Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Իրան. թիկունքն ամրացնելով՝ առաջ դեպի ՌԴ-ի և ՉԺՀ-ի հետ ռազմավարական համագործակցություն

Իրան. թիկունքն ամրացնելով՝ առաջ դեպի ՌԴ-ի և ՉԺՀ-ի հետ ռազմավարական համագործակցություն
15.05.2018 | 00:16

Վերջին ժամանակներս Իրանից շատ լուրեր են գալիս: Բայց հետևյալ տեղեկությունը, այն բանի համատեքստում, ինչը կատարվում է Հայաստանում, չի կարող չհետաքրքրել: Բանն այն է, որ ինչպես Իրանում անցյալ տարվա վերջին, երբ բնակչության ինչ-որ մասը դուրս եկավ բողոքի, այնպես էլ Երևանում իրադրության զարգացմանը զուգընթաց երևում է, որ ի հայտ են ելել բողոքի բոլոր նրբերանգները: Վերհիշելով «Ելք» դաշինքի ծրագրային հայտարարությունները՝ կասկածներ չկան Հայաստանի ներկայիս բողոքային շարժման առաջնորդների քաղաքական համակրանք-հակակրանքի վերաբերյալ: Ժողովրդի բախտով «մտահոգվածության» մասին խոսակցությունները վերանում են, երբ տեսնում ես, թե ինչ մեքենաներով է շրջում բողոքավորների մի մասը, և հասկանում ես, որ նրանք ակնհայտորեն չքավոր ընտանիքներից չեն:


Իրանական բոլոր պետական ԶԼՄ-ները հաղորդել են, որ իրանական կառավարությունը ապրիլի 18-ից բոլոր պետական մարմիններին արգելել է հաղորդագրությունների փոխանակման համար օտարերկրյա հավելվածների օգտագործումը: Այդ հավելվածներից գլխավորը, ինչպես պարզվել է, «Տելեգրամն» է, որն ավելի քան 40 մլն իրանցիներ օգտագործում են ինչպես շփման, այնպես էլ առևտրի և քաղաքական քարոզարշավների համար: «Տելեգրամի» այն կապուղիները, որոնք աշխատում էին Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ, այաթոլահ Խամենեիի և փոխնախագահ Էսհագ Ջահանգիրիի անունից, ապրիլի 18-ին արդեն փակված էին: Այաթոլահ Խամենեին դադարեցրեց հաղորդագրությունների փոխանակման համար «Տելեգրամի» հավելվածի օգտագործումը ի նշան հայրենական միջոցների սատարման և երկրի ազգային շահերին համապատասխան: Իրանի այդ գործողությունը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ դրանից մի քանի օր առաջ ռուսական դատարանը վճռեց շրջափակել «Տելեգրամը», քանի որ վերջինս իշխանություններին չէր տրամադրել ծածկագրման իր տվյալները:


2018 թ. մարտին Իրանի պաշտոնատար անձինք հայտարարեցին, որ ազգային անվտանգության նկատառումներով Իրանը կշրջափակի «Տելեգրամը» ի պատասխան անցյալ տարվա վերջին-այս տարվա սկզբին տեղի ունեցած այն անկարգությունների, քանի որ բողոքների ժամանակ ապակառուցողական ուժերը լայնորեն օգտագործել են «Տելեգրամը»: Վերջինիս դեմ գործողությունները ենթադրում են, որ հաղորդագրությունների փոխանակման համար Իրանը կփորձի ներկայացնել հավելվածի սեփական տարբերակը: Թեհրանը նշել է, որ Իրանում աշխատելու համար արտասահմանյան հաղորդակցական հավելվածները կարող են թույլտվություն ստանալ, եթե իշխանությանը տրամադրեն իրենց տվյալների բազան: Արդեն մայիսի սկզբին Թեհրանից հայտնեցին, որ «Տելեգրամը» արգելված է նաև իրանական դատարանի վճռով: Ինչպես հասկանալի է, կարգելվի նաև «Ֆեյսբուքի» կամ «Թվիթերի» տիպի ցանկացած եվրոպական հաղորդակցամիջոց (ресурс), եթե կրկնի «Տելեգրամի» ապակառուցողական դիրքորոշումը:


Եթե որևէ մեկը հարցնի հիմա, թե ինչ կապ ունեն Իրանում «Տելեգրամի» գործունեությունն արգելելն ու Երևանի ներկայիս իրադարձությունները, բացատրենք: Հայաստանում քիչ չեն այդ լրացիրի (մեսենջեր) օգտատերերը: Դատելով «հանկարծակի բռնկվող» գործողությունների ու նախաձեռնությունների ոչ վատ բեմադրություններից՝ բողոքավորները կարող են հընթացս օգտվել կապի նման տեսակից, մանավանդ որ զանազան այֆոնները, սմարթֆոնները վաղուց շռայլություն չեն Երևանում, և դրանցից ունեն գրեթե բոլոր ուսանողներն ու ավագ դասարանների աշակերտները: Եվ եթե ինչ-որ մեկն արտասահմանյան լրացիրն օգտագործել է Իրանում հակակառավարական գործողությունների համաժամացման հրամաններ տալու համար, ապա տեղին է ենթադրել, որ ինչ-որ նման բան կարող էր տեղի ունենալ նաև Հայաստանում:


Բայց վերադառնանք Իրանին: Երկու հաղորդագրությունից հայտնի է դարձել, որ այժմ արևմտյան և իսրայելական հատուկ ծառայությունների թիրախում են հայտնվել իրանական բանակը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ): Սկզբում՝ ապրիլի 19-ին, ԻՀՊԿ-ի բարձրագույն հրամանատարությունը հատուկ հայտարարություն արեց, որում դատապարտեց «երկրի առանձին դեմքերի պառակտիչ տարաձայնությունները և հայտարարությունները», նշելով, որ ազգային անվտանգության պահպանումը «Իսլամական հեղափոխության իրական պահպանման արդյունքն է»: Իրանցիների պատմական հիշողությունը վկայում է, որ վերջին 40 տարում ԻՀՊԿ-ն վճռական դեր է խաղացել տարբեր բնագավառներում՝ հետհեղափոխական շրջանում հակահեղափոխական տարրերի դեմ և Իրաքի հետ 8-ամյա պատերազմի մարտադաշտերում պայքարից մինչև տուժած շրջաններում ունեզրկվածներին օգնություն ցուցաբերելը: «Ներկայումս ԻՀՊԿ-ն դարձել է Արևմտյան Ասիայում անվտանգություն ապահովող խոշոր և արդյունավետ խաղացող... «Իսլամական պետության» (ԻՊ) պարտությունը և ամբարտավան տերությունների ու սիոնիստների խոշոր դավադրության չեզոքացումը ԻՀՊԿ-ի ռազմավարական միջոցառումների արդյունք են: Եթե չլինեին ԻՀՊԿ-ի դիմադրությունը, հեղափոխական հետախուզությունը, Կոդսի (ԻՀՊԿ-ի հատուկ ջոկատ) և սրբավայրերի պաշտպանների իմաստուն հրամանատարությունը, ապա այսօր ոչ միայն տարածաշրջանը, այլև մեր թանկագին հայրենիքը՝ Իրանը, կլինեին ԻՊ-ի, ԱՄՆ-ի և նրա արևմտյան ու արաբ դաշնակիցների զորքերի կուտակման կենտրոն,- ասվում է հայտարարության մեջ:- Բայց այսօր ԻՊ-ը ոչ միայն փլվել է, այլև նրա տարածաշրջանային ու միջազգային հովանավորները իրենց դեմքը պահելու միջոց են փնտրում, չնայած խոշոր դավադրությունը նրանց հետախուզական ծառայությունների ռազմավարության արդյունքն է: ԻՀՊԿ-ն դատապարտում է այդ ուժը խախտելու ձգտող որոշ անձանց ռասիստական միջոցառումներն ու դիտողությունները: ԻՀՊԿ-ն միշտ հավատարիմ է Իսլամական հեղափոխության իդեալներին, ինչպես նաև Գերագույն առաջնորդ այաթոլահ Խամենեիի ուղեցույց սկզբունքներին և համարում է, որ վերջին տասնամյակների իր հաջողությունների համար պարտական է նրա հիմնական ռազմավարությանը»:


ՈՒրեմն ինչ-որ շրջանակներ, ընդ որում՝ Իրանի ներսում, փորձել են ստվեր նետել «Իսլամական հեղափոխության իդեալներին» ԻՀՊԿ-ի հավատարմության վրա, բացի այդ փորձ է եղել մեջտեղ նետելու ինչպես Իրանի, այնպես էլ ԻՀՊԿ-ի անձնակազմի բազմազգության թեման, եթե հայտարարությունը դատապարտում է «որոշ անձանց ռասիստական միջոցառումներն ու դիտողությունները»: Հիշեցնենք, որ ազգային սկզբունքով իրանական հասարակությունը բաժանելու փորձեր ձեռնարկվել են նաև նախկինում, նույնիսկ Իսլամական հեղափոխության փուլում, այնպես որ Արևմուտքի և Իսրայելի այդ փորձերն ունեն մի քանի տասնյակ տարվա պատմություն: Այն, որ ԻՀՊԿ-ի հրամանատարությունն այդ մասին կտրուկ խոսում է 2018 թ. ապրիլին, վկայում է՝ մերկացված և ձերբակալված են հայտարարության մեջ նշված անձինք, չնայած նրանց անունները նշված չեն: Իսկ արդեն ապրիլի 21-ին ելույթ ունեցավ նաև բանակը: Թեհրանում սրբավայրերի պաշտպանների հիշատակին նվիրված արարողության ժամանակ իրանական բանակի հրամանատար, գեներալ-մայոր Աբդոլռահիմ Մուսավին հայտարարեց. «Իրանի բանակը կշարունակի համագործակցել ԻՀՊԿ-ի հետ մինչև աշխարհում գերիշխանական համակարգի փլուզումը և սիոնիստական ռեժիմի ոչնչացումը: Իսկ սիոնիստական ռեժիմի ոչնչացումը տեղի կունենա 25 տարուց ոչ ուշ»: Այնուհետև գեներալն ընդգծել է, որ ԻՀՊԿ-ը, ելնելով իր պարտականություններից, պետք է պայքարի երկրի նկատմամբ ամեն տեսակի սպառնալիքների դեմ բոլոր բնագավառներում:


Հայտարարությունը ծայրահեղ կարևոր է՝ հաշվի առնելով իրանական իրականությունը և այն, որ վերջին տարիներին ԱՄՆ-ը և Եվրոպան Իրանի նկատմամբ իրենց մեղադրանքների մեծ մասն ուղղում էին հենց ԻՀՊԿ-ի դեմ: Նույնիսկ ձմռանը ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաների մի շարք հայտարարություններից հստակ երևում էր, որ Իրանի հնարավոր ռազմական հակառակորդներն ԻՀՊԿ-ի նկատմամբ իրանական հասարակության անվստահությունը հարուցելու երազներ են փայփայում: Արևմուտքի հույսերի զգալի մասը կապված էր ԻՀՊԿ-ի և Իրանի կանոնավոր բանակի միջև երկպառակություն ու թշնամություն սերմանելու հետ: Ի՞նչն է զարմանալի. նույնիսկ Հայաստանում որոշ սոցցանցերի արևմտամետ օգտատերեր իրար հետ շփվելիս բերաններից թռցնում էին, թե շուտով բանակային սպաները կտապալեն այաթոլահին, ԻՀՊԿ-ը կճնշեն և այլն: Անմիջապես ասենք, որ անցյալում, երբ բանակի և ԻՀՊԿ-ի միջև սուր վեճեր էին բռնկվում, բայց ոչ բախումներ. հիմնականում խոսքն այն մասին էր, թե Սադամի նկատմամբ հաղթանակում ում վաստակն է ավելի մեծ եղել, և հետևաբար, ով է ավելի նվիրված Իսլամական հեղափոխության արժեքներին: Այդ վեճերը հաղթահարելու համար ժամանակին այաթոլահ Խամենեին հատուկ պաշտոն էր ստեղծել՝ երկրի բոլոր զինված ուժերի (այսինքն՝ բանակի, նավատորմի և ԻՀՊԿ-ի) հրամանատարի: Երկար տարիներ այդ պաշտոնը գլխավորել է իրանա-իրաքյան պատերազմի վաստակավոր մասնակից, գեներալ-մայոր Սեյեդ Հասան Ֆիրուզաբադին, որը բավարարում էր բոլորին՝ և բանակին, և՛ ԻՀՊԿ-ին, և՛ հոգևորականությանը, և՛ քաղաքական շրջանակներին:


Այժմ մեկ այլ ճանաչված վաստակավոր գեներալ-մայոր՝ Մուսավին, ԻՀՊԿ-ի հայտարարությունից հետո պարզ հասկացրեց, որ բանակի և ԻՀՊԿ-ի երկպառակության վրա դրվող հույսերը սին են: Առնվազն 25 տարի՝ մինչև «սիոնիստական ռեժիմի ոչնչացումը», բանակի և ԻՀՊԿ-ի համագործակցությունը չի խախտվի: Մուսավիի նշած երկրորդ նպատակը՝ «աշխարհի գերիշխանական համակարգի փլուզումը», այսինքն՝ ԱՄՆ-ի դիրքերի խախտումը, ժամկետի սահմանափակում չունի: Բայց մենք ապացույցներ ստացանք ոչ միայն այն բանի, որ Արևմուտքը վերսկսել է Իրանի բանակի և ԻՀՊԿ-ի միջև սեպ խրելու փորձերը, այլև այն բանի, որ, գեներալ Մուսավիի շնորհիվ, բանակը կասկածի տակ չի դնում իրանական հասարակության մեջ ԻՀՊԿ-ի բարձր կարգավիճակը և «բոլոր բնագավառներում 1979 թ. Իսլամական հեղափոխության պաշտպանության գործում» ԻՀՊԿ-ի դերը համարում է ավելի կարևոր ու պատասխանատու, քան պարզապես Իրանի արտաքին սահմանների պաշտպանությունը և նրա քաղաքացիների ու ենթակառուցվածքների անվտանգությունը, որով զբաղվում են զինված ուժերը:
(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3793

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ