Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

150 հազար աշխատատեղ, ուրիշ ոչինչ (զիմբաբվեցի ծիրանագետը և ՀՀ-ն)

150 հազար աշխատատեղ, ուրիշ ոչինչ (զիմբաբվեցի ծիրանագետը և ՀՀ-ն)
11.05.2018 | 01:42

ՆԱԽԵՐԳ


Փթթող բնաշխարհի կանաչ ենթատեքստում կայծկլտում են տարվա առաջին պտուղները` դյութիչ թութը սևաթույր և կարմրավառ գայթակղություն ելակը։ Բայց երկիրը ցայսօր հիվանդ է կարմրուկով։ Նաև ճողվածքով։ Փորձենք ապաքինել։

Եվ խնդրեմ, մեր հույսերի մակույկները համընթաց հողմերի ուղեկցմամբ սահում են դեպի եռագույն կղզին, որի անունն է` «Շնորհապետական Հայկյան Հանրապետություն»։ Եվ ինչ, դարձյալ երազելու և վերստին ձեռնունա՞յն ենք մնալու։ Ո՛չ, ո՛չ և կրկին ո՛չ։ Զի աշխարհն է զարմացել իշխանափոխության զուտ հայաստանյան ձևից։ Ոմանք էլ փորձում են այն ընդօրինակել։ Սակայն քաղաքակիրթ իշխանափոխությունը և հաջորդող հուզավառ լիցքապարպումները զիս հիշեցնում են հնագույն հայկազյան պատգամը` «Էշին նստելը մի այիբ է, իջնելը` երկու»։ Մեզ մնում է նախ գնահատել երկրի անցուդարձը խորքով և լայնքով, երկայնքով և անպատճառ երկայնամտորեն։ Սակայն բավ է, համաձայն հնագույն իմաստության, գինու կարասը բաց է, գինին պետք է խմել։ Վարչապետն իր համոզմամբ, ընտրվում է կամոք հայ հանրության և համայն հայության, այլ կերպ ասած` ժողովրդի։ Նախկին, դեռևս ներկա շատ իշխանիկներ ապաշխարության շնորհանդեսներ են կազմակերպում սեփական խոհանոցում, այնուհետև հանրության առջև, դղրդագին կուրծք են ծեծում, արցունքաչ մեղայագրեր են հնչեցնում և ամոթխած քմծիծաղով խոստովանում են` իրենք էլ են կատարում ժողովրդի կամքը։ Տերը մեզ ապավեն։


Ռազմավարական և արմատական փոփոխություններ. սա է ներկա կառավարության և ԱԺ-ի համար գերակայություն, նաև` փրկօղակ։ Ակնհայտ է, որ եթե արմատական բարեփոխումները չդառնան դրության տերը, ապա վերստին կհեղեղվեն հրապարակներն ու փողոցները։ Զի համայն հայությունը չի քայլել որպես Փաշինյանի ուխտագնացության հետևորդ, նա մերժել է հակապետականությունը Հայաստանում։ Եվ վերջ, սկսվում է նոր գերխաղը, սահմանվում են միանգամայն այլ խաղադրույքներ։ Երկրի կարմրուկն ու ճողվածքը փորձելու է բուժել համաձայնության կառավարությունը։ Անվանումը և՛ հուզիչ է, և՛ պատկառելի։ Իսկ ինչ սխրանքներ այն պիտի գործի։ Համաձայնության կառավարությունը պետք է նախ հռչակի քաղաքականության և տնտեսության արմատական տարանջատումը։ Սա քրիստոնեավայել վարմունք կլինի, զի անհնար է նայել անդարդ սրտով, թե ինչպես է խորհրդարանում տանջահարվում գործի մարդը, ինչպես է նա շրջանցում պետական հարկն ու տուրքը, ընդդիմանալով սեփական խղճին, գտնվելով կուսակցական տոմսի պարտադրանքի տակ։ Գործարարն ու քաղաքական գործիչը երբ նույնանում են, էապես շահում է քաղաքական համակարգը, բայց խարխլվում են հայեցի բանն ու գործը։ Սակայն չէ՞ որ ի սկզբանե էր Բանը, ոչ թե քաղաքականությունը։ Քաղաքականությունը միով բանիվ Բան չէ, անհասկանալի ինչ-որ դրսևորույթ է, իսկ երբ պետությունն է գերքաղաքականացվում, ապա գլխիվայր է շրջվում ամեն բան։

ՕԼԻԳԱՐԽԻԱՅԻ ՎԱԽՃԱՆՆ ՈՒ ԿԱՊԻՏԱԼԻԶՄԻ ԾՆՈՒՆԴԸ
Արդյունաբերական համակարգի վերակենդանացում։ Սա է ներկա կառավարության գերագույն տեսլականը։ Մնացած ամեն բան ածանցյալ է։ Համաձայն գիտակ մարդկանց խելահաս հաշվարկների, Հայաստանին հենց այսօր անհրաժեշտ է 150 հազար մշտական աշխատատեղ։ Ըստ իս` գլխավորապես արդյունաբերական համակարգում։ Թե չէ ողբերգազավեշտ է ամենուր, ճարտարագետը տաքսի է վարում, դաշնակահարուհին էլ` աման լվանում, և սույն խայտառակությունը համարվում է աշխատատեղերի ստեղծում։ Երկիրը հայտնվել է հայկազյան գենի տրոհման խառնարանում, զի զբոսաշրջությունն է դարձել տնտեսության առաջընթացի քարշակ։ Այսինքն` արարող հայը դառնում է սպասարկող սուբյեկտ։ Անհնար է։ Հայաստանի գիտաարդյունաբերական համակարգի վերածնունդը միակ ճանապարհն է, որը տանում է դեպի տաճար, այն է` Շնորհապետական Հանրապետություն։


Անշուշտ, զբոսաշրջության ներուժի առումով չենք զիջում և ոչ մեկին, անգամ Իսպանիային, Ֆրանսիային և Իտալիային։ Նաև հիշենք իտալացիների սիրած խոսքը` «Յուրաքանչյուր զբոսաշրջիկ երկու իտալացի է կերակրում»։ Սակայն մեզ թող երբեք չկերակրեն, զի աշխարհասփյուռ արմենոիդներս ամենուր կերակրող ենք, ստեղծող ենք, ոչ մի երկրում քաղցած բերան և թալկացած ձեռք չենք։ Ի դեպ, զբոսաշրջության զարգացման տեսանկյունից մենք լրջագույն նահանջի մեջ ենք, վերածվել ենք «Տարածաշրջանային վետերոկի» (ռուս մշակութաբաններից մեկի որակումն է), հարևան Վրաստանը զբոսաշրջիկների ներգրավման տեսանկյունից մեզ գերազանցում է բազմապատիկ, յուրաքանչյուր տարի անհամար քանակությամբ ՀՀ քաղաքացիներ շրջանցում են Ծաղկաձորն ու Ջերմուկը և հանգստանում են Բաթումում ու Քոբուլեթում։ Զի Հայաստանում հանգիստը թանկ է, կրակի գնի է։ Եվ ահա զբոսաշրջության թռիչքային զարգացման հարցում մեզ ամենևին չեն օգնում ո՛չ ամենահին չարուխը, ո՛չ էլ ամենաերկար ճոպանուղին։ Սա ականջի օղ անելով քայլենք առաջ։
Արդյունաբերական համակարգի սերուցքը գիտաարդյունաբերական համակարգն է։ Վերածնունդն այս ամենի, հավատացեք, բնավ էլ մտաճախրանք չէ, այլ հաստատուն իրականություն է, չկասկածեք։ Գիտաարդյունաբերական (ազգային-պետական, շնորհապետական) համակարգի կայացմամբ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան լծորդի կարգավիճակից կանցնի սայլորդի վիճակի և առաջ կմղի երկրի տնտեսությունը, զի հայ գիտնականների գյուտերն ու հայտնագործությունները կներդրվեն հայկական արդյունաբերության մեջ։ Գումա՞ր է պահանջում, նշագրում եմ գումարի վայրը, մենաշնորհատերերի քսակները։ Բայց այսպիսին է առաջարկս. չենք սողոսկում քսակի մեջ, ստեղծում ենք հրապուրիչ պայմաններ, որ մենաշնորհատերերն ու մեծաքսակներն ահռելի գումարները ներդնեն երկրի գիտաարդյունաբերական համակարգում և դառնան հայ ազգային կապիտալիստ-բուրժուաներ։ Այսպիսով կվախճանվի քրեաօլիգարխիկ համակարգը, կծնվի կապիտալիզմը։ Ամեն։

ՀՀ գյուղատնտեսության մասին խոսելիս նախ հարկավոր է զինվել երկու թաշկինակով, մեկով սրբել արցունքները, իսկ մյուսով ծածկել հեգ գլուխը։ Երբ երկրի կառավարությունները խոսում են գյուղատնտեսության զարգացման մասին, ծրագրեր են առաջարկում և հորդորագրեր են հղում, ապա մի թաշկինակով պետք է հոմերական քրքիջից ծնված մեր արցունքների հեղեղը կանխենք, իսկ մյուսով ծածկենք գլուխներս, զի մեր վարսերը ապշահար զարմանքից կարող են անվերադարձ ցցվել։ Երանելի օրեր էին, ՀՀ կառավարությունը վարկեր էր զավթել, որով Զիմբաբվեի ներկայացուցիչը Հայաստանում պետք է զարգացներ ծիրանի մշակույթը։ Սույն օրինակը եզակի չէ, գյուղատնտեսության զարգացման համար ներգրավված վարկերը, ըստ ամենայնի, անապատացրել են երբեմնի ծաղկուն մեր այգիներն ու գեղականաչ արոտները։ Ներկա կառավարությանն առաջարկում ենք ելքը` ուշի ուշով ծանոթացեք «Իրատեսի» հեղինակներ Վահան Համազասպյանի և Ստյոպա Խոյեցյանի խիստ պատճառաբանված հրապարակումներին և փրկեք ներկա գյուղատնտեսությունը կործանումից։
Միով բանիվ, հենվելով հայկազյան կենարար մտքի վրա` ծրագրեր մշակեք և անմիջապես կենսագործեք։ Այսինքն` ամպեք և անձրևեք։

ՄՇԱԿՈՒՅԹԸ ԴԱՐԱՆՈՒՄ
Հայ արվեստաբանության ամենաինքնատիպ և խորագետ դեմքերից մեկը, անկասկած, Մարտին Միքայելյանն է։ Ահա թե ինչ է նա քարագրել մեկուկես տասնամյակ առաջ լույս ընծայված իր «Գույն, նշան, գիր» էսսեագրքում, ի թիվս այլ մտքերի. «Ազգային մշակույթ... Անկասկած, այս երկու բառերի միացությունն այսօր բոլորովին ուրիշ իմաստ ու նշանակություն ունի (քան երբևէ ունեցել է) ոչ միայն Հայաստանում, այլև ցանկացած հետամնաց կամ զարգացած երկրում։ Երրորդ աշխարհի երկրները նույնպես ահա արդեն մի քանի տարի մեծ ուշադրություն են դարձնում իրենց մշակույթի ավանդույթներին ու ինքնատիպությանը, որոնցից երկար ժամանակ բաժանված էին օտար վարչակարգերի մեղքով»։
Օտար վարչակարգի, այն է` ԽՍՀՄ-ի օրոք հայ ազգային մշակույթը համաշխարհային առաջնադիրքերում էր։ Ո՛չ կայսրության մայրաքաղաքը, ո՛չ էլ մյուս հանրապետությունների քաղաքամայրերն այնքան նորարար և ստեղծարար չէին, որքան մենք էինք։ Ի մասնավորի Երևանում բացվեց աշխարհում առաջին մանկական պատկերասրահը, հիմնվեց արդի արվեստի առաջին թանգարանը ԽՍՀՄ-ում։ Մայրաքաղաքային բոհեմիկ կիզակետերում պրկվում, ափեափ էր զարկվում մշակութային արարչագործ միտքը` «Միջանցահովիկ», «Նկարիչ», «Դերասան», «Պապլավոկ» և «Կազիրյոկ» սրճարաններում, արվեստի աշխատողի տանը (նշանավոր ԱԴՐԻ-ն) և այլն, և այլն։


Անկախ պետականության հաստատմամբ հայ ազգային մշակույթը հայտնվեց դարանում։ Հայ ազգային մշակույթի ռազմավարության անգոյության պայմաններում ՀՀ մշակույթի նախարարները մեկը մյուսին հաջորդելով, շեղել են բնականոն զարգացումը, մշակութային քաղաքականությունը կաղապարելով անըմբռնելի պերճանքային գալարումների մեջ։ Օրինակներն անհամար են, չթվարկենք։ Մշակույթը և արվեստը նախ հոգևոր գանձարան են, այնուհետև խիստ աշխարհիկ գործընթացներ։ Միջազգային նշանավոր աճուրդներում («Սոթբի» և այլք) հայ ազգային կերպարվեստը մինչ օրս անհայտ բացակայող է։ ՈՒ եթե ծանոթ է աշխարհին, ապա հիմնականում ռուսական կերպարվեստի մեծություն Այվազովսկիով և ամերիկյան վերացապաշտության դրոշակակիր Արշիլ Գորկիով։ Իսկ հայ կինո՞ն, որը խարխափում, դոփում է տեղում։ Իսկ հայ արդի գրականությունն ու երաժշտական արվե՞ստը։ Զարմանալի՞ է, բնավ, զարհուրելի է, զի աշխարհը գիտե և հիանում է Փարաջանով և Փելեշյան կինոճարտարապետներով, Սարոյան գրական հսկայով և..., և...։ Սակայն Հայաստանը, որպես վաղնջական և ալեծուփ մշակույթի անդաստան, չկա աշխարհի որևէ քարտեզում։ Մշակույթի նոր նախարարը պետք է հայ հանրությանը և, ի վերջո` ՀՀ կառավարությանը ներկայացնի հայ ազգային մշակույթի նախ պահպանման, այնուհետև զարգացման և, ի վերջո` համաշխարհայնացման ռազմավարությունը այբ-ից մինչև ֆե։ Կա՞ նման նախարար ՀՀ-ում։ Տեսնե՜նք, տեսնենք։

ՎԵՐՋԵՐԳ
Նախ և առաջ` անհրաժեշտ է հայտարարել համազգային զորահավաք և օրվա կառավարությունը ձևավորել անվերապահ հեղինակություն վայելող հայկազուններով, և՛ ՀՀ-ից, և՛ սփյուռքից։ Նախ և հետո` ՀՀ կառավարության ծրագրում պետք է անհապաղ պատասխան տրվեն հետևյալ հարցերին.
ա) արդյո՞ք հանրապետության արդյունաբերական համակարգը վերականգնվելու է, եթե այո, ապա ե՞րբ,
բ) մի՞թե չեն չեղարկվելու անհեթեթ վարկավորումները,
գ) ի՞նչ ճանապարհներով է հայաստանաբնակ հայության ճնշող մասը դուրս գալու վարկային լծի տակից։ Եվ այլն, և այլն։

Գարնան մայրամուտը սքանչելի է ու կենարար։ Բայց երկիրը ցայսօր հիվանդ է կարմրուկով։ Նաև ճողվածքով։ Փորձենք ապաքինել։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 5852

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ