Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մասերի ու ամբողջության հակադրամիասնությունը

Մասերի ու ամբողջության հակադրամիասնությունը
15.05.2018 | 11:32

Մաս 1. «Ռոսնեֆտ»-ի փոխնախագահ Միխայիլ Լեոնտևը վարչապետ Նիկոլ Փաշինյանին նամակով ներողություն է խնդրել իր «ոչ պատշաճ, չափազանց զգացմունքային մեկնաբանության համար»՝ ընդունելով, որ քաղաքական հայացքների տարակարծությունը որևէ կերպ չի կարող արդարացնել արտահայտությունների մեջ իր կտրուկ և կոպիտ լինելը: Նա վերստին արդարացել է, որ մեկնաբանության անհարկի զգացմունքայնությունը բխել է բացառապես Հայաստանի ճակատագրով մտահոգությունից: Լեոնտևը հավաստիացրել է, որ տարաբնույթ հաղորդումներում իր մեկնաբանությունները չեն առնչվում «Ռոսնեֆտ»-ի դիրքորոշման հետ, և հույս է հայտնել, որ իր անշրջահայաց պահվածքը չի անդրադառնա «Ռոսնեֆտ»-ի և Հայաստանի դրական համագործակցության վրա: Հայաստանում ոմանք այդ նամակը քիչ է մնում դնեն ՀՀ անկախության Հռչակագրի կողքին ու նամակը գրելու օրը համարեն ազգային տոն` Հայաստանի սուբյեկտայնության վերականգնում համաշխարհային` այսինքն համառուսական մասշտաբով: Քիչ է մնում նաև հայտարարեն, որ Պուտինն է գրել, Լեոնտևը ստորագրել է: Եթե Հայաստանը վերականգնել է սուբյեկտայնությունը, Ռուսաստանից մեղայական նամակների հեղեղ պետք է հոսեր Հայաստան` պատեհ-անպատեհ հնչած ու հնչող վիրավորանքների համար:


Մաս 2. Կիրակի օրը Իրանի նախագահ Հասան Ռուհանին հիշեց, որ Հայաստանում վարչապետ է փոխվել ու հեռախոսով շնորհավորեց նրան: Ռուհանիին մեղադրելը մի քիչ ճիշտ չէ` գլուխը խառն է 2015-ի համաձայնագրի գործով: Սոչի մեկնելուց առաջ
Նիկոլ Փաշինյանը հայ-իրանական թեմայով հարցազրույց տվեց «Ազատությանը» և հայտարարեց. «Չեմ կարծում, թե պետք է մեղադրել Ռուսաստանին, որովհետև դա Հայաստան-Իրան հարաբերությունների հարց է, և ճիշտ չէ մեր հարաբերություններում որևէ դրվագի համար մեղադրել երրորդ կողմերին: Եթե մենք ունենք կամք՝ որևէ խնդիր լուծելու, մենք էդ խնդիրը կլուծենք»: Հարցը Հայաստանի տարածքով դեպի Եվրոպա գազամուղի մասին էր: Ստանիսլավսկու սիստեմն է` չեմ հավատում, ուրեմն չկա, այսինքն` հայ-ռուսական, հայ-իրանական, ռուս-իրանական հարաբերությունները երեք տարբեր ուղղություններ են և միմյանց հետ կապ չունեն ու չեն խանգարում: Նիկոլ Փաշինյանը ոչ անտեղյակ է, ոչ միամիտ, նա փորձում է ծրագրել: Ի՞նչը: Այս հարցի պատասխանը Փաշինյան-Պուտին հանդիպումը պիտի տա` ոչ հրապարակային, այլ` բուն բանակցային մասով:


Մաս 3. Կիրակի օրը Սոչիի օդանավակայանում հայերը իրենց վարչապետին դիմավորեցին օվացիայով, ինքնաբուխ հանրահավաքով, ու դա լավագույն մեկնարկ էր ԵԱՏՄ հանդիպումներից առաջ: «Բոլորիդ ողջունում եմ եղբայրական Ռուսաստանի Սոչի քաղաքում և ցանկանում ասել, որ հպարտ եմ ձեզնով: Մեր ողջ քաղաքական գործընթացի ընթացքում զգացել եմ ձեզնից յուրաքանչյուրի շունչը, աջակցությունը, և այս հաղթանակը ձեզնից յուրաքանչյուրի հաղթանակն է, սրանից հետո հայ ժողովուրդը լինելու է հաղթող, հայ ժողովուրդն ի վերջո վերադառնալու է իր հայրենիք: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել եղբայրական Ռուսաստանին, որ նման պայմաններ են ստեղծվել հայ ժողովրդի համար, բայց ուզում եմ նաև ասել, որ մեր նպատակը մեծ հայրենադարձությունն է, մեր նպատակը հայության մարդկային, ֆինանսական, տնտեսական, հոգևոր, գիտական ներուժը կամ նրա զգալի մասը Հայաստանի Հանրապետությունում կենտրոնացնելն է և նրա անվտանգությունն ու բնականոն զարգացումն ապահովելը: Ես Ռուսաստանի հայ և ռուս գործարարներին կոչ եմ անում գալ Հայաստան և անել ներդրումներ, ստեղծել աշխատատեղեր, որովհետև հիմա արդեն նոր Հայաստան է, որտեղ յուրաքանչյուր ներդրում պաշտպանված է լինելու, և որևէ ներդրում չի լինելու սպառնալիքի ներքո: Այսօր մեր երկրի, հայ ժողովրդի հեղինակությունը բարձր է ավելի քան երբևէ, և ստեղծված են բոլոր պայմանները, որ մենք ապրենք ու երջանիկ լինենք մեր հայրենիքում: Ամենակարևորը, որ ուզում եմ ասել. իսկապես դուք այստեղ էիք, բայց իրականում Երևանում էիք՝ Հանրապետության հրապարակում, ձեզնից շատերը նաև ֆիզիկապես, որովհետև ես այսօր այստեղ տեսա բազմաթիվ մարդկանց, որոնց վերջին անգամ հանդիպել էի Երևանի Հանրապետության հրապարակում: Ուզում եմ ասել, որ երջանիկ եմ ձեր երջանիկ աչքերը տեսնելով, հպարտ եմ ձեր հպարտ աչքերը տեսնելով, ծառայում եմ ձեզնից յուրաքանչյուրին, և որևէ մեկը չկասկածի, որ մեր պայքարն ամեն անգամ, ամեն օր, ամեն շաբաթ, ամեն տարի նոր հաղթանակներ է բերելու Հայաստանին, հայ ժողովրդին և Արցախին»` ասաց հայրենակիցներին Նիկոլ Փաշինյանը: Տրանսֆերտներով ապրող երկրի վարչապետի խոսք չէ: Ոչ էլ ԵԱՏՄ տարածք էժան աշխատուժ արտահանող: Եվ դա հաստատ այն վարչապետը չէ, ում երկրում ու Ռուսաստանում համարյա հավասար թվով հայեր են ապրում: Հայերի վերադարձը հաստատ Պուտինի` Ռուսաստանի վերականգնման ծրագրերի մեջ չի մտնում:


Մաս 4. Սոչիում տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյան-Պուտին առաջին հանդիպումը:
Նրանք ծանոթանում էին միմյանց ու ակնհայտ էր փոխադարձ լարումը: Արարողակարգային մի քանի րոպեները և հանդիպման մասնակիցների թիվը ասում էր, որ կողմերը լավ էին նախապատրաստվել հանդիպմանը և դեռ երկար տետ ա տետ չի լինի: Իվերջո` անցումային կառավարության վարչապետի և 6 տարով ընտրված նախագահի հաջորդ հանդիպումը ե՞րբ կլինի` ոչ ոք չգիտի: Ի՞նչ ասացին իրար տեսախցիկների առաջ` անհամեմատ անկարևոր է փակ դռների հետևում ասվածից: ՀՀ վարչապետի խնդիրը պիտի լիներ պարզել` չի՞ միջամտելու Ռուսաստանը Հայաստանի ներքին գործերին իր ֆինանսական ու քաղաքական կապերով, չի՞ խառնվելու ընտրությունների ընթացքին` ինչպես եղել է միշտ, ի՞նչ է կատարվելու էներգետիկ ոլորտում, գազի գնի հետ, կլինե՞ն ներդրումներ, Պուտինի կարծիքը տարածաշրջանի ու Հայաստանի անվտանգության վերաբերյալ, Արցախի հարցի ու Ադրբեջանին զենքի վաճառքի կասեցման հնարավորության, հայ-թուրքական, հայ-իրանակական հարաբերությունների ապագայի, Սիրիայի պատերազմի ու հայերի վիճակի, Իրանի միջուկային համաձայնագրի, ՌԴ-ԱՄՆ, ՌԴ-ԵՄ հարաբերությունների հնարավոր զարգացումների և էլի մի քանի հարցի, որ պարզապես պետք չէ գրել: Ստացա՞վ իր պատասխանները ՀՀ վարչապետը: Դրակա՞ն, թե՞ բացասական: Կերևա:


Մաս 5. Պուտինը խնդիր ուներ Հայաստանի նոր վարչապետից ստանալ ոչ թե բանավոր հավաստիացում, այլ հստակ երաշխիք, որ Հայաստանը դուրս չի գա ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից, Գյումրիի ռազմաբազան չի փակի, ՙԻսկանդերներից՚ երբ ցանկանա չի կրակի` ում վրա ցանկանա, չի շեղվի ռուսական ուղեգծից, Ղարաբաղի հարցում ինքնուրույն որոշումներ չի ընդունի ու ընդհանրապես Նիկոլ Փաշինյանը կլինի Սերժ Սարգսյանի լեգիտիմ պատճենը, Զոհրաբ Մնացականյանը` Էդուարդ Նալբանդյանի: Նա չափազանց երկար էր զսպել 2 վաշտով Հայաստան մտնելու ու հարցը փակելու ցանկությունը, որ սիրալիր չլիներ` հասկանալու համար, թե ի՞նչ են հայերը գտել այդ մուրուքով, կիսաճաղատ, միջահասակ Նիկոլ Վովաևիչի մեջ և կդառնա՞ նա իր համար Նիկոլայ Վլադիմիրովիչ, թե՞ ոչ: Պուտինը իր ստացած պատասխանները դեռ կհամադրի իրականության հետ` հետո եզրակացություններ կանի` մնա՞ց, թե՞ գնաց Հայաստանը իր ձեռքից:


Մաս 6. Հայաստանն ունի ԵՄ-ի հետ համաձայնագիր, որը վավերացման փուլում է և քաղաքական ժամանակ է կորցնում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելի, Բեռլինի, Փարիզի ու եվրոպական այլ մայրաքաղաքների ու Վաշինգտոնի հետ հարաբերությունների զարգացման մտադրությունը չհավաստելով: Եվրոպան միշտ ժպտում է ու սիրալիր է, բայց Եվրոպան գիտի նաև ժպիտով գրողի ծոցն ուղարկել: Ինչպես` ԱՄՆ-ը: Նրանք ուզում են տեսնել ինքնուրույն որոշումներ կայացնող Հայաստան, որից կախված են քաղաքական աջակցությունն ու ֆինանսական ներդրումները: Եթե Նիկոլ Փաշինյանը մտադիր է արտահերթ ընտրություններից հետո էլ վարչապետել, քաղաքական հավասարակշռությունն ու Հայաստանի անվտանգությունը ապահովելու համար նրան պետք են ԵՄ-ն ու ԱՄՆ-ը:


Մաս 7. Իսկ վերադարձին Նիկոլ Փաշինյանը գտավ իր նորանշանակ կառավարությանը, որի որոշ անդամներ արդեն իրենց նախորդ` ոչ նախարարական կյանքի սկանդալներով, հավասարվում են նախկին կառավարության նախարարներին: Հայաստանում պարզապես կատաստրոֆիկ չի բերում առողջապահության ու մշակույթի բախտը: Թեպետ մյուսներն էլ բախտավոր աստղի տակ չեն ծնվել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Սոչիում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպեց Բելառուսի նախագահը, որ հայտարարի. «Շատ կարևոր է, որ դուք ինձնից լսեք այն, ինչը վերաբերում է Բելառուսին և մեր վերաբերմունքին եղբայրական հայ ժողովրդի և ձեր պետության հանդեպ: Հետևաբար, սա շատ կարևոր հանդիպում է», «Դուք կարող եք հույս դնել մեզ վրա, ինչպես և նախկինում: Մեր քաղաքականությունը հայ ժողովրդի նկատմամբ երբեք չի փոխվի: Դա ես Ձեզ խոստանում եմ: Դա կլինի նույնքան կառուցողական և բարեկամական»: Փաստացի Լուկաշենկոն մի նախադասության մեջ այնքան սուտ է ասել, որ անիմաստ է հաշվել: Բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարտավոր է հաշվել ու հաշիվը ներկայացնել Բելառուսի նախագահին հարկ եղած պահին:

Դիտվել է՝ 2430

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ