Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԵԽԽՎ-ն պատժել է 4 պատգամավորի

ԵԽԽՎ-ն պատժել է 4 պատգամավորի
17.05.2018 | 11:48

ԵԽԽՎ իրավական հարցերով հանձնաժողովը պատժամիջոցներ է սահմանել չորս պատգամավորների՝ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի, վեհաժողովի նախկին նախագահ, իսպանացի պատգամավոր Պեդրո Ագրամունտի, Ուկրաինայի հարցով նախկին զեկուցող՝ իսպանացի պատգամավոր Ժորդի Շուկլայի և ռումինացի պատգամավոր Սեզար Պրեդայի դեմ` ասված է ԵԽԽՎ-ի հայտարարությունում:

Պատգամավորներ Ագրամունտը, Շուկլան, Պրեդան և Սեիդովը լրջորեն խախտել են վարքագծի կանոնակարգը և ժամանակավորապես զրկվում են պատգամավորի հիմնական իրավունքներից. նրանց արգելվում է դիտորդական առաքելություն իրականացնել և զեկուցողի պաշտոն զբաղեցնել: ԵԽԽՎ նախագահի պաշտոնից անցյալ տարի հեռացված Պեդրո Ագրամունտին 10 տարով, իսկ մյուս երեք պատգամավորներին՝ 2 տարի ժամկետով արգելվում է դիտորդական խմբերում հետևել ընտրությունների ընթացքին, որևէ հանձնաժողովի, ենթահանձնաժողովի նախագահի կամ նախագահի տեղակալի, ԵԽԽՎ նախագահի պաշտոն զբաղեցնել: Նրանք զրկվել են նաև Վեհաժողովը կամ հանձնաժողովները ներկայացնելու իրավունքից: Չորս պատգամավորներին արգելվում է հարցեր ուղղել Եվրոպայի խորհրդի գործադիր մարմնին՝ Նախարարների կոմիտեին: Պատժամիջոցների ենթարկված չորս պատգամավորները բազմիցս հայտնվել են կոռուպցիոն սկանդալների կիզակետում: Առայժմ, սակայն, իրավաբանորեն նրանց մեղքն ապացուցված չէ:


ԵԽԽՎ-ի հերթական զեկույցներից մեկը, որն հրապարակվել է երեք շաբաթ առաջ, փաստում է, որ Ալիևի վարչակազմը տարիներ շարունակ ԵԽԽՎ-ում լոբբիստական աշխատանքներ է իրականացրել, կանխիկ գումարով կաշառել մի խումբ պատգամավորների, այդ թվում, Պեդրո Ագրամունտին՝ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի նկատմամբ քննադատությունը մեղմելու կամ հօգուտ Ադրբեջանի գործունեությունը խթանելու համար: Եվրոպացի երեք պաշտոնաթող դատավորների զեկույցում ներկայացված է եվրոպացի պատգամավորների մի ամբողջ ցանկ, ովքեր կաշառքի դիմաց աչք են փակել Ալիևի վարչակազմի ապօրինությունների վրա, քվեարկել Բաքվի համար նախընտրելի բանաձևերի օգտին ու լռության մատնել Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման բազմաթիվ դեպքերը: Ըստ 200 էջից բաղկացած զեկույցի, առավել մեծ տարածում են ունեցել հատկապես նվերները՝ սև խավիարից մինչև թանկարժեք գորգեր ու ոսկյա զարդեր, դրամական պարգևներ, անգամ՝ թեթևաբարո աղջիկներ ճոխ հյուրանոցներում: Բաքուն այս մեղադրանքներին հստակ չի պատասխանել, հայտարարել է, թե հայամետ ուժերն Ադրբեջանի դեմ հերթական արշավն են իրականացնում: ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը, ում անունը զեկույցում հիշատակված է կաշառք բաժանողների շարքում, մեկնաբանելով ԵԽԽՎ-ի իր դեմ սահմանված պատժամիջոցները՝ հայտարարել է, թե կառույցում Ադրբեջանի գործունեությունն, այդուհանդերձ, որևէ կերպ չի սահմանափակվի, այդ թվում՝ ղարաբաղյան խնդիրը միջազգային հանրությանը ներկայացնելու հարցում:

Դիտվել է՝ 772

Մեկնաբանություններ