Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ի՞նչ է սա. բանականության կորու՞ստ, ծրագրված թալա՞ն, թե՞ ազգադավություն

Ի՞նչ է սա. բանականության կորու՞ստ, ծրագրված թալա՞ն, թե՞ ազգադավություն
15.05.2018 | 00:26

Խոսքը գյուղատնտեսության նախարարության վերաբերմունքի մասին է` մի նոր տեխնոլոգիայի և մեքենայի, որոնք, ինչպես ցույց տվեցին Լոռվա տոհմաբուծարանի արոտներում կատարված արտադրական փորձարկումները, կարող են կասեցնել երաշտը, տարածքային հրդեհները, ջրհեղեղները, հողատարման երևույթները և տեղական արտադրության օրգանական պարարտանյութերի (թռչնաղբի և գոմաղբի վերամշակումից ստացված) կիրառմամբ ապահովել ինքնաբավ, էժան, որակյալ խոտի, հետևաբար` նույն հայտանիշներով կաթի, մսի, պանրի, կաթնաշոռի, թթվասերի, կարագի և այլ կաթնամթերքի արտադրությունը:


Հասկանալի է, որ այս ամենը նպաստելու է գյուղացու (և ոչ միայն) եկամտի աճին, հետևաբար` արտագաղթի կասեցմանը:
Նշեմ, որ տավարաբուծության ոլորտը գերակշռող է հատկապես լեռնային և նախալեռնային սահմանամերձ տարածքներում, որտեղից արտագաղթելը սրում է նաև երկրի պաշտպանունակության խնդիրները:
Հավելեմ նաև, որ վերը նշված առաջին անհրաժեշտության մթերքների ինքնաբավությունը չի անցնում 60 %-ի սահմանը, ինչը մեր երկրի աշխարհաքաղաքական դիրքի, մատակարարման ճանապարհների դժվարանցանելիության պայմաններում անվտանգության լուրջ խնդիր է:
Ես չգիտեմ, այսօր կա՞ն արդյոք երկրի առջև ծառացած ավելի լուրջ, հրատապ, առաջնահերթ խնդիրներ, քան վերը նշվածները:
Սակայն արդեն մեկ տասնամյակ է, ինչ ոչ մի կերպ չեմ կարողանում կազմակերպել այդ տեխնոլոգիայի և մեքենայի հնարավորությունների ցուցադրումը գյուղացիներին, ինչը թույլ կտար ձևավորել մեքենայի պահանջարկը, կազմակերպել արտադրությունն ու իրացումը, այսինքն` լուծել վերը նշված խնդիրները, և դա այն պատճառով, որ գյուղնախարարությունը ոչ թե աջակցում, այլ ամեն ինչ անում է, որ այդ տեխնոլոգիան և մեքենան չաշխատեն, որ գյուղացին դրանց մասին չիմանա:


Եվ դա արվում է հեռահար նպատակով: Որովհետև միայն այդ դեպքում արոտները և խոտհարքները լրիվ կքայքայվեն, շարքից դուրս կգան, խոտ չի լինի (հարյուրհազարավոր հեկտարների առավել պահանջարկ ունեցող գյուղամերձ արոտները արդեն ջնջվել են հանրապետության քարտեզից, հեռագնա արոտները անապատացման եզրին են` այնտեղ բերքատվությունը նորմատիվից ցածր է 2-3 անգամ), և նախարարությունը հանգիստ խղճով, «պատճառաբանված»` կդիմի աշխարհի ֆինանսական կառույցներին, վարկ կվերցնի, փողը կլինի, ու դրա ատկատավորման, թալանի հարցը կլուծի երկրում մշակված, նախորդ վարկերով փորձարկված, գորշ կարդինալի հաստատած սխեմայով: (Այդ մասին, առավել մանրամասն, կոնկրետ օրինակներով, «Իրատեսի» էջերում իր մեկնաբանություններն է բազմիցս շարադրել տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահան Համազասպյանը, կատարվածը բնորոշելով որպես ծրագրավորված թալան):


Հասկանալի է, որ խոտի պակասի, բացակայության դեպքում անասնապահ գյուղացին այդ տարածքում այլևս անելիք չունի. նա ստիպված է ոչնչացնել գոյատևման իր միակ աղբյուրը` վաճառել կամ մորթել տավարը, ու հեռանալ իր «փոքրիկ» հայրենիքից, իր գյուղից:
Խնդիրը ավելի է սրում պարբերաբար կրկնվող, նաև ուժգնացող երաշտը: Միայն անցյալ տարի այդ պատճառով պակաս է հավաքվել 250000 տ խոտ: Սպասումները մխիթարական չեն նաև այս տարվա, և ինչպես բնապահպաններն են պնդում, նաև հետագա տարիների առումով. շրջապատի ջերմաստիճանը բարձրանում է, հողի խոնավությունը` նվազում:
Այնպես չէ, որ գյուղացին շատ տավար ունի, և մի երկուսը մորթելով կարող է մեղմել խոտի պակասը, գոյատևել:


Վիճակագրության համաձայն, տավարաբուծությամբ զբաղվողների 80 %-ը` 160 հազար գյուղացիական տնտեսություն, նվազագույնը` 640000 մարդ, ունի ընդամենը 3 գլուխ տավար` 2 կով, 1 մսացու, կամ հակառակը:
Հիշենք, որ տավարի արոտային պահվածքի շրջանում աշխատող ուժը` տղամարդիկ, հիմնականում արտերկրում է, արտագնա աշխատանքի, ու այդ 3 գլուխ տավարը արոտ հանելու, հետ տանելու, ջուր տալու, կթելու, գոմաղբը հավաքելու, հեռացնելու, ձմեռվա համար խոտ հավաքելու գործընթացները մնում են տատիկ-պապիկների, մայրերի, երեխաների ուսերին, որոնք, հասկանալի պատճառներով, այդ թվում` համապատասխան մեքենաների բացակայության, չեն կարող ապահովել բավարար արդյունք:
Հասկանալի է նաև, որ եթե մսատու տավարը հովվի հետ մի 4-5 ամսով կարելի է ուղարկել հեռագնա արոտ, որտեղ դեռ մի քիչ խոտ կա, ապա նույն կերպ չի կարելի վարվել կովերի հետ. դրանց գյուղացին ամեն օր պետք է կթի իր տանը, գյուղում, որ կարողանա ապահովել ընտանիքի անդամների, երեխաների, թոռների օրվա սնունդը` կաթը, մածունը, կարագը, պանիրը և այլն:


Իսկ դրա համար նա պետք է ամեն օր կովերն ուղարկի գյուղամերձ արոտներ, որտեղ, ինչպես արդեն ասվեց, պրակտիկորեն խոտ չկա. խնամքի իսպառ բացակայության` խոտի արմատային հողազանգվածը տարիներով չփխրեցնելու (փորձեք չփխրեցնել ձեր տան ծաղկամանի հողը և դուք շուտով ծաղիկ չեք ունենա), չպարարտացնելու, հողի խոնավության նվազման, փշոտ, թունավոր, չուտվող բույսերը չհեռացնելու, հաճախակի կրկնվող տարածքային հրդեհների պատճառով: Նաև անկազմակերպ արածեցնելու. ձմեռվա համար կուտակված խոտի պակասի, տավարը` հատկապես ոչխարը, վաղ գարնանը, երբ խոտը կարգին չի էլ ծլարձակել, արոտ հանելու:
Ես այսպես մանրամասն ներկայացնում եմ իրողությունը, որ ըմբռնենք, հասկանանք. որ ժողովրդի սննդի ապահովման կարևորագույն հենասյուներից մեկում` տավարաբուծությունում, տիրող իրավիճակը ծայրահեղ վատ է, ըստ վարչապետի և գյուղնախարարի այն եկամտաբեր չէ (ինչը գյուղացուն ստիպում է արտագաղթել), նաև վտանգված է ոլորտի ապագան, աշխատողի պակաս է զգացվելու, որովհետև գյուղում ծնելությունը մոտավորապես 2 անգամ նվազել է:


Փաստորեն, մենք արդեն հատել ենք կարմիր գիծը, բայց դեռ չենք զգում:
Մինչդեռ, ինչպես արդեն ասվեց, խնդիրը լուծելի է. առկա ռեսուրսներով էլ հնարավոր է ունենալ եկամտաբեր տավարաբուծություն, ստեղծել խոտի կայուն բազա, եթե ներդրվեն առաջարկվող տեխնոլոգիան և մեքենան:
Անցյալ տարվա վերջին դրանց նվիրված մանրամասն հոդվածը («Իրատես», թիվ 72, 2017 թ., «Ով ականջ ունի, թող լսի» վերնագրով)` համապատասխան դիմումով, ուղարկեցի կառավարություն, խնդրելով աջակցել խնդրի լուծմանը: Շնորհակալ եմ, ձայնս տեղ հասավ, և կառավարությունը հանձնարարեց գյուղնախին, բնապահպանության, արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման նախարարությունների և ջրպետկոմի հետ քննարկել խնդիրը և տալ առաջարկություններ:
Շնորհակալ եմ նաև քննարկման մասնակիցներին, որոնց կարծիքը միասնական էր. մեքենան պետք է ներդնել:


Չեմ թաքցնում ուրախությանս չափը, տասնամյա մաքառումներից հետո «տաշած քարը» կարծես թե գտնում է իր տեղը:
Ցավոք, սպասումներս այս անգամ էլ չարդարացան. պարզվեց, որ ներդնելուն հավանություն տվող նշված 4 կառույցները, մեքենան «տեսքի բերելու» և շահառուներին ցուցադրելու համար, պետք է ներդնեն 4 հազար դոլար, յուրաքանչյուրը հազար դոլար, որը չունեն:
Հետագա 4 ամիսներին պարզվեց, որ այդ գումարը չեն կարող տրամադրել նաև «Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը» (ենթակա է գյուղնախարարությանը) և «Պարենի ու գյուղատնտեսության կազմակերպությունը» (ենթակա է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին):
Եվ վե՞րջ… Չգիտեմ…


Գլխումս երկու թիվ է պտտվում. մեկը կառավարություն ուղարկած մեքենայի արդյունավետության հաշվարկից (որի պատասխանը մեկ տարի անց այդպես էլ չունեմ)` տարեկան 100 միլիոն դոլար մաքուր օգուտ խոտի հավելյալ բերքից (չհաշված տարածքային հրդեհների, ջրհեղեղների, հողատարման կասեցումից սպասվող օգուտները), մյուսը` գյուղնախի պատասխանից` չունենք 4 հազար դոլար:
ՈՒղղակի չեմ հասկանում, հիմարացե՞լ եմ. 60 միլիոն դոլար վարկ եք վերցրել արոտները բարելավելու համար, ծրագրում հատուկ շեշտել եք, որ 6 միլիոն դոլարը հատկացվում է նոր տեխնոլոգիաներ և մեքենաներ ներդնելուն, ու հիմա ասում եք, թե 4 հազար դոլար չունե՞ք…
Եվ դա ասում է բազմափորձ հաշվապահը, ներկայիս գյուղնախարարը, որը միայն այս տարի 250 միլիոն դրամ է հատկացրել արտերկրից գյուղտեխնիկա գնելու համար (այլ հարց է, թե ինչու՞ նա այդ տեխնիկան չի գնում Գավառի «Բարեկամություն» ԲԲԸ-ից` որպեսզի Գավառը լրիվ դատարկվի՞):


Համաշխարհային բանկից վերցրած այդ 60 միլիոն դոլար վարկի չեմպիոն ենթակետերից է արոտների կառավարմանը նշված գումարի 69,5 % հատկացնելը: Այդ գործառույթը հովվի պարտականությունն է, որը բոլորից լավ գիտի` ե՞րբ և որտե՞ղ տանել նախիրը, որ արոտը քիչ վնասվի: Հետաքրքիր է, ինքը գիտի՞ իր աշխատավարձի այդ չափի մասին: Մյուս չեմպիոն ենթակետը արոտներում տավարին ջուր հասցնելն է 10 միլիոն դոլարից ավելի ֆինանսավորմամբ, միայն թե հարց է` քանի՞ տարի կաշխատեն, օրինակ, Գեղարքունիքի մարզի Սարուխան համայնքի, 1,4 մ խորությամբ տարված, 13 կմ երկարությամբ, երբեմն ժայռափոր ջրագծերը, որովհետև ի սկզբանե ռիսկային է խնդիրը, ջրի պաշարը պետք է ձևավորվի ստորգետնյա և անձրևաձնհալ աղբյուրներից, մինչդեռ, ջրպետկոմի նախագահ Արսեն Հարությունյանի հավաստմամբ, հանրապետությունում 560 համայնք պրակտիկորեն ջուր չեն ստանում, որովհետև ցամաքել են ստորգետնյա ջրերի աբյուրները, իսկ անձրևն ու ձյունը, ինչպես կամենա բնությունը, երաշտը ձեզ օրինակ, մեր կիսադատարկ ջրամբարներն էլ հետը:


Ցավն այն է, որ կա խնդրի բազմապատիկ էժան, ռիսկից զերծ լուծում, որի մասին գրել եմ «Իրատեսում»: Բայց ո՞վ է քեզ լսում, դու ո՞վ ես: Ակամայից, դառը քմծիծաղով հիշեցի Ազգային ժողովում հնչող լալահառաչ, երբեմն էլ կարկտաշառաչ ելույթները` թույլ տվեք ծանոթանալ վարկային գումարների սպառման գործընթացներին, և երկրի կառավարիչների սառը, անտարբեր հայացքները` դուք ո՞վ եք-ի տողատակով:
Ի՞նչ անել. նորից կրկնե՞լ, թվարկե՞լ, թե ուր են գնում ոլորտը բարելավելուն հատկացված միլիոնավոր դոլարների հասնող բյուջետային, վարկային, դրամաշնորհային ֆինանսական միջոցները:


Բայց այդ մասին մանրամասն գրել եմ «Իրատեսում». «Գիտատեխնիկական մի նորույթի ներդրման ոդիսականը (թիվ 40, 2016 թ.), «Բաց նամակ հանրապետության վարչապետ պարոն Կարեն Կարապետյանին» (թիվ 65, 2016 թ.), «Գյուղնախի ԾԻԳ-ը վերադառնում է, որ ի՞նչ անի (թիվ 11, 2017 թ.), «Ով ականջ ունի, թող լսի» (թիվ 72, 2017 թ.) հոդվածներում, կառավարությանն ուղղված տասնյակից ավելի դիմումներում, բարձրաձայնել բազմաթիվ ասուլիսներում, հարցազրույցներում: Հատկանշական է հատկապես թվարկածս նախավերջին հոդվածի գլխագիրը` «Երկիրը թալանողներին շնորհակալության ջերմ խոսքերով ուղարկում են վաստակած հանգստի», ու իմ մտավախությունը` երևի անցնում եմ կարմիր գիծը, ինձ կկանչեն, կպարտադրեն բացատրել, կքննարկեն հոդվածը, գուցե և լուծումներ կտան:
Ինչպե՞ս չէ… գրել ես, էլի գրիր, ոնց որ թե քեզ գրելը հաջողվում է, մեզ մոտ լրիվ դեմոկրատիա է, այն էլ լիբերալ, ով ինչ ուզում անում է, մենք էլ մերն ենք անում:
ՈՒ գյուղացին լքում է իր բնակավայրը, այնտեղ այլևս խոտ չկա, կով և ցուլիկ պահելը անիմաստ է:
Իսկ ուր մնացին հայրենասիրությու՞նը, ժողովրդին ծառայե՞լը: Մի՛ ծիծաղեցրեք, դրանք վաղուց դուրս են շպրտվել մեր իշխանավորների հոգուց և բառապաշարից: Հարցեր կա՞ն…


Ստյոպա ԽՈՅԵՑՅԱՆ

Հ.Գ. 1. Այնպես չէ, որ միայն գյուղնախարարությունում են փոշիացնում, այլ նպատակների համար օգտագործում ժողովրդի փողերը: Հոդվածումս բերված խնդրով բազմիցս առնչվել եմ նաև բնապահպանության, տարածքային կառավարման, արտակարգ իրավիճակների նախարարությունների հետ, և հաստատ կարող եմ ասել` ամենուր նույն ճահիճն է: Եվ եթե որևԷ մեկը ցանկություն ունի հետաքննելու, պատրաստ եմ աջակցելու:
2. Իրավիճակը անմխիթար է նաև արտերկրի ֆինանսական կառույցների Երևանի գրասենյակներում, որտեղ Հայաստանի քաղաքացին իրավաբանորեն ոչ միայն իրավունք չունի մուտք գործելու, այլև պաշտոնապես դիմելու: Դրանք, փաստորեն փակ կառույցներ են, հասարակության հսկողությունից դուրս, և պատահական չէ գյուղատնտեսության բարելավմանը միտված 160000 եվրոյի թալանը Եվրամիության գրասենյակից` թուղթ ու գիր անելով:
3. Իսկ հոդվածիս վերնագրի հարցականների պատասխանները, հարգելի ընթերցողներ, փորձեք ինքներդ տալ, վերլուծելով առօրյան, համախմբվելով որոշակի խնդիրներ լուծելու` հույսը դնելով առավելապես սեփական ուժերի վրա:

Դիտվել է՝ 4667

Մեկնաբանություններ