Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Անկարան պատրաստ է վերականգնել հարաբերությունները Հայաստանի հե՞տ

Անկարան պատրաստ է վերականգնել հարաբերությունները Հայաստանի հե՞տ
14.05.2018 | 09:35

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի Հանրապետություն այցի ժամանակ հայտարարեց, որ Երևանը պատրաստ է վերականգնել դիվանագիտական հարաբերություններն Անկարայի հետ առանց նախապայմանների, բայց ակնկալում է, որ Թուրքիան իր հերթին ևս կհրաժարվի ինչ-որ պայմաններ առաջադրելուց: Թուրքիան պատասխանեց: Նախ Թուրքիայի նախագահի աշխատակազմի անանուն ներկայացուցիչը հայտարարեց, որ «առանց ադրբեջանական տարածքների ազատագրման թուրք-հայկական հարաբերությունների մասին խոսք լինել չի կարող», ապա հետևեց վարչապետ Բինալի Յիլդիրիմի ինտրիգային հայտարարությունը. «Եթե Հայաստանը հրաժարվի մեր տարածքային ամբողջականության ու սահմանների վերաբերյալ սխալ դիրքորոշումից, եթե ցանկանա նորից բացել սահմանը, մենք կարող ենք փոխադարձությամբ պատասխանել: Թուրքիան մտադիր չէ թշնամական դիրքորոշում ունենալ որևէ մեկի, հատկապես հարևանների նկատմամբ: Այդ պատճառով եթե Հայաստանի դիրքորոշման մեջ ինչ-որ մեղմացում է եղել, մենք ի շահ մեր երկրի դա կարող ենք գնահատել»: Ինչպես տեսնում եք` Յիլդիրիմը չի կապում Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացումը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի հետ: Երկրորդ` նա խոսում է Հայաստանի ինչ-որ «սխալ դիրքորոշման մասին» ՙԹուրքիայի տարածքային ամբողջականության ու սահմանների» վերաբերյալ: Բայց հայտնի չէ Հայաստանի որևէ պաշտոնական փաստաթուղթ, որով Երևանը տարածքային պահանջներ է ներկայացնում Անկարային: Իհարկե, կան հայ և ոչ միայն հայ, պատմաբանների ու քաղաքագետների հազարավոր հոդվածներ, որ շոշափում են սահմանների հարցը: Սակայն դա հաշիվ չէ` այդ դատողություններն ու տեսակետները կարող են համարվել հեղինակների անձնական կարծիքը: Այլ հարց կա` 2018-ի մարտի 1-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր ստորագրեց, որով անվավեր հայտարարվեցին հայ-թուրքական ցյուրիխյան արձանագրությունները, որոնք Անկարան «սառեցրել էր» խորհրդարանում ու կասեցրել վավերացումը:


Այդ փաստաթղթերը նախատեսում էին երկու երկրների հարաբերությունների նորմալացում` ընդհուպ սահմանների բացում, 1915-ին հայերի ցեղասպանության խնդիրը տեղափոխում էին համատեղ ակադեմիական ուսումնասիրությունների հարթակ: Այդ արձանագրությունները երկու երկրների համատեղ ստորագրած միակ փաստաթուղթն էին 1921-ի Կարսի պայմանագրից հետո: Սակայն Ադրբեջանի ճնշման տակ Թուրքիան վճռեց հայ-թուրքական հարիաբերությունների կարգավորման գործընթացը կապել Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման հետ: Յիլդիրիմի հայտարարությունից հետո ստացվում է, որ թուրքական պայմանների գլխավոր վեկտորը հանվում է: Այստեղ որոշակի հանելուկ կա, որովհետև թուրք փորձագետների կարծիքով 2018-ի մարտին Թուրքիայում չկային ներքաղաքական պայմաններ Ցյուրիխի պայմանագրերի վավերացման համար: Ի՞նչ է փոխվել հիմա: Եթե չհաշվենք իշխանության փոփոխությունը Հայաստանում: Անկեղծորեն` առայժ որոշակի անվստահությամբ եմ վերաբերվում Թուրքիայի վարչապետի հայտարարությանը: Եթե նրա խոսքերը չհերքեն իշխանության այլ ներկայացուցիչներ, կարելի է խոսել, որ տարածաշրջանում հասունանում են լրջագույն աշխարհաքաղաքական փոփոխություններ, որ վերաբերելու են ոչ միայն տարածաշրջանային խաղացողներին, այլև համաշխարհային շատ կենտրոնների, որ այստեղ ունեն իրենց շահերը: Hürriyet-ը գրում է` նշաններ կան, որ Անկարան սկսում է դիտարկել թուրք-հայկական հարաբերությունների նորնալացումը և Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը` Անդրկովկասում կայունության ու անվտանգության տեսակետից երկու կարևորագույն հարցերը, իբրև գործընթացներ, որ «պետք է զուգահեռ լինեն իրար, այլ ոչ միասին, երկու կողմերի աջակցությամբ», որ «առաջընթաց լինի յուրաքանչյուր հարցում»: Ինչու՞: Թուրք փորձագետները մի քանի պատճառներ են նշում:


Առաջին` վերականգնելով հարաբերությունները Հայաստանի հետ` Թուրքիան ձգտում է ամրապնդել իր ազդեցությունն Անդրկովկասում, որ այսօր համարում է անբավարար: Երկրորդ` Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացումը Անկարայում դիտարկվում է ներքաղաքական ժողովրդավարացման հունի մեջ պատմական հասարակական համաձայնության ձեռքբերման ենթատեքստում քուրդ ու ոչ միայն քուրդ բնակչության հետ: Հիմա Թուրքիան փորձում է ամրապնդվել այդ ուղղությամբ: Տվյալ դեպքում կարելի է ենթադրել և ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու Անկարայի ցանկությունը, որի լիիրավ անդամ է Հայաստանը: Չի բացառվում, որ առաջիկայում Անկարայի ու Երևանի միջև սկսվեն փակ կամ բաց շփումներ, որ վերակենդանացնեն հարաբերությունների նորմալացման գործընթացը և օրակարգ վերադարձնեն Ցյուրիխի արձանագրությունները: Hürriyet-ի կարծիքով` «նոր բանակցությունների դեպքում, որ կսկսվեն զրոյից, ծայրահեղ բարդ կլինի հասնել այն առավելություններին, որ ստեղծվել էին արձանագրությունների շնորհիվ»:


Յիլդիրիմի հայտարարությանը դեռ չի հետևել Բաքվի արձագանքը: Մոսկվան, արձանագրությունները Հայաստանի կողմից անվավեր հայտարարվելուց հետո, ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի շուրթերով ասաց. «Մենք անմիջական գնահատական ենք տվել այդ պայմանագրին, ռուսական պատվիրակությունը Ցյուրիխում էր և ակտիվ մասնակցություն ուներ: Բոլոր գնահատականները տրված են և մեր վերաբերմունքը մնում է ակտուալ: Ռուսական կողմը ելնում է այդ երկրների հարաբերությունների կարգավորման կարևորությունից իրենց իսկ շահերի տեսակետից»: Կմնա՞ նույնը Մոսկվայի դիրքորոշումը:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Բայց ինչ իմաստ ունի սար ու ձոր ընկնել` աշխարհաքաղաքականություն ու քաղաքականություն խառնել, երբ կա պարզ խթան` հունիսին Թուրքիայում նախագահական ու խորհրդարանական արտահերթ ընտրություններ են` Էրդողանին պետք են Թուրքիայի հայ քաղաքացիների ձայները: Ընտրություններից հետո հարցը կդադարի ակտուալ լինել: Հենց այդ պատճառով էլ Բաքուն մեկ ժամ անց չի պատասխանել ու մինչև հիմա անարձագանք է թողել Բինալի Յիլդիրիմի հայտարարությունը: Նրանք գիտեն, որ վարչապետը կոնյունկտուրային հայտարարություն է արել ու մտահոգված չեն, որ Անկարայում արտաքին քաղաքական փոփոխություն է կատարվում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2132

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ