Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հայաստանի կոմպրոմիսային կառավարությունը

Հայաստանի կոմպրոմիսային կառավարությունը
14.05.2018 | 09:32

Շաբաթ օրվանից Հայաստանն ունի արդեն նոր կառավարություն։ Կադրերի մասնագիտական ու մարդկային որակների մասին դատողությունների պատասխանատվությունը թողնենք վարչապետին` նա է առաջարկել, նա էլ ունի իր հիմնավորումներն ու բացատրությունները: Ի վերջո` նշանակումների իրավունքը:


Կադրերը` կադրեր, կա խնդրի առավել կարևոր կողմը` կառավարության ձևավորման սկզբունքը: Ակնհայտ է, որ այս կառավարությունը իրավիճակային ու կոմպրոմիսային է և բնավ համարժեք չէ թավշե հեղափոխության առաջադրած պահանջներին ու նպատակներին: Պարզապես ելք է ստեղծված իրավիճակից: Ի սկզբանե անվանված է, որ կառավարությունն անցումային է` մինչև ԱԺ արտահերթ ընտրութուններ, և դա մասամբ արդարացնում է կառավարության կոմպրոմիսային կազմը: Բայց նշանակումից հետո կառավարությունը պիտի սկսի գործել, ու այս կետից սկսվում են հարցականները:


1. ՈՒ՞մ են ենթարկվելու նախարարները` վարչապետի՞ն, թե՞ կուսակցությանը, որ իրենց առաջադրել է նախարար: Այս կետի վրա սայթաքել են ՀՀ բոլոր բազմակուսակցական կառավարությունները: ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի նախարարների գործունեության առանցքում դեյուրե լինելու է կառավարության ծրագիրը, որ դեռ պիտի ներկայացվի ԱԺ հաստատմանը, իսկ դեֆակտո՞: Դարակազմիկ գաղտնիք չէ, որ բոլոր կուսակցությունները` խորհրդարանական ու արտախորհրդարանական, պատրաստվում են ընտրությունների, չե՞ն օգտագործելու այդ կուսակցությունները իրենց վարչական լծակները հօգուտ իրենց ձայներ ապահովելու: Ի՞նչ լծակ ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախարարներին պահելու ծրագրային ու սկզբունքային դաշտում:


2. Եթե «Իմ քայլի» նպատակը ոչ միայն «Մերժիր Սերժինն» էր, այլ` համակարգ փոխելը, ինչպե՞ս պիտի համակարգից պոկված մասերը պայքարեն համակարգի դեմ: Տեսականորեն նույնիսկ գեղեցիկ ու տպավորիչ է հնչում` ժողովրդի կողքին լինել, ժողովրդի ցավը տանել և այլն, և այլն, գործնականում անգամ կիսաքանդված վիճակում համակարգի ինքն իր դեմ պայքարելու կամ իրեն վերականգնելու հավանականությունը 50։50 է: Ինչպե՞ս պիտի օլիգարխի գլխավորած կուսակցությունը պայքարի օլիգարխիայի դեմ: Ձևավորելով այս կոմպրոմիսային կառավարությունը` Հայաստանի թավշե հեղափոխությունն այս փուլում արժեքային նահանջ է արձանագրում: Մեծ հարց է` ուժերի վերականգնումից հետո ո՞ր արժեքները կգերակայեն: Ձևակա՞ն ժողովրդավարության, թե՞ բովանդակային:


3. Արտահերթ խորհրդարանական ընտրություններում լինելու են անակնկալներ: Արդեն իսկ ուրվագծվում է, որ ՀՀԿ-ն միասնական չի մնալու` նվազագույնը ՀՀԿ նախագահն ու առաջին փոխնախագահը ընտրություններում միասին չեն լինելու: Կարեն Կարապետյանը` Սամվել և Կարեն Կարապետյանների հետ միասին, փորձելու է քաղաքական նոր դեմքով մասնակցել ընտրությունների` դա ոչ միայն ու ոչ այնքան քաղաքական խնդիր է, որքան` ֆինանսական: Սամվել Կարապետյանը թեթևամտորեն չափազանց մեծ ներդրումներ է արել Հայաստանում ու այնքան սեփականություն ունի, որ չի կարող թողնել բախտի քմահաճույքին: Լինելու է նաև ՌԴ քաղաքական պատվերը` նոր ԱԺ-ում ունենալ իր թևը: Համենայն դեպս` ապահովության համար:


4. Հայկական թավշե հեղափոխությունն ուներ մեկ գերակա խնդիր` վերականգնել Հայաստանի ինքնիշխանությունը: Միայն անկախության պարագայում է հնարավոր տնտեսական հաջողություններ ունենալ: Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ պատրաստ է զարգացնել հայ-վրացական, հայ-իրանական, հայ-չինական, հայ-հնդկական հարաբերությունները: Հրաշալի է, իսկ Ռուսաստանը թողնելու՞ է, որ զարգացնի: Այնպես չէր, որ Սերժ Սարգսյանը Հայաստանի թշնամին էր ու ուզում էր ծաղկեցնել արտագաղթը, աղքատությունը, քայքայել տնտեսությունը: Իշխանության լեգիտիմության պակասը նրան կախման մեջ էր դնում Ռուսաստանից: Բայց ոչ միայն դա: Նիկոլ Փաշինյանի իշխանության նույնիսկ 1000- տոկոսանոց լեգիտիմությունը նրա համար դեռ չի ապահովում մենաշնորհների վերացում տնտեսության մեջ ու ազատ մրցակցության հաստատում: Կարողանալու՞ է Փաշինյանի կառավարությունը վերացնել «Գազպրոմի» մենաշնորհային դիրքը և Իրանի գազը բերել Հայաստան ու Հայաստանը դարձնել տարանցիկ երկիր` Իրանից Եվրոպա գազ արտահանելու համար: Կարողանալու՞ է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը այնքան անկախ քաղաքականություն վարել, որ Չինաստանը իր Մետաքսի մեծ ճանապարհի ցամաքային հատվածներից մեկը անցկացնի Հայաստանով` ապահովելով ներդրումներ ու ենթակառուցվածքների զարգացում: Նիկոլ Փաշինյանի վրա մի կասկածեք, նրա նշանակած նախարարները ունենալու՞ են այդ ցանկությունը և աշխատելու՞ են այդ ուղղությամբ, եթե և ԲՀԿ-ն, և ՀՅԴ-ն սերտ շաղկապված են ռուսական քաղաքական ու բիզնես էլիտաներին ու նրանց թելադրանքով գործելու մեծ փորձ ունեն, իսկ վտանգի պահին` Ռուսաստանից Հայաստանի վրա ճնշում գործադրելով հարցերը լուծելու պրակտիկա: Վերջապես ե՞րբ է Նիկոլ Փաշինյանը հասկանալու, որ սիրաշահել չի նշանակում անվտանգ դարձնել, որ առավոտից երեկո Ռուսաստանին հավատարմության երդումների արանքում պարտավոր է հիշել, որ կա ԵՄ, կա Ֆեդերիկա Մոգերինի, որ օրը երկու հայտարարություն էր անում, որ Նիկոլ Փաշինյանին ազատ արձակեն ու բռնությունների չդիմեն: Կա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ԱՄՆ, որ այսքան տարի պահել է միանշանակ հայամետ դիրքորոշում ամենատարբեր հարցերում` թեկուզ միայն Իրանի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացումը պատժամիջոցներով չկաշկանդելը, երբ դեռ 2015-ի միջուկային համաձայնագիրը չկար, ու անգամ հիմա: Վերջապես կա` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիա ու Ֆրանսիայի նախագահ, որ հոկտեմբերին գալու է Հայաստան: Դեռ Ղարաբաղի հարցին չհասնեմ:


5. Ի՞նչ հարաբերություններ են ստեղծվելու հայ օլիգարխների ու կառավարության միջև` մրցակցային դաշտը օրենքներով ու հրամաններով չի ստեղծվում, քվոտաների չարաբաստիկ մեխանիզմը վերացնելու ի՞նչ լծակ կա Նիկոլ Փաշինյանի տրամադրության տակ: Սպիտակ դաշտ գալու համար ի՞նչ երաշխիքներ ու դրդապատճառներ ունեն օլիգարխները: Կերակրատաշտը վերացնելու ու հարկերը պետական բյուջե մուտք անելու համար հայտարարել մահ կոռուպցիային ու հովանավորչությանը` քիչ է: Ակնհայտորեն` սպիտակ դաշտում գործելով օլիգարխները կորցնելու են եկամուտներն ու դիմադրելու են օրինական ունեզրկմանը: ՈՒ ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու այդ դեպքում:


6. Նոր կառավարության ու ցանկացած կառավարության հաջողության համար բյուջեում պիտի փող լինի: Հայաստանի բյուջեում պետական պարտքն է ու 7- տոկոսանոց աճը, որի իրական լինելը արդարացի կասկածի տեղիք է տալիս: Աշխարհի մեծագույն տնտեսագետներն էլ Հայաստան գան իրենց դարակազմիկ ու աշխարհափրկիչ ծրագրերով, տնտեսության կառուցվածքը պիտի փոխվի, արդյունաբերությունը պիտի վերականգնվի, արտահանման կառուցվածքը պիտի փոխվի` հումքի փոխարեն ապրանքը պիտի գերակշռի արտահանման մեջ: Միայն այդպես կարող են աշխատատեղեր ստեղծվել: Արտադրության վերականգնումը նոր տեխնոլոգիաներ ու ներդրումներ է պահանջում, նոր կադրեր: ՈՒնի՞ Հայաստանն այդ հնարավորությունը: Այս արտաքին քաղաքականության պարագայում չի ունենա նվազագույնը մեկ տասնամյակ:


7. Լեռնային Ղարաբաղի հարցը եղել է անկախ պետականության հաստատման սկզբից ու մնում է օրակարգում` թելադրելով անվտանգության ապահովման իր պայմանները, հարաբերությունները Ադրբեջանի ու Թուրքիայի հետ: Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ունի երկու ճանապարհ` կամ հնարավորինս հետաձգել հարցի լուծումը` սառեցնելով դիվանագիտական ճանապարհով, կամ գնալ լուծման` մադրիդյան սկզբունքներով: Ցավոտ ու դժվար լուծման: Երրորդ ճանապարհն էլ կա` ելնելով քաղաքական փոփոխություններից առաջարկել բոլորովին նոր սկզբունքներ ու նոր լուծում: Դատելով Ստեփանակերտում մամլո ասուլիսում հնչած տեսակետներից` Նիկոլ Փաշինյանը երրորդ ճանապարհին պատրաստ չէ ու գնալու է առաջին ճանապարհով, իսկ դա նշանակում է` եղած վիճակի շարունակում` սահմանային մշտական սադրանքներով ու պատերազմի վերսկսման մշտական վտանգով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Նոր կառավարությունն ունի 100 օրվա անքննադատ գործունեության չգրված իրավունք: Իսկ կգործի՞ այդքան նոր կառավարությունը` 3 ամիս ու ավելի, եթե արտահերթ խորհրդարանական ընտրություններն են օրակարգի թիվ 1 հարցը: Կամ` ի՞նչ իրավիճակ կստեղծվի կառավարության գործունեության հետևանքով: Նիկոլ Փաշինյանն արդեն խորհրդակցություն է հրավիրել նոր կառավարության հետ ու նրանց առաջին հանձնարարականները տվել` անցնել աշխատանքի, ծանոթանալ ընթացիկ վիճակին, ընդհանրապես ժամանակ չկորցնել` կան օպերատիվ խնդիրներ, որոնք անհրաժեշտ է ժամ առաջ լուծել: «Մեր աշխատանքի տրամաբանությունը և փիլիսոփայությունը պետք է լինի հետևյալը. մեր կոչումը և խնդիրը ՀՀ քաղաքացիների կյանքն առավել հարմարավետ ու բարեկեցիկ դարձնելն է, իհարկե, մեր կառավարությունը քաղաքական առումով ունի առաջնահերթություն՝ ՀՀ-ն նախապատրաստել արտահերթ խորհրդարանական ընտրությունների, բայց այս ընթացքում պետք է կարողանանք արձանագրել լուրջ արդյունքներ: Մեր կառավարության ոճը պետք է լինի մշտական երկխոսությունը հասարակության հետ: Հանրությունը պետք է զգա, որ սա այն կառավարությունն է, որն ինքն է ձևավորել և որն առաջին հերթին հաշվետու է իր առաջ և որը ոչ միայն առաջարկում է գաղափարներ, այլ նաև ունի բոլոր փաստարկները՝ դրանք հիմնավորելու և դրանց օգտակարությունն ընդգծելու համար»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: Լավ գործ է նախարարի գործը:

Դիտվել է՝ 3183

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ