Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Մեռավ թագավորը, կեցցե թագավո՞րը

Մեռավ թագավորը, կեցցե թագավո՞րը
15.05.2018 | 14:35

Հանրահայտ փաստի արձանագրում է, որ Facebook-ը վաղուց է դարձել մեր կյանքի անբաժան մասը: Այնքան անբաժան, որ եթե օգտագործենք «Մենք ենք, մեր սարերը» կինոնկարի սովետական միլիցիոների օգտագործած ապացուցողական բազայի հիմնական զենքը, լավ էլ տնավարի խցկվել է մատի ու մատանու արանքը` որոշելով, հանգուցալուծելով ճակատագրեր:

Մեզ իմացող ընթերցողը միանգամայն իրավունք ունի հարցնելու` այդ ի՞նչ մոծակ է մեզ խայթել, որ մատն ու մատանին ենք հիշել:
Խայթել է, բարեկամներս, խայթել, ու այն էլ ոչ թե մոծակ, այլ Բրուտյան Կարեն մարդ ու քաղաքացի անվանյալն իր Facebook-յան մի պոռթկումով, որից, կներեք, 1937-ի գարշահոտ է գալիս:


Այս Բրուտյան Կարենը, որ հարյուր տոկոս ճշտությամբ նույնականացված է պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի անձի հետ, պարզվում է` շաբաթ-կիրակի գնումներ է արել Հրազդանի ու Ծաղկաձորի մանրածախ առևտրի տարբեր կետերից ու դեղատնից և իր համար փաստել, որ դրանցում համատարած ՀԴՄ կտրոն չեն տալիս: Սույնն այնքան է զայրացրել նրան, ամոթի ու վիրավորանքի այնպիսի ազնիվ պոռթկումով է համակել, որ ժամանակ էլ չի ունեցել այդ արատավոր երևույթի առնչությամբ խոսելու տվյալ տարածաշրջանը սպասարկող կառույցի աշխատակիցների` իր անմիջական ենթակաների հետ, այլ, բուղը գլուխը տված, քրտնփչած իրեն գցել է համակարգչի առաջ ու միանգամայն ինքնաբուխ, միանգամայն կամավոր (անհարմար է` ինչ դուր գալու ջանքերի մասին է խոսքը) բառացի սեպագրել հետևյալը. «Կառավարությունը չի կարողանա իրականացնել իր ծրագրերը, եթե հարկերը չհավաքագրվեն և բյուջեները չկատարվեն: Հետևաբար` ովքեր հարկերը չեն հավաքում, այդ թվում ՀԴՄ կտրոն չեն տրամադրում, ուղղակիորեն վտանգում են հայտարարված նպատակները և սերմանում են անօրինականություն: Պետք է ականջալուր լինել Նիկոլ Փաշինյանի կոչերին և օրենքով սահմանված կարգով վճարել հարկերը, այդ թվում տրամադրել և պահանջել ՀԴՄ կտրոնները:


Հետևաբար` ԲՈԼՈՐԸ ՊԵՏՔ Է ՎՃԱՐԵՆ ԲՈԼՈՐ ՀԱՐԿԵՐԸ»:
Կասեք` ինչ մի վատ բան կա մարդու ասածի ու արածի մեջ` ականջալուր է եղել երկրի ղեկավարի կոչերին ու խնդրո առնչությամբ բարձրաձայնել իր արդար ցասումը` ձեռքի հետ էլ փորձելով Նիկոլ Փաշինյան վարչապետին լսեցնելու տեսքով զգացնել իր համեստ անձի գոյությունը:


Սակայն, հարգելիներս, Նիկոլ Փաշինյա՞ն էր պետք մեր իրականությունում, որ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը հասկանար` ՀԴՄ-ներով առևտրի կազմակերպման վերահսկումն ի պաշտոնե իր սուրբ պարտականությունների թվում է, ու եթե ինքն իսկապես այս երկրի համար սրտացավ մարդ է, քաղաքացի, Նիկոլ Փաշինյանի գոյությունից անկախ պիտի իրականացներ իր ֆունկցիաները:
Չեմ ուզում երկարացնել, որովհետև այս մարդն իր վարքագծով լրջորեն ծանրանալու թեմա էլ չէ, ու, եթե ամբողջովին անկեղծ, չեմ էլ հավատում, թե իր հիշատակած Հրազդանի ու Ծաղկաձորի մանրածախ առևտրի տարբեր կետերից ու դեղատնից գնումներ է կատարել. ինչու ինքն էն տղեն է՞, որ գնումներ անի, իրեն պիտի բերեն ու մեծածախի ծավալներով բերեն:


Եվ ուրեմն, իրապես ի՞նչն է Կարեն Բրուտյանին դրդել Facebook-յան էջով հանդես գալու:
Պատասխանը մեկն է` իր գոյությունը հիշեցնել կամ զգացնել տալը:
Սակայն այսպես վարվելով` Կարեն Բրուտյան այրը ցավալիորեն վրիպել է, բայց ոչ այնպես, ինչպես Աքելան հայտնի «Մաուգլիից»:


Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ
Հ.Գ. Կարեն Բրուտյանից մեջբերումն արված է` հարազատ մնալով բնագրին: Այնպես որ, անգրագիտության դրսևորումների համար մե՛նք չենք պատասխանատու: Մենք պարզապես սրբագրել ենք միայն «ծրագրեր» բառը, որը տեքստում այսպես էր ֆիքսված` «ծրարգրեր»: Դե ի՞նչ կարող ես անել` մարդը երևի խորապես է վարժված «ծրարգրեր»-ով ապրելուն ու աշխատելուն, ուստի անդավաճան է մնացել իրեն:

Դիտվել է՝ 2412

Մեկնաբանություններ