Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Երկու աշխարհների արանքում

Երկու աշխարհների արանքում
11.05.2018 | 01:52

Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում շուրջ 2 ամիս հանրության դատին էր ներկայացվել ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Նիկողայոս Նիկողոսյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը՝ նվիրված վարպետի ծննդյան 100-ամյակին, նրա կենդանության օրոք: Հայաստանի կառավարությունը, ի դեմս մշակույթի նախարարության, անըմբռնելի հետևողականությամբ անմասն մնաց վերոնշյալ աննախադեպ հանդեսից, չնայած «Իրատեսի» հնչեցրած հորդոր-պահանջին: Սակայն պարտքը մարել է պետք, և փորձենք ինքներս դա անել՝ ծաղկաքաղ անելով ճանաչված արվեստաբան ՄԱՐՏԻՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ «Երկու աշխարհների արանքում» էսսեից:


«Պատերազմը նոր էր սկսվել, և նրան հեռացրել էին Լենինգրադի Գեղարվեստի ակադեմիայի արդեն իսկ առաջին կուրսից՝ իր համակուրսեցուն ապտակելու համար: (Հիմա առաջվա նման չի կարող պահել արդար զայրույթը): Ակադեմիայից հեռացված ուսանողը վերադարձավ Հայաստան: Այստեղ անդուլ աշխատանքի և նվիրվածության շնորհիվ նա հասավ այնպիսի մի մակարդակի, որ 1944-ին մոսկովյան ցուցահանդեսում նրա դիմաքանդակները արժանացան Ալեքսանդր Մատվեևի հիացմունքին: Նիկողոսյանը բացառության կարգով ընդունվեց Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտի հինգերորդ կուրս՝ Մատվեևի արվեստանոց:
ՈՒրեմն Նիկողոսյանի բարձրագույն կրթությունը տևել է երեք տարի, ընդունվել է Լենինգրադի ակադեմիան, ավարտել է Մոսկվայի ինստիտուտը: 1948-ին սոցռեալիզմի գեներալներ Վուչետիչը, Ազգուրը, Ա. Գերասիմովը, Տոմսկին, Մանիզերը հարձակվեցին խորհրդային տաղանդավոր քանդակագործ Ալեքսանդր Մատվեևի՝ Նիկողոսյանի ուսուցչի վրա:

«Իզվեստիան» իբրև գերագույն դատավոր ուղղակիորեն խառնվեց քանդակի նեղմասնագիտական խնդիրներին և ծաղրեց Մատվեևի մանկավարժական մեթոդը. «Ի՞նչ է նշանակում ծավալային-պլաստիկական տեսողունակություն»: Ընթերցողները մեծ մասամբ հարցնողի կողմնակիցներն էին, որովհետև չէին կարողանում ըմբռնել համատեքստից դուրսմղված անհասկանալի արտահայտությունը: Սակայն կային մարդիկ, որոնց մեջ էր Նիկողոսյանը, որոնք զգում էին պահի անհեթեթությունը, երբ արդարությունն ի տես բոլորի գանակոծվում էր: Սարյանը, Կոնչալովսկին, Էրենբուրգը, Վիկտոր Շկլովսկին նամակ հղեցին Մոլոտովին, ուր ասված էր. «Մեծ արվեստագետի արհեստական մեկուսացումը թուլացնում է խորհրդային արվեստի նշանակությունը»: Սակայն մեծ արվեստագետները չկարողացան օգնել իրենց բարեկամներին, որովհետև այն ժամանակ Վուչետիչը և նրա նմանները դեռևս ազդեցություն ունեին «միջնաբերդի» վրա: Եթե նշանավոր մարդիկ անզոր եղան վերականգնելու Մատվեևի դասախոսական աշխատանքը (նրան հեռացրել էին ինստիտուտից), ի՞նչ կարող էր անել երիտասարդ Նիկողոսյանը: Սակայն պարզվում է, որ այդ չափազանց շարժուն տղան, երբ 1945-ին վերապատրաստվում էր Մոսկվայի հայկական մշակույթի տանը, իրեն ամենևին անօգնական չէր զգում: Նա օգնեց, որ Մատվեևը վերջապես ստանա մեկուսացված բնակարան: Ինչպե՞ս կարողացավ դա անել:


Նա իր ուսուցչին օգնել էր ԽՍՀՄ արտաքին գործերի փոխնախարար Իվան Մայսկու միջոցով: Պետական այդ պաշտոնյան չափազանց զարգացած անհատականություն էր, քսան տարի եղել էր ԽՍՀՄ դեսպանը Անգլիայում: Նիկողոսյանը իր ազատության և անմիջականության շնորհիվ դիվանագետի հետ ծանոթացել էր առանց որևէ միջնորդի, ուղղակի մոսկովյան ցուցասրահներից մեկում: Հետո քանդակագործը ստեղծեց Մայսկու դիմաքանդակը, և նրանք մտերմացան:

Մոսկովյան մի հավաքի ժամանակ ես լսել եմ նրա «հրաբխային» ելույթներից մեկը: Դահլիճն ուղղակի մագնիսացած, «շունչը պահած» լսում էր: Բոլորը հուզված էին, մեղավորի պես նայում էին նրան իբրև վերին մի դատավորի, որը շիտակ ու անմիջական, նաև դաժանորեն ճշմարտացի մեղադրում էր բոլորին: Եվ նրանք կարծես սպասում էին կարեկցանքի: Իսկ նա ներում չէր շնորհում ոչ իրեն, ոչ ուրիշներին:


-Մենք բոլորս խոտանարարներ ենք, և դա սարսափելի է,- ասում էր նա, և նրա ոչնչացող շեշտը բոլորին հանում էր թմբիրից, անտարբերությունից, անհոգությունից:
Իսկ ինչպե՞ս էր նա քանդակում: Դա մի առանձին ստեղծագործական ընթացք է, որ հիշեցնում է Վարդան Աճեմյանի փորձերը: Սակայն եթե նշանավոր բեմադրիչի փորձերը վերջում բավականաչափ սրբագրվում էին, ապա քանդակագործը ջանում է մի քիչ սրբագրել:
Վերջին տարիների նրա քանդակները, ինչպես երևաց մոսկովյան անհատական ցուցահանդեսներում, լարված են, հարցականի պես ուղղված դեպի հանդիսատեսը, այցելուն:
Նա հիմա մեծ երկրի նշանավոր դեմքերից է, դարձյալ ապրում է մայրաքաղաքում, շփվում է տարբեր գործիչների, էլիտայի գեներալների հետ... Սակայն իր էությամբ նա այն նույն տղեկն է, որ Երևանի պարարվեստի ուսումնարանն ավարտելով՝ պատերազմի նախօրեին մեկնեց Հյուսիս՝ սովորելու»:

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3760

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ