Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Նինա Աղավելյանի «Երփնագիր տեսիլքները»

Նինա Աղավելյանի «Երփնագիր տեսիլքները»
11.05.2018 | 01:55

Ապրիլի 20-30-ին Հայաստանի նկարիչների միության 2-րդ հարկի ցուցասրահում ներկայացվել են ՆԻՆԱ ԱՂԱՎԵԼՅԱՆԻ ստեղծագործությունները։ Այն նկարչի 15-րդ անհատական ցուցահանդեսն էր։ Նախորդները ներկայացվել են Մոսկվայում, Գերմանիայում (6 անգամ), Փարիզում, Երևանում (5 անգամ) և Լեռնային Ղարաբաղում։ Սա էր առիթը նրա հետ հանդիպման։

-Տիկին Աղավելյան, շնորհավորելով Ձեր ստեղծագործությունների հերթական անհատական ցուցահանդեսը, ձևակերպեմ առաջին հարցս, ինչու՞ «Երփնագիր տեսիլքներ»։
-Ամեն անգամ իրականությունը պատկերելով` մտածում ես, որ իրական կյանքում չկա այն ամենը, ինչը բավարարում է հոգուդ, և փորձեցի տեսիլքների տեսքով կյանքն ու իրականությունը վերապատկերել, սա երազ է, թե հեքիաթ, չեմ կարող հստակ ասել, ամեն դեպքում դա իմ հոգուց է բխում։ Եվ փորձեցի իրականությունը ներկայացնել ավելի պայծառ գույներով, որպես երփնագիր տեսիլքներ։ Ներկայացրել եմ 61 աշխատանք, թիվը որևէ խորհուրդ չունի, ուղղակի աշխատանքներիս տեղաբաշխումը (էքսպոզիցիան) համընկավ նշյալ քանակի հետ։ Ինքս եմ զբաղվել ցուցահանդեսիս դասակարգմամբ, համարելով, որ այն նկարելու շարունակությունն է։
-Ժամանակային ընդգրկումը որքա՞ն է։
-Հիմնականում 2017-18-ին ստեղծված գործերն են։ Բայց նախապատրաստական շրջանում արվեստաբան ընկերներս հորդորեցին, որ ցուցադրության ներկայացնեմ նաև անցյալի մի քանի ստեղծագործություններ, քանի որ միայն վերացական գործերով հագեցած ցուցահանդեսն ինչ-որ տեղ տխուր կլինի, և ես մի քանի այլ գործեր ևս ներառեցի։
-Ոճը, ուղղությունը, իզմը էակա՞ն են Ձեր արվեստի համար։
-Գերմանացի արվեստաբաններից մեկն իմ ոճը բնութագրեց որպես «հեքիաթային ռեալիզմ»։ Սա հորինեց ցուցահանդեսում, որը գործում էր Համբուրգի մոտ գտնվող Բադ Օլդեյլոե քաղաքում։ Գերմանացիներն առանձնապես հարուստ չեն նկարիչներով, և շատ էին զարմանում, որ Հայաստանում և նրա մայրաքաղաքում ապրում և ստեղծագործում են 1000-ից ավելի արհեստավարժ կերպարվեստագետներ։
-Գերմանիայում հաճախ եք ցուցադրվել, ցուցահանդեսներ եք բացել նաև Մոսկվայում և Փարիզում։ Արտերկրներում գնումներ կատարվու՞մ են։
-Այո, իհարկե։ Երևանյան բնակարանս ձեռք եմ բերել Գերմանիայում վաճառված մի քանի նկարի գումարով։
-Ցուցահանդեսը, հատկապես անհատականը, յուրովի երկխոսություն է արվեստասերի հետ։ Ձեր «խոսակցության» ներքին իմաստը ո՞րն է։
-Մարդ արարածի հոգեվիճակը պարբերաբար ենթարկվում է հոգեբանական և տրամաբանական փոփոխությունների։ Արարիչը մարդուն ստեղծել է, որ նա ապրի լույսերի մեջ։ Եվ ահա այսքան դարեր, այսքան դավեր ու ցավեր տեսնող և կրող մարդը «դեռ հեռու է մինչև Մարդը իր ճամփան»։ Ահա սա է թերևս երկխոսությանս ներքին իմաստը։ Եվ ահա կամենում եմ զգուշացնել ցուցահանդեսի այցելուներին. մարդը մշտապես պարտվում է ինքն իրեն, հեռանալով սեփական էությունից։ Ահա թե ինչու Մեծ ծննդից հետո մարդու անցած ճամփան երփնագրեցի վերամարմնավորումների կերպով, ասես կոչելով, որ նա չկորցնի Աստծո ուղեգծած ճանապարհը։
Առհասարակ ովքե՞ր ենք մենք առանց մեր Արարչի։ Չէ՞ որ մենք հայտնվում ենք խավարում, երբ անտեսում ենք Տիեզերքի օրինաչափությունները` Սերը, Հույսը և Հավատը։ Եվ ահա երփնագրելիս մտմտուքն ինձ հուշեց ստեղծել Լույսի խաղեր, վիտրաժների շարքով։ Սա է բնության ամենագեղեցիկ տեսությունը` արտացոլանքը, լույսի և ստվերի խաղը։ Ի վերջո, չէ՞ որ ճշմարիտ արվեստը տանում է կատարսիսի..., որն էլ խորհրդավորություն է ստեղծում։

-Տիկին Աղավելյան, այսօր, նկատի ունեմ անկախության մեր անցած տարիները և մեր ներկա օրը, երկիրը տարուբերվում է, չի գտնում իր ճշմարիտ ճանապարհը։ Ի՞նչն է բանը, ի՞նչ է կատարվում մեր «տառապած և փառապանծ» ժողովրդի հետ։
-Չարենցը ողջ կյանքում պայքարում էր, Դուրյանը` մահացու հիվանդ, տառապում էր հայրենիքի ցավով, Տերյանն ասում էր, «Մի՞թե վերջին պոետն եմ ես...»։ Այս ցավը հայի մեջ եղել է, կա և կլինի։ Այսօր պետք է կարողանանք մի փոքր մեղմել իրավիճակը և գալիք սերնդին պարգևել քիչ թե շատ կայուն կյանք։
-Արվեստի, մասնավորապես, կերպարվեստի դերը...
-Արվեստը մղում է լավատեսության։ Որքան էլ լինենք իրատես, լավատեսությունն է լույս վառում մեր առաջ։
-Լուսարարն արվեստի մարդն է, ինչպես երեկ էր և հազար տարի առաջ էր, այսպես է։
-Այո, քանզի արվեստագետը իրականությունից մեկ քայլ առաջ է ընթանում։ Գուցե մի քանի քայլ։ Արվեստի մարդը հենց վաղվա օրն է տեսնում։ Փորձում է մարդուն ձերբազատել խավարից։ Ես ունեմ մի շարք` «Լույսի փոխակերպում»։ Այնտեղ շեշտադրումներով` լույս, խավար, մի փոքրիկ հատիկ, և մարդն իր ճանապարհն անցնելով տարբեր քառուղիներով գալիս, հասնում է խաչի գաղափարին։ Երկիրն է այսօր այդ վիճակում, և պետք է կարողանանք երկիրն այդ վիճակից հանել։
-Այսինքն` խավարից դեպի լու՞յս ընթանալ։
-Այո։ Հակառակ պարագայում ամեն բան կհայտնվի խավարում։
-Շնորհակալություն զրույցի համար։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3191

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ