Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ինչպիսի՞ն է իրավիճակը Թուրքիայում արտահերթ ընտրություններից առաջ

Ինչպիսի՞ն է իրավիճակը Թուրքիայում  արտահերթ ընտրություններից առաջ
11.05.2018 | 00:52

Թուրք-քրդական հարաբերությունների փորձագետ ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ զրուցում ենք վերջին շրջանում հայաստանյան իրադարձությունների առնչությամբ թուրքական և ադրբեջանական մամուլի արձագանքների, ինչպես նաև Թուրքիայի արտահերթ ընտրությունների մասին։


-Այս օրերին հետևու՞մ եք ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցներին։ Ինչպիսի՞ն է նրանց արձագանքը Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։
-Թուրքական և ադրբեջանական մամուլի արձագանքը հայաստանյան ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ բավականին տարբերվող էր: Եթե ադրբեջանականում նկատվում էր խուճապ իշխանական մամուլում և ոգևորություն ընդդիմադիր լրատվամիջոցներում, ապա թուրքական մամուլը բացառապես առանց որևէ զգացմունքի էր արձագանքում: Ադրբեջանական պաշտոնական ԶԼՄ-ները չէին թաքցնում իրենց, այսպես ասած, ցանկությունների սցենարը Հայաստանի ներքաղաքական կյանքում: Այդ օրերին բազմաթիվ վերլուծաբաններ հայտնվեցին և Հայաստանի համար կանխատեսեցին արյունալի ելքով իրավիճակի հանգուցալուծում: Անգամ եղան կանխատեսումներ, որ ՌԴ-ն կարող է խառնվել ՀՀ ներքին կյանքին: Սակայն ադրբեջանական իշխանական մամուլի այս գիծը կտրուկ փոխվեց Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո: Այս անգամ նրանք պնդում էին, որ ՀՀ-ն այլևս հետաքրքրություն չի ներկայացնում ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Եվրոպայի համար, դրա պատճառով ոչ ոք չի խառնվում ներքաղաքական կյանքին: Այնուամենայնիվ, կարող եմ փաստել, որ ինչպես ադրբեջանական իշխանությունն է կտրված իրականությունից, այնպես էլ իշխանության շահերը սպասարկող մամուլն ու վերլուծաբանները, և չեն ցանկանում խոսել այն մասին, ինչ կա իրականում: Սակայն իրենց գործողություններով նրանք գալիս են ապացուցելու, որ մտավախություն ունեն հայաստանյան ներքաղաքական իրավիճակի հետ կապված, և որ այն կարող է ոգևորիչ լինել ադրբեջանական ընդդիմության ու բնակչության համար: Հենց դա էր պատճառը, որ հապճեպ օրենք ընդունեցին գործադուլների և դասադուլների, դրանց կազմակերպիչների, մասնակիցների դեմ: Իսկ ահա ընդդիմադիր մամուլն ու հասարակությունն արձագանքում էին հիմնականում հիացական ու օրինակ վերցնելու կոչերով: Հենց նրանք էլ խոստովանում էին, որ Հայաստանն Ադրբեջանից մի քանի տասնյակ տարիներով առաջ անցավ ժողովրդավարության առումով, հետաքրքիր էր նաև ուղիղ եթերով հայաստանյան ներքաղաքական իրավիճակին հետևող հանրության արձագանքը: Բոլորը զարմացած էին հայաստանյան իրականության վրա և չէին թաքցնում, որ իրենց բոլորովին այլ, գորշ գույներով Հայաստան են քարոզել այսքան տարի: Թուրքական լրատվամիջոցները, ինչպես վերևում նշեցի, բավարարվում էին միայն լուր տալով՝ նշելով օրվա իրադարձությունը՝ շարժման մասնակիցների և կազմակերպիչների խոսքերի մեջբերումներով: Թուրք վերլուծաբանները չէին թաքցնում իրենց զարմանքը, թե ինչպես կարող էր այսպիսի անարյուն հեղափոխություն տեղի ունենալ: Նրանք անընդհատ փորձում էին օտար հետք փնտրել, սակայն իրենց հոդվածների, հարցազրույցների վերջում շեշտում, որ այդքան փնտրելուց հետո գտնում են միայն հայկական հետք: Հետաքրքիր վերլուծություն էր կատարել նաև թուրք վերլուծաբան, Ստամբուլի համալսարանի դոկտոր, պրոֆեսոր Համիդ Էրքչեյը: Նա, խոսելով հեղափոխության մասին, անընդհատ շեշտում էր, որ ցուցարարները, երթի մասնակիցները, բողոքի ակցիաներ իրականացնողները չեն կոտրել նույնիսկ մեկ նստարան, որոնք օգտագործվում էին փողոցները փակելու ժամանակ: Նա ասում է, որ Հայաստանում այս հեղափոխությունը անվանում են սիրո և հանդուրժողականության հեղափոխություն, սակայն «թույլ տվեք՝ ես այն անվանեմ հեղափոխություն հայկական ձևով»,- ասել է քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսորը:
-Չենք կարող չխոսել տարածաշրջանում նոր զարգացումների մասին. Թուրքիայում արտահերթ ընտրություններ են։ Նախ՝ ինչու՞ Էրդողանը գնաց արտահերթ ընտրությունների, և ի՞նչ սցենարով կարող են զարգանալ իրադարձությունները։ Ամեն ինչ տանում է Էրդողանի վերարտադրությա՞ն։
-Էրդողանն արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների մասին ակնարկել էր դեռևս 2017 թ. սեպտեմբերին, երբ Իրաքյան Քրդստանում ակտիվ ընթանում էր անկախության հանրաքվեի քարոզարշավը: Էրդողանը այս քայլին գնաց երկու հիմնարար պատճառով. 1. խորհրդարանում ազատվել քրդական գործոնից, 2. ցույց տալ աշխարհին, թե Թուրքիայում իրեն որքան են սիրում ու հարգում: Էրդողանը միտք ունի նախագահական ընտրություններում ունենալ բարձր ցուցանիշ և նախագահ ընտրվել բացարձակ մեծամասնության ձայներով: Սակայն Էրդողանի համար հայտնվել է լուրջ մրցակից, ի դեմս ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցությունից առաջադրված, արմատական ընդդիմադիր հայացքներ ունեցող Մուհարեմ Ինջեի: Նա վայելում է ոչ միայն ընդդիմադիր, այլև քրդական լայն զանգվածի վստահությունը, և պատահական չէ, որ Ինջեն իր քարոզարշավը սկսել է բանտարկված քուրդ առաջնորդների, պատգամավորների ազատ արձակման հորդոր-պահանջով:
-Թուրքիայի քրդական կուսակցությունները, կարծես, առաջիկա ընտրություններին հանդես են գալու դաշինքով։ Ինչպիսի՞ն են քրդական ուժերի հնարավորություններն ապագա ընտրություններում։
-Կարծում եմ` քրդերն այս անգամ չեն ունենա խորհրդարանական նախորդ ընտրությունների հաջողությունները, քանի որ, նախ անազատության մեջ են գտնվում քրդամետ ժողովրդադեմոկրատական կուսակցության կարկառուն դեմքերը և դեֆակտո չեն կարող մասնակից լինել նախընտրական գործընթացներին: Բացի այդ, Թուրքիայում այս պահին տիրում է վախի մթնոլորտ քրդերի շրջանում, ինչը հետևանք է Իրաքյան Քրդստանում անկախության հանրաքվեի անցկացման և հետագա անհաջողության, ինչպես նաև Սիրիայում Թուրքիայի և Թուրքիայի աջակցությունը վայելող ուժերի կողմից քրդերի դեմ իրականացվող քաղաքականության, որի դեմ աչք են փակել գերտերությունները: Սակայն այս ամենից ելնելով՝ չեմ բացառում, որ կարող են ստեղծվել այնպիսի ֆորսմաժորային իրավիճակներ, որ քրդերը կարողանան նորից խորհրդարան անցնել այնպիսի թվով, որ խնդիրներ ստեղծեն խորհրդարանի աշխատանքներում: Այդ ֆորսմաժորային իրավիճակը կարող է լինել քրդական ազգային զարթոնքը PKK-ի ակտիվացմամբ: Գաղտնիք չէ, որ PKK-ի ակտիվացումը Թուրքիայում մի որոշ ժամանակ հանգեցնում է քրդերի ազգային զարթոնքի: Ընդհանուր առմամբ, եթե իրավիճակն այս պահին գնահատելու լինեմ, միանշանակ կարող եմ ասել, որ Էրդողանի համար այն բավականին անբարենպաստ է, քանի որ տնտեսությունը վերջին շրջանում գտնվում է բավականին ծանր վիճակում. մի կողմից` գնաճ, մյուս կողմից՝ լիրայի արժեզրկում, իսկ արտաքին քաղաքականությունը, կարծես, նորից գործում է Էրդողանի վարկանիշի դեմ: Ամեն դեպքում, Թուրքիան այն երկիրն է, որտեղ գրեթե անհնար է կանխատեսումներ անել քաղաքական դաշտի առնչությամբ, քանի որ այս երկրի քաղաքական ղեկավարությունը բավական անկանխատեսելի է իր քայլերում:


Զրույցը`
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 5433

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ