Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

73-րդ Մայիսի 9-ը

73-րդ Մայիսի 9-ը
11.05.2018 | 01:18

Հետևում մնաց ևս մեկ՝ 73-րդ Մայիսի 9-ը: Մինչև Հաղթանակի օրվա 75-րդ տարեդարձը մնում է ընդամենը 2 տարի: Անձամբ ինձ համար մայիսի 9-ի ներկայիս տոնը մթագնած էր նրանով, որ մեր հանրապետությունն այն դիմավորեց «քանդված» վիճակում: Որովհետև ոչ մի «սիրո և հարգանքի հեղափոխություն» էլ չստացվեց:

Օգտվելով «պարում են բոլորը» ընդհանուր մթնոլորտից՝ այժմ տեղի են ունենում բողոքի տեղական զանազան գործողություններ: Այսինքն` հասարակության կայունությունը չի վերականգնվել: Իրականում ոչ ոք չի սպասում ճգնաժամի սահմանադրական կարգավորմանը: Բոլորի աչքին այսրոպեական ինչ-որ «շահաբաժիններ» են երևում: Չե՞ք հավատում: Իզուր: Մայիսի 6-7-ին հաղորդագրություններ ստացվեցին, որ Գյումրիում արդեն մի քանի օր Շիրակի պետհամալսարանի մի խումբ ուսանողներ, ինչպես նաև աշխատանքից հեռացված դասախոսներ ու «քաղաքացիական ակտիվիստներ» պահանջում են համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականը: Նրանք ռեկտորին մեղադրում են միջոցները վատնելու, կաշառակերության և կոռուպցիայի համար: Բացի համալսարանը գլխավորելուց, Սահակ Մինասյանն արդեն 6 տարի Հայաստանի հանրապետական կուսակցության մարզային կառույցի ղեկավարն է և հայտարարում է, որ, ՀՀԿ անդամ լինելով, համալսարանը քաղաքականացնելու որևէ քայլ չի արել: Բողոքողներն էլ ասում են, որ համալսարանի միջոցներով ռեկտորը մարզական թիմ է պահում, որի միայն տրանսպորտային ծախսերի համար զգալի գումարներ է հատկացնում: Իսկ մի՞թե վատ է, որ բուհն ունի մարզական թիմ, և Մինասյանն այն ինչ-որ կերպ պահում է:


Բայց եթե ռեկտոր Մինասյանը դեռ հրաժարական չի տվել և փորձում է պահել պաշտոնը, ապա Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանը քաղաքապետի մայիսի 5-ի որոշմամբ ազատվել է պաշտոնից: Ավելի վաղ նա ազատվելու դիմում էր գրել: Երևանի քաղաքապետարանի մամուլի հաղորդագրության մեջ ասվում է. «Նկատի առնելով Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի ուսուցիչների և աշակերտների դժգոհությունը դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանի աշխատանքից և այն հանգամանքը, որ ուսուցիչների և աշակերտների վստահությունն ու սերը չվայելող մանկավարժը չի կարող շարունակել աշխատել իրեն մերժող կոլեկտիվի հետ, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի հիման վրա Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրենն ազատված է աշխատանքից»: ՈՒսուցիչները հայտնել են, որ իրենց անուններով դուրս գրված պարգևատրություններ են ստացել և վերադարձրել տնօրենին: Մի՞թե դա հնարավոր է. խոսքը և՛ Ազիզյանի, և՛ Մինասյանի մասին է: Այո, լիովին, ինչ կա որ: Դա միայն այդ երկու ուսումնական հաստատության իրականությու՞նն է: Կներեք, չեմ հավատում: Բայց ահա թե ինչ է պարզվում: Իրականում աշակերտների և ծնողների «ապստամբության» հարմար առիթ էր դարձել այն, որ այդ ղեկավարները... չէին սատարել «Փաշինյանի շարժմանը»: Գլխավոր դատախազությունն արդեն հետաքննություն է սկսել ուսուցիչների դիմումների հիման վրա (Ազիզյանի գործով): Իսկ ես հարցնում եմ. «Ոչ ոք չի՞ տեսնում, որ «կոռուպցիայի դեմ պայքարի» հարմար պատրվակով երկրում սկսվել է քաղաքական դատաստան»:

Ո՞չ, չե՞ք տեսնում: Իզուր: Հուշեմ. նման հարց չէր ծագի, եթե Հայաստանի բոլոր դպրոցներում ու բուհերում սկսեին համատարած կերպով պարզել, թե ով և որտեղ, որ դպրոցում և բուհում է սովորողներին ու ծնողներին դրել «մուծումների» և շորթումների տուրքի տակ: Իսկ այդպես անզեն աչքով էլ երևում է, որ իրենց հապշտապ «փաշինյանական» գրանցած (կամ իրապես այդպիսին հանդիսացող) ինչ-որ անձինք շտապում են օգտվել հարմար պահից: Նույնիսկ կասեմ, որ թիվ 11 դպրոցի տնօրենի փոխարեն ում էլ նշանակեն, թեկուզ հենց Փաշինյանը, շուտ թե ուշ նոր տնօրենն էլ կդառնա կոռուպցիոներ և գումար հավաքող: Հասկանալու համար, թե ինչու, խորապես ուսումնասիրեք Հայաստանի կրթության ոլորտի ֆինանսավորման հարցը: Համոզված եմ, որ առաջիկա մեկ-երկու տարում ոչ մի Փաշինյան, ոչ մի Չե Գևարա չեն կարող լուծել մեր երկրի ուսումնական հաստատությունների ֆինանսավորման խնդիրը, եթե, իհարկե, իշխանության փոփոխությունը չհանգեցնի սեփականության վերաբաշխման: Իսկ թե ինչ է թաքնված այդ ձևակերպման հետևում, թող ամեն մեկն ինքը որոշի:


Բայց վերադառնանք Մայիսի 9-ին: Անկախ այն բանից, թե ով և ինչպես է նշում այդ հանդիսավոր ու ողբերգական ամսաթիվը, մենք մեր ամբողջ ազգով մինչև աշխարհի վերջը պարտավոր ենք հիշելու Հայրենական մեծ պատերազմը և Մայիսի 9-ը: Ոչ թե մայիսի 8-ը, այլ Մայիսի 9-ը: Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցների քանակը լավ հայտնի է, ինչպես և ԽՍՀՄ հայ հերոսների: Փառք Աստծո, որ Հայաստանի երդվյալ արևմտամետներն անգամ չեն համարձակվում ծաղրի ենթարկել մեր մեծ նախնիների հիշատակը: Գիտեն, որ լուրջ հարված կստանան վզակոթին: Եվ թող իմանան, թող միշտ վախենան այդ պատերազմի հայ հերոսների ընտանիքների անդամների ցասումից: Դեռ չեն հասել ՈՒկրաինային, որտեղ ավերում են անգամ գերմանական ֆաշիզմի դեմ պատերազմի ուկրաինացի հերոսների հուշարձանները: Մեզ մոտ դեռ չեն հասել ազգային հիշողության կորստի ծայրահեղ աստիճանին, ինչպես հետխորհրդային որոշ տարածքներում և Արևելյան Եվրոպայում: Ցավոք, խնդիրն այն է, որ անկախության վերականգնումից հետո անցած 27 տարում ինչ-որ ուժեր աճեցրել և դաստիարակել են գերմանական նացիզմի և անձամբ Հիտլերի երկրպագուների:
Հին չինացիները հետագա սերունդներին իզուր չեն խրատ թողել. «Աստված չանի, որ դուք ապրեք փոփոխությունների ժամանակ»: Ինչու՞: Որովհետև հենց խռովությունների, հեղափոխությունների ժամանակ են մակերես ելնում, առանց թաքնվելու, հասարակության կեղտոտ ու գարշահոտ փրփուր հանդիսացող շրջանակները: Դատենք տրամաբանորեն: Խորհրդային մյուս ժողովուրդների հետ պատվով ու փառքով ֆաշիզմը ջախջախած ԽՍՀՄ հայ հերոսների հիշատակը Հայաստանում ամենևին չի մթագնում այդ պատերազմի ողբերգական անձանց, միաժամանակ՝ մեր ազգային հերոսների հիշատակը: Խոսքն առաջին հերթին գեներալ Դրաստամատ Կանայանի (Դրո) և Գարեգին Նժդեհի մասին է: Եվ պետք չէ նրանց համեմատել մարշալներ Բաղրամյանի, Բաբաջանյանի, Խուդյակովի, ծովակալ Իսակովի և ԽՍՀՄ այլ նշանավոր զինվորական հայ գործիչների հետ: Յուրաքանչյուրն իր տեղն ունի հայ ժողովրդի պատմության մեջ: Չի սխալվում միայն նա, ով չի ապրում և չի փորձում ապրել: Ես բազմիցս եմ անդրադարձել այս թեմային՝ հստակորեն ապացուցելով, որ եթե պետք է հիշել, ապա՝ ամեն ինչ: Օրինակ, հիշել, որ Դրոն ոչ միայն համագործակցել է գերմանացիների հետ, այլև այն, որ նա է եղել խորհրդայնացված Հայաստանի հեղկոմի զորքերի առաջին հրամանատարը, ըստ էության դավաճանելով իր «Դաշնակցություն» կուսակցությանը: Եվ հիշել, թե ինչու նա ստիպված փախավ արդեն Խորհրդային Հայաստանից: Կամ «կարմիր ահաբեկչությունը» Անդրկովկասի հայերի դեմ՝ ի հաճույս «Ադրբեջան» օտար անվանումով նորաստեղծ մանրակայսրության. մեր ազգը դա կարո՞ղ է մոռանալ: Այդպես է եղել ԽՍՀՄ-ի գոյության ժամանակ: Բայց հիմա դա մեր ինչի՞ն է պետք: Թուրքերի հետ «պաչպչվելու» մասին երազող հայաստանյան շրջանակներն ավելի լավ է գնան այնտեղ, որտեղից ժամանակ առ ժամանակ Թուրքիայի հետ սահմանը բացելու կոչեր ու խորհուրդներ են հնչում:


Բայց հիմա Հայաստանում ներկայիս կեղտոտ ու գարշահոտ փրփուրն ինչու՞ է «խաղեր սարքում», ըստ էության, Հայրենական մեծ պատերազմի իմաստի և արդյունքների վերագնահատման շուրջ: Ինչու՞ է նրանց հարկավոր գխիվայր շրջել ամեն ինչ: Դեռ 2015-17 թթ. ես անձամբ պարզեցի, ընդ որում՝ ֆեյսբուքի խորքերում, որ կան ավելի տագնապալի բաներ, որոնք ապացուցում են, որ Հայաստանում, թեկուզ ոչ բացահայտ, քիչ-քիչ հակառուսական լրջագույն «աշխատանք» է կատարվում: Որ Հայաստանում կան ուժեր (ինչպես սեփական՝ ներքին, այնպես էլ, չենք բացառում, օտարերկրյա), որոնք ուզում են հայերին տրամադրել այն մտքին, թե «լավ կլիներ, եթե հաղթեր Հիտլերը», իբր նա պլան ուներ, որ «Ստալինգրադը վերցնելուց հետո Բուլղարիայից վերմախտի ջոկատները պետք է մտնեն Թուրքիա, հետո՝ Հունաստանից և Իտալիայից, հետո՝ Հայաստանից ու Վրաստանից: Թուրքիան պետք է վերացնեին և ստեղծեին Մեծ Հայաստան»: Նման ցնդաբանության հեղինակները, որպես կանոն, պնդում են, որ եղել է նման պլան, և այն պաշտոնական էր, գործողությունն էլ կոչվել է «Հերտրուդ»: Հարվածային կարգով այդ ուղղությամբ գործում է մեր հայրենակից Է. Աբրահամյանը իր «Կովկասցիները աբվերում» գրքույկով:


Ինչու՞ չեն պատժվում այդ անձինք: Պատասխանը մեկն է՝ մեր անիրազեկության, իշխանությունների (Հայաստանի կամ այլ երկրների) թողտվության պատճառով: Նրանց՝ կեղտոտ ու գարշահոտ փրփուրի ներկայացուցիչներին, թույլատրված է ամեն ինչ, նրանց ֆինանսավորում են, միայն թե նրանց «աշխատանքի» պտուղները պարունակեն հակառուսական կամ էլ այնպիսի քարոզչություն, որը գոնե անուղղակի ցանկություն հարուցի վերանայելու և՛ Հայրենական մեծ պատերազմը, և՛ նրա արդյունքները: Որևէ մեկը կարծում է, թե գերմանացիները «Հերտրուդ» պլան չե՞ն մշակել: Մշակել են: Բայց բանն այն է, որ, ըստ պաշտոնական աղբյուրների, ոչ թե ըստ Է. Աբրահամյանի գրքույկի կամ 2-րդ համաշխարհային պատերազմի պատմության՝ ԱՄՆ-ից և Անգլիայից ելնող նորագույն «հովերի», «Հերտրուդ» գործողությունը «Թուրքիա գերմանական զորքերի ներխուժման պլանն է նրա՝ Գերմանիայի դեմ պատերազմի մեջ մտնելու դեպքում (չեղյալ է հայտարարված)»: Ինչու՞ է չեղյալ հայտարարվել: Որոնեք և ուշադիր ուսումնասիրեք այն տարիների քեմալական Թուրքիայի կինոքրոնիկան: Նացիստական երթեր փողոցներում ու հրապարակներում, Գերմանիայում նացիստական երթերի ու գործողությունների գրեթե թութակային պատճենում: Վերջապես, Թուրքիան, առերես իբր չեզոքություն պահպանելով, նացիստներին խոստացել էր պատերազմի մեջ մտնել Ստալինգրադից հետո: Եվ Հիտլերը «վստահեցրել» էր գրավել ամբողջ Կովկասը, և, կներեք, Հայաստանի համար բացառություն չէր արվել:


Չարը միշտ պատժելի է, Հայաստանի իշխանություններ, արևմտամետ ընդդիմություն, Հիտլերի երկրպագուներ և «հիտլերներ»: Ստորությունների համար պատասխանատվություն կրելու ձեր հերթն էլ կգա: Եվ մեր նախապապերը, պապերը, ոմանց՝ հայրերը, որոնք արյուն են թափել, որ ոչ ոք, նույն թվում՝ Թուրքիան 40-ական թվականներին, չգրավի Կովկասը, կգան և բոլորիցդ պատասխան կպահանջեն: Այն պատերազմի հայ հերոսները, շարքայիններից մինչև մարշալներ, ձեզ թույլ չեն տա, որ հանգիստ դոլարներ կամ եվրոներ վաստակեք հայ ազգի պատմական կոլեկտիվ հիշողության առևտրով: Ինչպես նացիստները 40-ական թվականներին, այնպես էլ դուք այժմ դատապարտված եք հավերժ պարտություն կրելու:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3042

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ