Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Իրանի ներսում ցանկացած ապակայունացում կարող է ազդել Հայաստանի վրա»

«Իրանի ներսում ցանկացած ապակայունացում կարող է ազդել Հայաստանի վրա»
15.05.2018 | 00:16

Տարածաշրջանին կրկին լարվածության նոր ալիք է մոտենում: ԱՄՆ-Իրան հարաբերությունները սրվում են: Դոնալդ Թրամփի՝ միջուկային համաձայնագրից դուրս գալու որոշումը վերստին աշխարհը խառնել է իրար, Եվրոպան կտրուկ արձագանքեց՝ սխալ որակելով ԱՄՆ-ի նախագահի որոշումը, քանի որ պատժամիջոցների կիրառումը տնտեսապես մեծ վնասներ է բերելու եվրոպական երկրներին: Իրադրության շուրջ զրուցեցինք իրանագետ ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԻ հետ:

-ԱՄՆ-Իրան հարաբերությունների նման ընթացքից ի՞նչ կարող ենք սպասել:
-Եթե փորձենք իրանական կողմի քայլերը կանխատեսել, նրանք ձգտում են համաձայնագիրը պահպանել վեցյակի անդամ մյուս երկրների, հատկապես ԵՄ անդամ երկրների հետ` պարբերաբար բանակցելով այս խնդրի շուրջ: Եվրոպայի և ԱՄՆ-ի տեսակետները խիստ տարբեր են այս հարցում, եվրոպացիները կարծում են, որ Իրանը Մերձավոր Արևելքում ունի զգալի կայունացնող դերակատարություն: Իրանի հանդեպ պատժամիջոցները հարվածում են նաև եվրոպական ընկերությունների շահերին, որոնք ձգտում էին Իրանում տնտեսական ներկայություն ունենալ: Մերձավոր Արևելքում ցանկացած ապակայունացնող գործընթաց ուղղակիորեն ազդում է նաև ԵՄ երկրների վրա՝ և՛ ներգաղթյալների, և՛ այլ գործոններով պայմանավորված:
-ԱՄՆ-ը հայտարարեց նաև, որ այն երկրները, որոնք կհամագործակցեն Իրանի հետ, կհայտնվեն պատժամիջոցների տակ: Հնարավո՞ր է` Հայաստանը ևս այդ ցուցակում հայտնվի:
-Դա առաջին հերթին վերաբերում էր ԵՄ անդամ երկրներին: Այս մեթոդաբանությամբ ԱՄՆ-ի վարչակարգը փորձում է ակնհայտորեն խրտնեցնել եվրոպացի գործընկերներին, որպեսզի Իրանի հետ չաշխատեն, այդ երկրում տնտեսական ակտիվություն չծավալեն: Սրա հետևանքով Իրանի առանց այն էլ բարդ վիճակում գտնվող տնտեսությունը կհայտնվի շատ ավելի վատ վիճակում, ինչն էլ իր հերթին կարող է հանգեցնել ներքին իրավիճակի ապակայունացման, գուցե նաև Իրանի այսօրվա վարչակարգի փոփոխության, ինչին ձգտում է ԱՄՆ-ը, բարեբախտաբար՝ անհաջող: Ինչու՞ բարեբախտաբար, որովհետև Իրանի ներսում ցանկացած ապակայունացում կարող է ազդել Հայաստանի վրա: Հայաստանն Իրանի անմիջական հարևանն է, մենք այդ երկրի հետ ունենք բարեկամական, գործընկերային և ռազմավարականի ձգտող հարաբերություններ: Ըստ այդմ, Իրանի դիրքերի ամուր լինելն ուղղակիորեն բխում է մեր շահերից, քանի որ հզոր Իրանը Հայաստանին ապահովում է ելք դեպի Արևելք և Պարսից ծոցի տարածաշրջան: Ցանկացած երրորդ կողմ պետք է հասկանա, որ Հայաստանի հարաբերություններն Իրանի հետ խիստ կենսական նշանակություն ունեն, մեծ դեր ունի նաև Հայաստանը Իրանի համար, մենք փոխլրացնում ենք միմյանց: Այս համատեքստում որևէ ճնշում, որը միտված կլինի խաթարելու մեր կենսական շահը, չի կարող ընդունելի լինել մեզ համար, և անտրամաբանական կլինի, եթե նման ճնշումներ կիրառվեն: Մեր հարաբերություններն Իրանի հետ ունեն հազարամյակների պատմություն, դրանք ենթակա չեն որևէ կասկածի կամ բացասական փոփոխության: Մեր հարաբերությունները մշտապես պետք է զարգանան վերընթաց կորով:
-Իշխանափոխությունից հետո Հայաստան-Իրան հարաբերությունները նախկին սկզբունքո՞վ են առաջ շարժվելու:
-Առայժմ վաղ է գնահատել հայաստանյան նոր իշխանությունների արտաքին քաղաքականությունը, միայն հայտարարությունների մակարդակով է ներկայացվում այն դիրքորոշումը, ինչը չի տարբերվում նախկին իշխանության որդեգրած արտաքին քաղաքականությունից, այդ թվում` Իրանի հետ հարաբերություններում: Ինչ վերաբերում է անելիքներին, Հայաստանի ցանկացած իշխանություն պետք է լուծի մեր երկրի համար կենսական նշանակություն ունեցող մի քանի խնդիրներ: Նախ և առաջ, Հայաստան-Իրան երկաթգիծը, որի համար պետք է միջոցներ գտնել, ինչպես նաև արագ պետք է ավարտել Հյուսիս-Հարավ մայրուղին: Այս ծրագրերով ի չիք կդարձնենք Հայաստանի մեկուսացմանը, շրջափակմանը միտված թուրք-ադրբեջանական թշնամական քաղաքականությունը: Սա մեր պետության, մեր ժողովրդի ապագայի հարցն է: Այս տարածաշրջանում մենք չպետք է գոյատևենք, այլ պետք է զարգանանք, ունենանք հզոր պետություն, դրա համար Հայաստանի ցանկացած իշխանություն նախ և առաջ այս ծրագրերն ու դրանցից բխող այլ ածանցյալներ պետք է կյանքի կոչի:
-ԱՄՆ-ի նախագահը միջուկային համաձայնագրից դուրս գալուց հետո նաև հայտարարեց, թե Իրանի հետ նոր համաձայնագիր պետք է կնքել, որը, ըստ նրա, ավելի ձեռնտու է իրանցիներին: Ի՞նչ է սա նշանակում:
-Այս դիրքորոշմամբ ԱՄՆ-ի վարչակարգը փորձում է չայրել վերջին կամուրջը՝ Իրանի հետ թողնելով բանակցելու որոշակի պատուհան: Իսկ իրանցիները վստահ են, որ վեցյակի հետ կնքված համաձայնագիրը լիուլի բավարարում է, որպեսզի միջուկային ծրագրի համատեքստում Իրանը կարգավորի իր հարաբերությունները բոլոր խաղացողների հետ:
-Այսուհանդերձ, հնարավո՞ր է տարածաշրջանում լարվածության մեծացում, ընդհուպ պատերազմական նոր օջախի բռնկում:
-Կան կանխատեսումներ, թե Իրանը կարող է ներքաշվել պատերազմի մեջ: Հավաստիացնում եմ, որ այս պահին էլ Իրանն ու Իսրայելը պատերազմական որոշակի գործողությունների մեջ են, բայց այդ ամենն ընթանում է երրորդ պետության՝ Սիրիայի տարածքում, արբանյակային պատերազմի տեսքով: Այստեղ իրանցիներն ունեն մեծ առավելություն. Իրանի տարածքը շատ հեռու է ռազմական գործողությունների կիզակետից, իսկ Իսրայելը ենթակա է խոցման Սիրիայի տարածքում գտնվող իրանամետ ուժերի, սիրիական կառավարական ուժերի կողմից: Այս համատեքստում Իրանի դիրքերը շատ շահեկան են, ու սա հասկանում է նաև Իսրայելը, որի ռազմական հռետորաբանությունն աճել է, բայց իսրայելցիները չեն ցանկանում ուղղակիորեն պատերազմի բռնվել Իրանի հետ՝ հաշվի առնելով այդ երկրի հսկայական ներուժը: Ցանկացած նոր պատերազմ Մերձավոր Արևելքում, որը կլինի Իրանի ուղղակի ներգրավվածությամբ, կարող է կործանել Մերձավոր Արևելքն ընդհանրապես, այդ թվում` Իսրայելը: Սա գիտակցում է նաև Իսրայելի քաղաքական վերնախավը:
-Ե՛վ ԱՄՆ-ը, և՛ Իրանը կարևոր երկրներ են Հայաստանի համար, հնարավոր զարգացումների ֆոնին Հայաստանն ի՞նչ դիրքորոշում պետք է որդեգրի:
-Հայաստանը պետք է առաջնորդվի մեկ հստակ դիրքորոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության շահով, որը ենթադրում է ունենալ գործընկերային հարաբերություններ ԱՄՆ-ի և Իրանի հետ: Այս հարաբերությունները ոչ թե մեկը մյուսին հակասում են, այլ միմյանց փոխլրացնում են և բխում են մեր պետության շահերից: Սա համաշխարհային հանրության համար շատ ընդունելի և հասկանալի լեզու է, երբ որևէ պետություն առաջնորդվում է սեփական շահերով և այլոց շահերի հակադրման ճանապարհով չի ընթանում: Այս համադրմամբ պետք է առաջ շարժվենք և՛ ԱՄՆ-ի, և՛ Իրանի, և՛ Մերձավոր Արևելքի, և՛ Ռուսաստանի հետ հարաբերություններ կառուցելիս:


Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3503

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ