Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Հայաստանի ինքնավարությունն է վտանգված»

«Հայաստանի ինքնավարությունն է վտանգված»
11.05.2018 | 00:50

Օրերս «Ժամանակը» տեղեկություն էր տարածել, թե «մոտ օրերս Հայաստան է ժամանելու ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) քննիչների մի ստվար խումբ` Հայաստանից ապօրինի կապիտալի արտահոսքի ուսումնասիրություններ սկսելու: ՀԴԲ քննիչների տեսադաշտում են լինելու այն հայ օլիգարխներն ու պետական պաշտոնյաները, ովքեր Հայաստանում աշխատած ապօրինի գումարները տեղափոխել են Միացյալ Նահանգներ և փորձել օրինականացնել այդ գումարը, այսպես կոչված՝ գործ դնելով կամ սեփականություն ձեռք բերելով»:


Քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԸ բացասական է վերաբերվում օտարերկրյա քննիչների ստուգումներին Հայաստանում: Ըստ նրա, դա Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող վտանգ է: «Անհասկանալի է, թե ինչ են անելու նրանք Հայաստանում: Սա միջազգային պրակտիկայի կոպտագույն խախտում է: Եթե կան կասկածներ, թե որևէ մեկը ԱՄՆ-ի օրենքները խախտել է և փողեր է դուրս բերել, ըստ միջազգային կանոնների, պետք է այդ մասին հարցում, խնդրանք ուղարկես տվյալ երկրի ուժային կառույցներին, որ քեզ օգնեն, ոչ թե ուղարկես քո քննիչներին՝ դրանով խախտելով տվյալ երկրի անկախությունն ու ինքնավարությունը»,- նշեց քաղաքագետը, հավելելով, որ սա առնվազն գաղութատիրոջ վերաբերմունք է իր գաղութի նկատմամբ:


Շաքարյանցը շեշտեց նաև, որ այդ հարցերով պետք է զբաղվեն Հայաստանի քննչական կոմիտեն, դատախազությունը կամ այլ ուժային մարմիններ և համապատասխան տեղեկությունը տրամադրեն ԱՄՆ-ի ՀԴԲ-ին: «Սա ապացուցում է, որ Հայաստանն ինքնիշխան պետություն չէ, այլ ԱՄՆ-ի կցորդն է»: Ըստ քաղաքագետի, երբ ոչ թե ժողովրդի պոռթկումով, այլ Ամերիկայի միջամտությամբ Վրաստանում հեղափոխություն եղավ, կրկին ԱՄՆ-ի FBI-ն լցվեց այդ երկիր և զբաղվեց անգամ խիստ գաղտնի փաստաթղթերով: Այս առումով մեր զրուցակիցը մտավախություն ունի, որ նույն քննիչները կարող են նաև մեր գաղտնի փաստաթղթերով զբաղվել:


«Շատ վտանգներ կան, բայց գլխավորն այն է, որ վտանգի տակ է դրվում քո ինքնիշխանությունը: Այսինքն, գալիս են մեր տարածքում մեզ ստուգելու: Եթե ոչ այդ երկրների քաղաքացիների կողմից է հանցագործություն կատարվել մեր երկրում, նրանք իրավունք չունեն միջամտելու մեր ուժային կառույցների աշխատանքներին»,- փաստեց քաղաքագետը: Այն դիտարկմանը, թե նրանց ներկայությունը չի՞ կարող նպաստել մեր երկրից արտահոսած կապիտալի վերադարձին, նա նշեց, թե դա ընդամենը հայտարարված նպատակ է, պատրվակ, բայց դրա տակ շատ վտանգավոր բաներ կարող են արվել, զորօրինակ պետական խիստ գաղտնի փաստաթղթերի ուսումնասիրություն: «Եթե ինչ-որ գումար դուրս է բերվել մեր երկրից ԱՄՆ ապօրինաբար, նրանք իրավունք ունեն հետաքննություն անցկացնելու միայն ԱՄՆ-ում, Հայաստան միայն հարցում կարող են ուղարկել»,- վերահաստատեց քաղաքագետը, նշելով, թե ով ստորագրել է այն փաստաթուղթը, որով ՀԴԲ-ի քննիչները պետք է Հայաստան գան, նա երկրի դավաճան է: «Այս ամենում կա քաղաքական աստառ: Եթե այսօր նրանք միջամտում են մեր երկրի ներքին գործերին, վաղն էլ կարող են մեր ընտանիքներում առկա խնդիրներին միջամտել. այստեղ կան և՛ մեծ սպառնալիք, և՛ վախ»:

Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3585

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ