Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Կոմպոզիտորների միությունը նվագախումբ է ստեղծում

Կոմպոզիտորների միությունը  նվագախումբ է ստեղծում
11.05.2018 | 02:00

Հայաստանի կոմպոզիտորների միությունը ներկայանում է ուշագրավ նախաձեռնությամբ՝ ստեղծվում է նոր երիտասարդական փորձարարական նվագախումբ: «Իրատեսի» հետ զրույցում ՀԿՄ նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ԱՐԱՄ ՍԱԹՅԱՆՆ ասաց, որ առաջին քայլն արված է՝ հաստատվել է նվագախմբի լարային կազմը:
Առաջին ելույթը նախատեսված է մայիսի 12-ին: Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթի գալա համերգում նվագախումբը կներկայացնի Միրզոյանի «Շուշանիկ» ստեղծագործությունը: Դիրիժորական վահանակի մոտ կլինի երիտասարդ կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանը, որը մեծ ներդրում ունի այս նվագախմբի ստեղծման գործում:

-Պարոն Սաթյան, ինչո՞վ է առանձնանալու նվագախումբը: Որո՞նք են այս նախագծի հիմնական նպատակն ու շարժառիթը:
-Նվագախումբը բաղկացած է լինելու երիտասարդ երաժիշտներից: Նպատակները շատ են, առաջինը, որ ներկայացվի հայ երաժշտություն: Ժամանակին Հանրային ռադիոյի նվագախումբը կատարում էր ժամանակակից կոմպոզիտորների գրեթե բոլոր գործերը, հետո ստեղծվեց նվագախումբ, որը բացառապես նոր գործերին էր անդրադառնում: Ինքս երեք-չորս տարի ղեկավարել եմ Երևանի կամերային նվագախումբը, և այդ տարիներին 41 պրեմիերա ենք ունեցել: Այսօր մատների վրա կարելի է հաշվել, այն էլ՝ մեկ ձեռքի, թե տարեկան քանի պրեմիերա ունեն բոլոր նվագախմբերը միասին:
Ընդհանրապես, շատ կարևոր է, որ կոմպոզիտորը լսի իր ստեղծագործությունը: Ես հաճախ եմ այս օրինակը բերում. երբ կատարվեց Գուստավ Մալերի առաջին սիմֆոնիան, հեղինակը դրանից հետո 365 փոփոխություն մտցրեց:
Եթե մարդ չի լսում իր ստեղծած գործը, նա չգիտի՝ ինչքան են համապատասխանում թղթի վրա գրվածն ու հնչողությունը: Կոնսերվատորիայի 2-րդ կուրսում գրել էի ջութակի կոնցերտ, որը հնչեցրեց ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը (դիրիժորը Ռաֆայել Մանգասարյանն էր, ջութակահարը՝ Հենրիկ Սմբատյանը): Միայն լսելուց հետո հասկացա, թե ինչ եմ արել ու ինչ պետք է անեմ: Հնչողությունը մոտավորապես այն էր, ինչ ես լսել եմ, տեխնիկական լուծումները պետք է շտկվեին: Մեկ-մեկ ինձ ասում են, որ նվագախմբային ստեղծագործություններիս գործիքավորումները փայլուն են: Հարցն այն է, որ ես լսել եմ իմ մոտ 300-400 պարտիտուրները:
Այսօրվա նվագախմբերի ղեկավարները հնարավորինս, բայց ոչ բավարար չափով, անդրադառնում են ժամանակակիցներին: Շատ հաճախ ասում են՝ հանճարեղ գործ տվեք, մենք կկատարենք: Սիրելիներս, հանճարեղ գործ միանգամից չի ստեղծվում, պետք է հնարավորություն տալ, որ հեղինակը հասկանա՝ ինքն ինչ է անում, ինչ պետք է անի: Այսօր բազմաթիվ տեխնիկական հնարավորություններ կան, սինթեզատորով կարելի է ստանալ նվագախմբային հնչողություն, բայց ձայնային այն հարստությունը, հնչեղությունը, որ նվագախումբն ունի, չես կարող ստանալ սինթեզատորով: Կոմպոզիտորը գրում է երաժշտական գործիքների համար, որքան էլ տեխնիկան կատարելագործվի: ՈՒրեմն շատ կարևոր է, որ մենք ունենանք այսպիսի մի փորձարարական նվագախումբ: Սկզբնական շրջանում երիտասարդներն էնտուզիազմով փորձում են անել այն, ինչ մենք նախաձեռնում ենք: Դրվատանքով պիտի խոսեմ Նվարդ Անդրեասյանի մասին, որը ստանձնել է նվագախմբի ղեկավարումը, մանավանդ որ երաժիշտները հիմնականում փորձառու չեն, մի բան է մենակատարը, մեկ այլ բան՝ նվագախմբում նվագելը: Չեմ հիշում, թե որ դիրիժորն էր ասում՝ ինձ նվագախմբում մենակատար պետք չէ, ինձ պետք է նվագախումբ-մենակատար:
-Ի՞նչ է պետք, որ նվագախումբը կյանք ունենա, կազմն ընդլայնվի: Ֆինանսական աջակցությու՞ն:
-Սկզբի համար դեռ պետք է կայանա նվագախումբը:
-Ի՞նչ արձագանք է գտել նախագիծը:
-Կոմպոզիտորների շրջանում՝ հիանալի, որովհետև հնարավորություն են ստանում ներկայանալու:
-Չարախոսություններ էլ կան:
-Եթե նախաձեռնությամբ ես հանդես գալիս, բնական է, դա էլ կլինի: Չարախոսում է նա, ում որ դա պետք չէ: Մեզ պետք է:
-Պարոն Սաթյան, հնչելու են նոր ստեղծվող բոլո՞ր գործերը, թե՞ ընտրություն է լինելու:
-Գիտե՞ք, մենք չեն կարող ասել՝ ով է մեր կողքին հիմա հանճարեղ, ով՝ անտաղանդ: Կարևոր է, որ ստեղծագործությունը հնչի, ենթարկվի նվագախմբի ու հասարակության քննությանը, վաղը, մյուս օրը կզտվի: Ես կարծում եմ, որ ամեն ինչ էլ պետք է հնչի՝ սիմֆոնիկ գործեր, մանկական, էստրադային: Եթե չփորձես, ո՛չ կողքինդ կիմանա դու ով ես, ո՛չ էլ դու ինքդ: Պատկերացրեք, որ գրողը գրի ու իր գրածը միայն ինքը կարդա:
-Խոսեցիք մանկական ստեղծագործությունների մասին, կարծես բաց կա այդ դաշտում:
-Ասեմ, որ մենք հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների ժողովածու ենք հրատարակելու 1-7-րդ դասարանների համար: Երեխաները երգում են սիրո ու չգիտեմ, թե էլ ինչի մասին: Մանկական երգ մենք չունենք: Բայց պարզվում է՝ մեծ թվով երգեր կան, ուղղակի ճանաչելի չեն:
-Վերջին օրերին քննարկման կիզակետում հայտնվեցին մշակութային խնդիրները, ընդհուպ հարց բարձրացվեց՝ պե՞տք է արդյոք մեզ մշակույթի նախարարությունը: Ի՞նչ վերանայումների կարիք ունենք՝ Ձեր կարծիքով:
-Մեր հասարակությունը պատրաստ չէ շատ բաների: Անցումը կապիտալիստական կամ պոստկապիտալիստական հասարակարգի (ոնց կուզեք՝ անվանեք), շատ կտրուկ էր: 25 տարի մենք սթրեսի մեջ ապրեցինք՝ ուղղորդվելով ինտուիցիայով: Այն, ինչ կատարվում էր վերջին օրերին, գիտականորեն անբացատրելի է, ոչ մի տեղ գրված չէ, որ նման բաներ կարելի է անել: Մենք այսօր պատմություն ենք ստեղծում: Ինչ վերաբերում է նախարարություն ունենալ-չունենալու խնդրին, ասում ենք, որ ԱՄՆ-ում չկա մշակույթի նախարարություն, բայց այնտեղ կա բարերարների մեծ խումբ, որ ուզում է նվագախումբ լինի, օպերային թատրոն: «Մետրոպոլիտենը» գործում է բարերարների աջակցությամբ, պետական ֆինանսավորում չկա: Շատերն ասում են՝ ստեղծագործական միությունները խորհրդային կառույցներ են, այդ դեպքում ինչու՞ են նման միությունները ուրիշ անվան տակ գործում Միացյալ Նահանգներում: Ի վերջո, կարևորը ձևը չէ, այլ բովանդակությունը: Պետք է մտածենք, հասկանանք՝ ինչ ենք ուզում: Փոքր երկիր լինելով՝ մենք ունենք բավականին մեծ մշակութային դաշտ: Նյու Յորքում հնչում էին հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, և գիտե՞ք՝ ինչ հետաքրքիր մոտեցում էր: Համերգից հետո ամերիկացի երաժիշտները հարցնում էին՝ կարո՞ղ եք վարպետության դաս անցկացնել: Նրանց համար զարմանալի է, նույնիսկ չգիտեն Հայաստանը որտեղ է, որ նման երաժշտություն ունի: Շատ նման դեպքեր կարող եմ հիշատակել, որ չգիտեն Հայաստանի մասին, բայց հետաքրքրվում են, անկեղծ զարմանում մեր արվեստով:
Պարզապես մենք պետք է հնարավորություն ստեղծենք ճանաչելի դարձնելու մեր հեղինակներին:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4849

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ