Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Պաղեստինի ճգնաժամը կարող է Անկարային ու Բաքվին տարբեր կողմեր տանել

Պաղեստինի ճգնաժամը կարող է Անկարային ու Բաքվին տարբեր կողմեր տանել
17.05.2018 | 11:44

Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան պաշտոնական բացումից հետո Իսրայելի ու Գազայի հատվածի սահմանագծին սկսվեցին բողոքի հանրահավաքներ: Կան զոհեր: Երբ 2017-ի դեկտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անոնսեց դիվանագիտական առաքելության տեղափոխումը, դա գնահատվեց իբրև Երուսաղեմի ճանաչում Իսրայելի մայրաքաղաք: Արդեն այն ժամանակ Պաղեստինյան ինքնավարության սահմանին բախումներ էին լինում: Այս անգամ պաղեստինցիները ամերիկացիների գործողությունների մեջ իրենց համար խորհրդանշական մարտահրավերներ դիտարկեցին: Դեսպանատան բացումը համընկավ Իսրայելի Պետության 70-ամյակի հետ, որ հռչակվել է 1948-ի մայիսի 14-ին: Իսկ 15-ին նշվում է Նակբան (աղետի օրը), երբ Մերձավոր Արևելքում հարյուր հազարավոր պաղեստինցիներ վտարվեցին հայրենի վայրերից: Թերևս դիվանագիտական առաքելության օրը ԱՄՆ-ը գիտակցաբար է ընտրել: Մի կողմից` դա տարուբերեց համաշխարհային հասարակական կարծիքը, մյուս կողմից` դարձավ լակմուսի թուղթ իսլամական ընկերակցության համար` հերթական անգամ ստուգելով նրանց համերաշխությունը պաղեստինցիների հետ:

Եվրոպական շատ պետություններ, և ոչ միայն նրանք, դատապարտեցին «ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը խախտող ԱՄՆ գործողությունները»: Պաղեստինի ինքնավարության ղեկավարությունը կտրուկ բողոք արտահայտեց Թրամփի վարչակազմի որոշումից և հրաժարվեց համագործակցել Վաշինգտոնի պաշտոնական ներկայացուցիչների հետ: Առաջ նետվեց Թուրքիան, թեպետ աշխարհում 57 մուսուլմանական երկիր կա: Անկարան հետ կանչեց իր դեսպաններին ԱՄՆ-ից ու Իսրայելից: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարեց, որ մտադիր է բանակցել համաշխարհային ղեկավարների հետ, առաջին հերթին` Պաղեստինյան ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասի ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ և հաղորդեց մայիսի 18-ին Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ համաժողով հրավիրելու մտադրության մասին: Իրանի նախագահ Հասան Ռոհանին իսլամական պետություններին կոչ արեց հրաժարվել Իսրայելի հետ համագործակցությունից: Համանման հայտարարություն արեց Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը: Բայց նման կոչեր նախկինում էլ են հնչել: 2017-ի դեկտեմբերին Թուրքիայի նախաձեռնությամբ Ստամբուլում «երուսաղեմյան հարցով» արդեն հրավիրվել է ԻՀԿ արտահերթ համաժողով: Անկարան հայտարարել էր, որ համաժողովում «ընդունվելու է հատուկ ճանապարհային քարտեզ», որը նշելու է ԻՀԿ-ի անդամների քայլերը կոնկրետ քաղաքական հարթության մեջ, որ ցույց կտան «Երուսաղեմն ունի նրանց, ովքեր իր համար կպայքարեն»: ՈՒ ի՞նչ: Հավաքվեցին, խոսեցին, ցրվեցին: Հետո Yeni Safak-ը գրեց, որ ԻՀԿ-ն «ՄԱԿ-ից հետո խոշորագույն միջազգային կազմակերպությունը, մինչև այսօր չունի ուժեղ ներգործություն միջազգային քաղաքական ու տնտեսական ասպարեզում, չնայած ստեղծման պահից կես դար է անցել»: Բայց դա թերևս ցույց է տալիս, որ Թուրքիան փաստացի մեկուսացման մեջ է իսլամական աշխարհում, որի պատճառը արաբական ու մուսուլմանական աշխարհի խաղացողների սերտ գործընկերային հարաբերություններն են ԱՄՆ-ի հետ: Նրանք, իհարկե, հիմա հայտարարում են, որ Վաշինգտոնը «կորցրել է պաղեստինաիսրայելյան կոնֆլիկտում միջնորդի դերում հանդես գալու հեղինակությունը և իրավունքը», բայց կան կարևոր նյուանսներ:


Առաջին` Թուրքիայի հարաբերությունները իրոք չեն ստացվում արաբական աշխարհի շատ երկրների հետ: Փոխարենը Անկարան ունի հատուկ համաձայնագիր Բաքվի հետ, որ հռչակում է ռազմավարական համագործակցության մակարդակ: Այնուհանդերձ, Ադրբեջանը տարբեր պատճառներով սկսում է «թուրքական անսամբլից» դուրս մնալ: Այն օրը, երբ Պաղեստինյան ինքնավարությունում բողոքի ակցիաներ էին, Բաքվում ադրբեջանաիսրայելական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստն էր: Ադրբեջանի հարկերի նախարար Միքայել Ջաբարովը հայտարարեց, որ Իսրայելի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի նախաձեռնությամբ ստեղծված հանձնաժողովը «մեր երկրների միջև հարաբերությունները, որ առանձնանում են բազմամյա վստահությամբ, որակական նոր մակարդակի կբարձրացնի և հիմք կդառնա համագործակցության նոր ոլորտների համար»: Եթե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը որոշեր իրոք Էրդողանի հետ համերաշխություն դրսևորել, կարող էր հանձնաժողովի նիստը եթե ոչ բեկանել, գոնե հետաձգել:


Երկրորդ նյուանսը` ԱՄՆ-ի գործողությունները Երուսաղեմում հակառակ են ՄԱԿ-ի բանաձևերին, մինչդեռ Ադրբեջանը սկզբունքորեն ջատագովում է դրանց պահպանումը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի առնչությամբ: Այդպես ձևավորված միջազգային ու տարածաշրջանային կոնյունկտուրան Բաքվին մղում է «երկակի ստանդարտների» քաղաքականության կողմը: Իսրայելցի քաղտեխնոլոգ Դավիթ Էյդելմանը այդ առնչությամբ հայտարարեց, որ «Իսրայելում երբեք Ադրբեջանի հետ հարաբերությունները չեն շփոթել Հայաստանի հետ հարաբերությունների հետ», որի մեջ Բաքվի փորձագետները տեսնում են «Ադրբեջանի անկախությունն արտաքին քաղաքականության մեջ»: Բայց Բաքվի համագործակցությունն Իսրայելի հետ հարուցել է Թեհրանի կասկածամտությունն ու նյարդայնությունը: Հիմա նույնը կարող է մտածել Անկարան` արձանագրելով «մեկ ազգ, երկու պետություն» գաղափարախոսության ձախողման փաստը: Եվ դա Թուրքիայի ու Իրանի միջև ալյանսի ձևավորման համապատկերում, երբ Ադրբեջանի համար դժվար կլինի պահպանել ստատուս քվոն երկու պետությունների հարաբերություններում ու արտաքին քաղաքականության հավասարակշռվածությունը: Մենք չենք ասում, որ դա լավ է կամ վատ: Պարզապես տարածաշրջանում կտրուկ փոխվում են ժամանակներն ու իրավիճակը: Թուրք քաղաքագետ Էնգին Օզերը ենթադրում է, որ իրադարձությունները կարող են ֆորսմաժորային սցենարով զարգանալ: Դա է զգուշացնում և Էրդողանը` դատելով «երրորդ համաշխարհային պատերազմի ծագման հնարավորության մասին»: Այո, ԱՄՆ-ը կորցրել է միջնորդի դերը մերձավորարևելյան կոնֆլիկտում: ԵՄ-ը դեռ պատրաստ չէ մասնակցել մերձավորարևելյան բարդ հավասարման լուծմանը, իսկ Ռուսաստանի ակտիվությունը տարածաշրջանում բազմապլան է: Մոսկվան մտածում է` ինչպես գործել մի իրավիճակում, երբ Վաշինգտոնը պաղեստինաիսրայելյան կոնֆլիկտը նետել է մյուս համահովանավորների վրա: Առավել ևս, որ ԱՄՆ-ը լավ դիրքեր է պահպանում տարածաշրջանում նույնիսկ այն ժամանակ, երբ չի նպաստում կոնֆլիկտի կարգավորմանը: Թուրքիան էլ, հանդես գալով «իսլամական միասնության» գլխավոր համախմբողի դերում` արձանագրում է Deutsche Welle-ն, բառերով սպառնում է Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումով, բայց չի խզում առևտրատնտեսական կապերն իսկ: Մի խոսքով` Մերձավոր Արևելքում շարունակվում է մեծ խաղը, որի մեջ ներգրավվում են, հակառակ իրենց ցանկության, հեռավոր ու մոտիկ շատ երկրներ:


Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM
Հ.Գ. Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանը հայտարարել է, որ նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն ու նրա գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը երկակի քաղաքականություն են վարում Իսրայելի հարցում։


«Տեսախցիկների առաջ Իսրայելին «ահաբեկիչ» են անվանում, տեսախցիկների հետևում շարունակում նրանց հետ առևտուր անել։ «Եթե տեսախցիկների առաջ այդպես եք խոսում՝ պետք է Իսրայելի հետ ռազմական ու միջազգային համաձայնագրերի չեղարկման հարցում քայլեր ձեռնարկեք, սա երկերեսանիություն է, որ կտեսնի ու կլսի ամբողջ աշխարհը»,- ասել է Փայլանը։ Այսօր Թուրքիայի խորհրդարանում մերժվել է Իսրայելի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու և այդ երկրի հետ բոլոր համաձայնագրերը չեղարկելու հարցով նիստի հրավիրման առաջարկը։ Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ու Ժողովրդադեմոկրատական կուսակցությունների պատգամավորների առաջարկը մերժվել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ու նրա կոալիցիոն գործընկեր «Ազգային շարժման» կողմից։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, մեկնաբանելով Գազայի հատվածում տեղի ունեցածը, Իսրայելին ահաբեկչական պետություն էր անվանել, բացի այդ՝ նա հետ է կանչել Թել Ավիվում ու Վաշինգտոնում իր դեսպաններին՝ ստեղծված իրավիճակի շուրջ խորհրդակցության համար։ Այնպես որ` պաղեստինաիսրայելական կոնֆլիկտը Թուրքիային ու Ադրբեջանին չի բաժանի. նրանք նույն խաղն են խաղում, այլ հարց է, որ կան խնդիրներ, որ չեն բարձրաձայնվում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2395

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ