Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Շատ կարևոր է բարձրացնել կրթության, հետազոտության որակը, ինչը ուղղակի ազդեցություն ունի կյանքի որակի վրա»

«Շատ կարևոր է բարձրացնել կրթության, հետազոտության որակը, ինչը ուղղակի ազդեցություն ունի կյանքի որակի վրա»
15.05.2018 | 17:06

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում Եվրոպական Միության Erasmus+ ծրագրի շրջանակներում ֆինանսավորվող «Ճարտարագիտական կրթության ոլորտում ինովացիոն կարողությունների և ձեռնարկատիրական հմտությունների ընդլայնում (InnoCENS)» ծրագրի շրջանակներում բացվեց Նորարարության և ձեռներեցության աջակցման կենտրոնը:

Կենտրոնի բացմանը ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանը, ողջունելով ծրագրի գործընկեր համալսարանների ներկայացուցիչներին Ստոկհոլմից, Վալենսիայից և Բոլոնիայից, կարևորեց համալսարանների միջև համագործակցությունը և հույս հայտնեց, որ այն կլինի շարունակական։


Ծրագրի նպատակն է նպաստել ուսանողների ինովացիոն կարողությունների և ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը: Առանձնակի կարևորվում են ճարտարագետ ուսանողների համար նորարարությունների և ձեռներեցության վերաբերյալ դասընթացների մշակումը, դասավանդման և ուսումնառության գործընթացում ինովացիոն մանկավարժության և կարողությունների գնահատման ներդրումը, գործընկեր բուհերում ինովացիոն կենտրոնների ստեղծումը՝ ճարտարագետ ուսանողների և աշխատակիցների ինովացիոն գաղափարների առևտրայնացմանն աջակցելու նպատակով:


«Մենք շատ հետաքրքիր թիմ ունենք և այս համագործակցությունը թույլ տվեց մեկս մյուսին ճանաչել, հասկանալ, ինչը լավ նախադրյալ է հետագա նոր ծրագրեր իրականացնելու համար»,- իր խոսքում նշեց Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսոր «ՀԵՐԻՏԱԳ» ծրագրի ղեկավար Լուիզ Անխել Ռուիզ Ֆերնանդեսը։
Կարևորելով երիտասարդների նորարարական մտածելակերպի խթանումը, ինչպես նաև ուսումնասիրելով այդ ոլորտում միջազգային փորձը` ծրագրի խնդիրներից է նաև բուհի դասավանդողների վերապատրաստումը նորարարական մանկավարժության ոլորտում:
«Շատ կարևոր է բարձրացնել կրթության, հետազոտության որակը, ինչը ուղղակի ազդեցություն ունի կյանքի որակի վրա։ Այդ նպատակով է, որ մենք հիմնում ենք այս կենտրոնը»,- շնորհակալություն հայտնելով համագործակցության համար, ասաց Ստոկհոլմի տեխնոլոգիական թագավորական ինստիտուտի (InnoCENS) ծրագրի համակարգող Հուաան Ֆանը։


Աշխարհում բուհական միջավայրն ինքնին արդեն նպաստավոր էկոմիջավայր է նորարարական գաղափարների առաջացման և դրանց իրականացման համար: Այսօր Հայաստանում ավելի ու ավելի շատ երիտասարդներ են ձգտում ստարտափ ստեղծել։ ՃՇՀԱՀ-ում այս կենտրոնի ստեղծումը ինչ-որ չափով կնպաստի բուհի երիտասարդների նմանատիպ երազանքների իրականացմանը: Կենտրոնը հետագայում ակտիվ գործունեություն կիրականացնի այս ուղղությամբ՝ կազմակերպելով տարբեր բնույթի միջոցառումներ, հանդիպումներ գործարարների հետ, ստարտափերի մրցույթներ, տարբեր տեսակի վերապատրաստման դասընթացներ (ձեռնարկատիրության, հեղինակային իրավունքի վերաբերյալ և այլն):


ԻննոՍԵՆՍ նախագծի կոնսորցիումը ներառում է 19 գործընկեր Շվեդիայից, Իսպանիայից, Ֆինլանդիայից, Հայաստանից, Վրաստանից, Բելառուսից և Ղազախստանից: Նախագիծը համակարգում է Շվեդիայի թագավորական տեխնոլոգիական ինստիտուտը (KTH): ՃՇՀԱՀ-ը հայաստանյան համակարգող կազմակերպություն է: Նախագծի տևողությունը 3 տարի է: Այն սկսվել է 2016 թվականի դեկտեմբերին՝ ՃՇՀԱՀ-ում կազմակերպված մեկնարկային հանդիպմամբ, և կավարտվի 2019 թվականի դեկտեմբերին:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ
ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար

Դիտվել է՝ 3993

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ