Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Տեղական մասշտաբի Ֆուկույամա մի խաղացեք

Տեղական մասշտաբի Ֆուկույամա մի խաղացեք
15.05.2018 | 00:14

Գուցե դեռ կարոտեք հրապարակներում ու փողոցներում որսորդական համազգեստով, «Դուխով» բեյսբոլկայով, խորհրդավոր ուսապարկը մեջքին` ուսանողների ուղեկցությամբ և բոլորին անհայտ ուղղությամբ քայլող, վազող, բողոքող Նիկոլ Փաշինյանին ու նրա հետ բանակցող Վալերի Օսիպյանին, որ պահանջում էր խաղաղ ու ինքնաբուխ ցույցի, հավաքի, երթի վայրն ու երթուղին տեղեկացնել, որ… ապահովի անվտանգությունը: ՈՒ` պատասխան չէր ստանում: Որպես կանոն: Դա պատմություն էր, որ թվում էր անվերջ, ավարտվեց շատ արագ: Գուցե կարոտեք նաև ձեզ` այդ օրերին: Շաբաթ օրից ունենք նոր կառավարություն: Ազգային համաձայնության` «Ելքի», «Ծառուկյան» դաշինքի ու ՀՅԴ-ի կազմից:

Ոմանք գուցե հիշում են, որ ժամանակին առաջինն ազգային համաձայնության կառավարության մասին խոսեց ՀՀ նախկին նախագահ ու վարչապետ Սերժ Սարգսյանը: Գաղափարը շրջանառվեց ու, կարծես, մոռացվեց: Ազգային համաձայնության բովանդակությունը չէր հասկացվում` ո՞վ ում հետ է համաձայնում` իշխանությունն ինքն ի՞ր ու իր սատելիտների հե՞տ: Ինչպե՞ս կարող է ազգային համաձայնության կոչվել մի կառավարություն, որտեղ չկա ընդդիմությունը: Իսկ ընդդիմությունը չկա, որովհետև չի կարող ընդդիմություն լինել, երբ իշխանության մեջ է: Գաղափարը վերադարձավ նոր բովանդակությամբ` կա ընդդիմությունը` երեկվա, չկա այսօրվա ընդդիմությունը` երեկվա իշխանությունը: ՀՀԿ-ն հրաժարվեց նոր կառավարության մաս կազմելուց` իրեն վերապահելով կառուցողական ընդդիմության դերը: ՀՀԿ-ականները հավաստում են, որ չեն խոչընդոտի նոր կառավարության աշխատանքին` ՀՀԿ-ն պատրաստ է քննարկել ցանկացած օրենսդրական նախաձեռնություն, այդ թվում` Ընտրական օրենսգիրքը: «Իմ քայլն» անող ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը քանիցս հայտարարել է, որ կառավարություն ձևավորելուց հետո առաջնայինն Ընտրական օրենսգրքի փոփոխություններն են` արտահերթ ընտրություններն արդար, ազատ և օրինական անցկացնելու, ընտրակաշառքն ու կրկնաքվեարկությունը բացառելու համար: Ռեյտինգայինին դեմ են ԱԺ 4 ուժերից երեքը, նրանց ձայները բավարար չեն սահմանադրական օրենքում փոփոխություններին: ՀՀԿ-ն մշտապես մերժում էր ռեյտինգային համակարգը վերացնելու նախագծերը: Կհամաձայնի՞ հիմա: ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասում է՝ պատրաստ են քննարկել, երբ օրինագիծը ներկայացվի: Այնուամենայնիվ` պնդում է, որ գործող Ընտրական օրենսգիրքը միջազգային փորձագիտական որևէ կենտրոն չի քննադատել:

«Ծառուկյան» դաշինքը հիշեցնում է, որ միշտ դեմ է եղել ռեյտինգային համակարգին և կարևորում է օրենսգրքից հանելը: ԲՀԿ-ն արդեն հիմա փորձում է արտահերթ ընտրությունները հնարավորինս ուշացնել` հիմնավորելով, որ օրենքի փոփոխության գործընթացը երկար ժամանակ կպահանջի: Եվ` «Առնվազն մեկ տարի հասարակությունը լուրջ ցնցումներից ազատ պահելու նկատառումով կարելի է թույլատրել, որ վարչապետը շարունակի գործունեությունը: Եթե ինքն իրականացնի ժողովրդաշահ ծրագրեր, ամենևին էլ նոր ընտրությունների կարիք չի լինի»` անձնական կարծիք է հայտնել Գևորգ Պետրոսյանը, ընդգծելով՝ նոր ընտրությունների կազմակերպման «ողջամիտ ժամկետները շատ սահմանափակ են»: ԲՀԿ-ում «անձնական կարծիք» ունենում է միայն մեկ մարդ: Եվ այդ մեկին, և բոլոր մյուսներին ձեռնտու է ժամանակ ձգելը` վերականգնելու իրենց քաղաքական կերպարն ու հասկանալու` ինչպե՞ս հաղթել նոր պայմաններում, երբ ընտրակաշառքը կարող է արգելվել: Խաղը դրված է ոչ այնքան սեփական վարկանիշի վերականգնման, որքան Նիկոլ Փաշինյանի վարկանիշի նվազման վրա: Չի բացառվում, որ ինչ-որ պահից Նիկոլ Փաշինյանը հայտարարի` ընտրություններ պետք չեն, անհրաժեշտ բարեփոխումներն արվում են, բյուջեում փող չկա, կեցցե թավշյա հեղափոխությունը` ես մնում եմ վարչապետ, դեմ կա՞: Հայաստանում միայն սոցիոլոգիական հարցում պատվիրածներն են հավատում հարցման արդյունքներին, այնուամենայնիվ, հարցումներ արվում են:

«GALLUP International association»-ի անդամ ԷՄ ՓԻ ՋԻ ՍՊԸ-ն սոցհարցում է արել արտահերթ ընտրության վերաբերյալ: 90 տոկոսից ավելին ուզում է արտահերթ ընտրություն: 75 տոկոսը ձայնը կտար «Ելքին», եթե ընտրությունը լիներ առաջիկա կիրակի օրը: Մյուս ուժերից 5 տոկոսը հաղթահարում է միայն ԲՀԿ-ն՝ 5,3 տոկոս: Օբյեկտիվ, թե սուբյեկտիվ տվյալներ հրամցնի սոցիոլոգիան, արտահերթ ընտրությունների անցկացումը քաղաքական օրակարգի հայտարարված թիվ 1 խնդիրն է: ՔՊ-ից բացի, որ վախենում է աջակցության ալիքը կորցնել, մյուսները ձգելու են ժամանակը: Բայց չեն կարողանալու անվերջ ձգել` ընտրողը հիշելու է նրանց տեսակետը քվեարկելիս: Եվ դա միայն ՀՀԿ-ին չի վերաբերում, այլև ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին ու արտախորհրդարանական ուժերին, որ փորձելու են վերաորակավորվել ու ԱԺ մտնել: Ազգային համաձայնության կառավարությունը չի նշանակում, որ արտահերթ ընտրություններին «Ելք»-ը, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն միասին են մասնակցելու: Կլինեն նոր դաշինքներ ու նոր կուսակցություններ: Չի բացառվում, որ «Ելքը» վերստին անակնկալ մատուցի` «Լուսավոր Հայաստանի» ու «Հանրապետության» մասով ներկայանալով արևմտամետ ուժ` երկուսով կամ այլ արևմտամետների, եթե ի հայտ գան: Անակնկալ կարող է մատուցել և ՀՀԿ-ն` դիմելով ռեբրենդինգի ու նոր անուններ հավաքելով նոր ցուցանակի տակ: Կարեն Կարապետյանն էլ կարող է վերհիշել դրայվն ու բախտը փորձել` իր կամ Ռուսաստանի: Միով բանիվ` ընտրությունները սկանդալային ու հետաքրքիր դիպաշարի կարուսել են դառնալու:


Նշանակված է նոր կառավարությունը: Դուք չեք տեսնի հավերժ նախարարների հոգնած ու անթափանց դեմքերը: Դուք կառավարության կազմում կտեսնեք մի քանի ծանոթների և հիմնականում անծանոթների: Կառավարության կազմը հայելու պես արտացոլում է քաղաքական փոփոխությունների պատկերը` հեղափոխական ալիքի վրա իշխանության եկած երիտասարդներ ՔՊ-ից` դուք կհասկանաք հեղափոխության էությունը` «չմո» երկիրը երկիր է դառնում, երբ «Գարդասիլի» ագրեսիվ ու անհամոզիչ գովազդակիրն առողջապահության նախարար է, կհասկանաք` ի՞նչ է մշակույթը` մշակույթի նախարարը և հենց դուք, որ ակնածանք ու պարկեշտություն եք ունեցել ձեր ու մշակույթի մեջ տարածություն տեսնելու, բայց անգլերեն չեք սովորեցրել ապագա վարչապետին ու հիմա պիտի հաշտվեք, որ ձեր մշակույթի անունը… Լիլիթ է, դուք կունենաք փոխվարչապետներ, նախարարներ ու պաշտոնյաներ, որ չեն ծառայել բանակում (Արարատ Միրզոյան, Տիգրան Ավինյան, Մխիթար Հայրապետյան, Արայիկ Հարությունյան, Էդուարդ Աղաջանյան), բայց կծառայեն ձեզ: Կունենաք ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի բազմիցս նախարարություն ու պաշտոն փոխատեղածներ, որ, որքան էլ քաղաքական իրավիճակով ու իրադարձային լուծումների անհրաժեշտությամբ բացատրվեն, նոնսենս են: Այս կառավարության վարչապետ լինելը սխրանք է, որ նույնիսկ Հերակլեսը չէր գործել: Նիկոլ Փաշինյանի նշանակումների` ներառյալ ոստիկանապետի ու ԱԱԾ պետի, գնահատականները հակասական են:

Դա նորմալ է` ով էլ նշանակվեր, նույնն էր լինելու: Կա մարդկանց խումբ, որ իր կարծիքն է հայտնում` առանց իրողությունների հետ շփման կետերի: Կա այլ խումբ, որ սպասում է քայլ արվի, որ քննադատի: Կա երրորդ խումբ, որ ամեն ինչով հիացած է ու լավագույն սպասումների մեջ: Բայց կա նաև հասարակական ընդհանրական կարծիքին դեմ չգնալու խելամտություն: Նոր ոգի ու նոր սիմվոլ տարփողեց ու չբերեց ՀՀԿ-ն, բերեց հայկական թավշե հեղափոխությունը, որի ավանդույթներով չի բացառվում, որ «Մերժիր Սերժին» կարգախոսին հաջորդի «Նիկոլին նետիր պոլին» կարգախոսը, երբ ՔՊ նախարարները սկսեն խոսել ու գործել` ԱԺ-ում վստահության քվե ստանալուց հետո: Եթե Նիկոլն իրեն կամիկաձե է զգում, Հայաստանը փորձադաշտ չէ: Ձերբազատվեք մտքից, որ այս կառավարությունը ձախողվեց` Հայաստանի վերջն է, տեղական մասշտաբի Ֆուկույամա մի խաղացեք` սա պատմության ավարտը չէ: Ընթացք է, որի հաջողությունն ու ձախողումը 50:50 են: Կձախողվի՞ այս կառավարությունը, կգա նորը: Խորհրդարանական կառավարման պարագայում Հայաստանի չափահաս բնակչությունը կհասցնի 6 ամիսը մեկ ինչ-որ նախարար լինել: Հեղափոխությունը պետք չէ անձնավորել ու բոլոր հույսերը, հավատը, ապագան ու հեռանկարը կապել մեկ անձի հետ: Նիկոլ Փաշինյանին կուռք ու հաջողության, երջանկության, առողջության երաշխիք դարձնելն առաջին հերթին հարվածում է իրեն: Ո՞վ ասաց, որ նա անսխալական է ու անփոխարինելի: Նրա ամբողջ շարժման նպատակն ապացուցելն էր, որ անփոխարինելիներ չկան: Անտրամաբանական է` տարեց անփոխարինելիին փոխարինել երիտասարդ անփոխարինելիով ու հաջողություն ակնկալել:


Հընթացս կառավարության կազմավորման, գինու փառատոնին մասնակցության, ֆեյսբուքյան ուղերձների ու վարչապետական բուռն կյանքի` Նիկոլ Փաշինյանը հարցազրույցներ է տալիս արտասահմանյան լրատվամիջոցներին ու ներկայացնում ՀՀ արտաքին քաղաքականությունը: Ավելի ստույգ` արտաքին քաղաքականության անփոփոխությունը: Ճիշտ` ինչպես նախահեղափոխական օրերին, երբ պետք էր ապահովագրել հեղափոխության ընթացքն արտաքին սպառնալիքներից: Պետության քաղաքականության բաժանումը ներքինի ու արտաքինի անհնար է: Սկզբունքորեն կա պետական շահ, որին սպասարկում են ներքին ու արտաքին քաղաքականությունները: Եթե Հայաստանում այն վիճակն էր, որ հեղափոխություն ու իշխանափոխություն եղավ, ինչպե՞ս կարող է անփոփոխ մնալ արտաքին քաղաքականությունը: Առավել ևս` եթե հայտարարվում է, որ հիմնովին փոխվում է ներքինը:

Տնտեսությունը հնարավոր չէ ոտքի հանել կոռուպցիայի դեմ պայքարով, լավագույն մտադրությունների գովազդով, սփյուռքին ներդրումներով վերադարձի կոչով: Ցանկացած պետության հաջողությունը որոշում է տնտեսության վիճակը ու բնակչության կենսամակարդակը: Օրենսդիր ու գործադիր իշխանություններում աշխատանքը ունի հիմնական տարբերություն` օրենսդիրները կարող են իրենց թույլ տալ պաթետիկ ու վերացական, ապրիորի դատողություններ` համամարդկային կամ հակամարդկային, գործադիրը պարտավոր է կոնկրետ ու հստակ, ժամանակացույցով ու մեխանիզմով աշխատել: Առանց արտաքին քաղաքականության փոփոխության տնտեսությունը չի կարող որակապես փոխվել` Հայաստանը պիտի հաջորդ քայլն անի` վերականգնի ինքնիշխանությունը ու սուբյեկտայնությունը միջազգային մակարդակով` թոթափելով ֆորպոստային ընկալումները: ԵԱՏՄ-ն, ԱՊՀ-ն, ՀԱՊԿ-ը, ԵՄ-ն հայելիներ են, որ ցույց են տալիս Հայաստանի իրական ու ամբողջական պատկերը, որ ներսում լինելով` մենք մաս-մաս ու մասնակի ենք տեսնում: Բավական չէ հայտարարել «Ես հայամետ եմ՝ ոչ արևմտամետ եմ, ոչ ռուսամետ» ու հարցը համարել փակված: Դա կարող էր իրեն թույլ տալ ՔՊ անդամ Նիկոլ Փաշինյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար անորոշ ու հեղհեղուկ բնորոշում է, հայամետությունը արժանիք կամ կողմնորոշում չէ, բովանդակային բացատրության կարիք ունի` ներսում ու դրսում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Ձեզ չի՞ թվում, որ եթե ՀՀԿ-ն ընդդիմություն է, չի կարող ունենալ ԱԺ նախագահ ու 2 փոխնախագահ: Սահմանադրության 104-րդ հոդվածով` ԱԺ-ն իր կազմից ընտրում է ԱԺ նախագահ ու 3 տեղակալ: Տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից: Այսինքն` ՀՀԿ-ի ԱԺ նախագահ ու 2 փոխնախագահ ունենալը դեմ է Սահմանադրությանը: Այո, անտրամաբանական է, որ 9 մանդատով քաղաքական ուժը ունենա ԱԺ նախագահ և փոխնախագահ, նույնքան անտրամաբանական էր ՀՀԿ-ի 20-ամյա իշխանությունը: Նույնքան անտրամաբանական ու փաստ է 9 մանդատ ունեցող քաղաքական ուժի վարչապետ ունենալը: Հեղափոխությունը մտավ Հանրապետության հրապարակ ու Բաղրամյան 26: Բաղրամյան 19 մտնելով շատ հարցեր կարող են ավելի արագ լուծվել: Խնդիրը անձերը չեն, այլ` Սահմանադրությունն ու սկզբունքը: Կգա՞ ԱԺ-ում հրաժարականների ժամանակը, թե՞ Նիկոլ Փաշինյանին ձեռնտու է չբզբզալն ու ՀՀԿ-ին դաշնակից դարձնելը` և վարչապետ, և ԱԺ նախագահ չի կարող լինել, իսկ «Ելք» համար չարժի ՀՀԿ-ի հետ Սահմանադրություն-Սահմանադրություն խաղալը:

Դիտվել է՝ 2264

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ