Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Այդպիսի սիրով, այդպիսի ժողովրդի հետ հրաշքներ կարելի է գործել»

«Այդպիսի սիրով, այդպիսի ժողովրդի  հետ հրաշքներ կարելի է գործել»
11.05.2018 | 01:40

«Իրատեսի» հյուրը բանաստեղծ, թարգմանիչ ԳԱԳԻԿ ԴԱՎԹՅԱՆՆ է:
Այս զրույցը սկսել ենք շաբաթներ առաջ՝ բոլորովին այլ իրավիճակներում, հիմա այն շարունակում ենք նոր Հայաստանում:

(Նախորդ մասը)


-Պարոն Դավթյան, աներկբա է, որ հայ ժողովուրդը հաղթանակ տարավ սեփական հուսալքության, անտարբերության, անկարողության զգացումի նկատմամբ: Մայիսի 8-ից հետո մենք իսկապե՞ս ունենք նոր Հայաստան:
-Ինքն իր նկատմամբ մեր ժողովրդի տարած հաղթանակը այլ կերպ չես կոչի, քան համազգային սխրանքի սկիզբ: Ընդամենը սկիզբ, որը հմտորեն գլխավորեց Նիկոլ Փաշինյանը, ասես ևս մեկ անգամ հաստատելով մեր մեծ բանաստեղծի խոսքը, «Թե այնտեղ է լոկ սխրանքն սկսվում, // ՈՒր վերջանում է ամեն մի հնար»: Այնպես որ, կրկնում եմ, ամեն ինչ նոր է սկսվում: Մենք արդեն իսկ ունենք նոր ժողովուրդ, որը նոր Հայաստան կերտելու առհավատչյան է: Այն Հայաստանը, որտեղ ընդունվող օրենքներն ու որոշումներն այլևս չեն բարդացնի մարդու կյանքը, ասել է թե՝ կլինեն ժողովրդամետ, այն Հայաստանը, որտեղից այլևս չեն հեռանա ձեռքը թափ տալով ու թքելով, այն Հայաստանը, որի հողը կհամբուրեն նրանք, ովքեր կվերադառնան` աշխարհով մեկ ցրված և այլոց շահերին ծառայող իրենց ներուժը ի սպաս դնելու հայրենի երկրի շենացմանը:
-Ազգային ժողովում վարչապետի ընտրությունից հետո Հանրապետության հրապարակ եկած Նիկոլ Փաշինյանի ելույթն ինձ համար մի կարևոր «մեսիջ» էր. եթե ժողովուրդն ինչ-որ բանից դժգոհ լինի, արդեն գիտի, թե ինչ և ինչպես պիտի անի: Այսինքն՝ վե՞րջ բռնաճնշումներին, վե՞րջ օրենքի կամայական կիրառմանը, վե՞րջ այլակարծության համար բանտերում հայտնվելուն, վե՞րջ, վե՞րջ, վե՞րջ… Այս հեքիաթը կնյութականանա՞ Հայաստանում:
-Համենայն դեպս, այդ հեքիաթը նյութականացնելու է տրամադրված մեր հիրավի ազգընտիր վարչապետը, և ես հավատում եմ նրա վճռականությանը: Հավատում եմ, որովհետև իրադարձությունների ամբողջ ընթացքում, գործ ունենալով հարյուրհազարավորների հետ, նա թույլ չտվեց գոնե մեկ սխալ, գոնե մեկ սայթաքում: Իսկ ինչպիսի սիրով էր շրջապատել իր առաջնորդին աշխարհի հայությունը: Չմոռանանք, որ մենք առանձնապես չենք «փայլում» մեր «արքայասիրությամբ»: Այս իմաստով, իրոք բացառիկ էր համազգային մեր ընդվզումը: Այդպիսի սիրով, այդպիսի ժողովրդի հետ հրաշքներ կարելի է գործել, հրաշքներ, որոնց կողքին, իմ կարծիքով, հեշտ լուծելի հարց է բռնաճնշումների, օրենքների կամայական գործադրման փաստերի բացառումը:

-Պուտինն ու Մեդվեդևն ասես անհամբեր հետևել էին մեր հանրապետության անցուդարձին և հաշված րոպեներ անց շնորհավորեցին հայ ժողովրդի ընտրյալ վարչապետին. ինչի՞ մասին է սա խոսում:
-Բովանդակ աշխարհն էր հետևում մեր երկրի անցուդարձին, և այս համապատկերում տարօրինակ կլիներ, եթե Ռուսաստանը չանհանգստանար իր ազդեցությունը կորցնելու երկուստեք անցանկալի հեռանկարի համար, ինչքան էլ որ այն անհավանական թվար (Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին, Գյումրվա ռազմաբազան, Հակահրթիռային պաշտպանության միավորված համակարգը, հանրապետությունում ռուսական կապիտալի ծավալները և այլն): Բանը նույնիսկ այնտեղ հասավ, որ Կրեմլի խոսնակը դիմեց մեր ժողովրդին, հորդորելով ուշադրություն չդարձնել «Ռոսնեֆտի» մամուլի քարտուղար Միխայիլ Լեոնտևի խոսքերին, որը «Կոմսոմոլսկայա պրավդայի» եթերում պնդել էր, թե իբր Հայաստանն իր ողջ պատմության ընթացքում բեռ է եղել Ռուսաստանի համար` լկտի վիրավորանքներ հնչեցնելով Հայաստանի և հայերիս հասցեին: Թվում է` մի փոքր «բարիացել է» պաշտոնական Ռուսաստանը:

-Եվ այնուամենայնիվ, ներքին ձայնս ինձ հուշում է. «Քայլ արա… վերադարձիր զրուցակցիդ ստեղծագործական դաշտ»: Այսպիսի տողեր ունեք.
«Ճշմարտությունը պարանոցին է հարկավոր կապել…»:
Որ եթե դիտմամբ
շեղել ես փորձում,
ուզում ես նեղել
խոսքը ճշմարիտ,
պարանն իր հերթին՝
կոկորդդ նեղի»:
Չե՞ք կարծում, որ ոմանց համար այդ պարաններն առաձգական են ու չեն խեղդում, ավա՜ղ, ճշմարտությունը շեղողների կոկորդը:
-Առաձգականությունն էլ իր սահմանն ունի, որից հետո կտրվում է ամեն մի պարան՝ մինչ այդ խեղդելով ճշմարիտ խոսքը շեղողին: Այնպես որ, ճշգրիտ և բոլոր ժամանակների համար է աստվածաշնչյան խոսք-խորհուրդը. «Ճշմարտությունը պարանոցին է հարկավոր կապել…»:

-2013 թվականին կայացած Գրողների բելգրադյան համաժողովի մասին հուշերում գրում եք, թե ինչպես էր ադրբեջանցի պատվիրակ Անարը շրջապատված ադրբեջանական դեսպանատան աշխատակիցների ուշադրությամբ՝ ի տարբերություն Ձեզ՝ հայաստանյան ներկայացուցչի: Այս խնդիրը շատ հաճախ է բարձրաձայնվում մեզանում, որտե՞ղ փնտրել դրա արմատները:
-Հեռուներում փնտրելու հարկ չկա: Ամեն ինչ գալիս է մտավորականության հանդեպ վերաբերմունքից, իսկ եթե նկատի ունենանք, որ դիվանագետը իր պետության դեմքն է արտերկրում, ուրեմն՝ պետական վերաբերմունքից: Չեմ ուզում ընդհանրացնել: Ավստրիայում և Լեհաստանում համոզվեցի, որ մենք, իրոք, մշակութամետ դեսպաններ ունենք, մինչդեռ, օրինակ, անցյալ տարի ես երկու խոշոր գրական փառատոների մասնակցեցի Չինաստանում, բայց այդպես էլ չզգացի, որ մենք այնտեղ դեսպանատուն ունենք: Կամ, օրինակ, չեմ հասկանում, թե ինչու մենք մինչ այժմ բախտակից Սերբիայի հետ դիվանագիտական հարաբերությունները հանձնել ենք, այսպես կոչված, Պատվո հյուպատոսների քմահաճույքին, իսկ Ադրբեջանը ոչ միայն դեսպանատուն ունի Բելգրադում, այլև կարողացել է «համոզել», որ ազերիներն ու սերբերը հոգեհարազատ ժողովուրդներ են և նավթադոլարներով սալիկապատված Դաշմայդան զբոսայգում, որը թուրքական հինգդարյա խավարի տարիներին մորթված սերբերի երբեմնի գերեզմանատունն է, կանգնեցնել Հեյդար Ալիևի արձանը:
-Թարգմանական արվեստը աշխարհի հետ հաղորդակցվելու լավագույն միջոցն է, և Դուք այդ գործի մշակն եք: Երբ կարդում եմ վրացական և համաշխարհային գրականությունից Ձեր կատարած թարգմանությունները, հասկանում եմ, որ մեր ներսի ցավը համամարդկային է ու համաշխարհային: Մասնավորապես մեջբերեմ Դավիթ Շեմոքմեդելիի երկտողը.
«Ի՜նչ խիղճ, ի՜նչ թախիծ - ի՜նչ տափակ հարցեր,
Աշխարհը լիքն է խղճի և թախծի թափոն-ջարդոնով…»:
Այս «թափոն-ջարդոնը» չէ՞ բանաստեղծության «հումքը»:
-Ոչ միայն: Մարդկությունը թևակոխել է իր բազմադարյա կյանքի ամենաբարդ ու հակասական ժամանակաշրջանը, և ինչպես երբեք, բանաստեղծության «հումք» կարող են ծառայել աղետալի արագությամբ աղավաղվող մարդկային-հասարակական բնականոն հարաբերություններն ու խեղաթյուրվող բարոյական սկզբունքները, արժեզրկվող այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են առաքինությունը, ամոթը, հարգանքը, պատիվն ու արժանապատվությունը: Մեր պոեզիայում, ցավոք, լավ չի օգտագործվում այս «հումքը», չնայած բանաստեղծական գրքերի աննախադեպ առատությանը:
-Ճապոնական գրականությունից արված Ձեր թարգմանությունները վկայում են, որ այդ ժողովրդի համար չսպիացող վերք է 1945-ի օգոստոսի 6-ի միջուկային պայթյունը: Նրանց և 1915-ի ողբերգության մեր վերապրումի միջև ընդհանրություններ և տարբերություններ տեսնու՞մ եք:
-Իմ կարծիքով` ճապոնական ողբերգությունն ավելի շատ համադրելի է Սպիտակի երկրաշարժի, քան 1915-ի մեր ողբերգության հետ, մանավանդ որ վերջին ժամանակներս առավել քան համոզիչ վարկածներ են շրջանառվում առ այն, որ երկրաշարժը, ի պատասխան 1988-ի մեր ազգային ընդվզման, խորհրդային կայսրության վերին էշելոններում բեմադրված և բանակի ձեռքով իրականացված աննախադեպ դաժան ներկայացում է եղել, ոչ թե մեր ժողովրդին պատուհասած տարերային աղետ: Եվ հետո, Հիրոսիմայի և Նագասակիի ռմբակոծություններից ճապոնացիները ոչ միայն հայրենիք չեն կորցրել, ինչպես մենք Ցեղասպանության արդյունքում, այլև մի քանի տասնամյակում հասել են մշակութային-գիտական-տեխնոլոգիական-տնտեսական այնպիսի բարձունքների, որ աշխարհի նախանձն են հարուցում:
-Ազգային ընդհանրություններին խոսուն մի անդրադարձ է Լյուբիցա Միլետիչի «Հայերն ու սերբերը» բանաստեղծությունը: Առհասարակ, այս բանաստեղծուհու մարդկային և պոետական որակները չափազանց հարազատ են մեզ: Ինչպե՞ս է ստացվում, որ օտարները մեզ երբեմն ավելի լավ են ընկալում, քան որոշ յուրայիններ:
-Բնական է, քանի որ մենք էլ օտարներին ենք ավելի լավ ընկալում և գնահատում, քան միմյանց: Իսկ եթե ավելի լուրջ՝ Լյուբիցա Միլետիչը խորքով ու լայնքով գիտի թե՛ մեր ազգի պատմությունը, թե՛ մեր երկու ազգերի պատմական առնչությունների հանգամանքները: Ընդ որում` գիտի ապշեցուցիչ մանրամասներով: Այստեղից էլ, ինչպես Դուք եք զգացել, նրա մարդկային և պոետական որակների հարազատությունը մեզ, որ լիարժեք արտացոլում է գտել թե՛ Հայաստանին նվիրված իր էսսեներում, թե՛ ծայրեծայր հայկականությամբ համակված իր «Արարատի հողմերը» բանաստեղծական գրքում, որից ընդամենը 16 գործ է ներկայացված իմ «Համաշխարհային պոեզիա» անթոլոգիայում: Ավելին, մեր մշակույթի նորօրյա նվիրյալը, իմ գործուն աջակցությամբ, թարգմանել և հրատարակել է հայ պոեզիայի շքեղ մի անթոլոգիա, որում ներկայացված են շուրջ 30 ժամանակակից բանաստեղծների ստեղծագործություններ:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 3921

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ