Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մայրաքաղաքը մի՞թե «պոլիգոն» է

Մայրաքաղաքը մի՞թե «պոլիգոն» է
15.05.2018 | 00:21

«Պոլիգոնը» արտաբերեց նորընծա վարչապետ Կարեն Կարապետյանը, երբ օրը ցերեկով մայրաքաղաքի կենտրոնում ոմն Գենիկ, որը Երևանի թիվ 1 տպարանի սեփականատերն էր, պայթեցրեց տպարանի մասնաշենքերից մեկը: Վարչապետը խիստ բարկացավ և հրահանգեց նման պայթեցումներ Երևանում այլևս թույլ չտալ: «Երևանը պոլիգոն չէ»,- ասաց նա:
Երևանը, այո, պոլիգոն չէ, բայց պարզվում է, որ մայրաքաղաքը մրցարշավարան է, ուր 24 ժամ մարզվում են սուր զգացողությունների սիրահար մրցարշավորդները, մոտոցիկլետները հեծած և մեքենաները սանձած: Որ ի՞նչ: Եվ հանուն ինչի՞:


Մարզվում են մայրաքաղաքի պողոտաներում, փողոցներում նաև, բնականաբար, հրապարակներում: Մարզվում են, կուտակելով հակահասարակական կրքեր, որոնք հենց մարզումների ընթացքում սիրով «նվիրաբերում» են մեզ, մեր քաղաքին, նրա բնությանն ու կենդանական աշխարհին: Սանձարձակ արշավորդները նպատակաուղղված են դժոխային աղմուկով ապականում շրջակա միջավայրը: Սրանք աշխատու՞մ են: Հազիվ թե: Սրանք զվարճանու՞մ են: Դժվար թե: Որովհետև աշխատանք չի կարելի համարել քաղաքի ահեղաձայն հերկումը՝ 24 ժամ անընդմեջ: Միաժամանակ այս արշավները զվարճանքի սյուրռեալիստական ձև դժվար է համարել, զվարճանալ անհնար է օրնիբուն և ամենուր, գարնանն ու ամռանը, աշնանն ու ձմռանը, լուսաբացից առաջ և մայրամուտից հետո: Բարի, գերազատական բարքերի դրսևորում է վերոնշյալը, ինչ-որ մեկը (կամ ոմանք) ծանրակշիռ միջոցներ են ծախսում, մրցարշավային մեքենաներ և մոտոցիկլետներ են ձեռք բերում, դրանցով զինում են տկարամիտների վերոնշյալ լեգեոնը և նշյալ ոհմակը բաց են թողնում քաղաքի վրա: Նաև քաղաքացիների վրա: Որ ի՞նչ: Եվ հանուն ինչի՞:


Ահա այս հարցերի պատասխանն ենք սպասում Երևանի քաղաքապետարանի ավագանուց: Ամենաիրական և քաղաքակիրթ պատասխանը, իհարկե, դժոխային այս մրցարշավների կանխարգելումն է՝ վերջիններիս գործունեության կասեցմամբ: Սակայն կա այլընտրանք, և դա ներկայացնում ենք հարգարժան ավագանու և քաղաքապետի ուշադրությանը՝ մրցարշավային մեքենաների և մոտոցիկլետների վրա տեղադրել համապատասխան խլացուցիչներ:
Սպասենք և հուսանք:


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2650

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ