Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Հայ ժողովուրդն իր հայրենիքում է ապրում և որևէ մեկի հանդեպ ատելության որևէ պատճառ չունի»

«Հայ ժողովուրդն իր հայրենիքում է ապրում և որևէ մեկի հանդեպ ատելության որևէ պատճառ չունի»
15.05.2018 | 00:15

«Իրատեսի» հյուրը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ ԼԵՌՆԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ է:
Այս հարցազրույցը կայացել է Հայաստանում կատարված իշխանափոխությունից առաջ, և Լեռնիկ Հովհաննիսյանի խնդրանքով մենք շրջանցել ենք այն օրերի ներհայաստանյան անցուդարձերը: Գուցե այսօր արդեն կարելի էր հարցնել նրան, թե ինչ գնահատական կտա այն ամենին, ինչ կատարվեց Հայաստանի Հանրապետությունում, սակայն իմ այցելությունն Արցախ մեր համազգային ընդվզման միջանկյալ փուլում էր, և պաշտոնական Արցախը չէր շտապում բարձրաձայնել իր վերաբերմունքը:

-Պարոն Հովհաննիսյան, փաստորեն, այսօր արցախցիների և ողջ հայության համար ամենացավոտ՝ անվտանգության, պաշտպանության ոլորտի հարցերով եք զբաղվում Արցախի Հանրապետության Ազգային ժողովում: Մեր ժողովուրդը հոգեբանորեն և գործնականում որքանո՞վ է պաշտպանված զգում իրեն՝ ըստ Ձեզ:
-Այդ հարցի պատասխանը մենք տվել ենք թե՛ 1991-94 թվականներին, թե՛ 2016-ի ապրիլի 2-5-ին: Մեր երկու սերունդներն էլ ապացուցեցին, որ իրենք թե՛ կամքով, թե՛ հոգեկերտվածքով, թե՛ ոգու արիությամբ կարողացել են կերտել և պահպանել մեր երկու պետականությունները: 2016 թվականի ռազմական գործողությունների ժամանակ դասալքության որևէ դեպք չի եղել, 18-20 տարեկան տղաները կարողացան պաշտպանել մեր հայրենիքի սահմանները: Սա ինքնին պատասխան էր մեզ բոլորիս, որ մտածում էինք, թե մեր այսօրվա երիտասարդները չեն կարողանալու հայրենիք պահել, եթե լինի դրա անհրաժեշտությունը: Բոլոր հոռետեսների կասկածները փարատվեցին, և փառք Աստծո, որ անկախության սերունդը շատ ավելի պատվախնդիր է, շատ ավելի պատրաստակամ է իր հայրենիքը պաշտպանելու հարցում:
-Ապրիլյան քառօրյայի թարմ ցավն ու հպարտությունը մենք կրում ենք, բայց և չենք մոռանում մեր ունեցած տարածքային կորուստը: Ի՞նչ է սա նշանակում արցախցու համար:
-Իհարկե, ցավալի է, երբ մեր հայրենիքի մեկ սանտիմետրն ենք անգամ կորցնում, քանի որ մեր ժողովուրդը դարեր շարունակ կորուստներ է ունեցել: Ես համոզված եմ, որ ոչ միայն մեր այն տարածքը, որ կորցրել ենք ապրիլյան քառօրյայում, այլև բոլոր մյուսները, որ մերն են և գտնվում են հիմա թշնամու ձեռքում, անպայման հետ ենք բերելու: Եթե մենք էլ դա չտեսնենք, մեր զավակներն անպայման կտեսնեն:
-Դուք տագնապո՞վ, զգուշավորությա՞մբ, թե՞ հումորով եք վերաբերվում Ալիևի այն հայտարարություններին, թե ինքը պիտի գրավի Երևանը, Սևանում պիտի զվարճանա և այլն, և այլն:
-Դա հնչում է ոչ թե սովորական բաքվեցու կամ սումգայիթցու բերանից, այլ այդ երկրի իշխանության առաջին դեմքի: Ավելին՝ նրա դուստրն էլ շարունակում է հոր միտքն ու հայտարարում, թե իրենց դրոշը պետք է անպայման ծածանեն Երևանում: Թեթևամտորեն վերաբերվել այս հայտարարություններին չի կարելի: Ադրբեջանը ցանկանում է մեր ժողովրդի ոչնչացումը, միանշանակ: 1991 թվականից ի վեր Ադրբեջանի բոլոր ղեկավարները նույն հայտարարություններն են արել. մեկը Սևանում էր ոտքերը լվանում, մյուսը Ստեփանակերտում էր թեյ խմում… Որքան էլ այս ամենն անհեթեթ թվա, ասելով-ասելով՝ այն դառնում է քաղաքականություն: Եվ մենք ամեն ինչի էլ պետք է պատրաստ լինենք: Այո, մեր թշնամին անկանխատեսելի է, այո, Ադրբեջանում տիրում են բռնապետական կարգեր, և մենք պիտի մտածենք, որ այդ երկիրն ամեն րոպե կարող է ռազմական գործողություններ սկսել ոչ միայն Արցախի Հանրապետության, այլև Հայաստանի Հանրապետության սահմանին: Մենք ամբողջ ճակատով պետք է զգոն և պատրաստ լինենք մեր ոխերիմ թշնամուն հակահարված տալու համար:

-Դիրքում կանգնած զինվորը, առհասարակ զինվորական համազգեստ կրող յուրաքանչյուր ոք գիտե, թե ինչ պիտի անի թշնամու զինված հարձակման դեպքում: Իսկ որքանո՞վ է ինքնապաշտպանության պատրաստ խաղաղ բնակչությունը Արցախում, այս ուղղությամբ աշխատանքներ տարվու՞մ են:
-Իհարկե, տարվում են աշխատանքներ: Շարունակական բնույթ է կրում ռազմական վարժանքների անցկացումը, պահեստազորը տիրապետում է նոր տեխնիկային: 1991-94 թթ. տեխնիկան, կապի միջոցները, զենքի տեսակները այլ են եղել, և հիմա պահեստազորին հարկավոր է պատրաստել այդ նորություններին՝ վարժանքների, նոր զինատեսակներին տիրապետելու կարողությունները յուրացնելու իմաստով: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը պարբերաբար կազմակերպում է այդպիսի ծրագրեր: Ռազմական գործողությունների դեպքում պահեստազորը նույնպես պիտի պատրաստ լինի համապատասխան գործողությունների: Ասեմ նաև, որ 2016-ին մենք կատարել ենք որոշակի օրենսդրական փոփոխություններ, որպեսզի այդ դաշտը կարգավորվի նաև օրենսդրորեն: Միևնույն ժամանակ որոշակի աշխատանքներ են կատարվում նաև շինարարության ոլորտում. նոր կառուցվող շենքերում ռազմապաստարաններին հատկացվող տարածքներ են առանձնացված: Այսինքն՝ պաշտպանությունը բազմաճյուղ երևույթ է, որում ընդգրկված են թե՛ ռազմական, թե՛ քաղաքաշինական, թե՛ առողջապահական, թե՛ արտակարգ իրավիճակների, թե՛ այլ ոլորտներ: Այս բազմաֆունկցիոնալությունը մենք պետք է կարողանանք ապահովել, և այս իմաստով, իրոք, շատ լուրջ քայլեր են կատարվել, կատարվում են ու ապագայում էլ կկատարվեն:

-ՈՒզենք թե չուզենք, մենք դատապարտված ենք ապրելու այսպիսի հարևանությամբ: Դուք ապագայի որևէ շրջափուլում պատկերացնու՞մ եք, որ մենք կկարողանանք խաղաղ գոյակցել այս պետության ու նրա ժողովրդի հետ, ինչպես որ այսօր դա կարողանում են անել եվրոպական, հատկապես արևելաեվրոպական շատ երկրներ, որոնք նախկինում ունեցել են բավական լուրջ տարաձայնություններ ու վիճահարույց խնդիրներ միմյանց հետ: Չէ՞ որ մենք չենք կարող անվերջ հակամարտել, սպառնալիքներ լսել ու սպառնալ՝ ի պատասխան, ոչ էլ իրատեսական է այն տարբերակը, թե կողմերից որևէ մեկը պիտի իսպառ բնաջնջի ու Երկիր մոլորակի վրայից վերացնի մյուսի տեսակը: Ո՞րն է այս իրավիճակի հանգուցալուծումը:
-Որպես մասնագիտությամբ ազգագրագետ՝ ես որևէ ժողովրդի նկատմամբ ատելությամբ, այլատյացությամբ չեմ տառապում:
-Դա առհասարակ հայ ժողովրդին բնորոշ հատկանիշ է, ոչ միայն ազգագրագետներին: Բարեբախտաբար, մեր ազգը չի տառապում այդ ախտով:
-Այո, բարեբախտաբար: Բայց տեսեք, թե ինչ է կատարվում մեր հարևան երկրում: Ադրբեջանում, սկսած մանկապարտեզից, երեխաներին ներարկվում է հայատյացություն:
-Այո, դա իրենց համար դարձել է ազգային գաղափարախոսության հենասյուն:
-Ադրբեջանում հայատյացության դրսևորումները հասել են պարզապես զավեշտալի աստիճանի: Պետական պատվիրակությունների կազմում Բաքու ժամանող հայազգի անձինք, լինեն նրանք Ամերիկայի քաղաքացի, Իսպանիայի քաղաքացի, Իրանի քաղաքացի, թե մեկ այլ երկրի քաղաքացի, արդեն իսկ արժանանում են թշնամական վերաբերմունքի: Այսպիսի հարևանի կողքին ապրելը, անշուշտ, ստիպում է մեզ մշտապես աչալուրջ լինել: Եվ եթե անկեղծ ասեմ, մոտ ապագայում ես չեմ տեսնում, որ մենք կկարողանանք այդ երկրի հետ նորմալ հարաբերություններ ունենալ:
-Դե՜, ես նույնպես չեմ տեսնում, և որևէ մեկը չի կարող նման բան ակնկալել մոտ ապագայում: Հարցս վերաբերում էր ոչ մոտ ապագային:
-Հայ ժողովուրդը որևէ խնդիր չունի: Հայ ժողովուրդն իր հայրենիքում է ապրում և որևէ մեկի հանդեպ ատելության որևէ պատճառ չունի:
-Հայ ժողովուրդն ունի արկածախնդրության զոհ դառնալու խնդիրը, համաձայն չե՞ք:
-Հայ ժողովուրդը, ես համոզված եմ, գիտի իր անելիքը. երբ թշնամիդ անընդհատ քեզ ոչնչացնելու քաղաքականություն է իրականացնում, այդ թշնամու հետ դու պիտի խոսես միայն զենքի ուժով: Դժբախտաբար, մեր հակառակորդը, զենքի ուժից բացի, ուրիշ լեզու չի հասկանում: Բանակցությունների սեղանի շուրջը նստելն այդ կողմի հետ անիմաստ է: Տեսեք, թե քանի տարի են այդ բանակցություններն ընթանում: Երբ սկսվում են բանակցությունները, անպայման սահմանին լարվածություն է լինում: Այսպիսի անկանխատեսելի հակառակորդ ունենալը լավ հեռանկարի մասին խոսելու հնարավորություն չի տալիս: Դուք օրինակ բերեցիք Արևելյան Եվրոպայի երկրները, բայց այնտեղ բոլորովին ուրիշ վիճակ է: Մեր հարևանը ո՛չ Լեհաստանն է, ո՛չ Չեխիան է, ո՛չ Բուլղարիան է, ո՛չ Սլովակիան է, նույնիսկ Սերբիայի ու Խորվաթիայի դեպքը չէ մերը: Եթե նախկինում Բալկաններում խոր ատելությամբ էին լցված միմյանց հանդեպ, այսօր այդ կողմերի միջև կան որոշակի հարաբերութուններ, մարդիկ ունեն ազատ տեղաշարժվելու հնարավորություն, ֆուտբոլային թիմերն են իրար հետ խաղեր անցկացնում: Նույն Ֆրանսիան և Գերմանիան են ունեցել իրար հետ խնդիրներ, և այսօր նորմալ հարաբերությունների մեջ են: Այնպես որ, Եվրոպայի օրինակները մեզ համար չեն, դրանք մեզ անհարիր են: Մենք ունենք լրիվ ուրիշ հակառակորդ, այլ մշակութային և քաղաքակրթական չափանիշներ կրող հակառակորդ, որը դեռևս հայի նկատմամբ միջնադարյան մտածելակերպի ճիրաններում է, և Ադրբեջանի իշխանությունը նպաստում է, որ իր երկրի քաղաքացիներն այդպիսի ճիրաններում հայտնվեն: Այդ մոլեռանդ ատելությունը, որ կա հարևան երկրում մեր նկատմամբ, մեզ ստիպում է այդ երկրի հետ խոսել միայն ու միայն ուժի դիրքերից, միայն ու միայն զենքի ուժով: Համենայն դեպս, մոտ ապագայում մեր հակառակորդի հետ խոսելու որևէ ուրիշ լեզու ես չեմ տեսնում:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 4452

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ