«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Գուրգեն Յանիկյան. «Գալուստ Գյուլբենկյանի որդին իր հոր մասին»

Գուրգեն Յանիկյան. «Գալուստ Գյուլբենկյանի որդին իր հոր մասին»
11.05.2018 | 01:45

(Նախորդ մասը)

Գրեցի մոտավորապես հետևյալը. «Մեծապատիվ պրն Գ. Գյուլբենկյան, որ հայտնի է ամբողջ աշխարհին թե՛ իր խելքով և թե՛ իր դրամով:
Ես Ձեզ պես մի հայ եմ, որի հայրը ժամանակին Ձեր հոր հետ Տաճկաստանում նավթի առևտուր էր անում:
Ես Ձեզանից ոչ խելք եմ ուզում և ո՛չ էլ դրամ: Առաջինը փոխանցելի չէ, իսկ երկրորդի կարիքը չունեմ: Ես կուզեմ միայն սեղմել Ձեր ձեռքը, որ հպարտանամ դրանով իմ այս նոր գտած բարեկամների շրջանում»:


Ստորագրել էի լիովին անունս, ազգանունս և հյուրանոցի հասցեն:
Անսպասելի եղավ ուրախությունս, երբ երկու օր հետո հրավեր ստացա գնալու «Ռից» օթել:
Մեկնելով իր ձեռքը` Գալուստ Գյուլբենկյանն իրեն հատուկ ժպիտով ասաց.
-Ահա, սեղմեցեք, ամուր սեղմեցեք ձեռքը, որը Ձեզ կազատե Ձեր ընկերներու խոսակցություններեն:
Մի քանի րոպե միայն տևեց մեր տեսակցությունը, որի ժամանակ միայն հասկացա, որ նամակը գրել էի լորդ ընկերոջս անձնական նամակաթղթի վրա: Պիտի խոստովանեմ, որ գրելու ժամանակ ուշադրություն չէի դարձրել այդ պարագայի վրա, որը և գուցե եղել էր գլխավոր պատճառը, որ Գալուստ Գյուլբենկյանի պես մի զբաղված մարդ համաձայներ կորցնել մի քանի րոպե, որպեսզի իր հայրենակիցը իր պատճառով չկարմրեր օտար ընկերների շրջանում: Այս էր իմ ենթադրությունը:


Ինչ խոսք, որ փոխանակ տասներկու շիշ շամպայնի, պարտված բարեկամս շատ ավելին բացեց: Մեր ընկերական հարաբերությունները շարունակվում էին:
Մոտենում էին օրերը, երբ ես պետք է վերադառնայի Պարսկաստան, որտեղ զբաղված էի շինարարական գործերով: Զարմանքս մեծ եղավ, երբ ես քարտուղարի միջոցով Գալուստ Գյուլբենկյանից գրավոր հրավեր ստացա` հաջորդ օրը լինելու նրա հյուրը ընթրիքի համար:
Այս անգամ մեր տեսակցությունը րոպեներ չեղավ, այլ` ժամեր: Պարզվեց, որ ինձ հյուրասիրող մեծահարուստը արդեն շատ բան գիտեր իմ մասին: Միակ բացատրությունը, որ կարող էի տալ, այն էր, որ, երևի, իմ այդ նոր բարեկամ լորդ Իկսից էր նա ստացել իր տեղեկությունները:
Խոսակցությունն անցավ իմ ծնողների շուրջը: Թեև ես արդեն վաղուց էի կորցրել հորս, բայց սերս ու հարգանքս դեպի իմ ծնողքը այնքա՜ն ուժեղ էին իմ մեջ, որ բնականաբար նրանց մասին արտահայտվեցի անսահման ջերմությամբ, սիրով ու հարգանքով:


Լսելով ինձ, պրն Գյուլբենկյանը տխուր աչքերով ասաց.
-Կցավիմ, որ Ձեր հայրը անկարող է Ձեզ լսել… Երանի կուտամ անոր, որ ձեզ պես զավակ ունի:
Այն ժամանակ ես այդ խոսքերի վրա ուշադրություն չդարձրի: Ես հասկացա դրանց իմաստը միայն 1958 թվին, երբ կարդացի «Միստեր հինգ տոկոս» վերնագրով լույս տեսած գիրքը:
Կարիք չկա մանրամասն գրելու մեր տեսակցության մասին, որովհետև դա իմ գրության հետ կապ չունի: Ինձ առաջարկեց մնալ Փարիզում և ստանալ որոշ պաշտոն` լավ պայմաններով: Մերժեցի, ներողություն խնդրելով, որ չեմ կարող դա անել: Բացատրեցի, որ թեև տնտեսական տեսակետից շատ ավելի լավ պիտի լիներ ինձ համար ընդունել իր առաջարկը, բայց ասացի, որ կուզեի ոչ ոքի չծառայել և մնալ սեփական տերը իմ ժամանակի, աշխատանքի և ցանկության:


-Կցավիմ, որ մերժեցիք: Շատ չեմ սիրեր, երբ մարդիկ կմերժեն: Կգնահատեմ Ձեր անկեղծությունը ու կհարգեմ Ձեզ` Ձեր ունեցած ձգտումներուն համար: Կցանկամ, որ իրագործվին ձեր նպատակները,- պատասխանեց Գալուստ Գյուլբենկյանը:
Նա տվեց մի քանի խորհուրդներ կյանքի մասին, որոնց համար ես շնորհակալություն հայտնեցի, և մենք բաժանվեցինք: Դրանից հետո մենք այլևս ո՛չ պատահեցինք իրար և ո՛չ էլ թղթակցեցինք:

Երբ այժմ կարդացի հիշյալ գիրքը իր մասին, ես ոչ թե ուրախություն, այլ մի ներքին ցավ զգացի: Դրա պատճառը «Միստեր հինգ տոկոսի» որդու` Նուբար Գյուլբենկյանի ներկերն ու գույներն էին, որ նա գործածել էր այդ գրքում ոչ միայն իր հոր և ուրիշ անհատների, այլև ամբողջ ցեղերի և ազգերի վերաբերյալ:
Չեմ կարող ենթադրել, որ գիրքը հրատարակված է դրամ շինելու նպատակով: Նպատակը, երևի, անհատական է և դրամի հետ կապ չունի, որովհետև տասնյակ անգամներ գրքում շեշտվում է թե տեխնիկական հեղինակի և թե՛ իրական հեղինակ Նուբար Գյուլբենկյանի կողմից հետևյալը. «Ես իմ հոր աչքի ծաղիկն էի: Ամեն հարցում գործերի վերաբերյալ նա ինձ հետ խորհրդակցում էր: Հաճախ վիճում էինք: Հաճախ ընդունում էր իմ տեսակետը»:
Ընդունելով այս հայտարարությունը որպես իրականություն` ընթերցողը պետք է գա այն եզրակացության, որ Գալուստ Գյուլբենկյանը հասել էր իր դրամական փառքին և ընդունվել ամենուրեք որպես նավթի մասնագետ ու շատ նուրբ դիվանագետ ոչ թե իր, այլ որդու` Նուբարի շնորհիվ:


Ես անհատապես ոչինչ չունեմ Նուբար Գյուլբենկյանի հանդեպ, որին նույնիսկ անձնապես չեմ ճանաչել: Եվ եթե որոշեցի մի քանի տող գրել նրա գրքի մասին, պատճառը միայն այն է, որ թե՛ որպես մարդ և թե՛ որպես հայ ես անկարող եմ լռել:

Նախ և առաջ, կուզեմ իմանալ, թե ի՞նչն է իրավունք տվել գրքի հեղինակին կամ հեղինակներին ասելու, թե «Հայը պատկանում է սեմական խմբին»:
Աշխարհը գիտե, թե որքա՜ն աշխատանք թափեց տխրահռչակ Հիտլերը, որ պարզի, թե ինչ ցեղի է պատկանում հայը, որպեսզի դրա համեմատ դիրք բռնե այդ հարցում: Եվ նրա ստացած բոլոր տվյալները եկան փաստելու, որ մենք Արիական ցեղին ենք պատկանում:


Գրքի այն մասերը, որոնք վերցված են Գալուստ Գյուլբենկյանի հուշերից, սքանչելի են: Շատ տպավորիչ է նմանապես համաշխարհային շուկայում նավթի հսկաների մենամարտը, որի մեջ «Պարոն հինգ տոկոսը» վերջին դերը չէր խաղում: Բանկերը, դեսպանները, կառավարությունները, ամեն միջոց գործածելով, աշխատում են խեղդել թույլերին, որպեսզի տիրանան նավթահանքերին և միլիոններ դիզեն` փշրանքներ միայն շպրտելով երկրի իսկական տերերին:
Գրքում բերված են Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին վարագույրի հետևում մեծ պետությունների խաղացած դերերը` նավթին տիրապետելու համար:
Գրքում մոռացված չեն և հայկական ջարդերը, որոնք տրամաբանորեն կապված են Օսմանյան կայսրության՝ նավթահանքերին տիրանալու հարցի հետ: Մոռացված չէ և Գլադստոնը, որը, որպես վարձատրություն մեր ցեղին պատկանող հարյուր հազարների թափած արյան, Օսմանյան կայսրությունից ստացավ Կիպրոս կղզին:


Հոսող ոսկին, որի անունն է նավթ, պետք էր աշխարհի մեծերին, որպեսզի իրենց երակները լցնեին այդ սև արյունով, ավելի ուժեղանային, ավելի հարստանային, որպեսզի ավելի լավ կարողանային կեղեքել թույլերին և նրանց արյունով վճարեին տաճիկ գազաններին իրենց ստացած սև ոսկու արժեքը:
Կարդում ես այս բոլորը, որոնք շատ գաղտնիքների վարագույրն են պատռում, ու զարմանում, թե ինչպե՞ս են այս բոլորից հետո գրքի հեղինակները, անցնելով մեր ազգի ազատագրական շարժմանը, զզվելի ձևով ներկայացնում մեր հեղափոխական կուսակցություններին:
Այստեղ մեջ կբերեմ միայն հեղինակների հետևյալ տողերը. «Սա է նույնպես այն աղբյուրը (խոսքը վերաբերում է Բաքվի վարձկան ոճրագործներին), որոնցից ծնունդ առավ Դաշնակցությունը` էքսպրոպրիատորները, որոնք տարան ռուսական Հայաստանը և միացրին Սովետական Միությանը» (էջ 48):


Նկարագրելով Պոլսո բնակչությունը` հեղինակները ցույց են տալիս թուրք հարուստներին որպես նուրբ, զարգացած արիստոկրատներ, որոնց համար հարկավոր էին մարդիկ` կեղտոտ գործեր կատարելու համար: Եվ ահա հրապարակ են գալիս օտարները, որոնց թվում և հայերը (էջ 10):
«Նուբար Գյուլբենկյանը, բացատրելով, թե որտեղից է սկսվել իր հոր հարստությունը, պատմում է, թե ինչպես կաշառքներով և այլ միջոցներով հաջողել էր խոշոր գումարներ ստանալ տաճկական կառավարությունից ծախած պղնձի դիմաց (էջ 19):
Նուբար Գյուլբենկյանի հայրը շատ խորամանկ ու հեռատես մարդ էր, ամեն տեղ իր լրտեսներն ուներ: Նախքան մի որևէ բարձրաստիճան տաճիկ պաշտոնյայի մոտ գնալը, նա տեղեկություններ էր հավաքում նրա մարդկանց միջոցով, թե աղայի տրամադրությունը ինչպե՞ս էր, փորի ցավ չունե՞ր, ստամոքսը լա՞վ էր գործում, հարեմի ո՞ր աղջկա հետ էր անցկացրել գիշերը և արդյոք բավակա՞ն էր մնացել, թե գիշերն անցկացրել էր մի մանչուկի հետ և որի՞: Որովհետև բացի հարեմից, այդ բարձրաստիճան պաշտոնյաները պահում էին և գեղեցիկ մանչուկներ, որոնք հաճախ ավելի գնահատելի էին, քան երիտասարդ աղջիկները»:
Այս բոլորը, իբրև փաստեր, Գ. Գյուլբենկյանի որդին բերում է իր գրքում` ներկայացնելու համար իր հոր պատկերը (էջ 11):


Գրքի 7-րդ գլխում նկարագրված է Բաքվի նավթարդյունաբերական կյանքը: Դուրս է գալիս, որ գողերի, ավազակների, մարդասպանների որջ էր Բաքուն, որի նմանը իբր թե աշխարհումս գոյություն չուներ: Եվ այդ մարդասպանների միջից էր, որ դուրս եկան մարդիկ, որոնք հետագայում գահերի տիրացան: Եվ մեջ բերված անունների թվում մենք կարդում ենք նաև շահ Ռիզա Պահլավիի անունը:
Սա էլ զզվելի վրիժառության մի միջոց է: Գրքից տեղեկանում ենք, որ, չնայած ամեն միջոցների, նավթարքա Գյուլբենկյանին չէր հաջողվել իր մասն ունենալ Պարսկաստանի նավթում, որն ամուր կերպով անգլիացիք պահել էին իրենց ձեռքում, մինչ պարսից կառավարության կողմից ազգայնացվելը:


Քանի որ, ըստ Նուբար Գյուլբենկյանի, ինքը հավասարապես աշխատում էր հոր հետ և միասին որոշումներ կայացնում, հասկանալի է նրա այս զգացողությունը դեպի Ռիզա շահը:
Նպատակս չէ վերլուծել Ռիզա շահի կյանքն ու գործունեությունը: Բայց պետք է ասեմ, որ նա իր երկրի համար մի հանճար էր: Նա էր, որ արթնացրեց իր քնած ժողովրդին ու մի նոր ուղի բացեց պարսկական կառավարության ու ժողովրդի համար: Այդ ուղիով քայլելով էր, որ Պարսկաստանը տեր դարձավ իր հարստությանը:
Այս կապակցությամբ ավելորդ չէ հիշել, որ Գալուստ Գյուլբենկյանը տարիներ շարունակ եղել էր պարսից կառավարության, ինչպես նաև ուրիշ երկրների կառավարությունների ճանաչված խորհրդատուն Լոնդոնում: Եվ նա` Գյուլբենկյանը, չէր մոռանում օգտագործել իր այդ դիրքը: Երբ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, որպես անցանկալի օտարական, նրա եկամուտները գրավվեցին դաշնակիցների կողմից, նա ստիպված եղավ մի կերպ իրեն Պորտուգալիա` Լիսաբոն ձգել և որպես պարսկահպատակ այնտեղ հաստատվել: Իր պարսկական անցագիրն էր, որ ազատեց նրան շատ նեղություններից: Հետագայում էլ այդ անցագիրն էր, որ օգնեց նրան հետ ստանալու դաշնակիցների կողմից գրավված իր միլիոնները: Նա մինչև վերջ մնաց իր այդ անցագրով ու մահացավ որպես պարսկահպատակ:
(շարունակելի)

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 7177

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ