«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Եվ հանդիպեցին ՀՀ երեք նախագահները

Եվ հանդիպեցին ՀՀ երեք նախագահները
15.05.2018 | 09:45

Ո՞վ կմտածեր, որ Նիկոլ Փաշինյանը հեռվից հեռու կմիացնի, ավելի ճիշտ` կկռվեցնի ՀՀ 3 նախագահներին` առաջին ու երկրորդին անձամբ, երրորդին միջնորդավորված` ի դեմս պաշտպանության նախկին նախարարի: Ինչպես վայել է առաջինին` առաջինը սկսեց Լևոն Տեր-Պետրոսյանը: iLur.am-ում նա գրեց, որ Փաշինյանը միանգամայն ճիշտ է, Վիգեն Սարգսյանի արտահայտած միտքը՝ նոնսենս:


Խնդրո առարկան Ստեփանակերտում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն էր, որ Հայաստանը ղարաբաղյան հակամարտության կողմ է, որին հակառակվել էր պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը` բացատրելով.
«Դա միշտ եղել է Ադրբեջանի պնդումը, այնինչ միջազգային հանրությունը գիտի, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է, բանակցային գործընկեր, բայց ոչ երբեք «հակամարտության կողմ»: Դա կարող է հեռուն գնացող հետևանքներ ունենալ: Վերջապես արված հայտարարությունների մեջ կան նաև բանակցային մանրամասներին իրազեկ չլինելու դրսևորումներ»: Լևոն Տեր-Պետրոսյանը բացատրում է` «Հայաստանը, Ադրբեջանը և Ղարաբաղը միջազգային հանրության կողմից «ղարաբաղյան հակամարտության կողմի» կարգավիճակ են ստացել ԵԱՀԿ 1994-ի դեկտեմբերի 6-ի Բուդապեշտի գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթում և ավելի հստակ` ԵԱՀԿ ղեկավար խորհրդի նախագահի` 1995-ի մարտի 31-ի Պրահյան պարզաբանման մեջ»: Եվ հավելում` Վիգեն Սարգսյանի միտքը, թե, իբր, Ադրբեջանն է մշտապես պնդել, որ Հայաստանը ճանաչվի ղարաբաղյան հակամարտության կողմ, նոնսենս է: «Ադրբեջանն իրականում դա չէ, որ պնդել է, այլ այն, որ Հայաստանը ճանաչվի ոչ թե ղարաբաղյան հակամարտության, այլ ղարաբաղյան պատերազմի կողմ, այսինքն` ագրեսոր: Ադրբեջանի այդ ձգտումը հայկական դիվանագիտության փայլուն ջանքերի շնորհիվ վիժեցվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերում, որոնցում հստակորեն ամրագրված է, որ Ղարաբաղին սահմանակից ադրբեջանական շրջանները գրավվել են ոչ թե Հայաստանի բանակի, այլ տեղի հայկական զինված ուժերի (local Armenian forces) կողմից»:
Լևոն Տեր-Պետրոսյանը նաև «թեմայից դուրս» հիշեցրել է, որ ««Հակամարտության լիարժեք ու իրավահավասար կողմի» Լեռնային Ղարաբաղի միջազգայնորեն ճանաչված կարգավիճակի ձեռքբերումը հայկական դիվանագիտության մեծագույն նվաճումն էր, որը մսխվեց Ռոբերտ Քոչարյանի, մեղմ ասած, հանցավոր անզգուշության պատճառով, ինչը դարձավ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ծագած բոլոր հետագա բարդությունների հիմքը»:


Երկրորդն արձագանքեց ՀՀ երկրորդ նախագահը` 2rd.am կայքում առաջին նախագահին մեղադրելով… կեղծիքի ու ցինիզմի մեջ. «Այսօր նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես է եկել մի հայտարարությամբ, որտեղ տարատեսակ գնահատականներ է տվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի վերջերս հնչեցված մտքերին` ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Իսկ հայտարարության վերջում նորից կրկնել է իր ավանդական կեղծիքներից մեկը, թե իբր Ռոբերտ Քոչարյանի սխալի հետևանքով ԼՂՀ-ն ժամանակին դուրս է մնացել բանակցությունների սեղանից»: Ըստ հրապարակման` ՀՀ 2-րդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողմոնյանը բազմիցս փաստացի ապացուցել է, որ հենց Տեր-Պետրոսյանն ու իր քաղաքական թիմն են եղել Արցախը բանակցային սեղանից դուրս թողնելու մեղավորները: ԼՂՀ ներկայացուցիչները դադարել են մասնակցել բանակցային գործընթացին Ռոբերտ Քոչարյանի՝ ՀՀ նախագահ ընտրվելուց առնվազն 1 տարի առաջ: Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումներն ու բանակցությունները պարբերաբար կազմակերպվում էին՝ 1990-ից` Մինսկի գործընթացին զուգահեռ: Մեջբերվել է և «Հայքի» 1997-ի հունվարի 25-ի հրապարակումը. «Հայաստանն այլևս չի բանակցի Ադրբեջանի հետ Ղարաբաղի հարցի շուրջ՝ առանց Ղարաբաղի մասնակցության: Այս մասին հայտարարեց ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը, ելույթ ունենալով Լոնդոնում անցկացվող «Անդրկովկասի հեռանկարները» խորհրդաժողովում: Պրն Լիպարիտյանը հայտնեց, որ այդ որոշումը Հայաստանը կայացրել է այն պատճառով, որ, ինչպես ցույց տվեց Լիսաբոնի ԵԱՀԿ գագաթնաժողովը, Ադրբեջանը ձգտում է օգտագործել երկկողմանի հանդիպումները ղարաբաղյան կողմին բանակցություններից աստիճանաբար դուրս մղելու նպատակով: Նրա խոսքերով, ժամանակին Հայաստանն ընդառաջեց և ընդունեց Ադրբեջանի առաջարկությունը՝ անցկացնել երկկողմ բանակցություններ, որպեսզի փորձի դյուրացնել բանակցությունների ընթացքը»: Տեր-Պետրոսյանի ցինիզմի աստիճանը ապշեցնող է. նա կրկին մեղադրում է երկրորդ նախագահին մի բանի համար, որ ինքն է կատարել»:


Երրորդեց Վիգեն Սարգսյանը` հիշեցնելով, որ Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումները ղարաբաղյան կարգավորման հարցում դարձան իր հրաժարականի պատճառ և
իր գլխավորած ՀԱԿ-ի` 2017 թ. խորհրդարանական ընտրություններում բացարձակ տապալման ակնհայտ պատճառ: «Կարևորել և կարևորում եմ արտաքին քաղաքական մոտեցումների շուրջ արհեստավարժ թիմ ձևավորելու խնդիրը` անհատական մոտեցումները որպես երկրի կարծիք ներկայացնելը բացառելու նպատակով»` բացատրեց պաշտպանության նախկին նախարարը: «Հայաստանի ղեկավարությունը, հատկապես իր բանակցային հայտագիրը ներկայացնելիս, պետք է շեշտադրի այն մոտեցումները, որոնք բխում են Արցախի անվտանգության շահերից և ուժեղացնում են իր բանակցային դիրքերը: Հայաստանի` «պատերազմի կողմ» լինել-չլինելու հանգամանքն առաջ մղելուն զուգահեռ Ադրբեջանը մշտապես փորձում է նաև հակամարտությունը ներկայացնել որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճ: Դա անելու համար մշտապես խոսում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ղարաբաղյան հակամարտության մասին: Հակամարտությունը Ադրբեջանի և Ղարաբաղի միջև է: Հայաստանը հանդիսանում է բանակցություններում կողմ և հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխավոր:
Հայաստանը միշտ շեշտադրել է, որ Արցախյան խնդիրը ժողովրդի ինքնորոշման պայքար է, և, վստահ եմ, շարունակելու է հանդես գալ այդ դիրքից»:
Տխուր պատկեր է, պարոնայք նախագահներ: ՈՒ ոչ միայն տխուր, այլև` ցավալի պետության համար, որ տասնամյակ առ տասնամյակ (Լևոն Տեր-Պետրոսյանի դեպքում 7-ամյակ) ղեկավարել եք ու միմյանց փոխանցել ժառանգություն, որ ի վերջո հանգեցրեց հեղափոխության: Եվ անգամ հիմա` դա ձեզ ոչինչ չի ասում ձեր կառավարման մասին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Օրավարտին դեռ Լևոն Տեր-Պետրոսյանի պատասխանը չկար: Տարօրինակ այս բանավեճը միայն առաջին հայացքից է առնչվում Նիկոլ Փաշինյանին: Իրականում 3 նախագահները տասնամյակների վաղեմության հարաբերություններ են պարզում և միմյանց մեղադրում: Ընդ որում` յուրաքանչյուրը կառավարման իր ոճով` Լևոն Տեր-Պետրոսյանը պրագմատիկ ակադեմիզմով, Ռոբերտ Քոչարյանը` ագրեսիվ ու իբրև անկիրթ վոին: Սերժ Սարգսյանին «փոխարինող» Վիգեն Սարգսյանը` դասախոսաբար ու հանդարտ: ՈՒ՞մ է պետք այս բանավեճը: Միայն ու միայն նախագահական եռյակին: ՈՒրեմն թող հանդիպեն ու որքան ուզում են հայհոյեն միմյանց կամ հիանան իրենցով: Այսօր պետք է ոչ թե նմանատիպ «պարզաբանումներ»-բացահայտումներ անցյալից, այլ պատասխաններ ներկայի հարցերին.
1. Ինչպե՞ս Ստեփանակերտին վերադարձնել բանակցային սեղան:
2. Ինչպե՞ս կառուցել բանակցությունների նոր սխեմա` լավագույն արդյունքի հասնելու համար:
3. Ինչպե՞ս բացառել պատերազմն ու ի վերջո հասնել խաղաղության համաձայնագրի:
Հակառակ պարագայում` նախագահական ակտիվացումը դառնում է սեփական գոյության հիշեցում: Ապարդյուն ջանք` նրանց ոչ ոք չի էլ մոռացել: Ճիշտ է` հարց է, թե ում ինչպե՞ս ու ինչու՞ են հիշում:

Դիտվել է՝ 3382

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ