Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Բարի դարձ լսողներին

Բարի դարձ լսողներին
15.05.2018 | 00:04

Ինքներդ, կարծում եմ, տեղյակ եք պատվիրանին, որ ասում է. «Սուտ մի՛ վկայիր»: Իսկ եթե Ավետարանը զինվորական ծառայությունը երբևէ չի հերքել, ապա զինվորությունից ու զենքից ձեր հրաժարվելը չի՞ լինի սուտ վկայություն կամ կեղծավորված ավետարան: Հարցը եկեք միասին քննենք և կտեսնենք, որ այդպես է: Հիշու՞մ եք, երբ Հովհաննես Մկրտչին զինվորները մոտեցան և հարցրին, թե իրենք ինչ անեն ապաշխարության համար, Հովհաննեսը նրանց չասաց, թե ձեր զենքերը շպրտեք և զինծառայությունից խուսափե՛ք կամ ձեր հրամանատարներին մի՛ լսեք, այլ ճշմարտությամբ հետևյալն ասաց. «Մարդկանց վրա մի՛ բռնացեք, մի՛ թալանեք նրանց և ձեր աշխատավարձը բավարա՛ր համարեք» (Ղուկաս, 3-14): Այսինքն՝ գնացե՛ք, շարունակե՛ք ձեր զենքով ծառայել, սակայն արդեն՝ առավե՛լ պարկեշտորեն: Արդյո՞ք դուք վարվում եք Տեր Աստծո մարգարեի խոսքի համաձայն: Ո՛չ: Ցավո՛ք, ոչ:
Եվ նույնպես, խնդրում եմ, հիշե՛ք, որ երբ հարյուրապետը խնդրանքով դիմեց Հիսուսին, Փրկիչը չասաց, թե զենքդ դե՛ն շպրտիր, զինվորությունից շտապ փախի՛ր, այդժամ կլսեմ քեզ, այլ անգամ գովե՛ց հարյուրապետին, հիացա՛վ նրա խոսքով, հիացա՛վ նրա հավատով, երբ հարյուրապետն ասաց, թե` ձեռքիս տակ ունեմ զինվորներ, մեկին ասում եմ` գնա, և գնում է, մյուսին ասում եմ` արի, և գալիս է..., ինքդ էլ նույն կերպ հրամայիր և երեխաս տանը կբժշկվի: Տերը գովե՛ց հարյուրապետի բերած օրինակը, դրանով իսկ հավաստելով և արդարացնելով նաև նրա զինվորակա՛ն պաշտոնի արդարությունը (Մատթեոս, 8. 5-13), (Ղուկաս 7, Հովհ. 4):


Նույնպես և, պարտավորություն պիտի համարենք հիշել, որ անձի (բնականաբար նաև ազգության) պահպանման համար Հիսուսը այլ մի հնար չունեցողներին պատվիրեց զե՛նք վերցնել, և այդ զենքը պատվիրեց գնել՝ վերջին պատշաճ հագուստնե՛րն անգամ վաճառելով, քանի որ Աստծո տված կյանքի զենքով պահպանությունը ավելի՛ն է, քան լա՛վ հագուստ ունենալը: Մեջբերենք, միասին հասկանալով կարդանք այդ հատվածը. «Եվ նրանց ասաց. Երբ ուղարկեցի ձեզ առանց քսակի և մախաղի և առանց կոշիկների, մի՞թե որևէ բանի կարոտ մնացիք: Եվ նրանք ասացին` և ո՛չ մի բանի: Ապա ասաց. իսկ այժմ` ով որ քսակ ունի, թող վերցնի այն, նույնպես և մախաղ, իսկ ով որ չունի, թող վաճառի իր շորերն անգամ և իր համար սուր գնի: Բայց ասում եմ ձեզ, այս ևս, որ ինչ գրված է, պետք է որ կատարվի ինձ վրա, թե` անօրենների հետ դասվեց»: Եվ նրանք ասացին. «Տե՛ր, ահավասիկ այստեղ երկու սուր կա»: Եվ նրանց ասաց` բավակա՛ն են» (Ղուկաս 22. 35:38): Եվ եկեք այստեղ հիշենք այն դրվագը, որ Պետրոսը սուրը քաշեց ու քահանայապետի ծառայի ականջը կտրեց: Որ նշանակում է թե` Պետրոսը սուր էր կրում անգամ աղոթքի գնալիս, և Հիսուս նրան չէր արգելում: Այսինքն, պահե՛ր կան քրիստոնյայի կյանքում, որ նա հովանավորության տակ է, ինչպես ծիլը ձմռան ցրտին՝ ջերմոցի, ինչպես երեխան մինչև հասակ առնելը՝ մոր: Մայր, որ նաև մեր Մայր Եկեղեցին է: Սակայն, երբ մարդն արդեն հասակ է առել և մտել աշխարհ, ապա թե իր անձը, և թե միաբանությամբ ինքնապաշտպանության համար, ինչպես վերևի օրինակում, երբեմն հարկադրված է լինելու «սուր ունենալ»: Ա՛յդ նկատի ունի Հիսուսը: Բնականաբար, հավատացյալ խմբի մեջ «երկու սուր ունենալու» օրինակը նաև Աստծո երկու կտակների մասին է, որ որպես երկու սրեր են` հավատացյալ խմբերի ձեռքին:
Հուսով եմ` Սուրբ գիրքն ընթերցել եք. Հին կտակի օրենքը, Նորը նույնպես (երբ հարկը կա) հավատն ու զենքով հավատացյալի պաշտպանությունը անքակտելի են դիտում, երբ մարդն իր տկարության պատճառով՝ միայն աղոթքով և պահքով անկարող է լինում պահպանել ինքն իրեն, մերձավորներին և հայրենին, այնպես, ինչպես անում էր Եղիսե մարգարեն, և Աստծո զորավոր այլ սուրբ մարդիկ, երբ նրանց աղոթքով երկնքի զինավառ զորքերն իջնում էին երկիր, պատրաստ մարտնչելու թշնամու դեմ, սակայն թշնամին երկնքի զորքերի տեսքից անգամ զարհուրած ու խայտառակված ճողոպրում էր:


Դավիթ մարգարե՞ն զենք չէր կրում, որին Հիսուս հայր անվանեց, երբ Դավթի զենքի հմուտ գործածությամբ ենք ուրախանում այսօր նաև քրիստոնյաներս: Եվ Դավիթը, դեռևս մի պատանի, Աստծո զորությամբ՝ պարսատիկի քարն այնպե՛ս արձակեց, որ քարը խրվեց իր Աստծուն հայհոյող հսկա Գողիաթի ճակատի ճիշտ մեջտեղը և նրան տապալե՛ց գետնին (Ա. Թագավորների, ԺԷ, 31-50): Մի՛ եղեք այդքան անմիտներ, սիրելինե՛ր, և ոչ էլ այդքա՛ն դդմագլուխներ, թե իբր այս ամենը կարդում ու չեք հասկանում, երբ չափազանց պարզ բաներ են: Խորշեցե՛ք ինքներդ ձեզ ստելուց, իբր թե այս պարզ բաներն անըմբռնելի են կամ իբրև թե՝ Աստծով չեն:


Դատավորներից Սամսոնը մի՞թե սատանայի և ոչ Աստծո զորությամբ էր, որ միայնակ սքանչելիորեն հալածում էր թշնամու բանակներ, կոտորում դրանց: Իհարկե՝ ամենահաղթ Աստծո զորությամբ էր հալածում և կոտորում: Մի՞թե անհավատներին և ո՛չ Իր հավատացյալ ժողովրդին Աստված նախախնամության հետևյալ ոսկին տվեց. «Եթե իմ պատվիրանները պահեք և դրանք գործի դնեք... ես կվերցնեմ երկրից չար գազաններին և ձեր երկրի միջով սուր չի անցնի. և ձեր թշնամիներին կհալածեք և ձեզանից հինգը` հարյուրին պիտի հալածի և ձեզանից հարյուրը` տասը հազարին և նրանք սրո՛վ պիտի ընկնեն ձեր առաջ... և ձեզ վրա պիտի նայեմ և ձեզ աճեցնեմ ու շատացնեմ և իմ ուխտը ձեզ հետ պիտի հաստատեմ: Եվ ես իմ խորանը ձեր մեջ պիտի դնեմ և իմ Հոգին ձեզանից էլ չի զզվի և ձեր մեջ պիտի շրջեմ և ձեզ համար Աստված պիտի լինեմ և դուք ինձ համար` ժողովուրդ...» (Ղևտացի, 26. 3.:12): Արցախյան ազատամարտի ժամանակ քանի՜-քանի նման դրվագներ եղան: Դրվագներ, որ Աստծո այս խոստման կենդանի արտահայտություններ էին: Եվ վերոհիշյալ խոսքերը մի՞թե կարդում եք և չե՞ք հասկանում, թե «ձեզանից հինգը` (ձեր թշնամիներից) հարյուրի՛ն պիտի հալածի և ձեզանից հարյուրը` տա՛սը հազարին և նրանք սրո՛վ պիտի ընկնեն ձեր առաջ... եթե պատվիրա՛նները պահեք»: Այնքան պարզ են Հավիտենական Աստծո այս խոսքերը, որ մարդ դիտմա՛մբ ու դիտմա՛մբ պիտի սուտ վկայի, թե չհասկացավ: Ինչու՞ մեր հոգին ստորացնենք սուտ վկայությամբ, թե իբր այս ամենը այդպես չէ: Չէ՞ որ հստակ կարող եք պատասխանել, որ երկուսին գումարած երկուս՝ հաստա՛տ` ո՛չ զրոյի և ո՛չ էլ մեկի հավասար չէ, այլ չորսի՛: Չէ՞ որ խոստումն Աստվածային է, որ պատվիրանապահությամբ` քո անձի, քո տան, քո հայրենյաց դեմ ելած անօրեններին հալածելու և նրանց սրատելու մասին է: ՈՒստի ձեր աստվածը Աստվածաշնչից դուրս, սարքովի, կեղծավորված աստված է դուրս գալիս և ո՛չ թե Ճշմարիտը, որ մեջբերածս անփոփոխ պատվիրանները տվել է:


Մի անգամ մորմոն մի պաշտոնյայի հարցրի` դու՞ք ինչպես եք վերաբերվում զինվորության հարցին. մարդը թեպետ աղանդավոր, բայց այս հարցում ձեզնից ավելի էր Աստծուն մոտ, երբ պատասխանեց. «Մենք զինվորական ծառայությունից հրաժարվողներին զրկում ենք ընդհանուր օգնություններից, աչքի տակ ենք առնում և չենք հարգում, քանի որ Աստվածաշնչին դեմ է զինծառայությունից խուսափելը»: (Մաղթենք մորմոններին իրենց բազմաթիվ շեղություններից էլ դարձ ապրեն դեպի առաքելական կարգերը, և աստվածաշնչյան այլ պատվերներում նույնպես լինեն հետևողական, ինչպես զինվորության):
Հավի ճտե՞ր եք, ի՞նչ է, որ զենքը մերժում եք ձեզ ու ձեր մերձավորներին մորթելու եկած թշնամու առաջ գտնվելով: Նման մի խայտառակ օրինակ բերեմ, որ Արցախում մարտնչած մի երիտասարդ պատմեց. «Գիշերը Եհովայի վկային դետ նշանակեցինք ու քնեցինք, գիտեինք, որ զենք չի կամենում վերցնել, այդ պատճառով էլ նրան ասացինք. «Եթե տեսնես, որ թուրքերը մոտենում են, գոնե օ՛դ մեջ կրակիր, որ արթնանանք»: Շատ հոգնած էինք և խոր քուն մտանք: Ահա թուրքերի մի ջոկատ մեզ է մոտենում, Եհովայի վկան, որ ընդհանրապես լավ տղա է, շշմում-մնում է, չի կրակում ո՛չ հակառակորդի վրա և ո՛չ էլ օդ: Եվ բոլորիս էլ մորթոտած կլինեին, եթե Աստված մեզնից մեկին այդ պահին չարթնացներ, և նա միայնակ չմտներ մարտի մեջ: Կրակոցներից մենք էլ արթնացանք և թշնամու այս նենգ գրոհը ևս հետ մղեցինք: Տղերքը սաստիկ բարկացել էին, այնքան, որ մարտից հետո ծեծեցին աղանդավորին: Լա՛վ, հակառակորդիդ վրա չես կրակում, գոնե օդի՛ մեջ կրակեիր, մի՞թե մեր ամենքի և քո սպանվելն էիր որոնում: Բայց աղանդավոր է, մոլորեցվա՛ծ հոգի, ասես բանականությունը լրիվ կորցրել է անգամ պարզ բան հասկանալ, խեղաթյուրվա՛ծ է նրա մտածողությունը»:


Մի՞թե այդքան անմիտ կարելի է լինել, եղբայրնե՛ր: Այսպես: Օրենքից են ձեր ղեկավարները խոսում, բայց իրենք են սուտ հանում Աստծո օրենքը, որ թե Հնով և թե Նորով՝ Հավատն ու Զենքը միաբան է դիտում: Անգամ գրված է, որ երկնքի հրեշտակներն էլ են զինավառ, քանի որ պատերազմ է գնում չարի և բարու միջև՝ թե երկնքում և թե երկրի վրա էլ: Հիսուսը ծրագիր էր իրագործում՝ խաչելության ծրագիրը՝ որ Դուռ պիտի հանդիսանար մարդու փրկության համար, եթե ոչ, ողջ աշխարհի զորքերն էլ չէին կարող նրան հաղթել, ինչպես որ ընկնելու են Արմագեդոնում Նրա առաջ: Որովհետև ինքն իսկ վկայում է ու ասում. «Կամ կարծու՞մ ես, թե չեմ կարող իմ հորն աղաչել, որ նա հիմա ինձ համար այստեղ հասցնի հրեշտակների ավելի քան տասներկու գնդեր: էլ ինչպե՞ս պիտի կատարվեին սուրբ գրքերում գրվածները, թե՝ այսպես պիտի լիներ»: Այսինքն` բարու և չարի պատերազմում երկինքը ևս զինավառ է: Մի բան, որ տեսնում ենք նաև Հովհաննեսի Հայտնության գրքում: Եվ, ինչպես գրված է՝ Քրիստոսի անունով չպիտի գայթակղվել: Խաչելությամբ Փրկիչը Նա է և ո՛չ կնոջից ծնված այլ որևէ մի մարդ, երբ բոլորս էլ արարածներ ենք, իսկ Նա Աստվածն էր մեր մեջ, ինչպես որ գրված է. «պիտի անվանվի` Էմանուել, որ նշանակում է` աստված է մեր մեջ» (Մատթեոս 1, 23): Աստծո ողջ Կամքը միայն Հիսուսը կատարեց, և մարդիկ՝ Նրա միջնորդությամբ են Աստծո Կամքը պահում, Նրանով ճանաչողություն և արդարացում գտնում: Իսկ մենք աղոթքում մի՞թե ամեն օր չենք խնդրում Աստծո. «Թող Քո Կամքը լինի երկրի վրա՝ ինչպես որ երկնքում է»: Եվ երբ Նրա՝ Աստծու Կամքով երկինքն էլ է զինավառ, հրեշտակների պատերազմող գնդեր ունենալով (այդ տեսնում ենք նաև Սուրբ ծննդյան դրվագում, երբ հրեշտակների զինավառ զորքերը երևացին հովիվներին) (Ղուկաս, 2, 1314), բնականաբար, նույն Աստծո Կամքի համաձայն՝ երկրում, Աստծո ժողովուրդը ևս՝ աղոթքի սրբապահության հետ մեկտեղ՝ զենք ու զորքեր էլ պիտի ունենա՝ կյանքը և սրբությունները պահպանելու համար: Հիշենք, հրեաները երբ սուրբ տաճարն էին կառուցում, կառուցողներն անգամ հեթանոսների պատճառով` զենք էին կրում: Մի բան որ նաև լավ խորհուրդ է քրիստոնյաներիս բանավոր ապրելակերպում, որ բանավոր զենք կրել-ունենալն է, այսինքն` ծոմ, պահք ու աղոթքով արթուն ու զգոն լինելը` բանավոր պատերազմներում:


Մի՛ սպանիր պատվիրանը՝ անմեղ տեղը մարդ չսպանելու մասին է և ոչ նրանց, ովքեր եկել են քեզ ու քո մերձավորներին ապականելու՛, պղծելու՛, անարդարորեն փչացնելու՛, բնաջնջելու՛: Այնքան բթամիտ չլինենք հասկանալու, որ մի՛ սպանիր պատվիրան տվողն ինքն էր հրամայում այս կամ այն աստվածահակառակ, պիղծ ու չար ազգին իր առջևից ամբողջությամբ ոչնչացնել, այդ ոչնչացումը սրբագործում դիտելով և ո՛չ թե հանցապարտություն, և ո՛չ թե սպանություն: Եվ Աստված Ինքն իսկ՝ Իր զորությամբ և բազմաթիվ հրաշքներով բուն կոտորողն էր և է՝ մարդկության պիղծ մասի: Այո՛, մի՛ սպանիր, սակայն մի՛ սպանիր մարդուն և ոչ թե մարդ-գազանին, որ եկել է քո սրբություններն ապականելու, քեզ և քո ընտանիքը, քո ազգությանը ոչնչացնելու: Միթե չե՞ք հիշում, որ Ըստ Ավետարանական՝ «Չար մշակները» առակի, Քրիստոսն Ի՛նքն էլ, երբ գա՝ սպանելո՛ւ է չար մշակներին, երբ արդար իր դատաստանն սկսի: Այդ բանն իսկ պարզորեն տեսնում ենք նաև Հովհաննեսի «Հայտնության» գրքում, երբ Փրկչի հրամանով հրեշտակները կոտորո՛ւմ են չար մշակներին: Այս ամենը վկայում եմ, որ զգոնանանք, դրսից եկած կեղծ ավետարաններին և կեղծիքը քաղցրացնող սուտ հովիվներին չխաբվե՛նք:


Այս մի քանի խոսքը միայն զինվորության մասին, սակայն բազմաթիվ են նաև Քրիստոսին հակառակ դիրք ընդունած այդ աղանդի այլ չար մշակությունները, որոնց մոլորագրվել եք, և որոնցից ձեզ դու՛րս հանի Աստված` Տերունական հստակ վկայություններով: Ինչպես, օրինակ, Սուրբ Հոգին չընդունելու անմտությունի՛ց դուրս հանի ձեզ Աստված: Սուրբ Հոգին, որին Հիսուսի խնդրանքով Հայրն ուղարկեց աշխարհ՝ քրիստոնյաներիս առաջնորդելու, մխիթարելու և Փրկչի Խոսքերը հիշեցնելու: Չընդունելով Ճշմարտության Սուրբ Հոգին, բնականաբար այդ աղանդին տիրում է Սուտը և ստի ոգին, որ առաջնորդում է ամենայն ստախոսությունների:

Ստի ոգին է, որ այդ աղանդին առաջնորդեց ի լուր աշխարհի տասնյակ անգամներ մարգարեանալ աշխարհի վախճանը և այդքան անգամ էլ աշխարհով մեկ խայտառակվել, քանի որ Ստի ոգու պտուղը՝ սուտն էլ լինելու էր` ոչ թե ճիշտ մի բան: Այդ ստի ոգին է, որ ձեզ խաբեց Աստծուն Եհովա անվանել, երբ Եհովան բնագրում ոչ թե անուն է, այլ բայաձև, և մինչև 13-րդ դարի Աստվածաշունչ մատյանների թարգմանություններում «Եհովան» որպես Աստծո անուն չկա թարգմանված, քանի որ բնագրում բառն անուն չէ, այլ հավիտենապես լինելու հատկանիշ, անգամ գոյական չէ, որ անուն թարգմանվեր: Շեղը 13-րդ դարի անգլերեն մի թարգմանությունից է սկսվում: Ավելի հին թարգմանություններ ձեռք բերեք և ձեզ համար կպարզեք իսկությունը: Աստվածաշնչի հայերեն, գրաբար թարգմանության մեջ ևս, որ անվանվում է թարգմանությունների Թագուհի, որ հզոր իմաստության տիրապետող այրեր թարգմանեցին, նույնպես եհովա բայաձևը չեք գտնի որպես անուն:
Եվ ոչ այլ մի բանից, այլ Ստի ոգուց է, որ Հիսուս Քրիստոսին ձեր խայտառակ աղանդը չընդունեց, որ Աստված է, չհասկանալով, որ Աստծո Որդին Աստված պիտի լինի և, ըստ Խոստման, Դավթի ցեղի Կույսից ծնվելով՝ մարդացած Աստված:


Մայր առաքելական Եկեղեցին է, որ ավանդաբար պահպանում է աստվածաշնչյան ճշմարտությունները և միշտ սպասում իր մոլորյալ զավակների դարձին: Քաջ լինենք վկայությունները անկողմնակալ քննելու, և արդեն դարձը կսկսի նկատվել ձեր մեջ էլ: Աստված նմանների դարձին է սպասում, որ արժանավորելով` առավել զորավորի և օգնական ամեն դարձողի: Բարի դարձ լսողներին՝ դեպի ձեր հավերժ կենդանի Տեր Աստծուն` Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, որ գրկաբաց ձեզ կընդունի: Ամե՛ն:


Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2497

Մեկնաբանություններ