Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Պոլսահայությունն օտարանում է իր մայրենիից»

«Պոլսահայությունն օտարանում է իր  մայրենիից»
11.05.2018 | 01:26

«Իրատեսի» հյուրն է արխիվագետ, խեցեգործ ԳԱՅՈՒՇ ՉԱԼԸ ՔՄԱՆ ԳԱՎՐԻԼՈՎԸ:

-Սիրելի Գայուշ Գավրիլով, շնորհակալություն, որ ինձ հրավիրեցիք «Նոստալժի» անունով այս գողտրիկ գրախանութ-սրճարանը: Այն ինձ համակեց տաք, հարազատ միջավայրում լինելու զգացողությամբ, նույնիսկ մի պահ մոռացա, որ ինձ այնքան անծանոթ Պոլսում եմ: Անցյալի հայելին կախարդական գեղադիտակի պես անվերջ անդրադարձնում է Հայկական Պոլսի սքանչելի պատկերը: Ասացեք, այդ գեղադիտակի ո՞ր երանգն եք Դուք, ինչու՞ է Ձեր ազգանունը Գավրիլով, որտեղի՞ց են Ձեր նախնիները:
-Ծնվել եմ 1962 թ. հուլիսի 4-ին, Պոլսում: Մորս կողմը բնիկ պոլսեցի է: Հորական կողմից մեծ հայրս Բութանիայի Ադաբազարից էր: Ինքն ասում էր. «Սելջկական արշավանքների ժամանակ Անիից փախած հայերից ենք»: Ադաբազարը ճահճոտ տեղ է եղել: Հայերը չորացրել են, հողը հարստացրել, մշակել, բնակելի դարձրել: Բայց, ցավոք, այդտեղից էլ ստիպված են եղել գաղթել: Ինչ վերաբերում է ազգանվանս, ամուսնուս մեծ հայրը 1915 թ. փախել է Թուրքիայից, հասել մինչև Սևաստոպոլ: Վերադառնալիս վախենալով, որ կրկին կհետապնդվի, ազգանունը փոխել է՝ Գավրիլով, որպես հայ մաթլոս՝ երկիր չունեցող, աներկիր քաղաքացի:
Գրատան մասին ասեմ. մոտավորապես տասնհինգ տարեկան է: Սկզբում սովորական, անշուք պատուհաններով, խեղդուկ մի տեղ էր, որը ներս մտնողին ամենևին չէր հրապուրում: Արդեն երկրորդ տարին է, որ այն նաև սրճարան է՝ մտերմիկ երևույթով, մարդիկ գալիս են այստեղ հաղորդակցվելու միմյանց ու նաև գրքերի հետ: Այցելուներն ավելի շատ շրջակայքի մարդիկ են, հիմնականում՝ սոցիալիստներ: Սակայն ցավով պիտի ասեմ, որ գիրք գնողները քիչ են։
-Ո՞ր դպրոցում եք սովորել:
-Սովորել եմ Մերամեթչյան դպրոցում, ապա Եսայան վարժարանում: Մերամեթչի նշանակում է ուռկան նորոգող: Ես Ձեզ կպատմեմ Գումափուի մասին, որտեղ ապրում էին հայ ձկնորսները: Այնուհետև ավարտել եմ գեղարվեստական ակադեմիայի խեցեգործության բաժինը, ապա և Ստամբուլի պետհամալսարանի վավերագրության և տեղեկատվության բաժինը՝ արխիվագիտություն և գրադարանավարություն մասնագիտությամբ: Երկար տարիներ խեցեգործության արհեստանոց ունեի: Հիմա վարժարանում ուսուցչուհի եմ, նաև «Հրանտ Դինք» հիմնադրամի արխիվի և գրադարանի պատասխանատու:
-Խեցեգործություն, արխիվ, գրքեր, հետաքրքիր է՝ իսկ քաղաքականությունը ձեզ չի՞ հրապուրել, գնալով ավելի շատ կանայք են ջանում աչքի ընկնել այդ ասպարեզում, նրանք երբեմն ավելի սկզբունքային ու համարձակ են, քան տղամարդիկ:
-Եղել եմ HDP-ի՝ քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ: Առաջադրվել եմ Իշխանաց կղզիների քաղաքապետի թեկնածու: Ինձնից առաջ մեկ այլ կուսակցությունից Րաֆֆի Հերմոն Արաքսն էր առաջադրվել այդ պաշտոնի համար: Իրականում ինձ ավելի ձգում են գրքերը, թարգմանությունը: Ամենակարևորը՝ Զապել Եսայանի «Ավերակներուն մեջ» գիրքը թարգմանեցի թուրքերեն: Այն բացառիկ հաջողություն ունեցավ: Չորս տպագրություն եղավ, որը հայերեն գրքի համար բացառիկ երևույթ է: Կարծում եմ՝ թուրք հասարակությունը, հատկապես երիտասարդ սերունդը, կարդալով կարևոր հետևություններ կանի: Այս գրքում «Կանայք, որ միշտ կային» նյութը Մարի Բեյլերյանի մասին է, որը հնչակյան կուսակցության գործիչ էր, ուսուցչուհի, գրականագետ և «Արտեմիս» պարբերաթերթի հիմնադիրը:
-Ինչպիսի՞ն է պոլսահայուհի Գայուշ Չալը Քման Գավրիլովի ընտանիքը:
-Երեք զավակ ունեմ՝ Մուրազ, կինը՝ Նաիրան, հայաստանցի է, Գայանե, Նարե: Նարեն 21 տարեկան է, «Ձորի Միրոն» ֆիլմի Նարեի կերպարով տպավորված այդ անունը դրեցինք: Ամուսինս՝ Ժան Գավրիլովը, ճարտարապետ է: Նա Աղթամարի եկեղեցու նորոգման կոմիտեում ընդգրկված ճարտարապետներից մեկն է: Քանի որ հանձնաժողովում ընդգրկված մասնագետները քաջատեղյակ չէին հայկական ճարտարապետությանը, նա առաջարկել և պնդել է, որ նորոգող մասնագետներն անպայման Հայաստանից լինեն:
Հիմա կարոտում եմ խեցեգործությանը: Այն առօրյայից, իրականության հանդեպ անբավարարությունից փախուստ է դեպի նպատակ: Ափսոս, որ, կյանքի պայմանների ճնշմամբ, աշխատանքս արվեստի մակարդակի չհասցրի: Իմ հոգում արվեստի հանդեպ ձգտումը լրացնում եմ գծանկարչությամբ: Երբ հասակ առնեմ, ամբողջովին պիտի նվիրվեմ ստեղծագործելուն: Կյանքն անցնում-գնում է, հետ ես նայում, զարմանում՝ ե՜րբ անցավ...
-Պոլսահայ կինը, որքան որ պատկերացում ունեմ արևմտահայ գրականությունից, տանտիրուհի է, կերակուր պատրաստող, մաքրություն անող...
-Այո, միշտ տանտիկին է եղել, մինչև վերջերս էլ աշխատավոր կնոջը բարեհամբույր չեն նայել, լավ չի դիտվել, ափսո՜ս, այսօր պատկերն այլ է. վիճակ չունի, աշխատում է: Այսօր չաշխատող կնոջն են վատ նայում: Կինն առօրյա գործերով զբաղվելուց բացի՝ ճաշ, մաքրություն և այլն, պետք է դուրս գա տնից, մի աշխատանքով զբաղվի, հետևի կյանքի անցուդարձին: Դժբախտաբար, կանայք մեծ հոգսերի, մեծ գործերի մեջ շաղախված չեն:
-Եղե՞լ եք Հայաստանում և ե՞րբ:
-1995-ից ի վեր ամեն տարի այցելում եմ, տարի կա՝ երկու անգամ: Երևան ասելիս աչքիս առաջ է գալիս Տերյան փողոցը։ Ամենից շատ այդ հատվածն եմ սիրում, երեկոյան՝ դեղին լույսի ցոլքը շենքերի վրա շատ եմ սիրում և ամեն անցնելիս մտածում եմ. «Ա՛խ, ինչու ես այստեղ չեմ ապրում»: Հիմա այդ շենքերի առաջին հարկերում խանութներ են միայն, Տիգրան Մեծ պողոտայում մի երկու շենք կա, երևի շուտով դրանց առաջին հարկերն էլ բնակելի չեն լինի: Շատ եմ սիրում և Մաշտոցի պողոտա-օպերայի այգով դեպի Սայաթ -Նովա փողոց հատվածը: Թվում է՝ ծառերի հետևում ծով կա, Ստամբուլն է հիշեցնում: Սիրում եմ, հարազատ է Կասյան փողոցը: Հիմա Գյուլբենկյան-Բաղրամյան հատվածում «Ստամբուլ» անունով խանութ կա. Ո՜ր մեկն ասեմ... Հայրիկիս մեծ հայրը, տատիկիս մայրը և հայրը՝ տղաների հետ, ապրել են Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի երկսենյականոց բնակարանում, «Կակտուսից» մի քիչ ներքև էր: Այդ շենքն էլ է շատ հարազատ...
-Կարծես բնիկ երևանցի մի տիկնոջ սրտի խոսք եմ գրառում: Իսկ Պոլի՞սը, ինչպիսի՞ն է Ձեր Պոլիսը։
-Մինչև 2-3 տարի առաջ Պոլիսն իմ ծննդավայրն էր ու շատ սիրելի քաղաքը: Կային թաղեր, որոնց պատմությունը կապված էր իմ ինքնության անցյալի հետ. Օրթա գյուղը հայրիկիս ծննդավայրն էր, Բյույկ Դերեն, նշանակում է մեծ գետ, Բոսֆորի վերջավորությունն է դեպի Սև ծով, Քադըգյուղ (Քալքեդոն) մեծ մորս մայրն էր այնտեղ, Սամաթիա և Էդիրնեքափը՝ դեպի Ստամբուլ բացվող քաղաք է, սա մեծ մորս հորն է խորհրդանշում: Ամենից շատ այս հիշատակներն են կանչում: Թեփեբաղը, Բեյողլու, Փերա... Բեյողլու՞. Ստամբուլի ամենաքրիստոնեասեր, մշակութային և զվարճանքների թաղամաս, այստեղ են գտնվում Ռուսաստանի, Շվեդիայի, Հունաստանի ու այլ երկրների դեսպանատները: Սրանք պոլսահայության անցյալն են խորհրդանշում, և մանկությանս հետ կապված հուշեր են արթնացնում, որ չեմ կարող ասել: Եվ այս բոլորն էլ վերջին տարիներին կառավարության կողմից հալածանքի են ենթարկվել: Հիմա բոլորովին այլ քաղաքում, այլ Ստամբուլում ենք ապրում: Հիմա՝ այս պահին, որ այդ տողերը գրում եք, այս քաղաքի հետ ոգու կապ չունեմ, ինձ զգում եմ որպես մի ուռուցք, որ ուզում է դուրս պրծնել: Ինձ համար Երևանն է իմ հայրենիքը, և դարձյալ արմատներ ունեմ թե՛ հորական, թե՛ մորական կողմից: Հորս մորական կողմից գաղթօջախն է, և շուտով իմ գաղթելու օջախը կլինի. ոսկի երազս Երևանում բնակություն հաստատելն է: Երազանք էր, որ հիմա հստակ ծրագրի է վերածվել, նպատակ է, գործ, որ կարճ ժամանակ անց կիրականանա: Բայց որքան այստեղ անհանգիստ եմ, այնտեղ էլ անհանգիստ պիտի լինեմ, պայքարեմ: Այստեղից փախուստիս միակ պատճառը Իստանբուլի վիճակն է, հայ համայնքի վիճակը. այլևս ինքզինքս օտար և մենակ եմ զգում այստեղ:
-Պատճառը...
-Շատ պատճառներ կան: Մեր համայնքում ազգասիրություն չի մնացել: Օտար ազգերի, հատկապես թուրքերի հետ ամուսնությունը 80 %-ի է հասել: Անշուշտ, երևույթն ազդում է նաև դպրոցների վրա, և դրանից էլ համայնքի բնույթը փոխվում է: Այսքան տարվա մեջ մեկ աշակերտ ունեմ, որի մայրը հայ է և զավակին պարտադրում է հայերեն խոսել:
-Ասացիք՝ կպատմեք հայ ձկնորսների մասին:
-Գումգափուն հետաքրքիր թաղամաս է եղել դարեր ի վեր: Հետաքրքրականն այս վերջին շրջանն է: Հանրապետության շրջանում ձկնորսների թաղ է եղել: Ժամանակի ընթացքում Գումգափուն իր հայությունը կորցրել է: Բայց նախ Գետիկ փաշայի մասին. ծովեզերքից դեպի Գումգափու սարալանջի վրա է այն: Գետիկ փաշայի հայությունն ավելի բարեկեցիկ է եղել: Իսկ Գումգափուն ձկնորսների թաղ էր և արհամարհված էր Գետիկ փաշայի ժողովրդի կողմից: Արի տես, որ այս թուրք ժողովուրդը, լինի Օսմանյան կայսրության օրոք, թե հանրապետության, նույն կերպ է մտածում. «Ովքե՞ր են այստեղ, հայե՞ր, հմմմ..., այնպես անենք՝ հանենք այստեղից»: Գետիկ փաշայի տեղում կոշկեղենի արտադրամասեր հիմնեցին, տեղը կեղտոտվեց, կեղտոտ գործ, կոշկակարներն էլ որպես երևույթ այն չէին... ՈՒ Գետիկ փաշայի հայերն ստիպված թողնում- հեռանում էին...
Ձկնորսությունն էլ կամաց-կամաց հեռացավ հայերից, և Գումգափուի ժողովուրդն էլ կամաց գաղթեց Սամաթիա ու Բաքրգյուղ (հայերեն՝ Մաքրիգյուղ) և քիչ էլ դեպի Շիշլիի ու Քուրթուլուշի կողմերը, և, ըստ իրենց, տնտեսական վիճակի առումով՝ քիչ մը անդին գացած են: Գումգափուում մնացել են նյութապես շատ համեստ, խղճալի վիճակ ունեցողները: Նվազող հայությանը «օգնության» են հասել, լրացրել թվաքանակը 70-ականներից մինչև 90-ականները Սասունի և Բիթլիսի գյուղերից գաղթած հայերը: Եվ, բնականաբար, փոխվել է պոլսահայության նկարագիրը... Գյուղերի հայությունն էլ փախչում էր իրեն շուրջ սպառնալիք դարձած քրդերից: Բայց շատ չանցած՝ այդ քրդերն էլ սկսեցին գաղթել, որոնցից շատերն իսլամացած հայեր էին: Եկան Գումգափու՝ իրենցից փախած հայերի հետ կողք կողքի ապրելու: Ստամբուլի մեջ իրար ապավինելով՝ ապրեցին տարիներով: Դարձյալ գաղթ սկսվեց. բարգավաճող ընտանիքներն սկսեցին տեղափոխվել Սամաթիա, Բաքրգյուղ, Եշիլգյուղ, այնտեղից էլ՝ Քուրթուլուշ (Թաթավլա, որ հունարեն նշանակում է ախոռներ), Ֆերիքյոյ: Գումգափուն դարձյալ դատարկվեց հայերից: Ո՜վ եկավ օգնության... Հայաստանից եկած հայերը, ազերիները, աֆրիկացիները, գյուրջիները...
-Ցավալի է, պատճառը Հայաստանում աշխատանք չունենալն է:
-Այո, ցավալի, սկզբում Հայաստանից եկած հայերն ինձ համար երկնքի յոթերորդ հարկից իջած հրեշտակներ էին, բնավ արժանի չէին այդ գործն անելու, ափսո՛ս էին այդ գործն անելու: Կամաց-կամաց հասան մի վիճակի, երբ արդեն, ներիր, ինձ համար արդեն նրանք հրեշտակներ չեն, այլ պարզապես՝ Սվետլանա, Ռուզան, Հերմինե... Հայաստանցի հրեշտակներն իջան մինչև սատանայի աստիճանի: Շատերն այստեղ ատելով ատում են հայաստանցիներին։
-Մտատանջող հարցեր, որոնց պատասխանները միանշանակ չեն: Ինչի՞ համար եք ցավում ամենից խոր։
-Պոլսահայությունն օտարանում է իր մայրենիից: Շատ մեծ ցավ է: Երբ ճանապարհին տեսնում եմ, որ մի մայր զավակի հետ հայերեն է խոսում, զարմացած շրջվում եմ, մոտենում, մորը շնորհակալություն հայտնում, որ հայերեն է խոսում։ Աշխարհում բարդ վիճակ է, և այդ բարդ վիճակում առավել բարդ է հայի ու պոլսահայի վիճակը: Սակայն առանց լավի սպասումի կյանքը չի շարժվի: ՈՒրեմն՝ հավատանք։


Զրուցեց
Ասպրամ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ

Դիտվել է՝ 4807

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ