Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Թանգարանների լռությունն ու աղմուկը

Թանգարանների լռությունն ու աղմուկը
15.05.2018 | 00:41

«Իրատեսն» իր հրապարակումներից մեկում անդրադարձել էր արձակագիր, դրամատուրգ, սցենարիստ, ռեժիսոր, գեղանկարիչ Աղասի Այվազյանի վտանգված ժառանգության խնդրին: Գրողի այրին` Գրետա Վերդյանը, արդեն վաղուց բարձրաձայնում է խնդիրը` ընդգծելով այվազյանական կենտրոն ունենալու անհրաժեշտությունը: «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության ղեկավար, ռեժիսոր ՀԱՅԿ ԲԱԲԱՅԱՆԸ սույն խնդրով դիմել էր հանրապետության նախագահին (մանրամասները՝ «Իրատեսի» 11.05.2018 համարում):
Արձագանքելով հրապարակմանը` «Իրատեսի» ընթերցողները հետաքրքրվել էին` հնարավոր չէ՞ այվազյանական անկյուն բացել հայկական եռահարկ կինոթանգարանում՝ «Սինեմատեկում» (ստեղծվել է Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանի և Հայկ Բաբայանի մտահղացմամբ), որտեղ և՛ Այվազյանի գեղանկարչական աշխատանքները կներկայացվեն, և՛ գրքերը, և՛ ֆիլմերը:


Հայկ Բաբայանն ի պատասխան ասաց, որ դեռևս անցյալ տարի այդ հարցը բարձրացրել է նոր ստեղծվող կինոթանգարանի հանձնաժողովում: Պարզվել է` Գրետա Վերդյանը չի ցանկանում, որ Այվազյանի ժառանգությունը որևէ թանգարանի, կենտրոնի մաս կազմի. «Հարություն Խաչատրյանը նույնպես տեղյակ էր խնդրին, ու չեմ կարծում, թե նա կամ հայ կինոյի պատմությունը, գրականությունը գնահատող ցանկացած ոք Գրետա Վերդյանից պակաս են անհանգստացած Այվազյանի ժառանգության խնդրով»: Հայկ Բաբայանը չի բացառում կարճ ժամանակահատվածում առանձին թանգարան ունենալու խնդրի լուծումը, միաժամանակ նկատում է, որ եսասիրական մոտեցումներ կան այս հարցի շուրջ, դրա համար էլ այն լուծում չի ստանում:
Հետաքրքրվեցի նաև, թե ինչ փուլում է կինոթանգարանի աշխատանքը, ինչ ուշագրավ ցուցանմուշներ կան:


«Այս պահին ամենաուշագրավ նմուշը «Ռոդինա» տեսախցիկն է, որով նկարահանվել են հայկական շատ ֆիլմեր, դրանով աշխատել է նաև Լևոն Աթոյանցը: Այն, որ «Ռոդինայով» նկարահանվել է «Զինվորն ու փիղը» ֆիլմը, արդեն պատմական իրողություն է: Այսօր երևի թե չկարողանան նման ֆիլմ նկարահանել, նայում են ու մտածում` ինչպե՞ս են նկարահանել: Դրանում է հայկական կինոյի առանձնահատկությունը, ստեղծել ենք քիչ, բայց եզակի ֆիլմեր»,- ասաց Հայկ Բաբայանը, նշելով, որ ցուցանմուշներն իրականում շատ չեն, որովհետև «Հայֆիլմի» թալանից հետո քիչ բան է մնացել, որոշ բաներ ցրված են Ռուսաստանում, Թբիլիսում: Երիտասարդ ռեժիսորն ավելի շատ կարևորում է կինոթանգարանի ինտերակտիվ լուծումները, մեռած թանգարանին կամ, այսպես ասած, թանգարանային լռությանը նա կողմ չէ: «Ցուցանմուշները կարևոր են, բայց մենք չենք սահմանափակվում միայն դրանով: Ինձ թվում է` մարդիկ այսօր չեն գնա թանգարան` նայելու «Ռոդինա» տեսախցիկը, ինչը կարող են համացանցում էլ փնտրել, գտնել, տեսնել, առավել հետաքրքրական են կինոմթնոլորտը, կենդանի թանգարանը: Ես սա ասում եմ՝ հաշվի առնելով նաև տարբեր երկրների թանգարանների փորձը»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4806

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ