյանից և իր ընկերներից, մինչև քաղաքական դաշտի ուժերից ամեն մեկը։
-Փաշինյանը հայտարարել է սիրո և համերաշխության հեղափոխություն, եթե նախկին մեթոդներով պետք է առաջ շարժվել, ուրեմն ո՞րն է նրա ու նախկինների տարբերությունը։
-Ճիշտ է, այս պահին կարևոր է Նիկոլ Փաշինյանը, բայց նրանից առավել կարևոր է ժողովուրդը, որի շնորհքն էր այսօրվա վիճակը։ Հիմա պետք է լուծենք պատմական կարևորագույն խնդիր` հայության ամբողջականացումը և Հայաստանի ընկալումը ողջ հայության կողմից որպես իր օրրան, որտեղ ի վիճակի է կառուցելու սեփական պետականությունը։ Պետք է հայությունն ապրի որպես մեկ երկիր։ Եվս մեկ կարևոր հանգամանք. մենք աշխարհին ուղարկեցինք էական ազդանշաններ։ Կանգնած ենք մի վիճակի եզրին, երբ հնարավոր է նոր կյանք ստեղծել, նոր մշակույթ, նոր նպատակադրումներ իրականացնել։ Ամեն մեկի սխրանքը (ինչը ցույց տվեց մեր ժողովուրդը) կարող է դառնալ բոլորի հարստությունը։ Կարևոր չէ` հաջորդ սխրանքն ո՞վ կանի` ամերիկացինե՞րը, չինացինե՞րը, թե՞ մեկ ուրիշը, էական է, որ մենք այդ ազդանշանն ուղարկեցինք։ Առայժմ բոլորն առաջ են շարժվում հին տրամաբանությամբ, այն է` մրցակցային։
-Ինչպե՞ս անել, որ հանրային այս մեծ էներգիան տեղափոխվի գործնական դաշտ։ Առաջնահերթ ի՞նչ պետք է անի նոր ձևավորվող կառավարությունը։
-Կառավարությունը կարևոր է ու ժողովրդի կյանքում ճշգրիտ տեղ պետք է զբաղեցնի։ Կառավարությունն ընդամենը մեր համատեղ գործունեության կարգադրիչն է, որոշումը ժողովուրդն է կայացնում։ Կառավարությունը կազմակերպում է այդ աշխատանքները։ Սա նշանակում է, որ ինչքան մտավոր, հոգևոր ներուժ ունենք, պետք է գործի դրվի։ Կառավարությունն ընդամենը առաջին կազմակերպիչն է, բայց ոչ միակ։ Հիմա հսկայական ստեղծագործական աշխատանքի դաշտ է բացվել։ ՈՒ պետք չէ ասել` բա Նիկո՞լը։ Նա առաջնային պատասխանատվություն է վերցրել որպես կազմակերպիչ, իսկ որոշում կայացնողը Նիկոլը չէ։ Ես էլ կասեմ` բա Վարդան Գրիգորյա՞նը (ԱՄՆ-ի Կառնեգի ֆոնդի տնօրեն), բա Արտավազդ Փելեշյա՞նը, որը մտքի հսկայական շտեմարան է։ Ո՞Ւր եք գնում։ Դեռ կյանքի կեսին գտնվող Նիկոլ Փաշինյա՞նը պետք է որոշի։ Նա այնպես պետք է անի, որ Փելեշյանը, Վարդան Գրիգորյանը, Ռայմոնդ Գևորգյանը և տասնյակ հայորդիներ հասկանան, թե ուր պետք է գնանք։ Փելեշյանի և Գրիգորյանի որոշումներ կայացնելու հարցում պատասխանատվությունն էապես ավելի մեծ է, քան Նիկոլ Փաշինյանի, չնայած վերջինս պարտավոր է նրանց գործունեությունը կազմակերպել։
-Այս առումով որքա՞ն եք կարևորում կառավարության կազմի որակը, ի՞նչ սկզբունքով պետք է ընտրվեն կադրերը։
-Կառավարության կազմը շատ կարևոր է, որովհետև դա ճշգրիտ ազդանշան է ժողովրդին։ Ժողովուրդը նախաինֆարկտային վիճակում էր, երբ լուր տարածվեց, թե հին կազմից մարդ են նշանակել։ Մեծագույն պատասխանատվություն է ենթադրում կառավարության նոր կադրերի նշանակումը։ Նիկոլը բացարձակ ճիշտ է, իրեն վարչապետ է նշանակել ժողովուրդը, ոչ թե խորհրդարանը կամ օրենքները։ Թե՛ միջազգային, թե՛ ազգային օրենքներն այսօր մեկ բանի համար են ստեղծված` թալանը հեշտացնել։ Այս իրավիճակում էլ ժողովուրդն իր օրենքով գործեց` իշխանությունից ուղղակի երես թեքեց։ Չմոռանանք, Քրիստոսն ասում էր. «Ես եմ ճանապարհը»։ Մարդիկ ուզում են, ի դեմս յուրաքանչյուր նախարարի, տեսնել ճանապարհ։ Բայց կառավարությունը նաև պետք է հասկանա, որ կառավարման տրամաբանությունը լիովին նոր է, չի կարելի վերցնել, կապկել այն, ինչ եղել է։ Մի դրվագ հիշեմ. մեկ տարի առաջ ընդհանուր ծանոթներիցս մեկի հոգեհանգստին ներկա էր նաև Փաշինյանն իր կուսակցության երիտասարդներով։ Ինձ շատ հետաքրքրեց նրանց զրույցը. մեկը խոսում էր շուկայական տնտեսությունից, մյուսը հակադրվում, թե ինքը բարձր տեխնոլոգիաներով զբաղվող հիմնարկի գլխավոր ինժեներ է և իր գործառույթներից մեկն էլ այն է, որ նման այլ ձեռնարկությունները սնանկացնի։ Հավելում էր, թե այնտեղ աշխատողներն էլ, ըստ էության, խելացի ու պատրաստված կադրեր են, բայց պետք է նրանց սնանկացնել, քանի որ կանոնն այդպիսին է, ուստի չի ուզում այդպիսի աշխարհում ապրել։ Հույս ունեմ, որ այս տրամաբանությունն իրենց հետ կտանեն կառավարություն` հասկանալով, որ հին փիլիսոփայությունն ավարտված է։ Մենք պետք է ստեղծենք համագործակցության աշխարհ։ Որ ասում են` սիրո և համերաշխության հեղափոխություն, դա չպետք է պլակատ լինի։ Պիտի հասկանալ, որ նոր աշխարհ է ձևավորվել, որտեղ պետք է գործի մարդը, ոչ թե արմունկներով իրար ոչնչացնողները։ Այսպիսին պետք է լինի նաև քաղաքական դաշտը, լավ մտքի, գաղափարի համար պետք է ծափահարել, անկախ այն հանգամանքից, թե ինչ քաղաքական թևից է այն հնչում։ Նիկոլը պետք է կարողանա հավաքել երկրի իմաստուններին, նրանց համար պայմաններ ստեղծել, որպեսզի վերջիններս որոշումներ կայացնեն։ Այս ամենը պետք է հրապարակային լինի։ Մենք մարդուն պետք է տանենք աստվածային ուղղությամբ։ Ամեն մեկն այսօր ասում է` ես ուզում եմ մի քիչ «Լֆիկ» լինել։ Բայց ես ուզում եմ, որ «Լֆիկի» մեջ էլ մի գրամ «Լֆիկ» չլինի, հիշի, որ ինքը Սամվել Ալեքսանյանն է։ Չեմ ուզում, որ մեր եկող սերունդներն այդ կործանարար ուղեծրում հայտնվեն։
-Այսօր գործ ունենք փոքրամասնության իշխանության հետ։ Այս իրավիճակում խորհրդարանի մեծամասնությունը կարող է ցանկացած հարց վիժեցնել, արդյունքում Փաշինյանն իր փոփոխությունները հազիվ թե կարողանա իրականացնել։ Հնարավո՞ր է այսպիսի քաղաքական համակարգով ու առանց ճգնաժամի ԱԺ-ում համատեղ աշխատել։
-Մեր ժողովուրդը, կարծում եմ, հասկացավ, որ չպետք է կրկնի 88-ի սխալը։ Հույս ունեմ` Նիկոլ Փաշինյանն էլ է հասկացել, որ չպետք է հայտնվի «Ղարաբաղ» կոմիտեի լիդերների կարգավիճակում։ Կարծում եմ` «Ղարաբաղ» կոմիտեն չպետք է գնար իշխանության, ժողովրդին դարձներ ինքնակառավարվող համակարգ։
-Կարծում եք` Նիկոլ Փաշինյա՞նն էլ չպետք է գնար իշխանության։
-Նրա համար ավելի բարդ էր վիճակը. 88-ին երկիրը չէր գտնվում բացարձակ հանցագործների ձեռքում։ Հիմա այլ վիճակ է, մեր կառավարման համակարգը զբաղված է երկիրը ոչնչացնելով, ամեն մեկը մտածում է ինչ-որ բան փախցնելու մասին, որը հանգեցնում է երկրի ոչնչացման։ Սա պետք էր անհապաղ կազմաքանդել։ Հետագայում` 4-5 ամիս հետո ինչ կլինեն կամ կդառնան Նիկոլն ու իր ընկերները, ժամանակը ցույց կտա։ Եթե ժողովուրդը կազմակերպված լինի, ի՞նչ խորհրդարան, ի՞նչ հանրապետական կուսակցություն, ի՞նչ կառավարություն Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ։ Ամեն ինչ կոշտ վերահսկողության տակ է լինելու։ Երբ մարդը լույսը տեսնում է, նրան ծեծելով չես կարող դեպի խավար տանել։ Մարդիկ լույսը չէին տեսել, նրանց հիմնական գործը խավարում պոկել-ուտելն էր։ Մուկը (թող ինձ ներեն բոլոր այն անձինք, որոնց հետ այն կապված է) այն կեցվածքն է, որը զիջում է միայն առնետին ու մորեխին։ Առնետը շատ բաներ է ոչնչացնում, մորեխը` ամեն ինչ, իսկ մուկն անընդհատ փախցնում է։ Մեզ մոտ անընդհատ մուկ լինելու ցանկություն կա։
-Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում խոսեց կոռուպցիան արմատախիլ անելու, մենաշնորհը վերացնելու մասին։ Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է այս հարցում արագ փոփոխությունների հասնել։
-Հայ ժողովուրդը, եթե հստակ կանոնադրությունը (խոսքը Սահմանադրության մասին չէ) կարդա ու հասկանա, որ կոռուպցիա չկա, ոչ ոք դրանով չի զբաղվի։ 88-ին 24 ժամվա ընթացքում ոչ մի կոռուպցիոներ չմնաց։ Դա հնարավոր է, բայց Նիկոլը և ընկերները պետք է հասկանան, որ չպետք է կապկել Շվեյցարիային և ԱՄՆ-ին։ Մենք պետք է մարդու աշխարհ ստեղծենք, 88-ին ստեղծել ենք, հիմա էլ դրա սաղմերը շատ են։
-Այս ամենում արտաքին միջամտություն տեսնու՞մ եք։
-Արտաքին միջամտությունը միշտ էլ հսկայական է լինում, երբ մի քայլ են փորձում անել։ Իսկ մենք մեկ քայլ չէ, որ արեցինք։ Ողջ աշխարհն ուզում է դա օգտագործել, մի մասը լավ առումով, մյուսը` վատ։ Ինձ չի հետաքրքրում` ով է Նիկոլ Փաշինյանը, ինձ հետաքրքրում է` ով եմ ես, ով եք դուք։ Կարևորը ժողովրդի ինքնակազմակերպվածությունն է, որ եթե նույնիսկ ղեկավարը սխալվի, նա ճիշտ ուղի ընտրի։

Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3885

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ