Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Առաջնահերթ է կենտրոն բացելու՞, թե՞ ժառանգությունը փրկելու խնդիրը

Առաջնահերթ է կենտրոն բացելու՞, թե՞ ժառանգությունը փրկելու խնդիրը
11.05.2018 | 01:58

Թանգարանային ցանցը մեր երկրում համալրվում է: Դեռևս տարեսկզբին մշակույթի նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ 2018-ին նոր թանգարաններ ենք ունենալու: Հաղպատի վանական համալիրի հարևանությամբ կգործի Սայաթ-Նովայի թանգարանը: Ամռանը կբացվեն Լուսինե Զաքարյանի, Գորիսում՝ Սերո Խանզադյանի տուն-թանգարանները: Շուտով կավարտվեն Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոնի կառուցման աշխատանքները: Լոր գյուղում արդեն իր դռներն է բացել Համո Սահյանի տուն-թանգարանը: Երևանում ստեղծվում է կինոթանգարան: Արա Գյուլերն էլ անկյուն կունենա: Ակնհայտորեն ծախսատար, բայց նաև հաճելի նորություններ են: Կարելի է նաև անուններ թվարկել, որոնց տուն-թանգարան ունենալու խնդիրը օրակարգային է կամ առհասարակ օրակարգում չկա:


Թանգարանային անկյուն չունի նաև արձակագիր, դրամատուրգ, սցենարիստ, ռեժիսոր, գեղանկարիչ Աղասի Այվազյանը, ավելին, գրողի այրին՝ Գրետա Վերդյանը, պարբերաբար ահազանգում է, որ վտանգված է այվազյանական ժառանգությունը: Խնդիրը բարձրաձայնել ու մինչև նախագահի նստավայր է հասցրել «Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնությունը» (ղեկավար՝ ռեժիսոր Հայկ Բաբայան): ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ուղղված դիմում-նամակում մասնավորապես ասվում է. «Աղասի Այվազյանի ստեղծագործությունները այս պահին և արդեն տևական ժամանակ գտնվում են անմխիթար, անտեսված, տառացիորեն փչանալու և վերանալու եզրին։ Խնդրում ենք, որպես ՀՀ նախագահ, հետևողական և սրտացավ լինել այս խնդրին, հատկացնել տարածք մայրաքաղաքում և այդ տարածքում սեփական ձեռքով դնել մեծ Այվազյանի թանգարանի առաջին քարը»:


Երիտասարդների մտահոգությունը հասկանալի է: Հիմա հարց՝ ո՞րն է խնդիրը: Չե՞նք ուզում այվազյանական անկյուն ունենալ: Միջոցնե՞ր չկան: Չե՞նք արժևորում Այվազյանին: Այս տարիներին հիմնվել է Աղասի Այվազյանի հիմնադրամ, անցկացվել են ընթերցումներ ու ցուցահանդեսներ, գրողի անվան թատերական փառատոն: Ինչու՞ է անտեսվել թանգարան ունենալու, գրողի ժառանգության հանգրվանի հարցը:


Փորձեցինք պարզել մշակույթի նախարարության դիրքորոշումը:
Մշակույթի փոխնախարար ԱՐԵՎ ՍԱՄՈՒԵԼՅԱՆՆ ասաց, որ մի փոքր հեռվից պիտի գա, բազմիցս տիկին Գրետա Վերդյանի հետ այս առիթով հանդիպումներ են եղել, զրուցել են, համագործակցության առաջարկ արել: Փաստեց նաև, որ շրջանակել են Աղասի Այվազյանի նկարները, գումար է տրամադրվել դրանց վերականգնման համար, սակայն թանգարանացման հարցը մնացել է առկախ:
Խնդիրը հետևյալն է. գործում է թանգարանային գործունեություն իրականացնող ոչառևտրային կազմակերպությունների պետական աջակցության տրամադրման կարգ: Փոխնախարարը մի քանի օրինակներ բերեց. պետական աջակցությունից օգտվել են «Լուսիկ Ագուլեցի», «Ֆելիքս Պետրոսյան» և այլ հիմնադրամներ: Աջակցություն է տրամադրվել Կալենցի տուն-թանգարանին, մինչև պետական դառնալը՝ Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանին: Վերջապես հանգուցալուծվել է Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանի հարցը, որը նմանատիպ մի օրինակ է: Ընտանիքը վերանորոգել, տրամադրել է բնակարանը, նախարարությունը պետք է սկսի թանգարանացման գործընթացը: «Նման իրավիճակներում ոչառևտրային կազմակերպությանը մնում է միայն տարածքի տրամադրում (եթե ունի տարածք), թանգարանացման գործընթացն արվում է պետական աջակցությամբ: Այնպես որ համագործակցությունը հնարավոր է այդ շրջանակներում, ընտանիքը նույնպես պետք է քայլեր անի»,- պարզաբանեց փոխնախարարը, նշելով, որ մեծապես գնահատում է Աղասի Այվազյանի ժառանգությունը, բայց հնարավոր չէ անընդհատ թանգարաններ բացել, դրան ոչ մի բյուջե չի դիմանա:


Պատասխանելով մեր հարցին՝ Աղասի Այվազյանի բնակարանը նպատակահարմա՞ր է (չափերով, հարմարավետությամբ) տուն-թանգարանի վերածել, Արև Սամուելյանն ասաց, որ չի եղել բնակարանում, չգիտի, ընդգծեց նաև, որ Լուսինե Զաքարյանի բնակարանը երկսենյականոց է:
Եթե երիտասարդների դիմում-նամակը դրական պատասխան ստանա, ո՞րն է լինելու նախարարության գործառույթը: «Նախարարությունը կարող է հանձն առնել թանգարանացման խնդիրը, մեթոդական լուծումները, հավաքածուի հավաքագրումը, ցուցադրության հայեցակարգի մշակումը, բայց տարածքի հարց չի լուծում: Նախարարությունը տարածք չունի»,- եղավ պատասխանը:


Մամուլի հրապարակումներից տեղեկանում ենք, որ թանգարանային համալիր ստեղծելու համար գրողի այրին բացել է գրողի անվան հիմնադրամ և հայտարարել նկարների վաճառք: Եթե մեծահարուստները, մեկենասները գնեն Այվազյանի նկարները, ստացված գումարով հնարավոր կլինի տարածք ձեռք բերել թանգարանի համար: Գրողի այրին խոստանում է, որ այստեղ ոչ միայն կներկայացվի այվազյանական ժառանգությունը, այլև մշակութային տարատեսակ միջոցառումներ կանցկացվեն, նորից կյանքի կկոչվեն այվազյանական ընթերցումները, այվազյանական թատերական փառատոնը, կգործեն մանկապատանեկան կինոստուդիա, թատերական ստուդիա, գրական ստուդիա և այլն:
Հարց է առաջանում՝ առաջնահերթ է կենտրոն բացելու՞, թե՞ ժառանգությունը փրկելու խնդիրը:


«Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնության» ղեկավար ՀԱՅԿ ԲԱԲԱՅԱՆԸ, որ վճռականորեն ստանձնել է այվազյանական անկյուն ունենալու հարցը, ասաց, որ այս պահին կարևոր է, որ ժառանգությունը փրկվի, լինի տարածք, որտեղ գրքերը, նկարները հատ-հատ կդրվեն, մնացած հարցերը՝ թանգարա՞ն կդառնա, ցուցադրության սրա՞հ, թե՞ մշակութային կենտրոն, ժամանակը ցույց կտա: Մեր զրուցակիցը նշեց նաև, որ դիմել են ՀՀ նախագահին, որովհետև Գրետա Վերդյանը տարիներ շարունակ խնդիրը ներկայացրել է Երևանի քաղաքապետին, նախկին նախագահին, շատ ու շատ բարձրաստիճան պաշտոնյաների, որոնք գրչի մի հարվածով կարող էին այդ հարցը լուծել, բայց չեն լուծել: ՈՒստի անիմաստ է դիմել քաղաքապետարանին կամ այլ կառույցների, շատերը, ռեժիսորի կարծիքով, Աղասի Այվազյանի անունն էլ չգիտեն: Հստակեցրեց՝ իրենք դիմում են ոչ թե նախագահին, այլ Արմեն Սարգսյան-նախագահին, ում կենսագրությանն ու անցած ուղուն ծանոթ լինելով, Հայկ Բաբայանը լիահույս է՝ դիմումը արձագանք կունենա:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4294

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ